Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/1 էջ 27–30
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • «Իմ ձեռքով փորում էի գերեզմանս»
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
Ավելին
2008 Դիտարան
w08 8/1 էջ 27–30

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ի՞նչը մղեց մեքսիկացի մի պատանու, որը «Երիտասարդ Սատանաներ» բանդայի անդամ էր, փոխել իր կյանքը և դառնալ ազնիվ ու ջանասեր անձնավորություն։ Ինչո՞ւ մի ճապոնուհի գործարար կին հասկացավ, որ կյանքի նպատակը հարստության ձգտելը չէ, և ինչ է նա զգում հիմա։ Ի՞նչը մղեց մի ռուս զինավաճառի հրաժարվելու իր շահութաբեր, սակայն անօրինական առևտրից։ Տեսնենք, թե ինչ են ասում նրանք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ԱԴՐԻԱՆ ՊԵՐԵԶ

ՏԱՐԻՔԸ՝ 30

ԵՐԿԻՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Երբ մոտ 13 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Էկատեպես դե Մորելոս քաղաքը (Մեքսիկայի նահանգ)։ Այդ քաղաքում տարածված էր պատանեկան հանցագործությունը, վանդալիզմը և թմրամոլությունը։ Շուտով սկսեցի չարաշահել ալկոհոլը, զբաղվել վանդալիզմով և ապրել անբարո կյանքով։

Հետագայում մենք տեղափոխվեցինք Սան Վիսենտե՝ այն քաղաքը, որտեղ ես ծնվել էի։ Թմրամոլությունը մեծ խնդիր էր դարձել այնտեղ։ Սովորական բան էր տեսնել մահացած պատանիներին փողոցներում ընկած։ Ես միացա մի բանդայի, որը կոչվում էր «Երիտասարդ Սատանաներ»։ Մենք գողանում էինք և թմրադեղեր օգտագործում։ Հիմնականում մենք ներկի լուծույթի կամ սոսնձի հոտն էինք քաշում։ Հաճախ ես չէի հիշում, թե ինչպես էի տուն հասնում, երբեմն էլ անգիտակից ընկնում էի փողոցում։ Իսկ ընկերներիցս ոմանք բանտարկվեցին գողության և մարդասպանության համար։

Չնայած այս ամենին՝ ես հավատում էի Աստծուն։ Խիղճս հանգստացնելու համար Սուրբ շաբաթվա ընթացքում մասնակցում էի այնպիսի կաթոլիկական կրոնական արարողության, որը կոչվում է «խաչի կայաններ»։ Իսկ վերջում բոլորս, այդ թվում նաև այն տղամարդը, ով Հիսուսի դերն էր խաղացել, տոնում էինք մեր մասնակցությունը՝ հարբելով։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Պատանեկության վերջին տարիներին սկսեցի Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես գիտեի, որ անիմաստ կյանքով եմ ապրում և եթե այսպես շարունակեմ, կկործանվեմ։ Գաղատացիներ 6։8–ում արձանագրված միտքը ինձ շատ տպավորեց։ Այնտեղ գրված է. «Նա, ով ցանում է իր մարմնի համար, մարմնից ապականություն կհնձի, բայց նա, ով ցանում է ոգու համար, ոգուց հավիտենական կյանք կհնձի»։ Այս համարը կարդալով՝ ես հասկացա, որ եթե ուզում եմ կյանքս բարելավել, պետք է «ցանեմ»՝ մտածելով ապագայիս մասին։

Աստվածաշունչն ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ Եհովան կենդանի Աստված է, որը անհատապես հետաքրքրված է ինձանով և պատրաստ է ներելու անցյալում գործած իմ մեղքերը։ Իմ փորձից հասկացա, որ նա լսում է մեր աղոթքները և պատասխանում։

Հեշտ չէր փոփոխություններ կատարել իմ կյանքում։ Բանդայից հեռանալը դժվար էր։ Բանդայի անդամները որոշ թաղամասեր ունեին։ Եվ չնայած որ այլևս բանդայի անդամ չէի, այդ տարածքներով չէի կարող անցնել։ Երբեմն պետք է թաքնվեի իմ նախկին ընկերներից, քանի որ նրանք փնտրում էին ինձ և փորձում էին ներքաշել իմ հին ապրելակերպի մեջ։

Սակայն երբ սկսեցի Վկաների հետ հաճախել ժողովի հանդիպումներին, մեծ տարբերություն նկատեցի. նրանք ջերմ էին և սիրալիր։ Ինձ տպավորել էր այդ մարդկանց ամուր հավատը, և այն, որ նրանք ապրում էին իրենց սովորեցրածի համաձայն։ Ես բոլորովին այլ միջավայրում էի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Արդեն տասը տարի է, ինչ մկրտված Եհովայի վկա եմ։ Ջանում եմ կիրառել Աստվածաշնչի սկզբունքներն իմ կյանքում։ Արդյունքում ձեռք եմ բերում ընտանիքիս հարգանքը։ Այժմ նրանք ճանաչում են ինձ որպես աշխատասեր մարդու։ Ես նույնիսկ կարողանում եմ աջակցել նրանց ֆինանսապես։ Մայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և այժմ Եհովայի վկա է։ Հայրս նույնպես փոփոխություններ է կատարում իր կյանքում։ Հարազատներիս մեծ մասը Եհովայի վկա չէ, սակայն տեսնելով իմ կյանքում տեղի ունեցած փոփոխությունները՝ նրանք ընդունեցին, որ Աստվածաշունչը կարող է օգնել անհատին։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՅԱՅՈՅԻ ՆԱԳԱՏԱՆԻ

ՏԱՐԻՔԸ՝ 50

ԵՐԿԻՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ փոքր քաղաքում, որտեղ ապրում են ընկերասեր մարդիկ։ Հայրս քաղաքում մեծ խանութ ուներ, որտեղ տասը մարդ էր աշխատում։ Մեր տունը գտնվում էր խանութի մոտ, ուստի երբ հայրս և մայրս զբաղված էին, ես երբեք մենակ չէի մնում։

Երեք քույրերից ավագը ես էի։ Վաղ տարիքից զբաղվել եմ ընտանեկան բիզնեսով։ Ամուսնացա երիտասարդ տարիքում։ Ամուսինս թողեց իր աշխատանքը բանկում և միացավ մեր ընտանեկան բիզնեսին։ Մենք իրար հետևից երեք երեխա ունեցանք։ Մայրս հոգ էր տանում նրանց մասին և միևնույն ժամանակ տան գործերն էր կատարում, քանի որ ես առավոտից մինչև գիշեր աշխատում էի խանութում։ Սակայն չնայած մեր զբաղվածությանը՝ մենք կարողանում էինք ընտանիքով ժամանակ անցկացնել։

Հետագայում մեր շրջանի առևտրի թաղամասում տնտեսական լուրջ խնդիրներ առաջ եկան, և դա վատ անդրադարձավ մեր բիզնեսի վրա։ Ուստի որոշեցինք գլխավոր մայրուղու մոտ շինանյութի խանութ բացել։ Սակայն շինարարությունը սկսելուց մեկ օր առաջ հայրս, որը մեր ընկերության նախագահն էր, կաթված ստացավ։ Դրա պատճառով նա գրեթե չէր կարողանում խոսել, հետևաբար նոր խանութի պատասխանատվությունը ինձ վրա ընկավ։ Ամուսինս շարունակեց աշխատել հին խանութում։ Մենք շատ զբաղված էինք։

Մեր նոր խանութը մեծ հաջողություններ ունեցավ։ Ես անգամ գիշերներն էի աշխատում։ Հպարտ էի իմ ձեռքբերումներով։ Չնայած սիրում էի երեխաներիս, սակայն միայն աշխատանքի մասին էի մտածում։ Գրեթե ժամանակ չէի տրամադրում ամուսնուս, իսկ երբ խոսում էինք, անընդհատ վիճում էինք։ Սթրեսից դուրս գալու համար սկսեցի երեկոները ինչ–որ տեղ գնալ և ընկերներիս ու աշխատակիցներիս հետ խմել։ Կարելի է ասել, որ միայն աշխատում էի, խմում էի և քնում։ Թեև ֆինանսապես ապահով կյանքով էի ապրում, սակայն միշտ տխուր էի ու չէի հասկանում, թե ինչու։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, երեք սուրբգրային համար մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ես լաց եղա, երբ կարդացի Մատթեոս 5։3–ի համարը։ Այնտեղ գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»։ Հասկացա, թե ինչու էի դատարկություն զգում, քանի որ միայն հոգևոր կարիքներս գիտակցելու և բավարարելու դեպքում կարող էի իսկապես երջանիկ լինել։

Այդ ժամանակ Ճապոնիայի տնտեսական դրությունը սկսեց քայքայվել, և համոզվեցի, թե որքան ճշմարտացի է Ա Տիմոթեոս 6։9 համարը գործընկերներիս առնչությամբ։ Այնտեղ գրված է. «Նրանք, որ մտադրվել են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ»։ Ես հասկացա նաև, որ Մատթեոս 6։24–ում արձանագրված Հիսուսի խոսքերը՝ «չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարըստությանը», վերաբերում են ինձ։ Ուստի վճռեցի որոշ փոփոխություններ մտցնել իմ կյանքում։

Ես գիտակցեցի, որ անտեսել եմ ծնողներիս, ամուսնուս և երեխաներիս։ Նաև ակնհայտ էր, որ ձեռք էի բերել որոշ վատ հատկություններ։ Դարձել էի գոռոզ, անհամբեր, արագ բարկացող։ Սկզբում մտածում էի, որ չեմ կարող փոխվել և քրիստոնյա դառնալ։ Սակայն երբ կիրառեցի Աստվածաշնչի խորհուրդները, նկատեցի, որ երեխաներս լավ են արձագանքում։ Սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ և ինձ հետ տանում էի ժողովի հանդիպումներին։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Երբ հասկացա, թե որն է կյանքի իմաստը, ինչպեսև այն, որ կարող եմ ծառայել Աստծուն և ապրել աստվածահաճո կյանքով, իսկական երջանկություն և բավարարվածություն զգացի։ Հիմա իմ կյանքում ընտանիքս է առաջին տեղում և ոչ թե իմ բիզնեսը։ Ես նաև վերագտել եմ կորցրած ինքնահարգանքս։

Տեսնելով, թե ինչպես է Աստվածաշունչը փոխում կյանքս՝ մայրս մղվեց ուսումնասիրելու Աստվածաշունչը և դարձավ քրիստոնյա։ Ուրախ եմ, որ հայրս և ամուսինս չհակառակվեցին մեզ։ Երեխաներիս հետ ավելի մտերիմ եմ դարձել և ունեմ երջանիկ ընտանիք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՄԻԽԱՅԻԼ ԶՈՒԵՎ

ՏԱՐԻՔԸ՝ 51

ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՕՐԻՆԻ ԶԻՆԱՎԱՃԱՌ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Իմ հայրենի քաղաքը Կրասնոգորսկն է։ Այն հարուստ է բուսականությամբ։ Քաղաքի հարավային մասում գտնվում է Մոսկվա գետը։ Իսկ հյուսիս–արևմուտքում քաղաքամերձ տարածքները անտառապատ են։

Երբ պատանի էի, սիրում էի բռունցքներով կռվել և զենքերով խաղալ։ Ես շատ ժամանակ էի ծախսում մարզվելու համար։ Նաև անօրինական կերպով հրազեններ, փամփուշտներ և դանակներ էի պատրաստում։ Ժամանակի ընթացքում դա իմ բիզնեսը դարձավ։ Ես լավ կազմակերպված էի և կարողանում էի մեծ հաջողությամբ իմ պատրաստած ապրանքները վաճառել հանցագործներին։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1990–ականների սկզբներին հանդիպեցի Եհովայի վկաներին, սակայն սկզբում չէի վստահում նրանց, քանի որ, իմ կարծիքով, նրանք շատ էին հարցեր տալիս։

Մի անգամ Վկաներից մեկն ինձ համար կարդաց Հռոմեացիներ 14։12 համարը։ Այնտեղ գրված է. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար հաշիվ պիտի տա Աստծուն»։ Մտածեցի, թե ե՛ս ինչ պետք է ասեմ Աստծուն։ Այս սուրբգրային համարը մղեց ինձ իմանալու, թե ինչ է Աստված պահանջում ինձնից։

Ես շատ ջանք էի թափում Կողոսացիներ 3։5–10 համարներում արձանագրված խորհուրդները կիրառելու համար։ Այնտեղ ասվում է. «Սպանե՛ք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է։ Այս բաների պատճառով Աստծու ցասումը գալիս է.... հեռացրե՛ք ձեզանից այդ ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսակցություններ դուրս չգան ձեր բերանից։ Մի՛ ստեք իրար։ Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և նոր անձնավորությունը հագեք»։

Ինձ համար շատ դժվար էր այսպիսի փոփոխություններ կատարել։ Նախկին «գործընկերներս» անընդհատ փող էին առաջարկում զենքերի համար։ Բացի այդ, երբ մարդիկ վիրավորում էին, դժվարությամբ էի տիրապետում ինքս ինձ։ Սակայն վերացրի իմ մեծ և արժեքավոր զինանոցը։ Երբ իմացա, թե ինչպիսի սեր են դրսևորել իմ հանդեպ Աստված և Քրիստոսը, սիրեցի նրանց։ Շարունակեցի Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարել, հաճախել ժողովի հանդիպումներին և օգնության համար աղոթել Աստծուն։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Իմ թափած ջանքերի շնորհիվ և քրիստոնյա եղբայրներիս օգնությամբ՝ կամաց–կամաց ավելի լավ հատկություններ զարգացրի։ Անչափ ուրախացա, երբ հասկացա, որ Եհովա Աստված հոգ է տանում մեզնից յուրաքանչյուրի մասին, նույնիսկ մահացածների (Գործեր 24։15)։ Ես թանկ եմ համարում անկեղծությունն ու ազնվությունը, որ նկատում եմ Եհովայի վկաների մեջ։ Գնահատում եմ իմ հանդեպ դրսևորած անկեղծ հետաքրքրությունը, ինչպես նաև Աստծու նկատմամբ նրանց նվիրվածությունը։

Սկզբում ընտանիքիս անդամները և ընկերներիցս ոմանք դեմ էին իմ նոր հավատին։ Սակայն հետագայում նրանք մխիթարվեցին՝ մտածելով, որ ավելի լավ է ներքաշված լինեմ կրոնի, քան կազմակերպված հանցագործության մեջ։ Ուրախ եմ, որ կյանքս այլևս նվիրված չէ զենքեր վաճառելուն։ Այժմ օգնում եմ ուրիշներին՝ ճանաչելու խաղաղության Աստծուն։

[նկար 27–րդ էջի վրա]

Կրոնական արարողության ժամանակ

[նկար 28–րդ էջի վրա]

Թեև հարուստ էի, սակայն ուրախ չէի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը