Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 11/1 էջ 26–30
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2010 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 11/1 էջ 26–30

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ինչպե՞ս մի տղամարդ, որին հետաքրքրում էին միայն մոտոցիկլետները, թմրադեղերը և սպորտը, որոշեց դառնալ լիաժամ քարոզիչ։ Ի՞նչը մղեց մի փորձառու խաղամոլի ձերբազատվելու իր վատ սովորությունից և դառնալու ազնիվ աշխատող։ Ինչպե՞ս մի երիտասարդ աղջիկ, որը դաստիարակվել էր աստվածաշնչային չափանիշներով, թողեց ճշմարտությունը, սակայն հետագայում փոխեց իր ապրելակերպը։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ԹԵՌԵՆՍ ՕԲՐԱՅԵՆ

ՏԱՐԻՔԸ՝ 57

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՄՐԱՄՈԼ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մանկությունս անցել է Բրիսբենում՝ Քվինսլենդի մայրաքաղաքում։ Ծնողներս կաթոլիկ էին, սակայն տարիներ անց, երբ ես 8 տարեկան էի, դադարեցին եկեղեցի հաճախելուց և կրոնական թեմաներով այլևս չէին խոսում։ Երբ 10 տարեկան էի, տեղափոխվեցինք Գոլդ Քոստ։ Մենք ապրում էինք ծովափի մոտ։ Ես շատ էի սիրում լողալ և սերֆինգով զբաղվել։

Այդուհանդերձ, իմ մանկությունը այդքան էլ հաճելի հուշեր չի թողել։ Հայրս լքեց մեզ, երբ 8 տարեկան էի։ Մայրս ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Ընտանիքում 6 երեխա էինք։ Ալկոհոլը և վեճերը մեր կյանքի մի մասն էին դարձել։ Հիշում եմ, մի գիշեր ծնողներիս թեժ վիճաբանությունից հետո նստեցի անկողնուս վրա ու երդվեցի, որ եթե ամուսնանամ, երբեք կնոջս հետ չեմ վիճի։ Սակայն, չնայած մեր ընտանեկան խնդիրներին, մենք իրար հետ մտերիմ էինք։

Պատանեկան տարիներին հասակակիցներիցս շատերը ըմբոստացան ընդունված կարգերի դեմ։ Նրանք սկսեցին ծխել, տրվել խմիչքին, մարիխուանա և այլ թմրանյութեր օգտագործել։ Ես նույնպես սկսեցի նրանց նման անհոգ կյանքով ապրել։ Շատ էի սիրում մոտոցիկլետ վարել ու թեև մի քանի անգամ լուրջ վթարի ենթարկվեցի, սակայն միևնույն է, որոշեցի, որ մի օր ամբողջ Ավստրալիան մոտոցիկլետով պիտի անցնեմ։

Ազատ կյանքով էի ապրում, սակայն հաճախ էի վհատվում, երբ մտածում էի աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Ինձ նաև անհանգստացնում էր մարդկանց անտարբերությունը գլոբալ խնդիրների հանդեպ։ Շատ էի ցանկանում իմանալ ճշմարտությունը Աստծու, կրոնի և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Մի անգամ երկու կաթոլիկ քահանայի հարցեր տվեցի և նրանց պատասխաններից շատ հիասթափվեցի։ Նույն հարցերը առիթ ունեցա տալու բողոքականներին, սակայն նորից գոհացուցիչ պատասխաններ չստացա։ Հետագայում ընկերներիցս մեկը ինձ ծանոթացրեց էդի անունով մի Եհովայի վկայի հետ։ Չորս անգամ հանդիպեցի էդիի հետ։ Ամեն անգամ նա հարցերիս պատասխանում էր Աստվածաշնչի միջոցով։ Հենց առաջին հանդիպումից հասկացա, որ ինչ–որ յուրահատուկ բան եմ գտել։ Սակայն այդ ժամանակ ապրելակերպս փոխելու անհրաժեշտություն չէի տեսնում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Վերջապես մի օր իմ երազանքը իրականացավ։ Հետաքրքիր է, որ ճամփորդության ընթացքում նորից մի Վկայի հանդիպեցի։ Առիթ ունեցա մի քանի անգամ նրա հետ Աստվածաշնչից զրուցել։ Սակայն երբ վերադարձա Քվինսլենդ, 6 ամիս ոչ մի Վկայի չհանդիպեցի։

Մի օր աշխատանքից տուն վերադառնալիս տեսա կոկիկ հագնված երկու տղամարդու՝ ձեռքներին պայուսակ։ Գլխի ընկա, որ Եհովայի վկաներ են։ Մոտեցա նրանց, համոզվեցի, որ Վկաներ են ու խնդրեցի, որ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Անմիջապես սկսեցի հաճախել ժողովի հանդիպումներին, իսկ 1973–ին ներկա եղա Սիդնեյում անցկացվող եռօրյա համաժողովին։ Երբ ընտանիքիս անդամները, հատկապես մայրս իմացան այդ մասին, սկսեցին հակառակվել ինձ։ Այդ և ուրիշ պատճառներով Վկաների հետ կապերս խզեցի։ Դրանից հետո մեկ տարի տարվեցի կրիկետով (գնդախաղի տեսակ)։

Ի վերջո գիտակցեցի, որ իսկապես երջանիկ էի միայն այն ժամանակ, երբ Վկաների օգնությամբ ուսումնասիրում էի Աստվածաշունչը։ Նորից կապ հաստատեցի նրանց հետ և սկսեցի հաճախել հանդիպումներին։ Դադարեցի թմրամոլ ընկերներիս հետ շփվելուց։

Իրականում Հոբի կյանքի մասին պատմությունը մղեց ինձ այս լուրջ փոփոխություններն անելու։ Բիլ անունով մի տարեց Վկա, որը շատ բարեհամբույր էր, բայցև վճռական, կանոնավորաբար այցելում էր ինձ։ Մի անգամ երբ խոսում էինք Հոբի փորձությունների մասին, Բիլը հարցրեց ինձ, թե Սատանան է՛լ ում հավատարմությունն է հարցականի տակ դրել (Յոբ 2։3–5)։ Ես թվարկեցի իմ իմացած բոլոր աստվածաշնչային կերպարների անունները։ Բիլը համբերությամբ լսեց ու ասաց. «Ճիշտ ես, նրանցն էլ»։ Հետո նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Բայց Սատանան հարցականի տակ է դրել նաև քո՛ հավատարմությունը»։ Քիչ մնաց ընկնեի աթոռից։ Ես գիտեի, որ այն, ինչ սովորում եմ, ճշմարտությունն է։ Սակայն այդ պահին հասկացա, թե ինչու պետք է ապրեմ սովորածիս համաձայն։ Չորս ամսից մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Վախով եմ լցվում, երբ պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ կյանքս, եթե չապրեի Աստվածաշնչի չափանիշներով։ Շատ հավանական է, որ մահացած լինեի, ինչպես նախկին ընկերներիցս շատերը, որոնք իրենց կյանքը խորտակեցին ալկոհոլի և թմրանյութերի պատճառով։ Նրանք նաև դժբախտ են եղել ամուսնական կյանքում։ Իմ կյանքն էլ ոչնչով չէր տարբերվի։

Այժմ կնոջս՝ Մարգրեթի հետ ծառայում եմ Ավստրալիայի Եհովայի վկաների մասնաճյուղում։ Թեև ընտանիքիս անդամներից ոչ ոք Վկա չդարձավ, այդուհանդերձ, տարիների ընթացքում կարողացել ենք օգնել շատերին փոխելու իրենց կյանքը։ Նրանք դարձել են մեր լավ ընկերները։ Մարգրեթը, որը մեծացել է ճշմարտության մեջ, օգնում է ինձ պահելու 40 տարի առաջ Եհովային տված խոստումս։ Արդեն ավելի քան 25 տարի է, ինչ երջանիկ ապրում ենք միասին։ Ճիշտ է, երբեմն լինում են անհամաձայնություններ, սակայն երբեք չենք վիճում։ Այս ամենի համար երկուսս էլ պարտական ենք Աստվածաշնչին։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՄԱՇԱՀԻՐՈ ՕԿԱԲԱՅԱՇԻ

ՏԱՐԻՔԸ՝ 39

ԵՐԿԻՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԽԱՂԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Իվակուրայում, ուր Նագոյա քաղաքից գնացքով կարելի է հասնել կես ժամում։ Մեր ընտանիքում հինգ երեխա կար։ Հայրս ու մայրս բարի մարդիկ էին, սակայն տարիներ հետո իմացա, որ հայրս բանդայի անդամ է եղել և խարդախությունների միջոցով է փող վաստակել։ Նա ամեն օր հարբած էր տուն գալիս։ Ես 20 տարեկան էի, երբ նա մահացավ լյարդի ցիռոզից։

Հայրս կորեացի էր։ Այդ պատճառով շրջապատի մարդիկ խտրականությամբ էին վերաբերվում մեզ։ Այս և ուրիշ խնդիրներ դառնացրին իմ պատանեկությունը։ Ես ընդունվեցի ավագ դպրոց, սակայն հազվադեպ էի ներկա լինում դասերին։ Իսկ մեկ տարի անց թողեցի այն։ Չէի կարողանում աշխատանք գտնել, քանի որ կորեացի էի և անունս էլ արդեն ոստիկանությունում գրանցված էր հանցագործների ցուցակում։ Ի վերջո մի գործ գտա, սակայն ծնկներս վնասեցի ու այլևս չկարողացա ֆիզիկական աշխատանք կատարել։

Սկսեցի գումար վաստակել պաչինկո (ճապոնական բիլիարդ) խաղալով։ Ես ապրում էի մի աղջկա հետ։ Նա ուզում էր, որ մշտական աշխատանք գտնեմ և ամուսնանամ իր հետ։ Բայց ես մեծ գումարներ էի վաստակում խաղամոլությամբ և չէի պատրաստվում փոխել ապրելակերպս։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մի օր մեր տուն եկավ մի Եհովայի վկա ու ինձ տվեց «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը։ Այդ թեման ինձ երբեք չէր հետաքրքրել։ Սակայն երբ կարդացի գիրքը, ցանկացա ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Երբ Աստվածաշնչից ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները, աչքերս բացվեցին։

Հասկացա, որ պետք է ապրեմ Աստվածաշնչի չափանիշներին ներդաշնակ։ Ուստի օրինականորեն ամուսնացա ընկերուհուս հետ, թողեցի ծխելը, կտրեցի երկար մազերս, որ շեկ էի ներկել, և կարգի բերեցի արտաքին տեսքս։ Նաև վերջ դրեցի մոլեխաղերին։

Հեշտ չէր այսպիսի փոփոխություններ անել։ Օրինակ՝ չէի կարողանում թողնել ծխելը։ Բայց ջերմեռանդ աղոթքների ու Եհովային ապավինելու շնորհիվ ձերբազատվեցի այդ սովորությունից։ Շատ դժվար էր նաև խաղամոլությունից հետո առաջին անգամ աշխատելը, քանի որ ծանր աշխատանքով վաստակածս ընդամենը կեսն էր այն գումարի, որ ձեռք էի բերում պաչինկո խաղալով։ Ինձ համար քաջալերական էին Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները, որտեղ գրված է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Շատ առիթներով եմ համոզվել, որ այս խոսքերը ճշմարիտ են։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Սկզբում կինս համաձայն չէր, որ Աստվածաշունչ ուսումնասիրեմ։ Բայց երբ տեսավ իմ արած մեծ փոփոխությունները, միացավ ինձ և սկսեց հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Այժմ երկուսս էլ Եհովայի վկա ենք և մեծ օրհնություն ենք համարում, որ ծառայում ենք Աստծուն։

Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը կարծում էի, թե երջանիկ եմ։ Սակայն հիմա եմ հասկանում, թե ինչ է իսկական երջանկությունը։ Ինչ խոսք, հեշտ չէ ապրել աստվածաշնչյան չափանիշներով, բայց վստահ եմ, որ սա է կյանքի լավագույն ուղին։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ էԼԻԶԱԲԵԹ ՋԵՅՆ ՍՔՈՖԻԼԴ

ՏԱՐԻՔԸ՝ 35

ԵՐԿԻՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԶՎԱՐՃԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Գլազգոյից դուրս գտնվող Հարդգեյթ փոքր քաղաքում (Շոտլանդիա)։ 7 տարեկան էի, երբ մայրս դարձավ Եհովայի վկա ու սկսեց դաստիարակել ինձ աստվածաշնչյան չափանիշներով։ Սակայն երբ 17 տարեկան դարձա, ինձ համար ավելի հաճելի էր շփվել հասակակիցներիս հետ. գնում էինք գիշերային ակումբներ, լսում էինք «հեվի մետալ», սիրում էինք խմել։ Իմ կյանքում հոգևոր բաները ամենավերջին տեղում էին։ Ապրում էի միայն զվարճանալու համար։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ դարձա 21 տարեկան։

Այցելել էի իմ հարազատներին, որոնք ապրում էին Հյուսիսային Իռլանդիայում։ Մի առիթով ներկա եղա օրանժիստների երթին (բողոքականների շքերթ)։ Ես ցնցվել էի՝ տեսնելով բողոքականների ու կաթոլիկների միջև գոյություն ունեցող բացահայտ ատելությունը և նրանց կեղծավորությունը։ Հիշեցի այն ամենը, ինչ մայրս սովորեցրել էր ինձ Աստվածաշնչից։ Գիտեի, որ Աստծու չափանիշները ոտնահարող մարդիկ չունեն նրա հավանությունը։ Հասկացա, որ ընկել եմ սեփական ցանկություններիս հետևից և անտեսում եմ Աստծուն։ Որոշեցի, որ հենց վերադառնամ Շոտլանդիա, պետք է լրջորեն ուսումնասիրեմ Աստծու Խոսքը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ առաջին անգամ գնացի Եհովայի վկաների ժողովի հանդիպման, որն անցկացվում էր մեր քաղաքում, փոքր–ինչ անհանգիստ էի։ Սակայն բոլորը ջերմորեն ընդունեցին ինձ։ Սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և փոփոխություններ մտցնել իմ կյանքում։ Քույրերից մեկը առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեց իմ նկատմամբ։ Նրա օգնությամբ հասկացա, որ ես ժողովի մի մասն եմ։ Նախկին ընկերներս շարունակում էին ինձ հրավիրել գիշերային ակումբներ։ Ամեն անգամ բացատրում էի, որ ես ապրում եմ Աստվածաշնչի չափանիշներով։ Մի որոշ ժամանակ անց նրանք այլևս ինձ չէին անհանգստացնում։

Անցյալում Աստվածաշունչը ինձ համար պարզապես կանոնների գիրք էր։ Իսկ այժմ իմ վերաբերմունքը փոխվել է։ Աստվածաշնչի կերպարները ինձ համար իրական անձնավորություններ են դարձել։ Այդ մարդիկ ինձ նման ունեցել են զգացմունքներ, թերություններ, սխալներ են թույլ տվել, բայց Եհովա Աստված ներել է նրանց, երբ անկեղծորեն զղջացել են։ Ես գիտեի, որ թեև մի ժամանակ երես էի թեքել Աստծուց, բայց նա կների ինձ ու կմոռանա անցյալում կատարած իմ սխալները, եթե շարունակ ջանք թափեմ նրա կամքը կատարելու համար։

Մորս վարքը նույնպես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Թեև ես թողեցի Աստծուն, սակայն մայրս հավատարիմ մնաց։ Նրա նվիրվածությունն օգնեց ինձ հասկանալու, որ Եհովային ծառայելու համար չպետք է ջանքեր խնայել։ Հիշում եմ, երբ փոքր հասակում մորս հետ գնում էի տնետուն ծառայության, ոչ մի հաճույք չէի ստանում, չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է ժամեր շարունակ քարոզել մարդկանց։ Սակայն այժմ վստահում եմ Հիսուսի խոսքերին, որոնք գրված են Մատթեոս 6։31–33 համարներում։ Նա ասել է. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով՝ «ի՞նչ պիտի ուտենք», կամ՝ «ի՞նչ պիտի խմենք», կամ՝ «ի՞նչ պիտի հագնենք»։ .... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։ Ուրեմն, շարունակեք նախ թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»։ Մկրտվելուց հետո հրաժարվեցի իմ աշխատանքից, գտա կես դրույքով աշխատանք ու դարձա լիաժամ ծառայող։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ճիշտ է, նախկինում մեծ տեղ եմ հատկացրել զվարճություններին, բայց երբեք ներքին բավարարվածություն չեմ զգացել։ Կյանքս դատարկ էր։ Իսկ այժմ իմաստալից ու գոհացուցիչ կյանքով եմ ապրում, քանի որ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ քարոզչությանը։ Ես ու ամուսինս ամեն շաբաթ այցելում ենք տարբեր ժողովներ և քաջալերում ենք մեր հավատակիցներին։ Ինձ համար մեծ պատիվ է կատարել այս գործը։ Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ ինձ ևս մեկ հնարավորություն տվեց։

[Մեջբերում 27–րդ էջի վրա]

«Հենց առաջին հանդիպումից հասկացա, որ ինչ–որ յուրահատուկ բան եմ գտել։ Սակայն այդ ժամանակ ապրելակերպս փոխելու անհրաժեշտություն չէի տեսնում»

[Մեջբերում 29–րդ էջի վրա]

«Չէի կարողանում թողնել ծխելը։ Բայց ջերմեռանդ աղոթքների ու Եհովային ապավինելու շնորհիվ ձերբազատվեցի այդ սովորությունից»

[Մեջբերում 30–րդ էջի վրա]

«Անցյալում Աստվածաշունչը ինձ համար պարզապես կանոնների գիրք էր։ Իսկ այժմ իմ վերաբերմունքը փոխվել է։ Աստվածաշնչի կերպարները ինձ համար իրական անձնավորություններ են դարձել։ Այդ մարդիկ ինձ նման ունեցել են զգացմունքներ, թերություններ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը