Աստվածաշնչի գիրք համար 52. 1 Թեսաղոնիկեցիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Կորնթոս
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 50թ.
1. ա) Ի՞նչն է մղել Պողոսին գրելու «1 Թեսաղոնիկեցիներ» նամակը։ բ) Ե՞րբ է այն գրվել, և ինչո՞վ է այս նամակը առանձնահատուկ։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ մոտ 50 թվականն էր, երբ Պողոս առաքյալը իր երկրորդ քարոզչական շրջագայության ժամանակ այցելեց Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաք և այնտեղ քրիստոնեական ժողով հիմնեց։ Մեկ տարի էլ չէր անցել, երբ մղվեց գրելու թեսաղոնիկեցիներին ուղղված իր առաջին նամակը՝ նրանց մխիթարելու և հավատում ամրացնելու համար։ Դա հավանաբար մ.թ. 50թ. վերջն էր։ Պողոսը Սիլվանոսի («Գործեր» գրքում՝ Շիղա) և Տիմոթեոսի հետ Կորնթոսում էր գտնվում։ Ակներևաբար, այս նամակը առաջինն է Պողոսի նամակներից, որը դարձավ Աստվածաշնչի կանոնի մի մասը, ու թերևս Մատթեոսի Ավետարանից հետո Քրիստոնեական Հունարեն Գրությունների երկրորդ գիրքն է, որը գրի առնվեց։
2. Ինչպե՞ս է փաստվում «1 Թեսաղոնիկեցիներ» նամակի վավերականությունը և այն գրողի ինքնությունը։
2 Նամակի վավերականությունն ու ճշգրտությունը փաստող ապացույցներն անթիվ են։ Պողոսը անձամբ նշում է, որ ինքն է գրողը։ Բացի այդ, նամակը լիովին ներդաշնակ է ներշնչված Գրքի մյուս մասերին (1 Թեսաղ. 1։1; 2։18)։ Նամակն իր անունով հիշատակվում է Սուրբ Գրքի ամենավաղ ցուցակներում, այդ թվում Մուրատորիի ֆրագմենտումa։ Վաղ եկեղեցու պատմագիրները մեծ մասը, այդ թվում Իրենեոսը (մ.թ. երկրորդ դար), որը հիշատակում է նամակն անունով, հղում է անում «1 Թեսաղոնիկեցիներ»-ին կամ մեջբերումներ է անում նրանից։ Չեստեր Բիատիի № 2 (P46) պապիրուսը (մ.թ. մոտ 200թ.) պարունակում է «1 Թեսաղոնիկեցիներ» նամակը, իսկ երրորդ դարի մեկ այլ պապիրուս (P30), որն այժմ պահվում է Գենտում (Բելգիա), պարունակում է պատառիկ ձեռագրեր «1 Թեսաղոնիկեցիներ» և «2 Թեսաղոնիկեցիներ» նամակներիցb։
3, 4. Ինչպիսի՞ն եղավ Պողոսի ծառայության արդյունքը Թեսաղոնիկեում։
3 Եթե համառոտ անդրադառնանք Թեսաղոնիկեի ժողովի պատմությանը, կտեսնենք, թե ինչու էր Պողոսը խորապես անհանգստանում այդ քաղաքում ապրող իր եղբայրների համար, ինչն էլ մղեց նրան նամակ գրելու։ Հենց սկզբից այս ժողովը խիստ հալածանքի և հակառակության բախվեց։ Գործեր 17-րդ գլխում Ղուկասը տեղեկացնում է, որ Պողոսն ու Շիղան գնացին Թեսաղոնիկե, «որտեղ հրեաների ժողովարան կար»։ Երեք շաբաթ օր շարունակ Պողոսը քարոզում էր նրանց և տրամաբանում Սուրբ Գրքի հիման վրա։ Ըստ երևույթին, նա ավելի երկար ժամանակ է անցկացրել այս քաղաքում, քանի որ այդ ընթացքում հասցրել է իր գործը դնել, և, ամենակարևորը, ժողով հիմնել ու կազմակերպել նրա գործունեությունը (Գործ. 17։1; 1 Թեսաղ. 2։9; 1։6, 7)։
4 Գործեր 17։4–7 համարները վառ կերպով նկարագրում են, թե առաքյալի քարոզչությունը ինչ արդյունքներ տվեց Թեսաղոնիկեում։ Չհանդուրժելով Պողոսի հաջողությունը քարոզչական գործում՝ հրեաները մի ամբոխ հավաքեցին և քաղաքը խռովության մեջ գցեցին։ Նրանք հարձակվեցին Հասոնի տան վրա և նրան ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ բղավելով. «Այս մարդիկ, որ քանդեցին բնակեցված երկիրը, այստեղ էլ են հասել, և Հասոնը հյուրասիրությամբ ընդունել է նրանց։ Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են գործում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։ Հասոնը և մյուսները ստիպված եղան գրավ տալ, որպեսզի իրենց բաց թողնեն։ Հանուն ժողովի եղբայրների, ինչպես նաև իրենց անձնական անվտանգության Պողոսն ու Շիղան գիշերով գնացին Բերիա։ Սակայն Թեսաղոնիկեում արդեն ժողով էր հաստատվել։
5. Ինչպե՞ս Պողոսը հոգատարություն և անկեղծ հետաքրքրություն դրսևորեց Թեսաղոնիկեի ժողովի հանդեպ։
5 Հրեաները կատաղորեն սկսեցին հետապնդել Պողոսին նաև Բերիայում և սպառնացին վերջ դնել նրա քարոզչությանը։ Ուստի Պողոսը գնաց Աթենք (Հունաստան)։ Այնուամենայնիվ, նա շատ էր ցանկանում իմանալ, թե ինչպես էին իր թեսաղոնիկեցի եղբայրները դիմանում նեղություններին։ Երկու անգամ առաքյալը փորձեց վերադառնալ այնտեղ, սակայն երկու անգամ էլ «Սատանան կտրեց նրա ճանապարհը» (1 Թեսաղ. 2։17, 18)։ Նորաստեղծ ժողովի մասին անհանգստանալով և լավ իմանալով, թե ինչ փորձությունների միջով էին նրանք անցնում՝ Պողոսը ուղարկեց Տիմոթեոսին Թեսաղոնիկե՝ մխիթարելու եղբայրներին և նրանց ավելի հաստատուն դարձնելու հավատի մեջ։ Տիմոթեոսը վերադարձավ լավ նորություններով, և Պողոսը չափազանց ուրախացավ՝ լսելով թեսաղոնիկեցիների անկոտրում անարատության մասին, որ նրանք դրսևորում էին կատաղի հալածանքների ներքո։ Նրանք օրինակ դարձան Մակեդոնիայի և Աքայիայի բոլոր հավատացյալների համար (1։6–8; 3։1–7)։ Պողոսը երախտապարտ էր Եհովա Աստծուն, որ եղբայրները հավատարմորեն տոկում էին, բայց նաև գիտակցում էր, որ հասունանալու հետ մեկտեղ նրանք կարիք ունեին ստանալու հետագա առաջնորդություն և խորհուրդներ։ Ուստի Տիմոթեոսի և Սիլվանոսի հետ Կորնթոսում եղած ժամանակ Պողոսը գրեց իր «Առաջին նամակը թեսաղոնիկեցիներին»։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ինչո՞ւ Պողոսը գովեց թեսաղոնիկեցիներին։
6 Թեսաղոնիկեցիները օրինակ են մյուս հավատացյալների համար (1։1–10)։ Թեսաղոնիկեցիներին ուղղած իր նամակը Պողոսը սկսում է գովեստի խոսքերով՝ խոսելով նրանց հավատարիմ աշխատանքի, սիրով մատուցվող ծառայության և հույսով տոկալու մասին։ Երբ բարի լուրը քարոզվեց նրանց, այն չեղավ միայն խոսքերով, այլև «զորությամբ և ամուր համոզվածությամբ»։ Հետևելով իրենց տրված օրինակին՝ թեսաղոնիկեցիները ընդունեցին խոսքը «սուրբ ոգուց ստացած ուրախությամբ» ու այդպիսով օրինակ եղան Մակեդոնիայի, Աքայիայի և ամենուրեք ապրող իրենց հավատակիցների համար։ Նրանք ամբողջովին հրաժարվեցին կուռքերից, որ «ծառայեն կենդանի ու ճշմարիտ Աստծուն և սպասեն երկնքից նրա Որդու գալուն» (1։5, 6, 9, 10)։
7. Ի՞նչ վերաբերմունք ունեին Պողոսն ու իր ծառայակիցները թեսաղոնիկեցիների հանդեպ, և ի՞նչ հորդորեցին նրանց անել։
7 Պողոսի անկեղծ հոգատարությունը թեսաղոնիկեցիների նկատմամբ (2։1–3։13)։ Փիլիպպեում չարչարանքներ կրելուց հետո Պողոսն ու իր ծառայակիցները Աստծու շնորհիվ համարձակությամբ լցվեցին քարոզելու թեսաղոնիկեցիներին։ Սա չարեցին մարդկանց հաճեցնելու համար, շողոքորթ խոսքեր ասելով կամ մարդկանցից փառք փնտրելով։ Պողոսն ասում է. «Ընդհակառակը՝ մենք քնքշորեն էինք վարվում ձեզ հետ, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում իր երեխաներին։ Ուստի ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ՝ մենք ուրախ էինք ձեզ ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու մեր հոգիները, որովհետև դուք սիրելի դարձաք մեզ» (2։7, 8)։ Նրանք շարունակ հորդորում էին թեսաղոնիկեցիներին, ինչպես հայրն իր որդիներին է հորդորում, որ շարունակեն վարվել Աստծուն արժանի կերպով, որը կանչել է նրանց դեպի իր թագավորությունն ու փառքը։
8. Ինչպե՞ս թեսաղոնիկեցիները ցնծություն դարձան Պողոսի համար, և ի՞նչ նա աղոթեց նրանց համար։
8 Պողոսը գովում է նրանց, որ պատրաստակամորեն բարի լուրը ընդունեցին որպես «Աստծու Խոսք»։ Նրանք միակը չեն, որ հալածվում են իրենց իսկ հայրենակիցների կողմից, քանի որ Հրեաստանի առաջին հավատացյալները նույնպես այդպիսի չարչարանքներ են կրել հրեաների կողմից։ Անհանգստանալով նրանց մասին՝ Պողոսը երկու անգամ ցանկացել է գնալ նրանց մոտ, բայց Սատանան խոչընդոտ է եղել նրա ճանապարհին։ Պողոսի և նրա ծառայակիցների համար թեսաղոնիկեցի եղբայրները ցնծության պսակ են՝ նրանց «փառքը և ուրախությունը» (2։13, 20)։ Այլևս չկարողանալով համբերել, որ տեղեկություն չունի նրանցից՝ Պողոսը Տիմոթեոսին ուղարկեց Թեսաղոնիկե՝ նրանց հավատը հաստատելու և մխիթարելու համար։ Իսկ հիմա, երբ Տիմոթեոսը եկել է ու լավ լուր բերել նրանց հոգևոր առաջադիմության ու սիրո մասին, ինչն էլ ուրախացրել ու մխիթարել է Պողոսին, առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն և աղոթում, որ Տերը նրանց աճեցնի, որպեսզի նրանց սերը առատանա միմյանց հանդեպ, իսկ նրանց սրտերը «անարատ և սուրբ» դառնան Աստծու և Հոր առաջ Տեր Հիսուսի ներկայության ժամանակ (3։13)։
9. Ի՞նչ հորդոր է տալիս Պողոսը սրբության և միմյանց սիրելու առնչությամբ։
9 Ծառայել սրբությամբ և պատվով (4։1–12)։ Պողոսը գովում է թեսաղոնիկեցիներին, որ քայլում են Աստծուն հաճելի կերպով, և հորդորում է նրանց շարունակել ավելի լիարժեք կերպով դա անել։ Յուրաքանչյուրը թող «իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով»։ Այս հարցում ոչ մեկը չպետք է ոտնձգություն անի իր եղբոր իրավունքների դեմ։ Քանի որ Աստված կանչել է նրանց «սուրբ լինելու, ոչ թե անմաքուր կյանքով ապրելու համար», ուստի այն մարդը, ով արհամարհում է դա, ոչ թե մարդու է արհամարհում, այլ Աստծուն (4։4, 5, 7, 8)։ Պողոսը գովում է թեսաղոնիկեցիներին, որովհետև նրանք սիրում են միմյանց, և հորդորում է շարունակել ավելի մեծ չափով դա անել՝ նպատակ դնելով հանգիստ կյանք վարել, միայն իրենց գործերով զբաղվել ու իրենց ձեռքերով աշխատել։ Նրանք պետք է պարկեշտությամբ վարվեն «մարդկանց առաջ» (4։12)։
10. Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենան եղբայրները մահվան քնով ննջածների հանդեպ։
10 Հարության հույսը (4։13–18)։ Եղբայրները չպետք է տխրեն մահվան քնով ննջածների համար, ասես ոչ մի հույս չունեն։ Եթե հավատում են, որ Հիսուսը մահացել է ու նորից հարություն առել, ապա պետք է հավատան, որ Աստված Հիսուսի միջոցով հարություն կտա նաև մյուս ննջեցյալներին։ Տիրոջ ներկայության ժամանակ նա երկնքից կիջնի հրաման արձակող ձայնով, ու «ովքեր մահացած են, առաջինը հարություն կառնեն»։ Հետո կենդանի մնացածները «կհափշտակվեն ամպերի մեջ, որպեսզի.... օդում Տիրոջը հանդիպեն», և այդպիսով միշտ Տիրոջ հետ կլինեն (4։16, 17)։
11. Ինչո՞ւ թեսաղոնիկեցիները պետք է արթուն մնան և ի՞նչ պետք է շարունակեն անել։
11 Արթուն մնալ, մինչ Եհովայի օրը մոտենում է (5։1–28)։ «Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով»։ Երբ մարդիկ ասեն՝ «խաղաղություն և անվտանգություն», հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա։ Ուստի թեսաղոնիկեցիները պետք է արթուն մնան որպես «լույսի որդիներ և ցերեկվա որդիներ»՝ պահպանելով իրենց զգոնությունը, կրելով «հավատի ու սիրո զրահը և իբրև սաղավարտ՝ փրկության հույսը» (5։2, 3, 5, 8)։ Հարկավոր է մխիթարել ու կերտել միմյանց։ Բոլորը պետք է «սիրով լի մեծագույն գնահատանք» ցույց տան նրանց հանդեպ, ովքեր տքնաջան աշխատում են և առաջնորդում իրենց։ Մյուս կողմից՝ անկարգապահներին հարկավոր է խրատել, թույլերին՝ թիկունք կանգնել և բոլորի հանդեպ համբերատար լինել։ Այո՛, Պողոսը գրում է, որ «միշտ ձգտեն բարի գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի» (5։13, 15)։
12. Ի՞նչ կարևոր հարցերի վերաբերյալ է Պողոսը խորհուրդներ տալիս, և ինչպե՞ս է նա եզրափակում թեսաղոնիկեցիներին ուղղած իր նամակը։
12 Վերջում Պողոսը մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ խորհուրդներ է տալիս. «Միշտ ուրախ եղեք։ Անդադար աղոթեք։ Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք.... Մի՛ հանգցրեք ոգու կրակը։ Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք։ Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն։ Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից» (5։16–22)։ Հետո նա աղոթում է, որ Աստծու խաղաղությունը ամբողջապես սրբացնի նրանց, և որ նրանց ոգին, հոգին և մարմինը անարատ պահվեն Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ։ Իր նամակը նա եզրափակում է քաջալերիչ ջերմ խոսքերով և լուրջ պարտավորություն է դնում թեսաղոնիկեցիների վրա, որ այս նամակը կարդացվի բոլոր եղբայրներին։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
13. Պողոսն ու իր ծառայակիցները ի՞նչ լավ օրինակ են թողնում, և սիրո անկեղծ արտահայտումը ի՞նչ ազդեցություն է ունենում ժողովի վրա։
13 Այս նամակում Պողոսը ցույց տվեց, որ սիրում է իր եղբայրներին և մտահոգվում է նրանց մասին։ Նա և իր համագործակիցները լավ օրինակ էին թողել ջերմ զգացմունքներ դրսևորելու հարցում՝ ոչ միայն տարածելով Աստծու բարի լուրը, այլև իրենց անձը տալով Թեսաղոնիկեի սիրելի եղբայրների համար։ Թող որ բոլոր վերակացուները ձգտեն սիրո այսպիսի կապեր ստեղծել իրենց ժողովների հետ։ Սիրո նման արտահայտումը բոլորին էլ կմղի սեր դրսևորելու միմյանց հանդեպ, ինչպես Պողոսն ասաց. «Ավելին, թող որ Տերը աճեցնի ձեզ, այո՛, առատացնի ձեզ սիրո մեջ, որ ունեք միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ, ինչպես և մենք ունենք ձեր հանդեպ»։ Այս սերը, որ պատրաստակամորեն դրսևորվում է Աստծու ծառաների կողմից, շատ կերտիչ է։ Այն «սրտերը հաստատուն և սրբության մեջ անարատ է դարձնում մեր Աստծու և Հոր առաջ մեր Տեր Հիսուսի ներկայության ժամանակ՝ իր բոլոր սրբերի հետ»։ Սերը քրիստոնյաներին առանձնացնում է այս ապականված և անբարո աշխարհից, որպեսզի նրանք կարողանան քայլել սրբության և մաքրության մեջ ու այդպիսով հաճեցնեն Աստծուն (3։12, 13; 2։8; 4։1–8)։
14. Ինչպե՞ս է «1 Թեսաղոնիկեցիներ» նամակը օրինակ ժողովին նրբանկատորեն և սիրով խորհուրդներ տալու հարցում։
14 Այս նամակը նաև հրաշալի օրինակ է այն հարցում, թե ինչպես կարելի է քրիստոնեական ժողովում նրբանկատորեն և սիրուց մղված խորհուրդներ տալ։ Թեև թեսաղոնիկեցի եղբայրները նախանձախնդիր էին և հավատարիմ, որոշ հարցերում շտկվելու կարիք ունեին։ Սակայն յուրաքանչյուր դեպքում Պողոսը գովեց եղբայրներին նրանց լավ հատկությունների համար։ Օրինակ՝ բարոյական անմաքրության վերաբերյալ նախազգուշացումներ տալուց առաջ Պողոսը գովեց նրանց, քանի որ քայլում էին այնպես, որ հաճեցնեին Աստծուն, և հետո հորդորեց «ավելի լիարժեք կերպով դա անել». յուրաքանչյուրը իր անոթը պետք է պահեր սրբությամբ և պատվով։ Եղբայրասիրություն դրսևորելու հարցում նրանց գովելուց հետո Պողոսը հորդորեց «շարունակել դա անել ավելի մեծ չափով», իրենց գործով զբաղվել և պարկեշտությամբ վարվել մարդկանց առաջ։ Պողոսը նրբանկատորեն մղեց եղբայրներին «միշտ ձգտելու բարին գործել մեկը մյուսի, ինչպես նաև մնացած բոլորի հանդեպ» (4։1–7, 9–12; 5։15)։
15. Ինչի՞ց է երևում, որ Պողոսը Թեսաղոնիկեում եղած ժամանակ եռանդորեն քարոզում էր Թագավորության հույսի մասին, և այս առումով ի՞նչ հրաշալի խորհուրդ նա տվեց։
15 Չորս անգամ Պողոսը հիշատակում է Հիսուս Քրիստոսի «ներկայությունը»։ Ակներևաբար, Թեսաղոնիկեի նորահավատ քրիստոնյաները շատ էին հետաքրքրվում այս ուսմունքով։ Քանի դեռ Պողոսն այնտեղ էր, անկասկած, համարձակորեն քարոզում էր Աստծու Թագավորության մասին, որի Թագավորը Քրիստոսն է։ Դա երևում է այն մեղադրանքներից, որ ներկայացվեցին Պողոսի և նրա համագործակիցների դեմ. «Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են գործում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը» (Գործ. 17։7; 1 Թեսաղ. 2։19; 3։13; 4։15; 5։23)։ Թեսաղոնիկեցի եղբայրները իրենց հույսը դրել էին Թագավորության վրա և հավատ ունենալով Աստծու հանդեպ՝ սպասում էին «երկնքից նրա Որդուն, որին նա հարություն տվեց մահացածների միջից, այսինքն՝ Հիսուսին», որն ազատելու էր նրանց գալիք ցասումից։ Նմանապես, բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դրել են Աստծու Թագավորության վրա, պետք է ուշադրություն դարձնեն «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում տրված խորհուրդներին՝ առատանան սիրո մեջ հաստատուն և անարատ սրտով, որպեսզի «շարունակեն քայլել Աստծուն արժանի կերպով, որը կանչում է իրենց դեպի իր թագավորությունն ու փառքը» (1 Թեսաղ. 1։8, 10; 3։12, 13; 2։12)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Քրիստոնեական Հունարեն Գրությունների առաջին հայտնի ցուցակները» աղյուսակը։
b «The Text of the New Testament», 1987, Կուրտ և Բարբարա Ալանդ, թարգմանվել է Ի. Ֆ. Ռոդսի կողմից, էջ 97, 99։