«Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս այն ծառայությունը, որը ստացար Տիրոջով»
«Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս այն ծառայությունը, որը ստացար Տիրոջով» (ԿՈՂ. 4։17)։
1, 2. Ի՞նչ պատասխանատվություն ունեն քրիստոնյաները մարդկանց նկատմամբ։
ՄԵՆՔ լուրջ պատասխանատվություն ունենք մեր շրջապատում ապրող մարդկանց նկատմամբ։ «Մեծ նեղության» ժամանակ նրանք կփրկվեն, թե՝ ոչ, կախված է նրանց այժմյան որոշումներից (Հայտն. 7։14)։ Առակագիրը Աստծու ներշնչանքով ասաց. «Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր»։ Իսկապես, տպավորի՛չ խոսքեր են։ Եթե չկատարենք մեր պարտականությունը, այսինքն՝ մարդկանց չտեղեկացնենք, թե ինչ ընտրության առջև են նրանք կանգնած, ապա գուցե ի վերջո ինքներս մեզ վրա արյուն բերենք։ Առակագիրը շարունակում է. «Եթէ ասես թէ Մենք չ’գիտենք. ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ»։ Հստակ է, որ Եհովայի ծառաները չեն կարող ասել, որ իրենք «չգիտեն», թե ինչ վտանգ է սպասում մարդկությանը (Առակ. 24։11, 12)։
2 Եհովան թանկ է գնահատում կյանքը։ Նա հորդորում է իր ծառաներին ամեն ջանք թափել, որ հնարավորին չափ շատ մարդիկ գան փրկության։ Աստծու յուրաքանչյուր ծառա պետք է հռչակի նրա Խոսքում գրված փրկարար պատգամը։ Մեզ հանձնարարված է անել այնպիսի գործ, որ անում է դետը. նա ազդարարում է վտանգի մասին։ Մենք չենք ցանկանում կործանման վտանգի տակ գտնվող մարդկանց արյունը մեզ վրա բերել (Եզեկ. 33։1–7)։ Ուստի, որքա՜ն կարևոր է շարունակել ջանադրաբար «խոսքը քարոզել» (կարդա՛ 2 Տիմոթեոս 4։1, 2, 5)։
3. Ի՞նչ թեմաներ կքննարկվեն այս և հաջորդ հոդվածներում։
3 Այս հոդվածում կքննարկենք, թե փրկարար ծառայությունը կատարելիս ինչպես կարելի է հաղթահարել խոչընդոտները և թե ինչպես է հնարավոր ավելի շատ մարդկանց օգնել։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք կենսատու ճշմարտությունները սովորեցնելու արվեստին տիրապետել։ Ուսումնասիրության երրորդ հոդվածում կներկայացվեն մի շարք քաջալերական արդյունքներ, որոնց հասել են Թագավորության քարոզիչները։ Նախքան այս թեմաներին անցնելը, սակայն, քննենք, թե ինչու կարող ենք ասել, որ մեր ժամանակները վճռորոշ են։
Ինչու շատերը հույս չունեն
4, 5. Ի՞նչ «ցավեր» կան աշխարհում, և ինչպիսի՞ն է շատերի արձագանքը։
4 Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք «իրերի համակարգի վախճանի» ժամանակներում, և որ վերջը շատ մոտ է։ Ներկայիս ծանր իրավիճակները փաստում են «վերջին օրերի» վերաբերյալ Հիսուսի և նրա աշակերտների ասած խոսքերի ճշմարտացիությունը։ «Ցավերը»՝ պատերազմները, սովերը, երկրաշարժերը և այլ դժբախտություններ, պատուհասել են մարդկությանը։ Ամենուրեք տիրում է անօրինություն, եսասիրություն, անաստվածություն։ Մեր ժամանակները «չափազանց դժվար են» նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ջանում են ապրել Աստվածաշնչի սկզբունքներով (Մատթ. 24։3, 6–8, 12; 2 Տիմոթ. 3։1–5)։
5 Մարդկության ճնշող մեծամասնությունը, սակայն, չի գիտակցում աշխարհում կատարվող իրադարձությունների իրական նշանակությունը։ Ուստի զարմանալի չէ, որ շատերն անհանգստանում են իրենց և իրենց ընտանիքի անդամների անվտանգությամբ, իսկ հարազատի մահը կամ անձնական այլ դժբախտություններ անասելի ցավ են պատճառում։ Մարդիկ անհույս են, քանի որ ճշգրտորեն չգիտեն, թե ինչու են նման բաներ տեղի ունենում, և թե ինչպես գտնել խնդիրների լուծումը (Եփես. 2։12)։
6. Ինչո՞ւ «Մեծ Բաբելոնը» չի կարողացել օգնել իրեն հարող մարդկանց։
6 «Մեծ Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, շատ քիչ մխիթարություն է տվել մարդկությանը։ Ընդհակառակը՝ իր «պոռնկության գինով» նա բազում մարդկանց արբեցրել է՝ նրանց գցելով հոգևոր խառնաշփոթի մեջ։ Դեռ ավելին, կեղծ կրոնը, պոռնիկի պես, գայթակղել է «երկրի թագավորներին» և ղեկավարում է նրանց։ Նա սուտ ուսմունքների և ոգեհարցության միջոցով մարդկային զանգվածներին ստիպում է ստրկամտորեն հնազանդվել իրենց քաղաքական տերերին։ Կեղծ կրոնը, այսպիսով, ձեռք է բերել իշխանություն և ազդեցություն, բայց միևնույն ժամանակ լիովին մերժել է կրոնական ճշմարտությունը (Հայտն. 17։1, 2, 5; 18։23)։
7. Ի՞նչ է սպասում մարդկանց մեծամասնությանը, սակայն ինչպե՞ս կարող են ոմանք օգնություն ստանալ։
7 Հիսուսն ասաց, որ մարդկանց մեծամասնությունն ընթանում է կործանում տանող լայն ու ընդարձակ ճանապարհով (Մատթ. 7։13, 14)։ Որոշ անհատներ այդ ճանապարհի վրա են, քանի որ գիտակցաբար մերժել են Աստվածաշնչի ուսմունքները։ Շատերն էլ այնտեղ են, որովհետև խաբվել են, խավարի մեջ են պահվել, այսինքն՝ նրանցից թաքցվել է այն, թե իրականում ինչ է Եհովան պահանջում իրենցից։ Ոմանք գուցե փոխեին իրենց ապրելակերպը, եթե նրանց սուրբգրային հստակ պատճառներ տրվեին։ Բայց ովքեր մնում են Մեծ Բաբելոնի մեջ և շարունակում են մերժել Աստվածաշնչի չափանիշները, չեն փրկվի «մեծ նեղությունից» (Հայտն. 7։14)։
Շարունակիր քարոզել «առանց դադարի»
8, 9. Ինչպե՞ս արձագանքեցին առաջին դարի քրիստոնյաները հալածանքին և ինչո՞ւ։
8 Հիսուսն ասաց, որ իր հետևորդները քարոզելու էին Թագավորության բարի լուրը և աշակերտներ էին պատրաստելու (Մատթ. 28։19, 20)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները միշտ համարել են, որ քարոզչական գործին մասնակցելը Աստծու հանդեպ նվիրվածության նշան է։ Դրանով նրանք դրսևորում են իրենց քրիստոնեական հավատը։ Հիսուսի վաղ աշակերտները նույնիսկ հակառակության ներքո շարունակեցին քարոզել։ Ապավինելով Եհովային՝ նրանք աղոթքով զորություն խնդրեցին, որ կարողանան շարունակել «ամենայն համարձակությամբ խոսել»։ Ի պատասխան՝ Եհովան նրանց լցրեց սուրբ ոգով, և նրանք համարձակորեն «խոսեցին Աստծու խոսքը» (Գործ. 4։18, 29, 31)։
9 Մի՞թե Հիսուսի հետևորդների վճռականությունը սասանվեց, երբ հալածանքը սաստկացավ։ Ամենևի՛ն։ Առաքյալների քարոզչությունից զայրացած՝ հրեա կրոնական առաջնորդները ձերբակալեցին նրանց, սպառնացին և ծեծեցին։ Սակայն առաքյալները «շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել»։ Նրանք շատ լավ գիտեին, որ «մարդկանց հնազանդվելու փոխարեն՝ պետք է Աստծո՛ւն հնազանդվել որպես ղեկավարի» (Գործ. 5։28, 29, 40–42)։
10. Ի՞նչ դժվարությունների են բախվում քրիստոնյաներն այսօր, սակայն ի՞նչ կարող է լինել նրանց լավ վարքի արդյունքում։
10 Այսօր Աստծու ծառաների մեծամասնությունը չի ենթարկվում ծեծի և չի բանտարկվում քարոզչական գործունեության պատճառով։ Այդուհանդերձ, բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ինչ–որ փորձության են բախվում։ Աստվածաշնչով կրթված քո խիղճը, օրինակ, կարող է մղել քեզ դրսևորելու այնպիսի վարք, որը չի արժանանում շրջապատի հավանությանը, կամ որի պատճառով դու տարբերվում ես մյուսներից։ Աշխատակիցներդ, համադասարանցիներդ կամ հարևաններդ կարող են մտածել, թե քո պահվածքը տարօրինակ է, որովհետև որոշումներդ կայացնում ես Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա։ Այնուհանդերձ, նրանց բացասական արձագանքը չպետք է հետ պահի քեզ ճիշտ կերպով վարվելուց։ Աշխարհը հոգևոր խավարի մեջ է, բայց քրիստոնյաները պետք է «փայլեն ինչպես լուսատուներ» (Փիլիպ.2։15)։ Հնարավոր է՝ որոշ անկեղծ մարդիկ նկատեն ու գնահատեն քո լավ վարքը և փառաբանեն Եհովային (կարդա՛ Մատթեոս 5։16)։
11. ա) Ինչպե՞ս են ոմանք վերաբերվում քարոզչական գործին։ բ) Ի՞նչ հակառակության բախվեց Պողոս առաքյալը, և ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
11 Քաջություն է հարկավոր Թագավորության լուրը քարոզելու համար։ Որոշ մարդիկ, նույնիսկ քո հարազատները, գուցե ծաղրեն քեզ կամ փորձեն այլ կերպով ճնշում գործադրել (Մատթ. 10։36)։ Պողոս առաքյալը մի քանի անգամ ծեծի ենթարկվեց իր ծառայությունը հավատարմորեն կատարելու համար։ Նկատիր, թե ինչպես նա արձագանքեց հակառակությանը։ «Չարչարանքներ կրելուց և անարգվելուց հետո,— գրեց նա,— մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար» (1 Թեսաղ. 2։2)։ Անշուշտ, Պողոսի համար հեշտ չէր շարունակել հռչակել բարի լուրը այն բանից հետո, երբ իրեն բռնեցին, հագուստները պատռեցին, ճիպոտահարեցին և բանտը գցեցին (Գործ. 16։19–24)։ Ի՞նչը նրան լցրեց համարձակությամբ։ Առաքյալը մեծ ցանկություն ուներ կատարելու իր աստվածատուր հանձնարարությունը (1 Կորնթ. 9։16)։
12, 13. Ի՞նչ դժվարություններ ունեն շատերը, և ինչպե՞ս են նրանք փորձում հաղթահարել դրանք։
12 Նաև գուցե դժվար է շարունակել եռանդուն լինել, երբ քարոզում ենք այնպիսի տարածքներում, որտեղ մարդիկ հազվադեպ են տանը լինում կամ էլ գրեթե չեն արձագանքում Թագավորության լուրին։ Ի՞նչ կարող ենք անել։ Թերևս հարկ լինի նրանց հետ զրուցել ոչ պաշտոնական իրավիճակներում, և դրա համար գուցե ավելի շատ քաջություն պահանջվի մեզանից։ Բացի այդ, գուցե կարիք լինի ծառայության ճկուն գրաֆիկ ունենալ կամ հիմնականում քարոզել մարդաշատ վայրերում (համեմատի՛ր Հովհաննես 4։7–15; Գործեր 16։13; 17։17)։
13 Շատերն էլ դիմագրավում են այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են տարիքն ու վատ առողջությունը։ Այս հանգամանքների պատճառով նրանք գուցե չկարողանան ակտիվորեն մասնակցել քարոզչությանը։ Եթե դու տարեց ես կամ թույլ առողջություն ունես, մի՛ վհատվիր։ Եհովան շատ լավ տեղյակ է ամեն ինչից և գնահատում է այն բոլորը, որ դու անում ես (կարդա՛ 2 Կորնթացիներ 8։12)։ Ինչ դժվարության էլ որ բախվես՝ հակառակության, անտարբերության կամ առողջական խնդրի, քո հանգամանքներում հնարավոր ամեն բան արա, որ բարի լուրը քարոզես (Առակ. 3։27; համեմատի՛ր Մարկոս 12։41–44)։
«Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս քո ծառայությունը»
14. Ի՞նչ օրինակ է Պողոս առաքյալը թողել քրիստոնյաներին, և ի՞նչ խորհուրդ նա տվեց։
14 Պողոս առաքյալը իր ծառայությանը շատ լուրջ էր վերաբերվում և իր հավատակիցներին խրախուսում էր ունենալ նույն վերաբերմունքը (Գործ. 20։20, 21; 1 Կորնթ. 11։1)։ Արքիպպոսը առաջին դարում ապրած մի քրիստոնյա էր, որին Պողոսը անձամբ հորդորեց։ Կողոսացիներին ուղղած նամակում առաքյալը գրեց. «Արքիպպոսին ասացեք. «Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս այն ծառայությունը, որը ստացար Տիրոջով»» (Կող. 4։17)։ Մենք չգիտենք, թե ով էր Արքիպպոսը, կամ թե ինչպիսին էին նրա հանգամանքները, բայց պարզ է, որ նրան ծառայություն էր վստահվել։ Եթե նվիրված քրիստոնյա ես, ուրեմն դու նույնպես ծառայելու հանձնարարություն ես ստացել։ Շարունակո՞ւմ ես աչալուրջ լինել, որ կատարես քո ծառայությունը։
15. Ի՞նչ պատասխանատվություն է բերում քրիստոնեական նվիրումը, և ի՞նչ հարցեր են առաջանում։
15 Մինչև մկրտվելը մենք ամբողջ սրտով աղոթել ենք Եհովային՝ ասելով, որ ուզում ենք մեր կյանքը նվիրել իրեն։ Դա նշանակում էր, որ մենք որոշել ենք կատարել Աստծու կամքը։ Լավ կլինի, որ այժմ ինքներս մեզ հարց տանք. «Աստծու կամքը անելն իսկապե՞ս ամենակարևոր բանն է իմ կյանքում»։ Գուցե ունենք տարբեր պատասխանատվություններ, և Եհովան ակնկալում է, որ կատարենք դրանք, օրինակ՝ մեր ընտանիքին հոգ տանելը (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն ինչպե՞ս ենք օգտագործում մնացած ժամանակն ու ուժերը։ Ի՞նչն է ամենակարևորը մեր կյանքում (կարդա՛ 2 Կորնթացիներ 5։14, 15)։
16, 17. Պատանի, ինչպես նաև երիտասարդ քրիստոնյաները, ովքեր համեմատաբար քիչ պարտականություններ ունեն, ո՞ր հնարավորությունները կարող են քննել։
16 Դու պատանի նվիրված քրիստոնյա՞ ես, ով ավարտել է կամ շուտով ավարտելու է դպրոցը։ Հավանաբար, դեռ լուրջ ընտանեկան պատասխանատվություններ չունես։ Ուստի ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև։ Կյանքի ո՞ր ուղին ես ընտրելու։ Դու Եհովային խոստացել ես կատարել նրա կամքը։ Ո՞ր որոշումներդ կնպաստեն, որ լավագույն ձևով կատարես խոստումդ։ Շատերը իրենց զբաղմունքներն այնպես են պլանավորել, որ ծառայեն որպես ռահվիրա։ Նրանք մեծ ուրախություն և բավարարվածություն են ստացել այդ ծառայությունից (Սաղ. 110։3; Ժող. 12։1)։
17 Երիտասա՞րդ ես, ով աշխատում է լրիվ օր, բայց չունի առանձնապես շատ պարտականություններ, բացի իր մասին հոգ տանելուց։ Անկասկած, քո հնարավորության սահմաններում հաճույքով մասնակցում ես ժողովի գործերին։ Կարո՞ղ ես ուրախությունդ ավելացնել։ Մտածե՞լ ես ծառայությունդ ընդլայնելու մասին (Սաղ. 34։8; Առակ. 10։22)։ Որոշ տարածքներում դեռ շատ աշխատանք կա անելու ճշմարտության կենարար լուրը յուրաքանչյուր բնակչի հասցնելու համար։ Կարո՞ղ ես փոփոխություններ մտցնել քո կյանքում, որպեսզի ծառայես այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։6–8)։
18. Ի՞նչ փոփոխություններ կատարեց մի երիտասարդ ամուսնական զույգ, և ի՞նչ արդյունքով։
18 Ահա Քևինի ու Ելենայի օրինակը (ԱՄՆ)a։ Նրանց բնակավայրում նորապսակները սովորաբար սեփական տուն են գնում, ինչը և արեցին Քևինն ու Ելենան, երբ ամուսնացան։ Երկուսն էլ աշխատում էին ամբողջ օրը և ապրում էին հարմարավետ կյանքով։ Սակայն աշխատանքը և տնային գործերը գրեթե ժամանակ չէին թողնում քարոզչական ծառայության համար։ Նրանք գիտակցում էին, որ համարյա ամբողջ ժամանակն ու ուժերը տրամադրում են իրենց ունեցվածքին։ Բայց Քևինն ու Ելենան որոշեցին փոխել իրենց ապրելակերպը, երբ տեսան, որ ռահվիրա ծառայող մի ամուսնական զույգ ապրում է պարզ կյանքով ու երջանիկ է։ Նրանք աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրեցին, վաճառեցին առանձնատունը և տեղափոխվեցին բնակարան։ Ելենան նվազեցրեց իր աշխատաժամերը ու դարձավ ռահվիրա։ Տեսնելով, թե ինչ ուրախություն է ստանում իր կինը ծառայությունից՝ Քևինը թողեց լիաժամ աշխատանքը և սկսեց ռահվիրայություն անել։ Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին հարավամերիկյան մի երկիր՝ ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ «Մենք միշտ էլ երջանիկ ամուսիններ ենք եղել,— ասում է Քևինը,— իսկ երբ հոգևոր նպատակներ դրեցինք և ձգտեցինք հասնել դրանց, մեր ուրախությունը կրկնապատկվեց» (կարդա՛ Մատթեոս 6։19–22)։
19, 20. Ինչո՞ւ է բարի լուրի քարոզչությունը ամենակարևոր գործը այսօր։
19 Բարի լուրի քարոզչությունը ամենակարևոր գործն է, որ այսօր կատարվում է երկրագնդի վրա (Հայտն. 14։6, 7)։ Այն նպաստում է Եհովայի անվան սրբացմանը (Մատթ. 6։9)։ Ամեն տարի հազարավոր մարդիկ ընդունում են Աստվածաշնչի ճշմարտությունը, որը բարելավում է նրանց կյանքը և առաջնորդում փրկության։ Սակայն «ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի», հարցրեց Պողոս առաքյալը (Հռոմ. 10։14, 15)։ Այո՛, հարկավոր է քարոզել։ Վճռիր հնարավոր ամեն բան անել, որպեսզի լիովին կատարես քո ծառայությունը։
20 Դու կարող ես է՛լ ավելի շատ օգնել մարդկանց, որ գիտակցեն այս վճռորոշ ժամանակների նշանակությունը և հաշվի առնեն իրենց կայացրած որոշումների հետևանքները։ Ինչպե՞ս։ Բարելավելով ուսուցողական հմտություններդ։ Հաջորդ հոդվածում կխոսենք հենց այդ մասին։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ պատասխանատվություն ունեն քրիստոնյաները մարդկանց նկատմամբ։
• Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել խոչընդոտները քարոզչության ժամանակ։
• Ինչպե՞ս կարող ենք կատարել այն ծառայությունը, որ ստացել ենք։
[նկար 5–րդ էջի վրա]
Քաջություն է անհրաժեշտ հակառակության ներքո քարոզելու համար
[նկար 7–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ես անել, եթե քարոզում ես այնպիսի տարածքում, որտեղ մարդիկ հազվադեպ են լինում տանը