Նայո՞ւմ ես մարդկանց Եհովայի աչքերով
«Բաժանություն չլինի մարմնի մեջ.... Նրա անդամները նույն հոգածությունն ունենան մեկը մյուսի նկատմամբ» (1 ԿՈՐՆԹ. 12։25)։
1. Ի՞նչ զգացիր, երբ մտար հոգևոր դրախտ։
ԵՐԲ դուրս եկանք այս չար աշխարհից և սկսեցինք շփվել Եհովայի ժողովրդի հետ, հավանաբար հիացանք՝ տեսնելով, թե ինչ ջերմ սեր ու հոգատարություն կա նրանց միջև։ Որքա՜ն են նրանք տարբերվում Սատանայի իշխանության տակ գտնվող մարդկանցից, ովքեր կոպիտ են, ատելությամբ լի և անհաշտ։ Մենք մտել ենք հոգևոր դրախտ, որտեղ տիրում է խաղաղություն և միասնություն (Ես. 48։17, 18; 60։18; 65։25)։
2. ա) Ի՞նչը կարող է ազդել ուրիշների մասին մեր տեսակետի վրա։ բ) Գուցե հարկ լինի ի՞նչ անել։
2 Ժամանակի ընթացքում, սակայն, անկատարության պատճառով գուցե մեր հավատակիցների մասին աղավաղված տեսակետ ձեռք բերենք։ Հնարավոր է՝ չափազանցնենք մեր եղբայրների ու քույրերի թերությունները՝ փոխանակ նշմարելու նրանց հոգևոր հատկությունները։ Պարզ ասած՝ գուցե մոռանանք մարդկանց դիտել Եհովայի աչքերով։ Եթե այդպես է մեր դեպքում, ուրեմն ժամանակն է մեր տեսակետը քննել և այն ներդաշնակեցնել Եհովայի ճիշտ տեսակետի հետ (Ելից 33։13)։
Ինչպես է Եհովան նայում իր ծառաներին
3. Աստվածաշունչը ինչի՞ հետ է համեմատում քրիստոնեական ժողովը։
3 Ինչպես կարդում ենք 1 Կորնթացիներ 12։2–26-ում, Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաների ժողովը համեմատում է «շատ անդամներ» ունեցող մարմնի հետ։ Ինչպես որ մարմնի անդամներն են տարբեր, այնպես էլ ժողովի անդամներն են տարբեր։ Նրանք զգալիորեն տարբերվում են միմյանցից բնավորության գծերով և ընդունակություններով։ Բայց Եհովան ընդունում է այդ զանազանությունը։ Նա սիրում և գնահատում է իր յուրաքանչյուր ծառային։ Ուստի Պողոսը ժողովի անդամներին խորհուրդ է տալիս «նույն հոգածությունն ունենալ մեկը մյուսի նկատմամբ»։ Սա կարող է դժվար լինել, քանի որ բոլորս տարբեր ենք։
4. Ինչո՞ւ գուցե հարկ լինի ուրիշ տեսանկյունից նայել մեր հավատակիցներին։
4 Հնարավոր է՝ նույնիսկ հակվա՛ծ լինենք կենտրոնանալու մեր հավատակիցների թերությունների վրա։ Դա նման է այն բանին, որ մենք լուսանկարենք այնպիսի ապարատով, որը միայն սահմանափակ տարածություն կարող է ընդգրկել։ Ի տարբերություն մեզ՝ Եհովայի տեսահորիզոնը անհամեմատ ավելի լայն է, և նա տեսնում է ինչպես օբյեկտը, այնպես էլ օբյեկտի շուրջը եղող ամեն ինչ։ Մենք գուցե հակված լինենք մեր «օբյեկտիվը» կենտրոնացնել միայն անհատի այն հատկության վրա, որը մեզ դուր չի գալիս, մինչդեռ Եհովան տեսնում է նրան ամբողջությամբ՝ ներառյալ նրա բոլոր լավ հատկությունները։ Որքան ավելի շատ ձգտենք նմանվել Եհովային, այնքան ավելի շատ կնպաստենք, որ ժողովում տիրի սեր և միասնություն (Եփես. 4։1–3; 5։1, 2)։
5. Ինչո՞ւ է անպատշաճ քննադատել ուրիշներին։
5 Հիսուսը խորապես հասկանում էր, որ անկատար մարդիկ հակված են քննադատելու։ Նա խորհուրդ տվեց. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթ. 7։1)։ «Մի՛ դատեք» թարգմանված արտահայտությունը կարելի է թարգմանել նաև «դադարեք դատելուց» (տե՛ս ծնթ.)։ Այո՛, նա այդպես արտահայտվեց, որովհետև գիտեր, որ իր ունկնդիրներից շատերը ուրիշներին քննադատելու սովորություն ունեն։ Արդյոք մե՞նք էլ ունենք նման սովորություն։ Եթե այո, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ փոխվենք, որպեսզի ինքներս չդատվենք։ Եվ իրոք, ո՞վ ենք մենք, որ դատենք այն անհատին, ում Եհովան ինքն է նշանակում տվել, կամ որ ասենք, թե նա չի կարող լինել ժողովի անդամ։ Եղբայրը կարող է որոշակի թերություններ ունենալ, սակայն եթե Եհովան շարունակում է ընդունել նրան, ապա մի՞թե տեղին կլինի քննադատել մեր եղբորը (Հովհ. 6։44)։ Իսկապե՞ս հավատում ենք, որ Եհովան առաջնորդում է իր կազմակերպությունը։ Հավատո՞ւմ ենք, որ նա ճիշտ ժամանակին քայլեր կձեռնարկի, եթե ինչ–որ բան շտկելու կարիք կա (կարդա՛Հռոմեացիներ 14։1–4)։
6. Ինչպե՞ս է Եհովան նայում իր ծառաներին։
6 Եհովայի ուշագրավ հատկություններից մեկն այն է, որ նա կարող է տեսնել, թե ինչ լավ հատկություններ կան յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ, որոնք կատարելապես կդրսևորվեն նոր աշխարհում։ Աստված նաև գիտի, թե անհատը հոգևոր ինչ հաջողությունների է հասել։ Այս ամենից ելնելով՝ նա չի կենտրոնանում քրիստոնյայի ամեն մի թերության վրա։ Սաղմոս 103։12–ում կարդում ենք. «Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները»։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել դրա համար (Սաղ. 130։3)։
7. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչ տեսակետ ուներ Եհովան Դավթի մասին։
7 Գրությունները փաստում են, որ Եհովան իսկապես կենտրոնանում է անհատի լավ հատկությունների վրա։ Աստված Դավթի մասին ասաց. «Իմ Դաւիթ ծառան.... պահում էր իմ պատուիրանքները եւ բոլոր սրտով հետեւում որ միայն իմ աչքին ուղիղ երևեցածն անէ» (Գ Թագ. 14։8)։ Իհարկե, գիտենք, որ Դավիթը կյանքում սխալ բաներ արեց։ Սակայն Եհովան նախընտրեց կենտրոնանալ նրա լավ կողմերի վրա, քանի որ գիտեր, որ Դավիթը ուղիղ սիրտ ունի (Ա Մնաց. 29։17)։
Հավատակիցներիդ նայիր Եհովայի աչքերով
8, 9. ա) Ինչպե՞ս կարող ենք նմանվել Եհովային։ բ) Ի՞նչ օրինակ կարող ենք բերել և ի՞նչ ենք սովորում։
8 Եհովան կարող է կարդալ մարդկանց սրտերը, մինչդեռ մենք չենք կարող։ Սա ինքնին լավ հիմք է, որ չքննադատենք ուրիշներին։ Մենք չգիտենք դիմացինի բոլոր մղումները։ Լավ կլինի ջանանք ընդօրինակել Եհովային։ Նա չի կենտրոնանում մարդկային անկատարության վրա, մի բան, որը ժամանակի ընթացքում վերանալու է։ Կարո՞ղ ենք նպատակ դնել նմանվելու Աստծուն այս հարցում։ Անշուշտ, դա հրաշալի նպատակ կլինի։ Եթե չկենտրոնանանք մեր եղբայրների ու քույրերի թերությունների վրա, ապա մեծապես կնպաստենք այն բանին, որ ժողովում խաղաղ փոխհարաբերություններ լինեն (Եփես. 4։23, 24)։
9 Բերենք մի օրինակ։ Պատկերացրու անուշադրության մատնված մի տուն, որի ջրորդանները վնասվել են, պատուհանները կոտրվել, առաստաղը ջրից խոնավացել է, և ծեփը թափվել։ Գրեթե բոլորը այդ տանը նայելիս մտածում են, որ այն ենթակա է միայն քանդման. տունը տհաճություն է առաջացնում նրանց մեջ։ Բայց մի մարդ բոլորովին այլ կարծիք ունի։ Նա չի կենտրոնանում արտաքին տհաճ տեսքի վրա ու կարողանում է նկատել, որ հիմնակմախքը ամուր է, և տունը հնարավոր է վերանորոգել։ Նա այդ տունը գնում է, վերանորոգում ու ավելի գեղեցիկ դարձնում։ Դրանից հետո անցորդներն ասում են, որ իրոք շատ գեղեցիկ է։ Կարո՞ղ ենք լինել այդ մարդու պես, որը ջանքեր արեց վերանորոգելու տունը։ Մեր եղբայրների ու քույրերի թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն՝ կարո՞ղ ենք նկատել նրանց լավ հատկությունները և հոգևորապես աճելու հնարավորությունները։ Եթե այո, ապա կսիրենք մեր հավատակիցներին, ինչպես որ Եհովան է սիրում նրանց (կարդա՛ Եբրայեցիներ 6։10)։
10. Ինչպե՞ս կարող է Փիլիպպեցիներ 2։3, 4–ում գրված խորհուրդն օգնել մեզ։
10 Պողոս առաքյալը մի խորհուրդ տվեց, որը կարող է օգնել մեզ լավ փոխհարաբերություններ պահպանել ժողովի բոլոր անդամների հետ։ Նա ասաց. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, փնտրեք ոչ միայն ձեր սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (Փիլիպ. 2։3, 4)։ Խոնարհամտությունը կօգնի ճիշտ տեսակետ ունենալ ուրիշների մասին։ Մարդկանցով անհատապես հետաքրքրվելը և նրանց մեջ լավ հատկություններ փնտրելը ևս կօգնեն մեզ այս հարցում։
11. Ո՞ր փոփոխություններն են ազդել որոշ ժողովների վրա։
11 Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վերջին ժամանակներս մարդկանց մեծամասշտաբ տեղաշարժեր են նկատվում։ Որոշ քաղաքներում այժմ բնակվում են աշխարհի ամենատարբեր երկրներից եկած մարդիկ։ Նրանցից ոմանք հետաքրքրվում են Աստվածաշնչի ճշմարտությամբ և մեզ հետ միասին երկրպագում են Եհովային։ Նրանք «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» են (Հայտն. 7։9)։ Այս ամենի արդյունքում մեր ժողովներից շատերը բազմազգ են դարձել։
12. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք միմյանց մասին, և ինչո՞ւ դա երբեմն հեշտ չէ։
12 Թերևս ավելի շատ ջանք պիտի թափենք, որ ժողովում ճիշտ տեսակետ ունենանք միմյանց մասին։ Սա մեզ հիշեցնում է Պետրոս առաքյալի խորհուրդը։ Նա ասաց, որ «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն» դրսևորենք ու «սրտանց և ջերմորեն սիրենք իրար» (1 Պետ. 1։22)։ Գուցե հեշտ չէ անկեղծ և ջերմ սեր ցուցաբերել բազմազգ ժողովում։ Մեր հավատակիցները կարող են զգալիորեն տարբերվել իրենց մշակույթով, կրթությամբ, տնտեսական վիճակով ու ծագումով։ Քեզ համար դժվա՞ր է հասկանալ ոմանց մտածելակերպն ու վերաբերմունքը։ Նույն դժվարությունը կարող են նրանք ունենալ քեզ հետ կապված։ Բայցևայնպես, մեզ բոլորիս խորհուրդ է տրվում. «Սիրե՛ք ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։
13. Ի՞նչ փոփոխություններ գուցե հարկ լինի անելու մեր մտածելակերպի մեջ։
13 Գուցե անհրաժեշտ լինի որոշ փոփոխություններ անել մեր մտածելակերպի մեջ, որպեսզի կարողանանք սիրել մեր բոլոր եղբայրներին ու քույրերին (կարդա՛ 2 Կորնթացիներ 6։12, 13)։ Երբևէ ասե՞լ ենք՝ «ես կանխակալ կարծիք չունեմ, բայց...», այնուհետև թվարկել ենք մի քանի բացասական գծեր, որոնք, մեր կարծիքով, բնորոշ են որոշակի էթնիկական խմբի մարդկանց։ Նման մտքերը ցույց են տալիս, որ հարկավոր է ազատվել սրտի խորքում եղած կանխակալ կարծիքներից։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Կանոնավորաբար ջանքեր գործադրո՞ւմ եմ, որ ավելի լավ ճանաչեմ այլ մշակույթի մարդկանց»։ Ինքնաքննությունը կարող է օգնել, որ սրտաբաց ընդունենք մեր այլազգի հավատակիցներին և սիրենք նրանց։
14, 15. ա) Օրինակներ բեր, որոնք ցույց են տալիս, որ ոմանք փոխել են ուրիշների մասին իրենց տեսակետը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։
14 Աստվածաշնչում կան գերազանց օրինակներ այն մարդկանց մասին, ովքեր ուղղել են իրենց մտածելակերպը։ Նրանցից էր Պետրոս առաքյալը։ Լինելով հրեա՝ նա այլազգի մարդու տուն չէր մտնում։ Միայն պատկերացրու, թե առաքյալը ինչ զգաց, երբ իրեն խնդրեցին այցելել մի անթլփատ այլազգու՝ Կոռնելիոսի տուն։ Պետրոսը փոփոխություններ արեց իր մտածելակերպի մեջ, երբ հասկացավ, որ Աստծու կամքն այն է, որ բոլոր ազգերի մարդիկ դառնան քրիստոնեական ժողովի անդամ (Գործ. 10։9–35)։ Սողոսը, որը հետագայում դարձավ Պողոս առաքյալ, նույնպես փոփոխություններ արեց և ձերբազատվեց կանխակալ կարծիքներից։ Նա ընդունեց, որ շատ էր ատում քրիստոնյաներին ու «չափից դուրս հալածում էր Աստծու ժողովը և կործանում էր այն»։ Բայց երբ Տեր Հիսուսը ուղղեց Պողոսին, նա մեծ փոփոխություններ կատարեց և նույնիսկ ընդունեց այն մարդկանց առաջնորդությունը, որոնց նախկինում հալածում էր (Գաղ. 1։13–20)։
15 Անկասկած, Եհովայի սուրբ ոգու օգնությամբ կարող ենք փոփոխություններ անել մեր մտածելակերպի մեջ։ Եթե նկատում ենք նախապաշարման նշույլներ, եկեք արմատախիլ անենք դրանք, որպեսզի «պահպանենք ոգու միասնությունը՝ խաղաղության միավորող կապի մեջ լինելով» (Եփես. 4։3–6)։ Աստվածաշունչը քաջալերում է մեզ «սե՛րը հագնել, որովհետև այն միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։14)։
Ընդօրինակենք Եհովային մեր ծառայության մեջ
16. Ո՞րն է Աստծու կամքը մարդկանց առնչությամբ։
16 «Աստված կողմնապահություն չի անում»,— գրեց Պողոս առաքյալը (Հռոմ. 2։11)։ Եհովայի նպատակն է, որ բոլոր ազգերի մարդիկ երկրպագեն իրեն (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։3, 4)։ Ուստի նա քայլեր է ձեռնարկել, որ «հավիտենական բարի լուր հռչակվի ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 14։6)։ Հիսուսն ասաց. «Արտը աշխարհն է» (Մատթ. 13։38)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը քո և քո ընտանիքի անդամների համար։
17. Ինչպե՞ս կարող ենք օգնել ամեն տեսակի մարդկանց։
17 Բոլորը չէ, որ կարող են գնալ աշխարհի հեռավոր վայրերը՝ քարոզելու Թագավորության բարի լուրը։ Այնուհանդերձ, մենք թերևս կարողանանք այդ լուրը պատմել աշխարհի տարբեր անկյուններից մեր բնակավայր տեղափոխված մարդկանց։ Պատրա՞ստ ենք առիթի դեպքում վկայություն տալ ամեն տեսակի մարդկանց և ոչ թե միայն նրանց, ում տարիներ շարունակ քարոզել ենք։ Կարո՞ղ ենք նպատակ դնել բարի լուրը հայտնել նրանց, ովքեր դեռ հիմնովին վկայություն չեն ստացել (Հռոմ. 15։20, 21)։
18. Ինչպե՞ս Հիսուսն արտահայտեց իր հոգատարությունը մարդկանց նկատմամբ։
18 Հիսուսը լիովին հասկանում էր բոլորին օգնելու կարևորությունը։ Նա չսահմանափակվեց միայն մեկ վայրում քարոզելով։ Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսը «շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում»։ Իսկ երբ «տեսավ մարդկանց բազմությունները՝ նա խղճաց նրանց» և ասաց, որ նրանք օգնության կարիք ունեն (Մատթ. 9։35–37)։
19, 20. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային և Հիսուսին ամեն տեսակի մարդկանց հանդեպ հոգատարություն դրսևորելու մեջ։
19 Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։ Ոմանք ջանքեր են գործադրել քարոզելու իրենց բնակավայրի հազվադեպ մշակվող տարածքներում։ Դրանք կարող են լինել գործարար տարածքներ, զբոսայգիներ, ավտոկայաններ, երկաթուղային կայարաններ, ինչպես նաև փակ բնակելի տների մերձակայքը։ Մյուսները նոր լեզու են սովորում, որպեսզի քարոզեն այն այլազգի մարդկանց, ովքեր վերջերս են տեղափոխվել իրենց բնակավայր, կամ ովքեր անցյալում հազվադեպ են վկայություն ստացել։ Եթե սովորես մարդկանց ողջունել նրանց մայրենի լեզվով, ապա դա կարող է տրամադրել նրանց լսելու քեզ։ Իսկ եթե չենք կարող օտար լեզու սովորել, կարող ենք քաջալերել սովորողներին։ Ինչ խոսք, չենք ցանկանա բացասական մտքեր արտահայտել կամ կասկածի ենթարկել նրանց մղումները, ովքեր ջանում են քարոզել ուրիշ երկրներից եկած մարդկանց։ Բոլորը թանկ են Աստծու աչքին, և մենք ուզում ենք մարդկանց նայել նրա տեսանկյունից (Կող. 3։10, 11)։
20 Մարդկանց մասին Եհովայի տեսակետն ունենալ նաև նշանակում է քարոզել բոլորին՝ անկախ նրանց հանգամանքներից։ Ոմանք անտուն են, փնթի կամ ակնհայտորեն ապրում են անբարո կյանքով։ Եթե ինչ–որ մեկը անբարյացակամ է մեր հանդեպ, ապա դա չպիտի պատճառ լինի, որ բացասական կարծիք կազմենք նրա ազգի մասին։ Պողոսի հանդեպ վատ վերաբերվեցին, բայց նա թույլ չտվեց, որ դա հետ պահի իրեն տեղի բնակիչներին քարոզելուց (Գործ. 14։5–7, 19–22)։ Նա հույս ուներ, որ կլինեն մարդիկ, ովքեր ուրախությամբ կարձագանքեն։
21. Ուրիշների մասին Եհովայի տեսակետն ունենալը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։
21 Այս քննարկումից պարզ դարձավ, որ մենք պետք է ճիշտ տեսակետ՝ Եհովայի տեսակետը ունենանք մեր ժողովի անդամների, միջազգային եղբայրության և մյուս մարդկանց մասին։ Որքան ավելի լավ արտացոլենք Եհովայի տեսակետը, այնքան ավելի շատ կնպաստենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը։ Մենք կկարողանանք օգնել մարդկանց սիրել Եհովային, այն Աստծուն, որը «աչառութիւն չի անիլ», այլ սիրով հետաքրքրվում է բոլոր մարդկանցով, «որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են» (Յոբ 34։19)։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ինչպիսի՞ վերաբերմունք չպետք է դրսևորենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։
• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այն հարցում, թե ինչ տեսակետ պիտի ունենանք մեր հավատակիցների մասին։
• Ի՞նչ տեսակետ պիտի ունենանք միջազգային եղբայրության մասին։
• Ծառայության ժամանակ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի տեսակետը մարդկանց մասին։
[նկար 26–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես ծանոթանալ ուրիշ մշակույթի մարդկանց հետ
[նկար 28–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես բարի լուրը ավելի շատ մարդկանց քարոզել