ԳԼՈՒԽ 16
Միասնական եղբայրություն
ՄՈՏ 1 500 տարի Եհովան Իսրայել ազգի հետ առանձնահատուկ փոխհարաբերություններ ուներ։ Սակայն հետագայում Եհովա Աստված «իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործ. 15։14)։ Եհովայի անվան համար հավաքված մարդիկ լինելու էին իր վկաները, որոնք անկախ այն բանից, թե երկրագնդի որ մասում կապրեին, պետք է միավորված լինեին մտքով և գործով։ Աստծու անվան համար հավաքված մարդկանց այս միությունը իրականանալու էր քարոզչական գործի շնորհիվ, քանի որ Հիսուսը պատվիրել էր. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։
Դու համաշխարհային միասնական եղբայրության մաս ես կազմում, որը թույլ չի տալիս, որ տնտեսական, ազգային կամ ցեղային տարբերությունները պառակտեն իրեն
2 Նվիրվելով Եհովային և մկրտվելով՝ դու դարձել ես Հիսուս Քրիստոսի աշակերտը։ Դու համաշխարհային միասնական եղբայրության մաս ես կազմում, որը թույլ չի տալիս, որ տնտեսական, ազգային կամ ցեղային տարբերությունները պառակտեն իրեն (Սաղ. 133։1)։ Դրա շնորհիվ դու սիրում և հարգում ես քո քրիստոնյա հավատակիցներին։ Նրանցից ոմանք գուցե պատկանում են ուրիշ ռասայի, ազգության, այլ կրթություն ունեն, կամ գուցե նրանք նախկինում չէին կարող լինել քո ընկերները իրենց սոցիալական կարգավիճակի պատճառով։ Սակայն այժմ բոլորդ էլ միմյանց սիրում եք անկեղծ եղբայրական սիրով, որը ձեր միջև ստեղծում է այնպիսի կապեր, որոնք ավելի ամուր են, քան սոցիալական, կրոնական կամ ընտանեկան կապերը (Մարկ. 10։29, 30; Կող. 3։14; 1 Պետ. 1։22)։
ՓՈԽԵՆՔ ՄԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ
3 Եթե ոմանք դժվարանում են ձերբազատվել տարբեր կանխակալ կարծիքներից, որոնք արմատացել են իրենց մեջ և կարևորություն են տալիս անհատի սոցիալական, քաղաքական դիրքին, ռասայական պատկանելությանը, ապա կարող են մտածել առաջին դարի հրեա քրիստոնյաների մասին, ովքեր պետք է ձերբազատվեին այլ ազգերի հանդեպ հրեաների ունեցած կրոնական նախապաշարումներից։ Երբ Եհովան Պետրոսին պատվիրեց գնալ հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսի տուն, նա նրբանկատորեն նախապատրաստեց նրան այդ առաջադրանքը կատարելուն (Գործ., գլ. 10)։
4 Տեսիլքում Պետրոսին հրահանգ տրվեց մորթել և ուտել որոշ կենդանիների, որոնք ծիսականորեն անմաքուր էին հրեաների համար։ Երբ Պետրոսը առարկեց, երկնքից մի ձայն ասաց նրան. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր» (Գործ. 10։15)։ Աստծու կողմից այս միջամտությունը անհրաժեշտ էր, որպեսզի Պետրոսը փոխեր իր մտածելակերպը և կարողանար կատարել իրեն տրված առաջադրանքը՝ այցելել մի այլազգի մարդու։ Պետրոսը հնազանդվեց Եհովայի տված հրահանգին։ Կոռնելիոսի տանը հավաքվածներին նա ասաց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ, մինչդեռ Աստված ինձ ցույց տվեց, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր անվանեմ։ Դրա համար էլ ես առանց հակառակվելու եկա, երբ իմ հետևից մարդ ուղարկվեց» (Գործ. 10։28, 29)։ Այնուհետև Պետրոսը տեսավ, թե ինչպես Եհովան իր հավանությունը տվեց Կոռնելիոսին և նրա ընտանիքին։
5 Տարսոնացի Սողոսը՝ բարձրագույն կրթություն ստացած մի փարիսեցի, պետք է խոնարհեցներ իրեն և շփվեր այնպիսի մարդկանց հետ, որոնք նախկինում իրեն ընդունելի չէին հասարակության մեջ ունեցած իրենց դիրքի պատճառով։ Նա նույնիսկ պետք է հնազանդվեր նրանց առաջնորդությանը (Գործ. 4։13; Գաղ. 1։13–20; Փիլիպ. 3։4–11)։ Կարող ենք պատկերացնել նաև, թե ինչպես են փոխել իրենց մտածելակերպը այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Սերգիոս Պողոսը, Դիոնեսիոսը, Դամարիսը, Փիլիմոնը, Օնեսիմոսը և ուրիշներ, երբ ընդունել են բարի լուրը ու դարձել Հիսուս Քրիստոսի աշակերտները (Գործ. 13։6–12; 17։22, 33, 34; Փիլիմ. 8–20)։
ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
6 Անկասկած, քո ժողովի եղբայրների և քույրերի սերը օգնել է քեզ մոտենալու Եհովային և նրա կազմակերպությանը։ Դու նկատել ես այն սերը, որ բնորոշ է Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտներին։ Այս առումով Հիսուսն ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Սակայն դու ավելի գնահատեցիր Եհովային ու նրա կազմակերպությունը, երբ հասկացար, որ ժողովում գոյություն ունեցող սերն ընդամենը արտացոլումն է այն սիրո, որ գոյություն ունի համաշխարհային եղբայրության մեջ։ Դու ականատես ես լինում աստվածաշնչյան այն մարգարեության կատարմանը, ըստ որի՝ վերջին օրերում շատերը հավաքվելու էին միասնականորեն երկրպագելու Եհովային (Միք. 4։1–5)։
7 Հաշվի առնելով այն բազմաթիվ պառակտող գործոնները, որ գոյություն ունեն այսօր՝ շատերի կարծիքով՝ անհնար է միավորել «բոլոր ազգերին, ցեղերին, ժողովուրդներին և լեզուներին» (Հայտն. 7։9)։ Խորհիր, թե ինչ տարբերություններ գոյություն ունեն տեխնիկապես զարգացած երկրների բնակիչների և նրանց միջև, ովքեր կառչած են մնում իրենց ցեղում ընդունված հին սովորույթներին։ Ուշադրություն դարձրու, թե կրոնները ինչ ընդհարումներ են առաջ բերում նույն ռասայի և ազգության մարդկանց միջև։ Որքան շատ է ուժգնանում ազգայնամոլությունը, այնքան ավելի են շատանում պառակտումները քաղաքական հողի վրա։ Եվ եթե հաշվի առնենք անթիվ պառակտիչ գործոնները և մարդկանց միջև գոյություն ունեցող տնտեսական ահռելի անդունդը, ապա սիրո և խաղաղության կապերով բոլոր ազգերի, խմբերի, լեզուների և դասերի պատկանող մարդկանց միավորումը պարզապես հրաշք է, որ կարող է անել միայն Ամենակարող Աստված (Զաք. 4։6)։
8 Այդպիսի միասնականությունը իրականություն է։ Երբ նվիրվեցիր Եհովային և մկրտվեցիր, դու դարձար այդ եղբայրության մի մասը։ Այժմ դու օգուտներ ես քաղում այդ միասնությունից, ուստի պատասխանատվություն ունես նպաստելու դրա պահպանմանը։ Դա կարող ես անել՝ կիրառելով Գաղատացիներ 6։10-ում արձանագրված Պողոսի խորհուրդը. «Քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ»։ Մենք վարվում ենք նաև այս խոսքերի համաձայն. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։3, 4)։ Քանի դեռ ձգտում ենք մեր եղբայրներին ու քույրերին նայել Եհովայի աչքերով և չենք կենտրոնանում նրանց անկատարության վրա, կշարունակենք խաղաղ փոխհարաբերություններ ունենալ նրանց հետ և ուրախ լինել (Եփես. 4։23, 24)։
ՀՈԳ ՏԱՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ
9 Պողոս առաքյալը բացատրեց, որ ժողովում չպետք է բաժանություն լինի, և որ բոլորը պետք է հոգ տանեն միմյանց մասին (1 Կորնթ. 12։14–26)։ Մեծ տարածությունները մեզ կարող են բաժանել համաշխարհային եղբայրությունից, սակայն միևնույնն է, մենք մտահոգվում ենք նրանց բարօրությամբ։ Եթե մեր եղբայրներից ոմանք հալածվում են, բոլորս դրանով մտահոգվում ենք։ Եթե ոմանք կարիքի մեջ են կամ դարձել են աղետների, պատերազմների, քաղաքական ընդհարումների զոհը, բոլորս էլ ձգտում ենք նրանց ցույց տալ հոգևոր, ինչպես նաև նյութական աջակցություն (2 Կորնթ. 1։8–11)։
10 Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն օր աղոթի մեր եղբայրների համար։ Որոշ եղբայրներ պայքարում են սխալ գործելու գայթակղության դեմ։ Հնարավոր է տեղյակ լինենք, թե ուրիշները ինչ փորձությունների են բախվում, սակայն գուցե չիմանանք, թե մյուսները ինչ դժվարություններ են հաղթահարում՝ կապված գործընկերների կամ կրոնապես բաժանված ընտանիքի անդամների ցույց տված հակառակության հետ (Մատթ. 10։35, 36; 1 Թեսաղ. 2։14)։ Բոլորս պետք է մտահոգված լինենք մեր եղբայրների խնդիրներով, քանի որ մենք համաշխարհային եղբայրություն ենք (1 Պետ. 5։9)։ Շատ եղբայրներ ջանասիրաբար ծառայում են Եհովային՝ առաջնորդություն վերցնելով քարոզչական գործում և վերահսկելով ժողովների գործունեությունը։ Կան նաև այնպիսի եղբայրներ, որոնց պատասխանատվությունն է վերահսկել կազմակերպության համաշխարհային գործունեությունը։ Բոլորն էլ մեր աղոթքների կարիքն ունեն։ Աղոթելով մենք ցույց ենք տալիս, որ անկեղծորեն հետաքրքրված ենք մեր եղբայրներով և սիրում ենք նրանց, անգամ եթե աղոթելուց բացի ոչինչ չենք կարող անել նրանց օգնելու համար (Եփես. 1։16; 1 Թեսաղ. 1։2, 3; 5։25)։
11 Այս վերջին օրերում աշխարհում տիրող թոհուբոհի պատճառով Եհովայի վկաները պետք է պատրաստ լինեն օգնության հասնելու միմյանց։ Ժամանակ առ ժամանակ երկրաշարժերի, ջրհեղեղների կամ այլ աղետների պատճառով կարիք է լինում մեծ ջանքեր ներդնել և կազմակերպել մեծ չափերի հասնող նյութական օգնություն։ Առաջին դարի քրիստոնյաները այս հարցում լավ օրինակ են թողել։ Հիշելով Հիսուսի տված խորհուրդը՝ Անտիոքում ապրող աշակերտները նյութական օգնություն ուղարկեցին Հրեաստանում ապրող եղբայրներին, երբ այնտեղ սով էր (Գործ. 11։27–30; 20։35)։ Հետագայում Պողոս առաքյալը հորդորեց կորնթացիներին աջակցել այդ գործին, որն արվում էր կարգուկանոնով (2 Կորնթ. 9։1–15)։ Ներկայումս, երբ մեր եղբայրները հայտնվում են դժվար հանգամանքներում և նյութական օգնության կարիք են ունենում, կազմակերպությունը, ինչպես նաև Վկաներն անհատապես արագ արձագանքում են՝ տրամադրելով անհրաժեշտ բաները։
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՆՔ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ
12 Մեր միասնական, համաշխարհային եղբայրությունը կազմակերպված է՝ կատարելու Եհովայի կամքը։ Այժմ նրա կամքն է, որ Թագավորության բարի լուրը քարոզվի ամբողջ աշխարհում՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար (Մատթ. 24։14)։ Մինչ կատարում ենք այս գործը, Եհովայի կամքն է նաև, որ մենք իր բարձր բարոյական չափանիշներին համապատասխան վարք դրսևորենք (1 Պետ. 1։14–16)։ Մենք պետք է պատրաստ լինենք հնազանդվելու միմյանց և բարի լուրը քարոզելու գործում համագործակցելու իրար հետ (Եփես. 5։21)։ Հիմա առավել քան երբևէ ժամանակն է կյանքում առաջին տեղում դնել ոչ թե մեր շահերը, այլ Աստծու Թագավորությունը (Մատթ. 6։33)։ Եթե մտքում պահենք սա և միասնաբար համագործակցենք բարի լուրը քարոզելու գործում, այժմ կստանանք ուրախություն և բավականություն, իսկ ապագայում կվայելենք հավիտենական օրհնություններ։
13 Որպես Եհովայի վկաներ՝ մենք առանձնահատուկ ժողովուրդ ենք։ Մյուս մարդկանցից մենք առանձնացված ենք որպես մաքուր ժողովուրդ, որը նախանձախնդրություն է դրսևորում Աստծուն ծառայելու գործում (Տիտոս 2։14)։ Մենք տարբերվում ենք մարդկանցից, քանի որ երկրպագում ենք Եհովային։ Սակայն մենք ոչ միայն ուս ուսի ծառայում ենք ամբողջ աշխարհի մեր եղբայրների հետ, այլև խոսում ենք ճշմարտության մեկ լեզվով և միասնաբար վարվում այդ ճշմարտության համաձայն։ Եհովան կանխագուշակեց այդ մասին՝ Սոփոնիա մարգարեի միջոցով ասելով. «Ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան» (Սոփ. 3։9)։
14 Այնուհետև Եհովան ներշնչեց Սոփոնիային, որ նա նկարագրի համաշխարհային եղբայրությունը, որն այսօր իրականություն է դարձել. «Իսրայելից մնացածները անարդարություն չեն անի, սուտ չեն խոսի, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի։ Նրանք կարածեն ու կմակաղեն, և վախեցնող չի լինի» (Սոփ. 3։13)։ Ձեռք բերելով հասկացողություն Աստվածաշնչի մասին և մեր մտածելակերպը փոխելով ու ապրելակերպը համապատասխանեցնելով Եհովայի չափանիշներին՝ մենք կարողանում ենք միասնաբար համագործակցել միմյանց հետ։ Մենք այնպիսի գործ ենք անում, որն անհնար է նրանց համար, ովքեր մարդկային տեսանկյունից են նայում հարցերին։ Այո՛, մենք իսկապես առանձնահատուկ ժողովուրդ ենք՝ Աստծու ժողովուրդը, որը պատիվ է բերում նրան ողջ աշխարհում (Միք. 2։12)։