Իսկական միություն քրիստոնյաների միջև. ինչպե՞ս
1 Ի՞նչը կարող է միավորել ավելի քան վեց միլիոն մարդկանց, որոնք բնակվում են 234 երկրներում և պատկանում են մոտ 380 լեզվախմբերի։ Միմիայն Եհովա Աստծո երկրպագությունը (Միք. 2։12; 4։1–3)։ Եհովայի վկաները իրենց փորձից կարող են ասել, որ քրիստոնյաների միջև իսկական միություն է տիրում։ Որպես «մի հովիւին» պատկանող «մի հօտ»՝ մենք վճռել ենք դիմադրել այս աշխարհի պառակտիչ ոգուն (Յովհ. 10։16; Եփես. 2։2)։
2 Աստծո անփոփոխ նպատակն է, որ բոլոր բանական ստեղծագործությունները միավորված լինեն ճշմարիտ երկրպագության մեջ (Յայտն. 5։13)։ Գիտակցելով այս բանի կարևորությունը՝ Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց իր հետևորդների միության համար (Յովհ. 17։20, 21)։ Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը նպաստել քրիստոնեական ժողովի միությանը։
3 Ինչպե՞ս միություն հաստատել։ Առանց Աստծո Խոսքի և նրա ոգու քրիստոնյաների միջև միություն չի կարող լինել։ Երբ մենք կիրառում ենք այն ամենը, ինչ կարդում ենք Աստվածաշնչում, թույլ ենք տալիս, որ Աստծո ոգին ազատորեն ազդեցություն գործի մեր կյանքում։ Դա հնարավորություն է տալիս մեզ «Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը» (Եփես. 4։3)։ Դա նաև մեզ մղում է սիրով համբերել իրար (Կող. 3։13, 14; Ա Պետ. 4։8)։ Իսկ դու նպաստո՞ւմ ես միությանը՝ Աստծո Խոսքի շուրջ ամեն օր խորհրդածելով։
4 Մեզ հանձնարարված քարոզելու և աշակերտելու գործը նույնպես միավորում է մեզ։ Երբ մենք համագործակցում ենք միմյանց հետ ծառայության մեջ, ուս–ուսի «պատերազմ[ելով] աւետարանի հաւատքի համար», դառնում ենք ‘գործակիցներ ճշմարտության’ մեջ (Փիլիպ. 1։27; Գ Յովհ. 8)։ Արդյունքը լինում է այն, որ սիրո միավորող կապը ժողովում ամրանում է։ Ինչո՞ւ չհրավիրել որևէ մեկի, որի հետ վերջերս չենք համագործակցել, միասին գնալ ծառայության հենց այս շաբաթ։
5 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար լինել աշխարհի միակ ճշմարիտ, միջազգային եղբայրության մի մասնիկը (Ա Պետ. 5։9)։ Վերջերս հազարավորներ վայելեցին այս միջազգային միությունը՝ ներկա գտնվելով «Փառք տվեք Աստծուն» միջազգային համաժողովներին։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը նպաստի այս թանկարժեք միությանը՝ ամեն օր Աստծո Խոսքը կարդալով, տարաձայնությունները սիրով լուծելով և «միաբան մէկ բերանով» բարի լուրը քարոզելով (Հռովմ. 15։6)։