Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/1 էջ 13–15
  • Ինչո՞ւ երախտագիտություն արտահայտել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ երախտագիտություն արտահայտել
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երախտագիտություն դրսևորիր ընտանիքում
  • Ընկերներ և հարևաններ
  • Ինչո՞ւ երախտագետ լինել, եթե նույնիսկ ուրիշներն այդպիսին չեն
  • Ինչո՞ւ պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Արտահայտիր երախտագիտությունդ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ
    Աջակցություն ընտանիքին
  • Կօգտվե՞ս հնարավորությունից
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Դիտարան
w08 8/1 էջ 13–15

Ինչո՞ւ երախտագիտություն արտահայտել

«Սիրելի՛ Ռաքել

Ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ։ Ինձ համար դու միշտ քաջալերանքի աղբյուր ես։ Գուցե դու չգիտես այդ մասին, սակայն քո քաջալերիչ և բարի խոսքերը շատ օգնել են ինձ»։ Ջենիֆեր

ՍՏԱՑԵ՞Լ ես երբևէ անսպասելի շնորհակալական բացիկ։ Եթե այո՛, անկասկած այդ խոսքերը ջերմացրել են սիրտդ։ Ինչո՞ւ, որովհետև միանգամայն բնական է, որ ուզում ենք մեզ գնահատված զգալ (Մատթեոս 25։19–23)։

Երախտագիտության խոսքերը մտերմացնում են և՛ ասողին, և՛ նրան, ում ուղղված են այդ ջերմ խոսքերը։ Բացի այդ, նա, ով իր երախտագիտությունն է հայտնում, հետևում է Հիսուս Քրիստոսի հետքերին։ Նա երբեք չէր անտեսում ուրիշների կատարած բարի գործերը (Մարկոս 14։3–9; Ղուկաս 21։1–4)։

Ցավալի է, բայց հազվադեպ երևույթ է դարձել այն, որ մարդիկ բանավոր կամ գրավոր կերպով միմյանց երախտագիտության խոսքեր ասեն։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ «վերջին օրերում» մարդիկ կլինեն «անշնորհակալ» (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Եթե զգույշ չլինենք, տարածված անշնորհակալ վերաբերմունքը կարող է խեղդել մեր մեջ երախտագիտության զգացումը, որը կցանկանայինք արտահայտել։

Քննենք հետևյալ հարցերը՝ «Ի՞նչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել ծնողները, որպեսզի իրենց երեխաներին սովորեցնեն երախտագիտություն արտահայտել։ Ո՞ւմ կարող ենք երախտագիտության խոսքեր ասել։ Ինչո՞ւ մենք պետք է երախտագետ լինենք, եթե նույնիսկ մեր շրջապատի մարդիկ անշնորհակալ են»։

Երախտագիտություն դրսևորիր ընտանիքում

Ծնողները ծանր աշխատում են, որպեսզի հոգան երեխաների կարիքները։ Սակայն երբեմն նրանք գուցե զգան, որ իրենց ջանքերը չեն գնահատվում։ Ի՞նչ կարող են անել նրանք, որպեսզի շտկեն իրավիճակը. հետևյալ երեք քայլերը։

1. Սովորեցնել անձնական օրինակով։ Երեխաներին կրթելու հարցում անձնական օրինակը ամենաարդյունավետ միջոցն է։ Օրինակ՝ ջանասեր մոր մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Նրա երեխաները լավ են խոսում նրա մասին»։ Իսկ երեխաները ումի՞ց են սովորել արտահայտել իրենց գնահատանքը։ Նույն համարի շարունակության մեջ ասվում է. «Նրա ամուսինը նույնպես գովում է նրան» (Առակաց 31։28, New Century Version)։ Այն ծնողները, ովքեր արտահայտում են իրենց երախտագիտությունը միմյանց նկատմամբ, զավակներին ցույց են տալիս, որ այդպիսի խոսքերը հաճելի են դիմացինին և ամրացնում են ընտանիքի անդամների հարաբերությունները։ Երախտագիտություն արտահայտելը նաև հասունության նշան է։

Ստիվեն անունով մի հայր պատմում է. «Ես փորձում էի իմ օրինակով սովորեցնել երեխաներիս, երբ ընթրիքի համար շնորհակալություն էի հայտնում կնոջս»։ Իսկ ի՞նչ եղավ արդյունքը։ Ստիվենը շարունակում է. «Երկու աղջիկներս նկատեցին դա և դրանից հետո իրենք էլ սկսեցին շնորհակալություն հայտնել»։ Եթե ամուսնացած ես, կանոնավորաբար շնորհակալական խոսքեր ասո՞ւմ ես կողակցիդ առօրյա գործերի համար, որոնք սովորաբար աննկատ են մնում։ Շնորհակալություն հայտնո՞ւմ ես երեխաներիդ, նույնիսկ եթե նրանք անում են այն, ինչ իրենցից ակնկալվում է։

2. Կրթել։ Երախտագիտության զգացումը նման է ծաղկի։ Վերջինիս պես՝ այն ասես խնամքի կարիք ունի։ Չէ՞ որ միայն այդ դեպքում է հնարավոր ցանկալի արդյունքի հասնել։ Իսկ ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին երախտագիտություն զարգացնել և արտահայտել այն։ Իմաստուն Սողոմոն թագավորը մի կարևոր գործոն նշեց. «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։

Ծնողնե՛ր, կարո՞ղ եք կրթել ձեր երեխաներին, որ նրանք մտածեն ստացած նվերների մասին, ինչպես նաև այն ջանքերի և առատաձեռնության, որ ներդրվել են նվիրողի կողմից։ Ինչպես լավ հողը կնպաստի, որ ծաղիկը աճի, այնպես էլ մեր մեջ երախտագիտություն կառաջանա, եթե մտածենք։ Մարիան, որը երեք երեխա է մեծացրել, ասում է. «Ժամանակ է պահանջվում երեխային բացատրելու համար, որ երբ որևէ մեկը նվեր է տալիս, դա նշանակում է, որ նա մինչ այդ մտածել է քո մասին և ուզեցել է իր ուշադրությունը ցույց տալ քո նկատմամբ։ Ես կարծում եմ, որ արժեր այդքան ջանքեր թափել»։ Այսպիսի զրույցների շնորհիվ երեխաների համար պարզ է դառնում, որ կարևոր է ոչ միայն սովորել, թե ինչ ասել, այլև հասկանալ, թե ինչու է հարկավոր դա ասել։

Իմաստուն ծնողները օգնում են երեխաներին չկարծել, թե իրենք արժանի են միայն ամենալավին, և հայրիկն ու մայրիկը պարտավոր են իրենց շատ լավ բաներ տալa։ «Առակաց» գրքում մի կարևոր նախազգուշցում կա, որը վերաբերում է ծառաներին, սակայն այն կարելի է հավասարապես կիրառել նաև երեխաների պարագայում. «Եթե ինչ-որ մեկը իր ծառային մանկությունից երես է տալիս, հետագայում նա անշնորհակալ կդառնա» (Առակաց 29։21, ՆԱ)։

Ինչպե՞ս կարող են փոքր երեխաները սովորել արտահայտել իրենց երախտագիտությունը։ Լինդան, որը երեք երեխաների մայր է, նշում է. «Ես ու ամուսինս շնորհակալական բացիկ գրելիս մեր երեխաներին ամեն անգամ առաջարկում էինք միանալ մեզ։ Նրանք իրենց նկարած նկարները դնում էին բացիկի մեջ, կամ դրա վրա գրում էին իրենց անունը»։ Ճիշտ է, նկարը գուցե շատ հասարակ լինի, իսկ ձեռագիրն՝ անընթեռնելի, բայց դասը, որ նրանք կսովորեն, ազդեցություն կթողնի իրենց ողջ կյանքի վրա։

3. Հաստատակամ լինել։ Մենք բոլորս էլ եսասեր լինելու բնածին հակում ունենք։ Դա կարող է խանգարել մեզ՝ հայտնելու մեր շնորհակալությունը (Ծննդոց 8։21; Մատթեոս 15։19)։ Մինչդեռ Աստվածաշունչը հորդորում է Աստծու ծառաներին. «Նորոգվեք ձեր միտքը խթանող ուժով և հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն» (Եփեսացիներ 4։23, 24)։

Փորձառու ծնողները գիտեն՝ հեշտ չէ երեխաներին օգնել, որ «հագնեն նոր անձնավորությունը»։ Ստիվենը, որի մասին խոսեցինք վերևում, ասում է. «Շատ ժամանակ պահանջվեց, որ սովորեցնենք մեր աղջիկներին շնորհակալություն ասել՝ առանց մեր անընդհատ հիշեցումների»։ Սակայն Ստիվենը և իր կինը չհանձնվեցին։ Նա շարունակում է. «Մեր հաստատակամության շնորհիվ մեր աղջիկներն, ի վերջո, սովորեցին շնորհակալություն հայտնել։ Հիմա մենք հպարտանում ենք՝ տեսնելով, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց երախտագիտությունն ուրիշներին»։

Ընկերներ և հարևաններ

Երբեմն մենք մոռանում ենք շնորհակալություն հայտնել, նույնիսկ երբ իսկապես երախտապարտ ենք։ Սակայն իրականում կարևո՞ր է երախտագիտություն զգալուց բացի նաև արտահայտել այն։ Այս հարցին պատասխանելու համար, քննենք Հիսուսի և բորոտների հանդիպման մասին դեպքը։

Երուսաղեմ գնալիս Հիսուսը հանդիպեց տասը տղամարդկանց, որոնք բորոտ էին։ Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչ պատահեց հետո. «Իրենց ձայները բարձրացրին ու ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք և ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ գնալիս նրանք մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բուժվեց, ետ դարձավ ու բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Եվ երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի մոտ ու շնորհակալություն էր հայտնում. նա սամարացի էր» (Ղուկաս 17։11–16)։

Արդյոք Հիսուսը անտեսե՞ց այն փաստը, որ ուրիշները չարտահայտեցին իրենց երախտագիտությունը։ «Հիսուսը պատասխանելով ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Այդ դեպքում որտե՞ղ են մնացած ինը։ Մի՞թե ոչ մեկը չգտնվեց, որ ետ դառնար ու փառք տար Աստծուն՝ բացի այս այլազգի մարդուց»» (Ղուկաս 17։17, 18)։

Մյուս ինը բորոտները չար մարդիկ չէին։ Նրանք բացահայտորեն հավատ դրսևորեցին Հիսուսի նկատմամբ և պատրաստակամորեն հնազանդվեցին նրա հրահանգին, որի համաձայն՝ պետք է գնային Երուսաղեմ՝ քահանաներին ներկայանալու համար։ Չնայած նրանք երախտապարտ էին Հիսուսի այդ բարի արարքի համար, բայց չարտահայտեցին իրենց երախտագիտությունը։ Նրանց արարքը հիասթափեցրեց Քրիստոսին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Երբ որևէ մեկը լավ բան է անում մեզ համար, իսկույն շնորհակալություն հայտնո՞ւմ ենք, և, եթե տեղին է, մեր երախտագիտությունն արտահայտո՞ւմ ենք՝ շնորհակալական բացիկ գրելով։

Աստվածաշունչն ասում է. «Սերը անպատշաճ վարմունք չի ունենում, իր սեփական շահերը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։5)։ Հետևաբար, անկեղծորեն երախտագիտություն արտահայտելը միայն էթիկայի կանոններին հետևելու արդյունք չէ, այն սիրո դրսևորում է։ Բորոտների հետ պատահած դեպքից սովորում ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Քրիստոսին, պարտավոր են սեր և գնահատանք դրսևորել բոլորի հանդեպ՝ անկախ նրանց ազգային, ռասայական և կրոնական պատկանելիությունից։

Հարցրու ինքդ քեզ. «Ե՞րբ եմ վերջին անգամ շնորհակալություն հայտնել հարևանիս, աշխատակցիս, դասընկերոջս, բուժաշխատողին, վաճառողին կամ ուրիշ որևէ մեկի, ով օգնել է ինձ»։ Մեկ կամ երկու օր կարող ես նշել, թե քանի անգամ ես շնորհակալություն ասում կամ ուրիշ որևէ կերպով հայտնում քո երախտագիտությունը։ Դա կօգնի քեզ տեսնելու, թե արդյոք բարելավումներ անելու կարիք ունես այս հարցում։

Ինչ խոսք, ամենից շատ Եհովա Աստվածն է արժանի մեր շնորհակալական խոսքերին։ Նա է տալիս «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակոբոս 1։17)։ Ե՞րբ ես վերջին անգամ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Աստծուն՝ քեզ համար արած կոնկրետ բանի համար (1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18)։

Ինչո՞ւ երախտագետ լինել, եթե նույնիսկ ուրիշներն այդպիսին չեն

Երբեմն մարդիկ կարող են շնորհակալություն չհայտնել, երբ մենք մի լավ բան ենք անում նրանց համար։ Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է մե՛նք երախտագիտություն արտահայտենք։ Քննենք ընդամենը մի պատճառ։

Եթե մենք լավ բաներ անենք նրանց, ովքեր շնորհակալ չեն, ապա կընդօրինակենք մեր ողորմած Ստեղծչին՝ Եհովա Աստծուն։ Այն փաստը, որ Եհովայի դրսևորած սիրո համար շատերը երախտագիտություն չեն արտահայտում, նրան չի խանգարում բարիք անելու մարդկանց (Հռոմեացիներ 5։8; 1 Հովհաննես 4։9, 10)։ Նա «իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա»։ Եթե ձգտենք երախտագիտություն դրսևորել՝ չնայած, որ ապրում ենք անշնորհակալ աշխարհում, կփաստենք, որ «որդիներն ենք մեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5։45)։

[ծանոթագրություն]

a Շատ ծնողներ իրենց երեխաների հետ կարդացել և քննարկել են «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 18-րդ գլուխը, որը վերնագրված է՝ «Մի մոռացիր շնորհակալություն հայտնել»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 15–րդ էջի վրա]

Մեկ կամ երկու օր նշիր, թե քանի անգամ ես շնորհակալություն ասում

[նկար 15–րդ էջի վրա]

Երեխաներիդ օրինակ ծառայիր երախտագիտություն արտահայտելու հարցում

[նկար 15–րդ էջի վրա]

Նույնիսկ փոքր երեխաները կարող են սովորել արտահայտել իրենց երախտագիտությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը