Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 8/1 էջ 18–21
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 8/1 էջ 18–21

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՊԵ՞Ս կարողացավ Ռուսաստանում ապրող մի միայնակ մայր թողնել թմրամոլությունը և լավ փոխհարաբերություններ հաստատել իր երեխաների հետ։ Ինչպե՞ս Ճապոնիայի Կիոտո քաղաքի փողոցներում բնակվող մի մարդ իր մեջ ուժ գտավ՝ հաղթահարելու այն թուլությունները, որոնց պատճառով աղքատացել էր։ Իսկ ի՞նչը օգնեց մի ավստրալիացի կովբոյի ձերբազատվելու ալկոհոլը չարաշահելու սովորությունից։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Ես հասկացա, որ պարտավոր եմ ինքս հոգալու իմ կարիքները» (ՆԵԼԻ ԲԱՅՄԱՏՈՎԱ)

ՏԱՐԻՔԸ՝ 45

ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՄՐԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Վլադիկավկազ քաղաքում, որը Հյուսիսային Օսիայի Հանրապետության (այժմ Ալանիա) մայրաքաղաքն է։ Մեր ընտանիքը նյութապես ապահովված էր։ Սակայն չնայած դրան՝ ես երջանիկ չէի։ 34 տարեկան հասակում արդեն երկու անգամ ամուսնալուծվել էի, և արդեն տասը տարվա թմրամոլ էի։ Երկու անգամ կլինիկայում բուժում էի ստացել, որ ձերբազատվեի այդ վատ սովորությունից։ Երկու երեխա ունեի, սակայն նրանց նկատմամբ ոչ մի կապվածություն չէի զգում։ Ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ նույնպես լավ փոխհարաբերություններ չունեի։

Մայրս դարձել էր Եհովայի վկա։ Հաճախ էի լսում, թե ինչպես էր նա լաց լինում և աղոթում Եհովային, որ օգնի ինձ։ Մտածում էի. «Ի՜նչ միամիտն է։ Ինչպե՞ս կարող է Եհովան ինձ օգնել»։ Ճիշտ է, փորձում էի թողնել թմրամոլությունը, սակայն քանի որ կամքի ուժ չունեի, ջանքերս անհաջողության էին մատնվում։ Մի անգամ ինձ հաջողվեց երկու օր չօգտագործել թմրադեղեր, բայց հանկարծակի գլխումս միտք ծագեց, որ անպայման պետք է դուրս գամ տնից։ Ուստի պատուհանից դուրս ցատկեցի՝ չհիշելով, որ տան երկրորդ հարկում էի։ Ձեռքս ու ոտքս կոտրեցի, և մեջքս վնասվեց։ Ստիպված էի մեկ ամսից ավել անկողնում պառկած մնալ։

Մայրս ինձ չէր նախատում, այլ հոգատարությամբ խնամում էր։ Նա հասկանում էր, որ հոգեպես ծանր վիճակում էի և դարձել էի շատ զգայուն։ Մի անգամ նա անկողնուս մոտ «Արթնացե՛ք»a պարբերագրեր դրեց։ Ես դրանք մեծ հետաքրքրությամբ մեկը մյուսի հետևից կարդացի։ Հետո համաձայնվեցի, որ Եհովայի վկաներից մեկը ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ ես հասկացա, որ մի շարք պարտականություններ ունեմ։ Փոխանակ սպասելու, որ մայրս ինձ ֆինանսապես աջակցի՝ հասկացա, որ պարտավոր եմ ինքս հոգալու իմ և երեխաներիս կարիքները։ Երկար տարիներ միայն իմ մասին էի մտածել, ուստի դժվար էր հարմարվել այն մտքին, որ պետք է մշտական աշխատանք ունենամ։

Ինձ շատ օգնեց Բ Օրինաց 6։5–7-ում արձանագրված խորհուրդը, ըստ որի՝ ծնողներն իրենց երեխաներին պետք է սովորեցնեն Աստծու մասին։ Հասկացա, որ Աստծու առաջ ես պատասխանատու եմ իմ երկու երեխաների դաստիարակության հարցում։ Սկսեցի ժամանակ անցկացնել նրանց հետ և ավելի շատ սիրել նրանց։

Սիրտս երախտագիտությամբ լցվեց Եհովայի հանդեպ, քանի որ նա թույլ տվեց, որ իր մասին ճշմարտությունը սովորեմ։ Ուստի կյանքս նվիրեցի նրան և մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ եմ ՍՏԱՑԵԼ։ Այն բանի շնորհիվ, որ սովորեցի տիրապետել պոռթկուն բնավորությունս, մորս հետ փոխհարաբերություններս սկսեցին լավանալ։ Այժմ լավ փոխհարաբերություններ ունեմ նաև երեխաներիս հետ։

Ես ձերբազատվել եմ այն խնդիրներից, որոնց բախվում էի նախկին ապրելակերպիս պատճառով, որովհետև սովորել եմ Աստծուն տհաճ բաներն ատել։ Հիմա ինձ մեծ ուրախություն է պատճառում Եհովա Աստծու մասին ճշմարտությունը ուրիշներին պատմելը։

«Կյանքս բառի բուն իմաստով փրկվեց» (ՄԻՆՈՐՈՒ ՏԱԿԵԴԱ)

ՏԱՐԻՔԸ՝ 54

ԵՐԿԻՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹԱՓԱՌԱԿԱՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Յամագուտի քաղաքում և ապրել եմ հորս ու տատիս հետ։ Երբեք չեմ ճանաչել մորս։ Երբ 19 տարեկան էի, տատս մահացավ։ Ես խոհարար էի, հայրս էլ նմանատիպ աշխատանք ուներ։ Մենք տարբեր ժամերի էինք աշխատում, ուստի իրար գրեթե չէինք տեսնում։ Հետո սկսեցի երկար ժամեր աշխատել, և հաճախ ընկերներով հավաքվում էինք, որպեսզի խմեինք։

Որոշ ժամանակ անց ձանձրացա իմ աշխատանքից։ Մի օր վիճեցի գործատիրոջս հետ։ Նաև սկսեցի ավելի շատ խմել։ Երբ դեռ 30 տարեկան չկայի, որոշեցի տնից հեռանալ և ճամփորդել։ Որոշ ժամանակ անց, երբ փողերս սպառվեցին, գործի ընդունվեցի պաչինկոյի (ճապոնական բիլիարդի) խաղասրահում։ Հետո մի աղջկա հետ ծանոթացա, և մենք ամուսնացանք, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց բաժանվեցինք։

Ես դեպրեսիայի մեջ ընկա, թուլակամ դարձա և պարտքերի մեջ թաղվեցի։ Պարտատերերիցս փախա և որոշ ժամանակ իմ հայրենի քաղաքում հորս հետ ապրեցի։ Սակայն մեր փոխհարաբերությունները գնալով վատացան, քանի որ խաբում էի նրան։ Մի անգամ էլ նրա տնից փող վերցրի ու հեռացա։ Մի որոշ ժամանակ մոլեխաղերով էի զբաղվում, սակայն, ի վերջո, աղքատության մեջ հայտնվեցի և սկսեցի ապրել երկաթուղային կայարանում։ Հետո տեղափոխվեցի Հակատա, այնտեղից էլ Հիմեձի, իսկ հետո՝ Կիոտո։ Մի քանի տարի փողոցներում ապրեցի։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1999​թ.-ին, երբ ես Կիոտո քաղաքի այգիներից մեկում էի՝ Կամոգավա գետի մոտ, երկու կին մոտեցան ինձ։ Նրանցից մեկը հարցրեց. «Կցանկանա՞ք Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Ես ընդունեցի նրա առաջարկը։ Ուստի երկու հասուն քրիստոնյաներ, ովքեր Եհովայի վկաների մոտակա ժողովից էին, սկսեցին ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և օգնել ինձ հասկանալու, թե որքան կարևոր է կիրառել այնտեղ գրված խորհուրդները։ Նրանք խորհուրդ տվեցին ինձ աշխատանք և կացարան գտնել։ Նրանց սիրտը չկոտրելու համար մի քանի տեղ փորձեցի աշխատանքի ընդունվել, բայց, անկեղծ ասած, շատ ջանքեր չէի թափում։ Հետագայում, սակայն, աղոթեցի Աստծուն, որ ինձ օգնի, և ավելի մեծ ջանքեր գործադրեցի։ Ի վերջո, աշխատանք գտա։

Աղոթքի շնորհիվ կարողացա հաղթահարել մի դժվարություն ևս։ Այն պարտատերերը, որոնցից փախել էի, գտան ինձ և իրենց գումարը պահանջեցին։ Դա ինձ շատ լարված դրության մեջ գցեց։ Սակայն մի օր, երբ սովորության համաձայն՝ Աստվածաշունչ էի կարդում, ուշադրությունս գրավեց Եսայիա 41։10-րդ համարը, որտեղ Աստված իր հավատարիմ ծառաներին խոստանում է. «Ես կօգնեմ քեզ»։ Այդ խոստումն ինձ զորացրեց ու քաջալերեց։ Ես սկսեցի մեծ ջանքեր գործադրել, և վերջապես ինձ հաջողվեց լուծել ֆինանսական խնդիրներս։ 2000​թ.-ին, համապատասխանելով Եհովայի վկա լինելու պահանջներին, ես մկրտվեցի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այն, ինչ սովորեցի Աստվածաշնչից, մղեց ինձ ամեն ինչ անելու, որպեսզի հորս հետ իմ փոխհարաբերությունները վերականգնեմ։ Չնայած անցյալում շատ վատ էի վերաբերվել նրա հետ, նա ինձ ներեց։ Նա անչափ ուրախ էր, որ ես սկսել էի Աստվածաշնչի չափանիշների համաձայն ապրել։ Կարծում եմ, որ ապրելակերպս փոխելու շնորհիվ կյանքս բառի բուն իմաստով փրկվեց։

Այդ ամենից բացի, այժմ ես աշխատանք ունեմ և կարողանում եմ իմ կարիքները հոգալ (Եփեսացիներ 4։28; 2 Թեսաղոնիկեցիներ 3։12)։ Նաև քրիստոնեական ժողովում ձեռք եմ բերել իսկական ընկերներ (Մարկոս 10։29, 30)։ Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ ինձ սովորեցրեց իր ճանապարհները։

«Հեշտ չէր անհրաժեշտ փոփոխություններն անելը» (ԴԵՅՎԻԴ ՀԱԴՍԸՆ)

ՏԱՐԻՔԸ՝ 72

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՐԲԵՑՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես իմ ծնողների՝ Ուիլիի և Լուսիի տասնմեկերորդ զավակն էի։ Մենք ընտանիքով ապրում էինք աբորիգենների մի համայնքում, որը կոչվում էր Աուրուքուն և գտնվում էր Քվինսլենդի հյուսիսային տարածքում՝ Արչեր գետի ափին, և մոտ էր ծովին։ Ծնողներս իրենց բոլոր երեխաներին ձկնորսություն և որսորդություն էին սովորեցրել, որպեսզի մեր ընտանիքը օրվա հացն ունենար։ Այդ ժամանակներում կառավարությունը մեզ՝ աբորիգեններիս, թույլ չէր տալիս ինքնուրույն տնօրինել մեր դրամական միջոցները։ Նաև մեզ ստիպում էր սահմանափակ տարածքում բնակվել։

Ծնողներս ջանք չէին խնայում, որպեսզի իմ մեջ լավ հատկություններ մշակեին։ Նրանք իրենց բոլոր երեխաներին սովորեցնում էին հարգել համայնքում ապրող մեծահասակներին և բոլորի հետ կիսել մեր ունեցածը, չնայած որ այն չնչին էր։ Այդ դաստիարակության շնորհիվ համայնքի մեծահասակները մեզ համար ծնողների ու հարազատների պես էին։

Երբ ես յոթ տարեկան էի, հայրս մահացավ, և մեր ընտանիքը տեղափոխվեց աբորիգենների մեկ ուրիշ համայնք, որը գտնվում էր Մափունում՝ Աուրուքունից 150 կիլոմետր հյուսիս։ Տասներկու տարեկան հասակում սովորեցի ձի և կով պահել։ Մինչև 50 տարեկան տարբեր վայրերում կովբոյ (նախրապան) եմ եղել։ Աշխատանքը շատ հոգնեցուցիչ էր։ Ես հաճախ էի խմում և չափից շատ։ Այդ պատճառով բազում անգամներ գլխացավանքների մեջ եմ ընկել։

Մի օր հյուրանոցում այնքան շատ էի խմել, որ ոտքերիս վրա հազիվ էի կանգնում։ Դուրս եկա փողոց և ավտոմեքենայի տակ ընկա։ Երկու տարի ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկայում բուժում ընդունեցի։ Ես այլևս չէի կարող կովբոյ լինել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Բուժման ընթացքում իմ ընկերուհիներից մեկը ինձ համար մի քանի պարբերագիր բերեց՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք»։ Սակայն քանի որ ընդամենը մի քանի տարի էի սովորել դպրոցում, չէի կարողանում վարժ կարդալ։ Դրանից որոշ ժամանակ անց՝ մի շոգ օր, 83-ամյա մի տղամարդ թակեց իմ տան դուռը, և ես նրան ներս հրավիրեցի, որ սառը ջուր խմի։ Նա ինձ աստվածաշնչյան գրականություն տվեց և ասաց, որ եթե դեմ չեմ, նորից ինձ կայցելի և կբացատրի այնտեղ գրվածը։ Հետո սկսեցինք կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, որի շնորհիվ հասկացա, որ Աստծուն հաճելի լինելու համար պետք է փոփոխություններ մտցնեմ իմ բնավորության և ապրելակերպի մեջ։

Հեշտ չէր անհրաժեշտ փոփոխություններն անելը։ Սակայն մորս կողմից ստացած դաստիարակության շնորհիվ խորը հարգանք էի տածում ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող այդ տարեց մարդու նկատմամբ։ Հարգում էի նրան, քանի որ պատրաստ էր իր հոգևոր գիտելիքներն ինձ փոխանցելու։ Բայցևայնպես վարանում էի կյանքս նվիրել Աստծուն։ Մտածում էի, որ նախքան այդ քայլին դիմելը պետք է Աստվածաշնչում գրված ամեն ինչ իմանամ։

Սակայն իմ աշխատակիցներից մեկը, որը Եհովայի վկա էր, օգնեց ինձ շտկելու տեսակետս։ Նա ինձ ցույց տվեց Կողոսացիներ 1։9, 10-ում գրված խորհուրդը, որտեղ ասվում է, որ պետք է շարունակենք «աճել Աստծու մասին ճշգրիտ գիտության մեջ»։ Ապա նա բացատրեց, որ իրականում միշտ էլ սովորելու բան կունենամ, ուստի չարժե թույլ տալ, որ սահմանափակ գիտելիքները խոչընդոտ հանդիսանան Աստծուն նվիրվելուն։

Շատ լավ տպավորություններ ունեցա, երբ սկսեցի Եհովայի վկաների հետ շփվել։ Նկատեցի, որ չնայած նրանք տարբեր խավի և տարբեր անցյալ ունեցող մարդիկ են, միաբանված են Աստծուն երկրպագելու մեջ։ Դա տեսնելով՝ կասկածի նշույլ անգամ չմնաց իմ մեջ, որ սա է ճշմարիտ կրոնը։ Ուստի 1985​թ.-ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ եմ ՍՏԱՑԵԼ։ Այժմ ոչ միայն կարողանում եմ լավ կարդալ, այլև ամեն շաբաթ մի քանի ժամ տրամադրում եմ ուրիշներին օգնելուն, որպեսզի նրանք էլ կարդան և ուսումնասիրեն Աստվածաշունչը։ Իսկ այն կինը, որն ինձ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր էր տվել, նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և մկրտվեց։ Այժմ նա իմ կինն է, և մենք մեծ բավականություն ենք ստանում՝ օգնելով աբորիգենների համայնքում ապրող մարդկանց ճանաչելու Եհովա Աստծուն։

[Ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 21–րդ էջի վրա]

Ես ու կինս մեծ բավականություն ենք ստանում՝ օգնելով աբորիգենների համայնքում ապրող մարդկանց ճանաչելու Աստծուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը