Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/15 էջ 17–21
  • Եհովան քնքշորեն հոգում է իր տարեց ծառաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան քնքշորեն հոգում է իր տարեց ծառաներին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են թանկագին
  • Ջերմ հոգատարություն՝ գործնականում
  • Ինչպե՞ս կարող ես օգնել
  • Եհովան չի մոռանա քո աշխատանքը
  • Եհովան իսկապես հոգում է
  • Թանկ համարենք մեր հավատարիմ տարեցներին
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Տարեցներին հոգ տանելը քրիստոնյայի պարտականությունն է
    2004 Դիտարան
  • Տարեցներին պատվիր
    2014 Դիտարան
  • Պահպանիր ուրախությունդ տարեց հասակում
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Դիտարան
w08 8/15 էջ 17–21

Եհովան քնքշորեն հոգում է իր տարեց ծառաներին

«Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ ցույց տվեցիք իր անվան համար» (ԵԲՐ. 6։10)։

1, 2. ա) Ինչի՞ մասին գուցե քեզ հիշեցնի սպիտակահեր անհատը։ բ) Ի՞նչ կարծիք ունի Եհովան տարեց քրիստոնյաների մասին։

ԵՐԲ ժողովում տեսնում ես սպիտակահեր տարեցների, հիշո՞ւմ ես ինչ–որ բան Աստվածաշնչի «Դանիէլ» գրքից։ Դանիելին տված տեսիլքներից մեկում Եհովան իրեն նկարագրեց սպիտակ մազերով։ Մարգարեն գրեց. «Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի [բրդի] պէս» (Դան. 7։9)։

2 Բնական վիճակում բուրդը հաճախ ունենում է սպիտակավուն գույն։ Ուստի սպիտակ մազերը և «Հինաւուրց» տիտղոսը մատնանշում են Աստծու մեծ տարիքը, ինչպես նաև ահռելի իմաստությունը, որոնք արժանի են մեր խոր հարգանքին։ Իսկ ի՞նչ կարծիք ունի Հինավուրցը՝ Եհովան, հավատարիմ տարեց տղամարդկանց ու կանանց մասին։ Աստծու Խոսքն ասում է. «Մազի ճերմկութիւնը փառաց պսակ է, եթէ անիկա արդարութեան ճամբուն մէջ գտնուի» (Առակ. 16։31, ԱԱ)։ Ճիշտ է, հավատարիմ քրիստոնյաների մազերը ժամանակի ընթացքում ճերմակում են, սակայն հասունության այդ նշանը գեղեցիկ է Աստծու աչքին։ Իսկ դու Եհովայի պե՞ս ես նայում քո տարեց եղբայրներին և քույրերին։

Ինչո՞ւ են թանկագին

3. Ինչո՞ւ են տարեց հավատակիցները թանկագին մեզ համար։

3 Եհովային սիրելի տարեց ծառաների թվում կան Կառավարիչ մարմնի անդամներ, նախկին և ներկայիս շրջագայող վերակացուներ, եռանդուն ռահվիրաներ և Թագավորության հասուն քարոզիչներ՝ եղբայրներ և քույրեր, որոնք հավատարմորեն ծառայում են մեր ժողովներում։ Գուցե ճանաչում ես ոմանց, ովքեր տասնամյակներ շարունակ եռանդորեն քարոզել են բարի լուրը։ Նրանց լավ օրինակը մղել է երիտասարդներին ճիշտ քայլեր անելու և աստվածահաճո կյանքի ուղի ընտրելու։ Տարեց հավատակիցներից ոմանք լուրջ պատասխանատվություններ են ունեցել և հանուն բարի լուրի դիմացել են հալածանքների։ Եհովան ու «հավատարիմ և իմաստուն ծառան» խորապես գնահատում են այն աջակցությունը, որ նրանք ցույց են տվել Թագավորության գործին անցյալում և ցույց են տալիս հիմա (Մատթ. 24։45)։

4. Ինչո՞ւ պետք է հարգենք տարեց քրիստոնյաներին և աղոթենք նրանց համար։

4 Հավատարիմ տարեցները արժանի են Եհովա Աստծու մյուս ծառաների գնահատանքին և հարգանքին։ Հետաքրքիր է, որ Մովսեսի միջոցով տրված Աստծու Օրենքը ծերերին պատվելն ու հարգելը կապում է աստվածավախության հետ (Ղեւտ. 19։32)։ Մենք պետք է կանոնավորաբար աղոթենք այդ հավատարիմ անհատների համար և շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ նրանք սիրառատ աշխատանք են կատարել։ Պողոս առաքյալը աղոթում էր իր սիրելի երիտասարդ թե տարեց ծառայակիցների համար (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 1։2, 3)։

5. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ ստանալ՝ շփվելով Եհովայի տարեց երկրպագուների հետ։

5 Ժողովի բոլոր անդամները կարող են օգուտներ ստանալ՝ շփվելով տարեց քրիստոնյաների հետ։ Ուսումնասիրության, դիտունակության և փորձի շնորհիվ Եհովայի հավատարիմ տարեց երկրպագուները կուտակել են անգին գիտելիքներ։ Նրանք սովորել են դրսևորել համբերություն և կարեկցանք։ Այդ եղբայրներն ու քույրերը մեծ ուրախություն և բավարարվածություն են զգում, երբ իրենց գիտելիքները փոխանցում են հաջորդ սերնդին (Սաղ. 71։18)։ Երիտասարդնե՛ր, ինչպես որ ջուրն են հանում խոր ջրհորից, այնպես էլ դուք իմաստուն եղեք և գիտելիքների այս աղբյուրից օգուտներ քաղեք (Առակ. 20։5)։

6. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ իսկապես գնահատում ես տարեցներին։

6 Տարեցները գիտե՞ն, որ դու Եհովայի պես թանկ ես գնահատում իրենց։ Օրինակ՝ կարող ես նրանց ասել, որ շատ ես սիրում նրանց իրենց հավատարմության համար, և որ քեզ համար կարևոր է նրանց կարծիքը։ Ավելին, երբ կիրառում ես այն, ինչ սովորում ես նրանցից, ցույց ես տալիս, որ քո հարգանքը անկեղծ է։ Բազմաթիվ տարեց քրիստոնյաներ կարող են հիշել, թե ժամանակին ինչ իմաստուն խորհուրդ են ստացել հավատարիմ տարեցներից, և թե դրա համաձայն վարվելը ինչպես է օգնել իրենց ամբողջ կյանքումa։

Ջերմ հոգատարություն՝ գործնականում

7. Ո՞ւմ վրա է Եհովան գլխավորապես դնում տարեց անհատի հոգածության պատասխանատվությունը։

7 Աստված տարեց անհատի հոգածության պատասխանատվությունը դնում է գլխավորապես ընտանիքի անդամների վրա (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։4, 8)։ Եհովային հաճելի է, երբ ընտանիքի անդամները կատարում են իրենց պարտականությունը տարեց հարազատի նկատմամբ։ Այդպիսով՝ նրանք ցույց են տալիս, որ Աստծու պես հոգատար են նրա հանդեպ։ Եհովան աջակցում է այս ընտանիքներին և նրանց օրհնում է բոլոր ջանքերի և զոհողությունների համարb։

8. Ինչո՞ւ ժողովը պետք է հոգատարություն ցուցաբերի տարեց քրիստոնյաների հանդեպ։

8 Եհովային նաև հաճելի է, երբ ժողովն օգնում է այն հավատարիմ տարեցներին, ովքեր կարիքի մեջ են, բայց չունեն ընտանիքի այնպիսի անդամ, ով իրենց հավատակիցն է կամ ով պատրաստ է խնամելու իրենց (1 Տիմոթ. 5։3, 5, 9, 10)։ Վարվելով այդպես՝ ժողովի անդամները ցույց են տալիս, որ «ցավակից են, եղբայրասեր և խորապես կարեկցող» (1 Պետ. 3։8)։ Ժողովի տարեց անդամների հանդեպ ցուցաբերվող հոգատարությունը դիպուկ կերպով լուսաբանվում է Պողոս առաքյալի բերած օրինակով։ Նա ասում է, որ եթե մարմնի մեկ անդամը տառապում է, «մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ» (1 Կորնթ. 12։26)։ Տարեցներին գործնականորեն աջակցելը ներդաշնակ է այն սկզբունքին, որն արտահայտված է Պողոսի հետևյալ խոսքերում. «Շարունակեք կրել միմյանց ծանրությունները և այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը» (Գաղ. 6։2)։

9. Տարիքը ի՞նչ ծանրություններ կարող է դնել տարեցների վրա։

9 Ի՞նչ ծանրություններ են կրում տարեցները։ Ոմանք շատ շուտ են հոգնում։ Նրանք գուցե զգան, որ իրենց ուժերից վեր է նույնիսկ ամենակարևոր բաներն անելը՝ բժշկի գնալը, կոմունալ վարձերը վճարելը, տունը մաքրելը և կերակուր պատրաստելը։ Քանի որ տարիքի հետ ախորժակը փակվում է, իսկ ծարավի զգացողությունը՝ թուլանում, նրանք գուցե մտածեն, որ իրենք ուտելու և խմելու առանձնապես կարիք չունեն, թեև իրականում այդպես չէ։ Նույնը կարելի է ասել հոգևորապես սնվելու առումով։ Վատացող տեսողությունն ու լսողությունը դժվարացնում են կարդալն ու հոգևոր ծրագրեր լսելը։ Նույնիսկ պատրաստվելը՝ գնալու քրիստոնեական հանդիպումներին, կարող է հոգնեցնող լինել։ Ուստի տարեցներին օգնելու համար ի՞նչ կարող են անել ուրիշները։

Ինչպե՞ս կարող ես օգնել

10. Ի՞նչ կարող են երեցներն անել հավաստիանալու համար, որ տարեցները գործնական օգնություն են ստանում։

10 Շատ ժողովներում տարեցների մասին հոգ են տանում օրինակելի կերպով։ Սիրառատ եղբայրներն ու քույրերը օգնում են նրանց գնումներ կատարելու, կերակուր պատրաստելու և մաքրություն պահպանելու հարցում։ Նրանք տարեցներին օգնում են ուսումնասիրել, պատրաստվել հանդիպումներին և կանոնավորաբար ծառայել։ Երիտասարդ Վկաները ուղեկցում են նրանց և ապահովում են տրանսպորտով։ Եթե տարեցները չեն կարող տնից դուրս գալ, միջոցներ են ձեռնարկվում, որ նրանք ժողովի հանդիպումների ծրագիրը լսեն հեռախոսով կամ ձայնագրությունների միջոցով։ Հնարավորության դեպքում երեցները ամեն ինչ անում են, որ գործնական քայլեր ձեռնարկվեն ժողովի տարեց անդամների կարիքները բավարարելու համարc։

11. Պատմիր, թե մի ընտանիք ինչպես օգնեց տարեց եղբորը։

11 Առանձին քրիստոնյաներ նույնպես կարող են ցույց տալ հյուրասիրություն և առատաձեռնություն։ Երբ մի տարեց եղբոր կինը մահացավ, առանց նրա թոշակի՝ նա այլևս չէր կարող վճարել տան վարձը։ Այդ եղբայրը և նրա կինը ժամանակին Աստվածաշունչ էին ուսումնասիրել մի ամուսնական զույգի և նրանց երկու դեռահաս աղջիկների հետ։ Այդ ընտանիքը մեծ տուն ուներ։ Նրանք տարեց եղբորը հատկացրին երկու սենյակ։ 15 տարի շարունակ նրանք միասին ճաշում էին, ուրախանում, իրար հանդեպ եղբայրական սեր դրսևորում։ Աղջիկները շատ բան էին սովորում նրա հավատից ու հարուստ կենսափորձից, իսկ եղբայրը օգուտ էր ստանում հաճելի ընկերակցությունից։ Տարեց եղբայրը այս ընտանիքում ապրեց մինչև իր մահը. նա մահացավ 89 տարեկան հասակում։ Նրանք մինչև օրս շնորհակալություն են հայտնում Աստծուն այն բազմաթիվ օրհնությունների համար, որ ստացել են նրա հետ շփվելով։ Նրանք «չեն կորցրել իրենց վարձատրությունը», որովհետև օգնել են Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկին (Մատթ. 10։42)d։

12. Ի՞նչ կարող ես անել, որ տարեց եղբայրների և քույրերի հանդեպ հոգատարություն ցույց տաս։

12 Գուցե հնարավորություն չունես աջակցելու տարեց եղբորը կամ քրոջը, ինչպես որ արեց այդ ընտանիքը, սակայն թերևս կարող ես նրանց օգնել, որ գան հանդիպումներին և մասնակցեն ծառայությանը։ Կարող ես նաև հրավիրել տուն կամ քեզ հետ տանել բնության գրկում հանգստանալու։ Կարող ես այցելել նրանց հատկապես այն ժամանակ, երբ նրանք հիվանդ են կամ ի վիճակի չեն տնից դուրս գալու։ Միշտ նրանց հետ վարվիր ինչպես հասուն անհատների։ Քանի դեռ տարեց քրիստոնյաները կարողանում են առողջ դատել, նրանց պետք է ներգրավել իրենց վերաբերող բոլոր որոշումների կայացման մեջ։ Անգամ եթե տարեցները զգալիորեն կորցրել են իրենց մտային ունակությունները, նրանք կարող են զգալ, թե արդյոք իրենց արժանապատվությունը հարգում են։

Եհովան չի մոռանա քո աշխատանքը

13. Տարեցների զգացմունքների հանդեպ ուշադիր լինելն ինչո՞ւ է կարևոր։

13 Տարեցների զգացմունքների հանդեպ ուշադիր լինելը շատ կարևոր է։ Նրանք սովորաբար ծանր ապրումներ են ունենում, որ ի վիճակի չեն անելու այն, ինչ անում էին երիտասարդ և առողջ ժամանակ։ Օրինակ՝ մի քույր, ով Եհովային ակտիվորեն ծառայել էր մոտ 50 տարի և եղել էր ընդհանուր ռահվիրա, տառապում էր հյուծիչ հիվանդությամբ և շատ մեծ դժվարությամբ էր կարողանում հաճախել հանդիպումներին։ Երբ նա իր ներկա վիճակը համեմատեց անցյալի հետ, սկսեց լաց լինել։ Գլուխը կախելով և արտասվելով՝ քույրն ասաց. «Ի՞նչ եմ անում այժմ։ Ոչի՛նչ»։

14. Ինչպե՞ս են սաղմոսները քաջալերում Եհովայի տարեց ծառաներին։

14 Եթե դու տարեց ես, ունեցե՞լ ես նման ապրումներ։ Իսկ լինո՞ւմ են պահեր, երբ մտածում ես, թե Եհովան լքել է քեզ։ Սաղմոսերգուն ծեր հասակում թերևս ունեցել է նման զգացումներ, որովհետև Եհովային խնդրեց. «Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։....Մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած» (Սաղ. 71։9, 18)։ Անշուշտ, Եհովան չէր թողնելու այդ սաղմոսերգուին, և, անշուշտ, նա չի թողնի քեզ։ Մեկ այլ սաղմոսում Դավիթը վստահություն է արտահայտում, որ Աստված կկանգնի իր թիկունքին (կարդա՛ Սաղմոս 68։19e)։ Համոզված եղիր, որ եթե հավատարիմ տարեց քրիստոնյա ես, ապա Եհովան քեզ հետ է և կշարունակի ամեն օր նեցուկ լինել քեզ։

15. Ի՞նչը կարող է օգնել տարեցներին պահպանելու դրական մտածելակերպ։

15 Այն ամենը, ինչ դո՛ւք, Եհովայի տարեց վկանե՛ր, Աստծու փառքի համար արել եք և անում եք, նա երբեք չի մոռանում։ «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ ցույց տվեցիք իր անվան համար»,— ասում է Աստվածաշունչը (Եբր. 6։10)։ Ուրեմն վանեք բացասական մտքերը և մի մտածեք, որ տարիքի պատճառով այլևս չեք կարող օգտակար լինել Եհովային։ Ջանացեք ճնշող և հոռետեսական մտքերը փոխարինել դրական մտքերով։ Ուրախացեք ձեր օրհնություններով և ապագայի հույսով։ Մենք ունենք լավագույն «ապագան եւ յոյսը», և սրանք երաշխավորված են մեր Արարչի կողմից (Երեմ. 29։11, 12; Գործ. 17։31; 1 Տիմոթ. 6։19)։ Խորհեք ձեր հույսի մասին, աշխատեք մնալ երիտասարդ՝ սրտով և մտքով, ու երբեք մի թերագնահատեք ձեր ներկայությունը ժողովումf։

16. Ինչո՞ւ մի տարեց եղբայր մտածեց, որ ինքը այլևս չպետք է ծառայի որպես երեց, սակայն երեցների խորհուրդն ինչպե՞ս քաջալերեց նրան։

16 Քննենք Յոհանի դեպքը, որը, լինելով 80 տարեկան, հոգում է իր հավատարիմ կնոջ՝ Սանիի կարիքները։ Սանին հիվանդ է և մշտական խնամքի կարիք ունիg։ Քույրերը հերթով մնում են նրա կողքին, որպեսզի Յոհանը կարողանա գնալ հանդիպումներին և ծառայության։ Վերջերս, սակայն, նա զգաց, որ էմոցիոնալ առումով ծայրաստիճան լարված է, ուստի սկսեց մտածել, որ ինքը այլևս չի կարող ծառայել որպես ժողովի երեց։ «Ի՞նչ իմաստ ունի իմ երեց լինելը,— ասաց նա, և նրա աչքերը արցունքով լցվեցին։— Ժողովի համար այլևս ոչ մի օգտակար բան չեմ անում»։ Մյուս երեցները վստահեցրին Յոհանին, որ նրա փորձն ու դատողությունը անգնահատելի են։ Նրանք հորդորեցին նրան շարունակել մնալ իր նշանակման մեջ, անգամ եթե ի վիճակի չէ լիովին ծառայելու։ Յոհանը անչափ ոգևորվեց և այժմ էլ ծառայում է որպես երեց՝ օրհնություն բերելով ժողովին։

Եհովան իսկապես հոգում է

17. Ի՞նչ հավաստիացում է տալիս Աստվածաշունչը տարեց քրիստոնյաներին։

17 Աստվածաշունչը միանշանակ ասում է, որ տարեցները կարող են շարունակել հոգևորապես բարգավաճել՝ չնայած տարիքի բերած խնդիրներին։ Սաղմոսերգուն ասաց. «Տիրոջ տան մէջ տնկուածները.... ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն. պարարտ եւ դալար կ’լինին» (Սաղ. 92։13, 14)։ Պողոս առաքյալը, որ գուցե տկարություն ուներ, «չհանձնվեց, նույնիսկ եթե նրա արտաքին մարդը քայքայվում էր» (կարդա՛ 2 Կորնթացիներ 4։16–18)։

18. Ինչո՞ւ տարեց հավատակիցները և նրանց խնամատարները օգնության կարիք ունեն։

18 Ժամանակակից բազմաթիվ օրինակներ փաստում են, որ տարեցները կարող են շարունակել «պտուղ բերել»։ Սակայն հիվանդության և ծերության բերած դժվարությունները գուցե վախ ներշնչեն նույնիսկ նրանց, ովքեր ունեն հոգատար և նվիրված հարազատներ։ Տարեցին խնամողը նույնպես կարող է ուժասպառ լինել։ Ժողովը ունի առանձնաշնորհում և պատասխանատվություն՝ սեր ցուցաբերելու տարեցների, ինչպես նաև նրանց խնամատարների հանդեպ (Գաղ. 6։10)։ Նրանց աջակցելով՝ մենք, փաստորեն, ցույց ենք տալիս, որ չենք ասում նրանց՝ «տաքացեք և կշտացեք», այլ օգնում ենք գործնական կերպերով (Հակ. 2։15–17)։

19. Հավատարիմ տարեց քրիստոնյաներն ինչո՞ւ կարող են վստահությամբ նայել ապագային։

19 Տարիները կարող են փոփոխություններ մտցնել քրիստոնյայի գործունեության մեջ, բայց դրանք չեն նվազեցնում Եհովայի սերը իր հավատարիմ տարեց ծառաների հանդեպ։ Ընդհակառակը՝ նրանք բոլորն էլ թանկագին են Աստծու աչքում, և նա երբեք չի թողնի նրանց (Սաղ. 37։28; Ես. 46։4)։ Եհովան ամեն ժամանակ նեցուկ կկանգնի ու կառաջնորդի հավատարիմ տարեցներին (Սաղ. 48։14)։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս «Տարեցները օրհնություն են երիտասարդների համար» հոդվածը «Դիտարանի» 2007 թ. հունիսի 1–ի համարում։

b Տե՛ս «Արթնացե՛ք», 1994, փետրվարի 8, էջ 3–10, անգլ.։

c Որոշ երկրներում դա կարող է նշանակել աջակցել տարեց եղբորը կամ քրոջը պետությունից օգնություն ստանալու հարցում։ Տե՛ս «Աստված հոգ է տանում տարեցներին» հոդվածը «Դիտարանի» 2006 թ. հունիսի 1–ի համարում։

d Տե՛ս «Եհովան միշտ հոգ է տարել մեր մասին» հոդվածը «Դիտարանի» 2003 թ. սեպտեմբերի 1–ի համարում։

e Սաղմոս 68։19, ՆԱ. «Օրհնյալ լինի Եհովան, որ ամեն օր կրում է մեր բեռը, օրհնյալ լինի մեր փրկության ճշմարիտ Աստվածը»։

f Տե՛ս «Դիտարան», 1993, մարտի 15, էջ 27–30, ռուս։

g Անունները փոխված են։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչո՞ւ ես թանկ համարում հավատարիմ տարեց քրիստոնյաներին։

• Ինչպե՞ս կարող ենք տարեց հավատակիցների հանդեպ ջերմ հոգատարություն դրսևորել գործնականում։

• Ի՞նչը կարող է օգնել Եհովայի տարեց ծառաներին ունենալու դրական մտածելակերպ։

[նկարներ 18–րդ էջի վրա]

Ժողովի անդամները թանկ են գնահատում տարեցներին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը