Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում
«Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում» (ՄԻՔ. 2։12)։
1. Ինչպե՞ս է ստեղծագործությունը բացահայտում Աստծու իմաստությունը։
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒՆ բացականչեց. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով» (Սաղ. 104։24)։ Աստծու իմաստությունը երևում է իր ստեղծագործության մեջ՝ երկրի զարմանահրաշ ու բարդ կենսոլորտում գտնվող բույսերի, միջատների, կենդանիների և բակտերիաների միլիոնավոր տեսակների փոխկապակցվածության մեջ։ Մեր մարմինը նույնպես Աստծու ստեղծագործությունն է, որում հազարավոր տարբեր «մեխանիզմներ» են գործում՝ սկսած մեծ օրգաններից մինչև բջջի ներսում գործող մոլեկուլ-մեքենաները, որոնց միասնական աշխատանքի շնորհիվ ձևավորվում է մարդը։
2. Ինչպես պատկերված է 13-րդ էջում, ինչո՞ւ էր թերևս քրիստոնյաների միասնությունը հրաշք համարվում։
2 Թեև մարդիկ ունեն տարբեր արտաքին տեսք, հմտություններ և տարբեր անհատականություններ են, սակայն առաջին մարդկանց ստեղծելիս Եհովան օժտեց նրանց իր հատկություններով, որ կարողանան համագործակցել ու լրացնել իրար (Ծննդ. 1։27; 2։18)։ Այնուհանդերձ, աշխարհն այժմ օտարացած է Աստծուց և երբեք էլ չի կարողացել միավորված լինել (1 Հովհ. 5։19)։ Հետևաբար եթե հաշվի առնենք այն, որ առաջին դարի քրիստոնեական ժողովը կազմված էր տարբեր մարդկանցից, օրինակ՝ եփեսացի ծառաներից, ազդեցիկ հույն կանանցից, կրթված հրեա տղամարդկանցից և նախկին կռապաշտներից, ապա կարելի է ասել, որ նրանց միասնությունը հրաշք էր (Գործ. 13։1; 17։4; 1 Թեսաղ. 1։9; 1 Տիմոթ. 6։1)։
3. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում քրիստոնյաների միասնությունը, և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Ճշմարիտ երկրպագությունը հնարավորություն է տալիս մարդկանց ներդաշնակորեն համագործակցելու, ճիշտ ինչպես մարմնի անդամներն են համագործակցում (կարդա՛ 1 Կորնթացիներ 12։12, 13)։ Այս հոդվածում քննելու ենք հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը միավորում մարդկանց, ինչո՞ւ է Եհովան միակ անձնավորությունը, որը կարող է միավորել տարբեր ազգերից միլիոնավոր մարդկանց, ի՞նչ խոչընդոտներ է Եհովան օգնում մեզ հաղթահարելու միասնության հասնելու համար, միասնության հարցում ի՞նչ տարբերություն կա ճշմարիտ քրիստոնեության և այն քրիստոնեության միջև, որը դավանում է այս աշխարհը։
Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը միավորում մարդկանց
4. Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը միավորում մարդկանց։
4 Այն մարդիկ, ովքեր դավանում են ճշմարտությունը, ընդունում են, որ Եհովան է Տիեզերքի Գերիշխանը, քանի որ նա է արարել բոլոր բաները (Հայտն. 4։11)։ Թեև ճշմարիտ քրիստոնյաները ապրում են տարբեր հասարակություններում և տարբեր հանգամանքներ ունեն, բոլորն էլ հնազանդվում են Աստծու նույն օրենքներին և ապրում Աստվածաշնչի նույն սկզբունքներով։ Բոլոր ճշմարիտ երկրպագուները Եհովային «Հայր» են կոչում (Ես. 64։8; Մատթ. 6։9)։ Ուստի նրանք հոգևոր եղբայրներ են և կարող են վայելել այն միասնությունը, որի մասին խոսեց սաղմոսերգուն. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղ. 133։1)։
5. Ո՞ր հատկությունն է նպաստում ճշմարիտ երկրպագուների միասնությանը։
5 Չնայած որ ճշմարիտ քրիստոնյաները անկատար են, նրանք միավորված են երկրպագության մեջ, քանի որ սովորել են սիրել միմյանց։ Եհովան սովորեցնում է նրանց այնպես սիրել, որ ուրիշ ոչ ոք չի կարող սովորեցնել (կարդա՛ 1 Հովհաննես 4։ 7, 8)։ Նրա Խոսքում գրված է. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը։ Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք։ Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։12–14)։ Միասնության այս կատարյալ կապը՝ սերը, այն հատկությունն է, որը գլխավորապես բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Մի՞թե ինքդ բազմիցս չես համոզվել, որ միասնությունը ճշմարիտ երկրպագության առանձնահատուկ հատկություններից է (Հովհ. 13։35)։
6. Ինչպե՞ս է Թագավորության հույսը օգնում մեզ միասնություն վայելելու։
6 Ճշմարիտ երկրպագուներին նաև միավորում է այն, որ նրանք հավատում են՝ Աստծու Թագավորությունը մարդկության միակ հույսն է։ Նրանք գիտեն, որ այդ Թագավորությունը շուտով փոխարինելու է մարդկային կառավարություններին և օրհնություններ է բերելու հնազանդ մարդկանց՝ պարգևելով իրական ու տևական խաղաղություն (Ես. 11։4–9; Դան. 2։44)։ Ուստի քրիստոնյաները ուշադրություն են դարձնում այն խոսքերին, որ Հիսուսն ասաց իր հետևորդների մասին. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։16)։ Ճշմարիտ քրիստոնյաները չեզոք դիրք են բռնում և չեն մասնակցում այս աշխարհի ընդհարումներին, ինչի շնորհիվ միասնություն են վայելում, անգամ երբ իրենց շուրջ եղող մարդիկ պատերազմում են։
Հոգևոր կրթության միակ աղբյուրը
7, 8. Ինչպե՞ս է աստվածաշնչյան կրթությունը նպաստում մեր միասնությանը։
7 Առաջին դարի քրիստոնյաները միասնություն էին վայելում, քանի որ բոլորն էլ կրթվում էին միևնույն աղբյուրից։ Նրանք հասկանում էին, որ Հիսուսը սովորեցնում և առաջնորդում էր ժողովը կառավարիչ մարմնի միջոցով, որը բաղկացած էր Երուսաղեմում գտնվող առաքյալներից ու երեցներից։ Այս նվիրված տղամարդիկ իրենց որոշումները հիմնում էին Աստծու Խոսքի վրա և շրջագայող վերակացուների միջոցով հայտնում էին իրենց հրահանգները շատ երկրներում գտնվող ժողովներին։ Այսպիսի վերակացուներից ոմանց մասին Աստվածաշունչն ասում է. «Երբ նրանք անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեն դրանց» (Գործ. 15։6, 19–22; 16։4)։
8 Նմանապես այսօր, սուրբ ոգով օծված քրիստոնյաներից բաղկացած Կառավարիչ մարմինը նպաստում է ողջ աշխարհի ժողովների միասնությանը։ Կառավարիչ մարմինը տարբեր լեզուներով գրականություն է հրատարակում, որը հոգևոր կերակուր է՝ հիմնված Աստծու Խոսքի վրա։ Հետևաբար այն, ինչ սովորում ենք, Եհովայից է և ոչ թե մարդկանցից (Ես. 54։13)։
9. Ինչպե՞ս է մեր աստվածատուր գործն օգնում մեզ միասնական լինելու։
9 Քրիստոնյա վերակացուները նույնպես նպաստում են միասնությանը՝ մասնակցելով քարոզչական գործին և այդպիսով օրինակ ծառայելով։ Այն մտերիմ հարաբերությունները, որ ունեն Աստծուն միասնաբար ծառայողները, ավելի ամուր են, քան այն հարաբերությունները, որ կան աշխարհի մարդկանց միջև, ովքեր որևէ ակումբի անդամ են։ Քրիստոնեական ժողովը ինչ-որ ակումբ չէ. դրա նպատակն է փառաբանել Եհովային, կազմակերպել բարի լուրը քարոզելու, աշակերտներ պատրաստելու գործը և կերտել իրար (Հռոմ. 1։11, 12; 1 Թեսաղ. 5։11; Եբր. 10։24, 25)։ Ուստի Պողոս առաքյալը քրիստոնյաների մասին ասաց. «Դուք հաստատ կանգնած եք մեկ ոգով, մեկ մարդու պես կողք կողքի պայքարում եք բարի լուրի հավատի համար» (Փիլիպ. 1։27)։
10. Ի՞նչ կերպերով ենք միավորված որպես Աստծու ժողովուրդ։
10 Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք միավորված ենք, քանի որ ընդունում ենք Եհովայի գերիշխանությունը, սիրում ենք մեր եղբայրներին, մեր հույսը դնում ենք Աստծու Թագավորության վրա և հարգում ենք նրանց, ում Աստված ընտրել է մեզ առաջնորդություն տալու համար։ Եհովան օգնում է մեզ հաղթահարելու որոշակի հատկություններ, որոնք մեր անկատարության հետևանքն են և կարող են սպառնալ մեր միասնությանը (Հռոմ. 12։2)։
Հաղթահարել հպարտությունն ու նախանձը
11. Ինչո՞ւ է հպարտությունը բաժանում մարդկանց, և ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաղթահարելու այն։
11 Հպարտությունը բաժանում է մարդկանց։ Հպարտ անհատը իրեն բարձր է դասում ուրիշներից և սովորաբար սիրում է պարծենալ։ Սակայն այդ հատկությունը հաճախ քայքայում է միասնությունը. նրանք, ովքեր լսում են պարծենկոտ մարդուն, կարող են նախանձով լցվել։ Հակոբոս աշակերտը անկեղծորեն ասում է մեզ. «Այսպիսի հպարտությունը չար է» (Հակ. 4։16)։ Սիրո դրսևորում չէ ուրիշներին մեզանից ցածր դասելը։ Եհովան խոնարհության օրինակ է այն հարցում, թե ինչպես է վերաբերվում մեզ նման անկատար մարդկանց։ Դավիթը գրեց. «Քո [Աստծու] խոնարհությունը բարձրացնում է ինձ» (2 Սամ. 22։36)։ Աստծու Խոսքն օգնում է հաղթահարելու հպարտությունը՝ սովորեցնելով մեզ ճիշտ կերպով տրամաբանել։ Պողոսը, սուրբ ոգով ներշնչված, հարցրեց. «Դու ինչո՞վ ես առավել մյուսներից։ Ունե՞ս մի բան, որ չես ստացել։ Եվ եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում, ասես թե չես ստացել» (1 Կորնթ. 4։7)։
12, 13. ա) Ինչո՞ւ է հեշտ նախանձել։ բ) Ի՞նչ կլինի արդյունքը, եթե ուրիշների նկատմամբ ունենաք Եհովայի տեսակետը։
12 Նախանձը մեկ այլ հատկություն է, որը կարող է քայքայել միասնությունը։ Ժառանգած անկատարության պատճառով բոլորս «նախանձելու հակում ունենք», և անգամ երկար տարիների փորձ ունեցող քրիստոնյաները կարող են երբեմն նախանձել ուրիշների հանգամանքներին, ունեցվածքին, առանձնաշնորհումներին կամ ունակություններին (Հակ. 4։5)։ Օրինակ՝ ընտանիք ունեցող մի եղբայր գուցե նախանձի լիաժամ քարոզչի ունեցած առավելություններին՝ առանց գիտակցելու, որ լիաժամ քարոզիչն էլ գուցե նախանձում է, որ նա ամուսնացած է և երեխաներ ունի։ Ի՞նչ կարող ենք անել, որ նախանձը չսպառնա մեր միասնությանը։
13 Որպեսզի չնախանձենք, պետք է հիշենք, որ Աստվածաշունչը քրիստոնեական ժողովի օծյալ անդամներին համեմատում է մարմնի անդամների հետ (կարդա՛ 1 Կորնթացիներ 12։14–18)։ Օրինակ՝ աչքդ երևացող տեղում է սրտիդ համեմատ, սակայն մի՞թե երկուսն էլ կարևոր չեն քեզ համար։ Ժողովում էլ երբեմն ոմանք ավելի շատ են աչքի ընկնում, քան մյուսները, սակայն Եհովայի համար կարևոր են բոլոր անդամները։ Ուստի եկեք ընդօրինակենք Եհովայի տեսակետը մեր եղբայրների նկատմամբ։ Ուրիշներին նախանձելու փոխարեն՝ կարող ենք մեր հոգատարությունն ու անկեղծ հետաքրքրությունը ցուցաբերել նրանց հանդեպ։ Այսպես վարվելով՝ կնպաստենք, որ ակնհայտ լինի ճշմարիտ քրիստոնեության ու քրիստոնյա աշխարհի եկեղեցիների միջև եղած տարբերությունը։
Քրիստոնյա աշխարհը պառակտված է
14, 15. Ինչպե՞ս պառակտվեց հավատուրաց քրիստոնեությունը։
14 Ճշմարիտ քրիստոնյաների միասնությունը աչքի է զարնում քրիստոնեական եկեղեցիների միջև եղող պայքարի ֆոնի վրա։ Արդեն չորրորդ դարում հավատուրաց քրիստոնեությունը այնքան էր տարածվել, որ անգամ Հռոմի հեթանոս կայսրը սկսեց հավատալ դրան և իր հսկողության տակ առավ այն՝ այդպիսով նպաստելով կեղծ քրիստոնեության տարածմանը։ Հետագայում շատ երկրներ իրար հետևից անջատվեցին Հռոմից և ստեղծեցին իրենց պետական եկեղեցիները։
15 Այս երկրներից շատերը դարեր շարունակ պատերազմել են իրար դեմ։ 17-րդ և 18-րդ դարերում Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում մեծ շեշտ էր դրվում հայրենիքին նվիրված լինելու գաղափարին, ու այդ պատճառով ազգայնամոլությունը ասես կրոն էր դարձել։ Իսկ 19-րդ և 20-րդ դարերում ազգայնամոլությամբ տարվեցին շատ-շատերը։ Ի վերջո, քրիստոնյա աշխարհի եկեղեցիները պառակտվեցին, և առաջացան բազմաթիվ աղանդներ, որոնց մեծ մասը հանդուրժում էր ազգայնամոլությունը։ Եկեղեցի հաճախողները նույնիսկ պատերազմում էին իրենց այլազգի հավատակիցների դեմ։ Այսօր քրիստոնյա աշխարհը պառակտված է աղանդների և ազգայնամոլության ոգի դրսևորելու պատճառով։
16. Ո՞ր հարցերի պատճառով է պառակտվում քրիստոնյա աշխարհը։
16 20-րդ դարում քրիստոնյա աշխարհի հարյուրավոր աղանդներից մի քանիսը սկիզբ դրեցին էկումենյան շարժմանը, որի նպատակն էր միավորել քրիստոնեական եկեղեցիները։ Ու թեև տասնամյակներ շարունակ ջանքեր թափվեցին այդ ուղղությամբ, քիչ թվով եկեղեցիներ միավորվեցին, իսկ եկեղեցի հաճախողները առայսօր տարբեր կարծիք ունեն էվոլյուցիայի, աբորտի, համասեռամոլության, ինչպես նաև կանանց հոգևոր աստիճան տալու մասին։ Քրիստոնյա աշխարհի որոշ մասերում եկեղեցու առաջնորդները փորձում են միավորել տարբեր աղանդներին հարող մարդկանց՝ այդքան էլ կարևորություն չտալով նախկինում տարաձայնություններ առաջացնող ուսմունքներին։ Իրականում, սակայն, դա ավելի շատ թուլացնում է մարդկանց հավատը և չի միավորում քրիստոնյա աշխարհի պառակտված կրոնները։
Ճշմարիտ երկրպագությունը վեր է ազգայնամոլությունից
17. Ի՞նչ էր կանխագուշակվել «վերջին օրերում» ճշմարիտ երկրպագության մեջ մարդկանց միավորելու մասին։
17 Թեև մարդկությունն այսօր ավելի քան երբևէ պառակտված է, միասնությունը շարունակում է մնալ ճշմարիտ երկրպագուների բնորոշ նշանը։ Միքիա մարգարեն կանխագուշակեց. «Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում» (Միք. 2։12)։ Նա նաև գրեց այն մասին, որ ճշմարիտ երկրպագությունը վեր է լինելու երկրպագության մյուս բոլոր ձևերից՝ կեղծ աստվածներին մատուցվող կամ հայրենիքի պաշտամունքից։ Մարգարեն գրեց. «Վերջին օրերում Եհովայի տան լեռը կհաստատվի լեռների գագաթներից վեր ու կբարձրանա բլուրներից վեր, և ժողովուրդները կհորդեն դեպի այն։ Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք» (Միք. 4։1, 5)։
18. Ի՞նչ փոփոխություններ է օգնել անելու ճշմարիտ երկրպագությունը։
18 Միքիան նաև նկարագրեց, թե ինչպես է ճշմարիտ երկրպագությունը միավորելու նախկին թշնամիներին. «Շատ ազգեր[ից մարդիկ] կգնան ու կասեն. «Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը և Հակոբի Աստծու տունը։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով».... Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Միք. 4։2, 3)։ Նրանք, ովքեր Եհովային երկրպագելու համար թողնում են մարդակերտ աստվածներին կամ ազգերին մատուցվող երկրպագությունը, համաշխարհային միասնություն են վայելում։ Աստված սովորեցնում է նրանց սիրո ճանապարհները։
19. Ինչի՞ ապացույցն է այն, որ միլիոնավոր մարդիկ միավորված են ճշմարիտ երկրպագության մեջ։
19 Ճշմարիտ քրիստոնյաների համաշխարհային միասնությունն այսօր բացառիկ երևույթ է, և դա այն բանի ապացույցն է, որ Եհովան շարունակում է առաջնորդել իր ժողովրդին սուրբ ոգու միջոցով։ Բոլոր ազգերից մարդիկ միավորվում են. մարդկության պատմության մեջ երբևէ նման բան չի եղել։ Այս մասին են ակնարկում Հայտնություն 7։9, 14 համարները, և դա ցույց է տալիս, որ Աստծու հրեշտակները շուտով կարձակեն «քամիները», որոնք կկործանեն ներկայիս ամբարիշտ աշխարհը (կարդա՛ Հայտնություն 7։1–4, 9, 10, 14)։ Մի՞թե մեծ առանձնաշնորհում չէ միավորված լինել համաշխարհային եղբայրության հետ։ Իսկ ինչպե՞ս մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել միասնությանը։ Այս հարցը կքննենք հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը միավորում մարդկանց։
• Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ նախանձը քայքայի մեր միասնությունը։
• Ինչո՞ւ ազգայնամոլությունը չի պառակտում ճշմարիտ երկրպագուներին։
[Նկար 13–րդ էջի վրա]
Առաջին դարի քրիստոնյաները տարբեր ծագում ունեին
[Նկարներ 15–րդ էջի վրա]
Թագավորության սրահների հետ կապված աշխատանքներին մասնակցելով՝ ինչպե՞ս ես նպաստում միասնությանը