Կենսագրություն
Որոնեցինք գանձեր և առատորեն օրհնվեցինք
Պատմում են Դորոթի Սմիթը և Դորա Ուարդը
Ի՞նչ գանձեր էինք որոնում։ Մենք՝ երկու երիտասարդ աղջիկներս, մեծ ցանկություն ունեինք մասնակցելու Հիսուսի պատվերի կատարմանը, որն է՝ «գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթեոս 28:19)։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես, որոնելով այդ գանձերը, առատ օրհնություններ ստացանք։
ԴՈՐՈԹԻ։ Ես ծնվել եմ 1915 թ.–ին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց շատ չանցած։ Ընտանիքում երրորդ երեխան էի։ Մենք ապրում էինք Հաուել քաղաքի մոտակայքում (ԱՄՆ, Միչիգան նահանգ)։ Հայրս կրոնասեր չէր, բայց մայրս աստվածավախ կին էր։ Նա փորձում էր սովորեցնել մեզ հետևել Տասը պատվիրաններին, սակայն անհանգստանում էր, քանի որ եղբայրս՝ Ուիլիսը, քույրս՝ Վիոլան և ես որևէ եկեղեցու անդամ չէինք։
Երբ 12 տարեկան էի, մայրս որոշեց, որ ես պետք է մկրտվեմ պրեսբիտերական եկեղեցում։ Շատ պարզ հիշում եմ մկրտությանս օրը։ Երկու մանուկների, որոնց գրկել էին իրենց մայրերը, մկրտեցին ինձ հետ միասին։ Ես շատ նվաստացած զգացի, որ ինձ մկրտեցին այդ մանուկների հետ։ Եկեղեցու ծառայողը մի քանի կաթիլ ջուր ցանեց գլխիս և ինչ–որ անհասկանալի բաներ ասաց քթի տակ։ Իրականում, մկրտության մասին այդ մանուկները այնքան գաղափար ունեին, որքան ես։
Մի օր 1932 թ.–ին մի մեքենա կանգ առավ մեր դռան մոտ։ Դուռը բացեց մայրս։ Շեմին կանգնած էին երկու երիտասարդներ, որոնք կրոնական գրքեր էին առաջարկում։ Նրանցից մեկը հայտնեց իր անունը՝ Ալբերտ Շրյոդեր։ Նա մայրիկիս ցույց տվեց Եհովայի վկաների կողմից թողարկված գրականություն, և մայրս մի քանի գիրք վերցրեց։ Այդ հրատարակություններն օգնեցին նրան ընդունելու Աստծու Խոսքի ճշմարտությունը։
Գանձերի որոնումները սկսվում են
Ժամանակի ընթացքում ես տեղափոխվեցի Դետրոյտ՝ քրոջս հետ ապրելու։ Այնտեղ հանդիպեցի մի տարեց կնոջ, որը այցելում էր քրոջս՝ նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու նպատակով։ Նրանց քննարկումներն ինձ հիշեցնում էին ամեն շաբաթ ռադիոյով հեռարձակվող մի հաղորդում, որը լսում էի, երբ ապրում էի մայրիկիս հետ։ Այդ հաղորդումը Աստվածաշնչի վրա հիմնված 15–րոպեանոց ելույթ էր, որ ներկայացնում էր Ջ. Ռադերֆորդը։ Նա այդ ժամանակ ղեկավարում էր Եհովայի վկաների գործունեությունը։ 1937 թ.–ին մենք սկսեցինք այցելել Դետրոյտում հիմնված առաջին ժողովը։ Հաջորդ տարի ես մկրտվեցի։
1940–ականների սկզբին հայտարարվեց, որ միսիոներներ պատրաստելու համար Սաութ Լանսինգում (Նյու Յորք) բացվելու է Եհովայի վկաների «Գաղաադ» դպրոցը։ Իմանալով, որ դպրոցի որոշ շրջանավարտներ հրավիրվելու են ծառայելու օտար երկրներում՝ մտածեցի. «Դա հենց ինձ համար է»։ Ես նպատակ դրեցի սովորել «Գաղաադում»։ Մեծ առանձնաշնորհում է ուրիշ երկրներում փնտրել գանձեր, այսինքն՝ մարդկանց, ովքեր ցանկանում են դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները (Անգէ 2:6, 7)։
Աստիճանաբար հասնում եմ նպատակիս
1942 թ. ապրիլին ես հեռացա աշխատանքից և հինգ հոգևոր քույրերի հետ միասին Ֆինդլիում (Օհայո նահանգ) սկսեցի ծառայել որպես ռահվիրա՝ լիաժամ ավետարանիչ։ Այնտեղ ժողովի հանդիպումները կանոնավորաբար չէին անցկացվում, բայց մենք քաջալերում էինք միմյանց՝ խմբով ընթերցելով հոդվածներ քրիստոնեական հրատարակություններից։ Ռահվիրա ծառայելու առաջին ամսվա ընթացքում տարածեցի 95 գիրք։ Մոտավորապես մեկ ու կես տարի անց նշանակում ստացա ծառայելու որպես հատուկ ռահվիրա Չեմբերսբուրգում (Փենսիլվանիա նահանգ)։ Այնտեղ միացա հինգ ռահվիրա քույրերի, որոնց թվում էր նաև Դորա Ուարդը՝ մի քրիստոնյա քույր Այովա նահանգից (ԱՄՆ)։ Դորան և ես դարձանք համագործակիցներ ռահվիրայական ծառայության մեջ։ Մենք մկրտվել էինք նույն տարում և երկուսս էլ ցանկանում էինք սովորել «Գաղաադ» դպրոցում ու ծառայել որպես միսիոներ օտար երկրում։
1944 թ. սկզբին եկավ մեծապես սպասված օրը։ Երկուսս էլ հրավեր ստացանք սովորելու «Գաղաադի» չորրորդ դասարանում։ Այդ նույն տարվա օգոստոսին սկսվեցին մեր դասընթացները։ Սակայն նախքան պատմությունս շարունակելը, թույլ տվեք, որ Դորան պատմի, թե ինչպես է դարձել իմ ընկերը գանձեր որոնելու գործում։
Մեծ ցանկություն՝ ծառայելու լիաժամ
ԴՈՐԱ։ Մայրս աղոթում էր Աստծուն՝ հուսալով հասկացողություն ստանալ նրա Խոսքի վերաբերյալ։ Մի կիրակի մենք ռադիոյով լսում էինք Ջ. Ռադերֆորդի ելույթներից մեկը։ Երբ այն մոտենում էր ավարտին, մայրս բացականչեց. «Սա՛ է ճշմարտությունը»։ Դրանից քիչ ժամանակ անց սկսեցինք ուսումնասիրել Եհովայի վկաների հրատարակությունները։ 1935 թ.–ին, երբ 12 տարեկան էի, ներկա եղա մկրտության ելույթի, որը ներկայացրեց մի Եհովայի վկա, ու սրտումս մեծ ցանկություն առաջացավ կյանքս նվիրել Աստծուն։ Երեք տարի անց մկրտվեցի։ Նվիրումն ու մկրտությունը օգնեցին ինձ, որ դպրոցում սովորելու մնացած տարիներին ուշադրությանս կենտրոնում պահեմ իմ հոգևոր նպատակները։ Ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ ավարտելու դպրոցը, որպեսզի կարողանամ ռահվիրայական ծառայություն սկսել։
Մեր տեղանքի Վկաները իրենց ժողովի հանդիպումներն անց էին կացնում Ֆորտ Դոջում (Այովա նահանգ, ԱՄՆ)։ Քրիստոնեական հանդիպումներին հաճախելու համար մեծ ջանքեր էին պահանջվում։ Այդ ժամանակներում «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածներում հարցեր չկային քննարկումների համար։ Քարոզիչներին խնդրում էին գրավոր հարցեր պատրաստել ու դրանք փոխանցել «Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնող եղբորը։ Երկուշաբթի օրերը՝ երեկոյան, ես ու մայրս յուրաքանչյուր պարբերության համար մեկ հարց էինք պատրաստում և տալիս անցկացնողին, որպեսզի նա դրանցից ընտրություն կատարեր։
Ժամանակ առ ժամանակ շրջագայող վերակացուներից որևէ մեկն այցելում էր մեր ժողով։ Այդ եղբայրներից մեկը՝ Ջոն Բուտը, սովորեցրեց ինձ տնետուն ծառայել, երբ 12 տարեկան էի։ Երբ դարձա 17 տարեկան, նրան հարցրեցի, թե ինչպես լրացնեմ ռահվիրայական ծառայության դիմումը, և նա ցույց տվեց։ Այդ ժամանակ ես չէի էլ պատկերացնում, որ հետագայում դարձյալ կհանդիպեմ նրան, և մենք կդառնանք բարեկամներ։
Ռահվիրայական ծառայության մեջ հաճախ էի համագործակցում քույր Դորոթի Արոնսոնի՝ մի լիաժամ ծառայողի հետ, որն ինձանից 15 տարով մեծ էր։ Մենք միասին ծառայեցինք որպես ռահվիրա, մինչև որ նա հրավիրվեց սովորելու «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանում (1943 թ.)։ Նրա մեկնումից հետո ծառայությունս շարունակեցի մենակ։
Հակառակությունը մեզ չի կանգնեցնում
1940–ական թվականները դժվար ժամանակներ էին մեզ համար, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ազգայնամոլությունը գլուխ էր բարձրացրել մարդկանց մեջ։ Երբ քարոզում էինք տնետուն, նրանք հաճախ հոտած ձվեր, հասած պոմիդորներ և երբեմն էլ քարեր էին նետում մեզ վրա։ Ավելի լուրջ դժվարության բախվեցինք, երբ փողոցների անկյուններում սկսեցինք առաջարկել «Դիտարան» և «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրերը։ Ոստիկանները կրոնական հակառակորդների հրահրմամբ մոտենում էին մեզ և սպառնում ձերբակալել, եթե կրկին տեսնեն մեզ հրապարակորեն քարոզելիս։
Իհարկե, մենք չդադարեցինք վկայություն տալուց, և մի անգամ մեզ տարան ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննելու։ Երբ մեզ ազատ թողեցին, վերադարձանք այն նույն փողոցի անկյունը և դարձյալ սկսեցինք առաջարկել պարբերագրերը։ Պատասխանատու եղբայրների խորհրդով մենք օգտագործում էինք Եսայիա 61։1, 2 համարները՝ մեր դիրքը պաշտպանելու համար։ Մի անգամ, երբ մի երիտասարդ ոստիկան մոտեցավ ինձ, ես հուզմունքից սկսեցի անգիր ասել սուրբգրային այդ համարները։ Ի զարմանս ինձ՝ նա շրջվեց և հեռացավ։ Այնպիսի զգացում ունեի, որ կարծես հրեշտակներն էին պաշտպանում մեզ։
Անմոռանալի օր
1941 թ.–ին Սենտ Լուիսում (Միսուրի նահանգ) ներկա եղա Եհովայի վկաների ութօրյա համաժողովին։ Դա մեծ ուրախություն պատճառեց ինձ։ Այդ համաժողովի ժամանակ եղբայր Ռադերֆորդը խնդրեց 5–18 տարեկան բոլոր երեխաներին հավաքվել սրահի գլխավոր մասում։ Հավաքվեցին հազարավոր երեխաներ։ Եղբայր Ռադերֆորդը մեզ ողջունեց՝ թափահարելով իր թաշկինակը։ Ի պատասխան՝ մենք թափահարեցինք մեր թաշկինակները։ Մեկժամյա ելույթից հետո նա ասաց. «Այն երեխաները, ովքեր համաձայնվել են կատարել Աստծու կամքը և կողմ են նրա աստվածապետական կառավարությանը, որը ղեկավարում է Հիսուս Քրիստոսը, ու դրանով իսկ ցույց են տալիս, որ համաձայն են հնազանդվել Աստծուն և նրա Թագավորին, թող ոտքի կանգնեն»։ 15 000 երեխաներ, այդ թվում նաև ես, մեկ մարդու պես ոտքի կանգնեցին։ Հռետորն ավելացրեց. «Ձեզանից բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ամեն բան անելու, որպեսզի ուրիշներին պատմեն Աստծու Թագավորության և նրա օրհնությունների մասին, թող ասեն՝ այո՛»։ Մենք ասացինք, ու բոլոր ներկաները սկսեցին ծափահարել։
Այնուհետև հայտարարվեց «Երեխաներ» գրքիa լույսընծայման մասին, և երեխաները բեմի մոտ հերթ կանգնեցին՝ եղբայր Ռադերֆորդից ստանալու այդ նոր գրքից մեկական օրինակ։ Մենք շատ ոգևորված էինք։ Այսօր այդ գիրքը ստացողներից շատերը դեռ եռանդորեն ծառայում են Եհովային՝ մարդկանց պատմելով Աստծու Թագավորության և նրա արդարության մասին (Սաղմոս 148:12, 13)։
Երեք տարի միայնակ ռահվիրայություն անելուց հետո նշանակում ստացա ծառայելու որպես հատուկ ռահվիրա Չեմբերսբուրգում։ Այնտեղ հանդիպեցի Դորոթիին։ Շուտով անչափ մտերմացանք իրար հետ։ Մենք լի էինք երիտասարդական ավյունով և մեծ եռանդով։ Շատ էինք ցանկանում ընդարձակել մեր քարոզչական ծառայությունը։ Երկուսով սկսեցինք գանձերի մեր որոնումները, և դա արեցինք մեր ամբողջ կյանքում (Սաղմոս 110:3)։
Հատուկ ռահվիրա ծառայելուց մի քանի ամիս անց հանդիպեցինք «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանի մի շրջանավարտի՝ Ալբերտ Մանին, որը պատրաստվում էր մեկնել իր օտարերկրյա նշանակման վայրը։ Նա մեզ քաջալերեց ընդունել ցանկացած օտարերկրյա նշանակում, որ գուցե ստանայինք։
Միասին՝ դպրոցում
ԴՈՐԱ ԵՎ ԴՈՐՈԹԻ։ Պատկերացրեք մեր ուրախությունը, երբ սկսվեցին միսիոներական դասընթացները։ Առաջին օրը Ալբերտ Շրյոդերը՝ այն եղբայրը, որ 12 տարի առաջ «Գրությունների ուսումնասիրություն» ձեռնարկը նվիրել էր Դորոթիի մորը, գրանցեց մեզ։ Այնտեղ էր նաև Ջոն Բուտը։ Այժմ նա ծառայում էր Թագավորության ֆերմայում, որտեղ անցկացվում էր դպրոցը։ Հետագայում այս երկու եղբայրները դարձան Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներ։
«Գաղաադ» դպրոցում մենք ավելի խորությամբ էինք ուսումնասիրում Աստվածաշնչի ճշմարտությունները։ Դա հրաշալի կրթություն էր։ Մեր դասարանում 104 ուսանող կար, այդ թվում նաև առաջին օտարերկրացի ուսանողը, որը Մեքսիկայից էր։ Նա փորձում էր բարելավել անգլերենի իր իմացությունը, իսկ մենք փորձում էինք իսպաներեն սովորել։ Որքա՜ն հուզված էինք այն օրը, երբ եղբայր Նաթան Նորը մեզ հայտնեց մեր օտարերկրյա նշանակումները։ Ուսանողների մեծ մասը նշանակվել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկա։ Մենք նշանակում ստացանք ծառայելու Չիլիում։
Գանձերի որոնումները Չիլիում
«Գաղաադը» ավարտեցինք 1945 թ. հունվարին։ Որպեսզի մեկնեինք Չիլի, անհրաժեշտ էր ձեռք բերել վիզա, որը բավականին ժամանակ խլեց մեզանից. մեկ ու կես տարի ծառայեցինք որպես ռահվիրաներ Վաշինգտոն նահանգում։ Ստանալով վիզաները՝ մենք ինը միսիոներներով մեկնեցինք Չիլի։ Նրանցից յոթը «Գաղաադի» նախորդ դասարաններից էին։
Երբ ժամանեցինք մայրաքաղաք Սանտյագո, մեզ դիմավորեցին մի քանի եղբայրներ։ Նրանցից մեկը Ալբերտ Մանն էր՝ «Գաղաադի» շրջանավարտ, որը մի քանի տարի առաջ քաջալերական խորհուրդ էր տվել մեզ։ Նա Չիլի էր եկել մեզանից մեկ տարի առաջ Ջոզեֆ Ֆերարիի՝ «Գաղաադի» երկրորդ դասարանի մի շրջանավարտի հետ։ Մեր ժամանման պահին ամբողջ Չիլիում նույնիսկ 100 քարոզիչ չկար։ Մենք շատ էինք ցանկանում մեր նոր նշանակման վայրում փնտրել ու գտնել ավելի շատ գանձեր՝ անկեղծ սրտով մարդկանց։
Նշանակվեցինք ծառայելու Սանտյագոյի միսիոներական տանը։ Միսիոներական մեծ ընտանիքի հետ ապրելը մեզ համար նոր բան էր։ Բացի այն, որ ծառայության մեջ հաստատված քանակությամբ ժամեր պետք է անցկացնեինք, յուրաքանչյուրս շաբաթը մեկ պետք է կերակուր պատրաստեր ամբողջ ընտանիքի համար։ Եղել են պահեր, երբ անհարմար դրության մեջ ենք ընկել։ Մի անգամ նախաճաշին տաք թխվածքաբլիթներ էինք պատրաստել մեր ընտանիքի համար, բայց երբ դրանք հանեցինք ջեռոցից, նկատեցինք, որ տհաճ հոտ է գալիս։ Խմորիչի փոխարեն մենք սոդա էինք օգտագործել, քանի որ խմորիչի դատարկ տուփի մեջ ինչ–որ մեկը սոդա էր լցրել։
Սակայն ավելի շատ ամաչում էինք իսպաներեն լեզվով կատարած սխալներից։ Մի մեծ ընտանիք ուզում էր դադարեցնել ուսումնասիրությունը, քանի որ չէր հասկանում, թե ինչ ենք ասում։ Բայց սուրբգրային համարները կարդալով իրենց լեզվով՝ նրանք սովորեցին ճշմարտությունը, և նրանցից հինգը դարձավ Վկա։ Այն տարիներին միսիոներների համար լեզվի դասընթացներ չէին անցկացվում։ Մենք միանգամից սկսեցինք մասնակցել քարոզչությանը և փորձում էինք լեզուն սովորել այն մարդկանցից, ում վկայություն էինք տալիս։
Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ էինք անցկացնում։ Ուսումնասիրողներից ոմանք արագ առաջադիմում էին, իսկ ոմանց հանդեպ հարկավոր էր ավելի համբերատար լինել։ Օրինակ՝ երբ Թերեզա Թեյո անունով մի երիտասարդ կին լսեց Թագավորության լուրը, ասաց. «Խնդրում եմ կրկին եկեք։ Ես ավելի շատ բան կուզենայի իմանալ»։ Մենք վերադարձանք, բայց նա տանը չէր։ Այդպես կրկնվեց 12 անգամ։ Երեք տարի անց ներկա եղանք Սանտյագոյի թատրոնի շենքում անցկացվող մի համաժողովի։ Երբ կիրակի օրը դուրս եկանք համաժողովից, ինչ–որ մեկը կանչեց. «Սինյորիտա Դո՛րա, սինյորիտա Դո՛րա»։ Մենք շրջվեցինք։ Թերեզան էր։ Նա եկել էր այդ փողոցում բնակվող իր քրոջն այցելելու և ուզում էր տեսնել, թե ինչ է կատարվում թատրոնում։ Այնքա՜ն ուրախ էինք կրկին հանդիպելու նրան։ Պայմանավորվեցինք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Շուտով նա մկրտվեց և հետագայում դարձավ հատուկ ռահվիրա։ Այսօր՝ այդ ժամանակներից մոտ 45 տարի անց, Թերեզան դեռ շարունակում է իր հատուկ ռահվիրայական ծառայությունը (Ժողովող 11:1)։
Հայտնաբերում ենք գանձեր «ավազներում»
1959 թ.–ին նշանակվեցինք ծառայելու Պունտա Արենաս քաղաքում (նշանակում է «ավազների տեղ»), որը գտնվում է Չիլիի ծայր հարավում։ Այստեղ ամառային ամիսներին օրերը բավական երկար են լինում. մինչև երեկոյան 11:30 լույս է։ Մենք կարողանում էինք շատ օրեր անցկացնել ծառայության մեջ, սակայն ոչ առանց խոչընդոտների, քանի որ ամռանը անտարկտիկական կատաղի քամիներ են լինում։ Ձմռան ամիսները ցուրտ են, իսկ օրերը՝ կարճ։
Սակայն Պունտա Արենասն ունի նաև գրավիչ կողմեր։ Ամռանը արևմուտքում երկնքով մշտապես անձրևային ամպեր են անցնում։ Երբեմն ուժեղ անձրևի տակ ես ընկնում, բայց հետո քամի է փչում, և դու արագ չորանում ես։ Իսկ երբ արևը շողում է ամպերի միջից, անձրևին հաջորդում է գեղեցիկ ծիածանը։ Երբեմն ծիածանը ժամերով մնում է՝ արևի հետ միասին մերթ հայտնվելով ու մերթ անհետանալով (Յոբ 37:14)։
Այն ժամանակներում Պունտա Արենասում քիչ քարոզիչներ կային։ Տեղի փոքրիկ ժողովում մենք՝ քույրերս, պետք է անցկացնեինք հանդիպումները։ Եհովան օրհնում էր մեր ջանքերը։ Երեսունյոթ տարի անց մենք վերադարձանք՝ այս շրջանը տեսնելու։ Եվ ի՞նչ գտանք այնտեղ։ Վեց ակտիվ ժողովներ և երեք գեղեցիկ Թագավորության սրահ։ Ինչպիսի՜ ուրախություն, որ Եհովան թույլ է տվել մեզ հոգևոր գանձեր հայտնագործել այս հարավային ավազներում (Զաքարիա 4:10)։
Ավելի շատ գանձեր «լայն ծովափում»
Պունտա Արենասում երեք ու կես տարի անցկացնելուց հետո մենք նշանակվեցինք ծառայելու քաղաք–նավահանգիստ Վալպարաիսոյում։ Քաղաքը նստած է 41 բլուրների վրա, որոնք շրջապատում են դեպի Խաղաղ օվկիանոսը նայող ծովախորշերից մեկը։ Մենք սկսեցինք քարոզել այդ բլուրներից մեկի վրա՝ Պլայա Անչայում (այս անունը նշանակում է «լայն ծովափ»)։ Այնտեղ մնալու 16 տարիների ընթացքում տեսանք, թե ինչպես մի խումբ երիտասարդ քրիստոնյա եղբայրներ աճեցին հոգևորապես և այժմ Չիլիի տարբեր ժողովներում ու տարածքներում ծառայում են որպես շրջագայող վերակացուներ ու երեցներ։
Մեր հաջորդ նշանակման վայրն էր Վինյա դել Մար քաղաքը։ Այնտեղ ծառայեցինք երեք ու կես տարի, քանի դեռ մեր միսիոներական տունը երկրաշարժից չէր վնասվել։ Դրանից հետո վերադարձանք Սանտյագո, որտեղ սկսել էինք միսիոներական ծառայությունը 40 տարի առաջ։ Շատ բան էր փոխվել։ Մասնաճյուղի համար նոր շենքեր էին կառուցվել, իսկ հին շենքը դարձել էր այդ երկրում դեռ ծառայող միսիոներների տունը։ Հետագայում այդ շենքը սկսեցին օգտագործել Ծառայության կատարելագործման դպրոցի համար։ Սանտյագոյում կրկին զգացինք Եհովայի սիրառատ բարությունը մեր հանդեպ։ Տարիքն առած հինգ միսիոներների, այդ թվում նաև մեզ, հրավիրեցին ապրելու Բեթելում։ Այն տարիներին, որ անցկացրել ենք Չիլիում, 15 նշանակումներ ենք ունեցել և տեսել ենք, թե ինչպես է քարոզիչների թիվը 100–ից հասել 70 000–ի։ Ի՜նչ ուրախություն է եղել մեզ համար 57 տարի շարունակ գանձեր փնտրել Չիլիում։
Մենք մեզ շատ օրհնված ենք զգում, որ Եհովան թույլ է տվել գտնելու այդքան շատ մարդկանց՝ գանձերի, որոնք նույնպես սկսել են ծառայել իրեն։ Մենք ավելի քան 60 տարի ծառայել ենք Եհովային և ամբողջ սրտով համաձայն ենք Դավիթ թագավորի հետ, որն ասաց. «Քա՜նի մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար» (Սաղմոս 31:19)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
[նկար 9–րդ էջի վրա]
Դորոթին 1943–ին քարոզչական ծառայության ժամանակ և 2002–ին
[նկար 10–րդ էջի վրա]
Փողոցի վկայության ժամանակ Ֆորտ Դոջում, 1942
[նկար 10–րդ էջի վրա]
Դորա, 2002
[նկար 12–րդ էջի վրա]
Դորոթին և Դորան Չիլիի իրենց առաջին միսիոներական տան առջև, 1946