Թող ձեր ամուսնությունը միշտ «երեքպատիկ թել» լինի
«Երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ» (ԺՈՂ. 4։12)։
1. Ո՞վ ամուսնացրեց առաջին տղամարդուն և կնոջը։
ԲՈՒՍԱԿԱՆ ու կենդանական աշխարհը ստեղծելուց հետո Եհովա Աստված արարեց առաջին մարդուն՝ Ադամին։ Այնուհետև Աստված Ադամի վրա խոր քուն բերեց և վերցնելով նրա կողոսկրերից մեկը՝ մի կատարյալ օգնական ստեղծեց նրա համար։ Նայելով նրան՝ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը» (Ծննդ. 1։27; 2։18, 21–23)։ Եհովան ցույց տվեց, որ հավանում է կնոջ արարումը՝ ամուսնական կապով միացնելով առաջին տղամարդուն ու կնոջը և օրհնելով նրանց (Ծննդ. 1։28; 2։24)։
2. Ինչպե՞ս Սատանային հաջողվեց սեպ խրել Ադամի ու Եվայի միջև։
2 Ցավոք, շատ չանցած՝ Աստծու կողմից ստեղծված այս ամուսնական կառույցը ենթարկվեց հարձակման։ Ինչպե՞ս։ Մի չար ոգեղեն արարած, որը հետագայում կոչվեց Սատանա, խորամանկորեն դրդեց Եվային ուտելու այն միակ ծառի պտղից, որը նրանց արգելված էր։ Հետո Ադամը միացավ իր կնոջը, և այն, ինչ նրանք արեցին, հավասարազոր էր Աստծու օրինական իշխանությունը և լավ առաջնորդությունը մերժելուն։ Դա ըմբոստություն էր Աստծու դեմ (Ծննդ. 3։1–7)։ Այն պահին, երբ Եհովան նրանց հարցրեց, թե այդ ինչ են արել, ակնհայտ դարձավ, որ ամուսինների փոխհարաբերությունները արդեն լարվել էին։ Ադամը մեղադրեց իր կնոջը՝ ասելով. «Այն կինը, որ ինձ.... տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ» (Ծննդ. 3։11–13)։
3. Ի՞նչ սխալ տեսակետ ունեին որոշ հրեաներ։
3 Հետագա դարերի ընթացքում Սատանան օգտագործել է ամենատարբեր խորամանկ մեթոդներ՝ որքան հնարավոր է շատ ամուսնություններ քանդելու համար։ Օրինակ՝ երբեմն նա կրոնական առաջնորդների միջոցով տարածել է ոչ սուրբգրային տեսակետներ ամուսնության վերաբերյալ։ Որոշ հրեա առաջնորդներ մեղմացնում էին Աստծու չափանիշները՝ թույլատրելով տղամարդկանց ամուսնալուծվել իրենց կանանցից այնպիսի անհեթեթ պատճառով, ինչպիսին, օրինակ, աղի ճաշն է։ Բայց Հիսուսը նշեց. «Ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։9)։
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այսօր ամուսնական կառույցը վտանգի տակ է։
4 Սատանան այսօր էլ ջանում է քանդել ամուսնական կառույցը։ Նույն սեռի մարդիկ «ամուսնանում» են իրար հետ, օրինականորեն չամուսնացած տղամարդն ու կինը ապրում են համատեղ, կողակիցներին հնարավորություն է տրվում հեշտությամբ ամուսնալուծվելու. այս ամենը վառ կերպով փաստում է, որ Բանսարկուն մեծ հաջողությունների է հասել այս հարցում (կարդա՛ Եբրայեցիներ 13։4)։ Քանի որ մենք քրիստոնյաներ ենք, ի՞նչ կարող ենք անել, որ ամուսնության վերաբերյալ սխալ տեսակետները մեզ վրա չազդեն։ Եկեք քննենք հաջող և երջանիկ ամուսնության մի քանի հատկանիշներ։
Թող Եհովան ամեն ժամանակ ձեր ամուսնության մեջ լինի
5. Ի՞նչ է նշանակում «երեքպատիկ թել» արտահայտությունը, երբ այն ասում են ամուսնության վերաբերյալ։
5 Որպեսզի ամուսնական կապը ամուր մնա, Եհովան պետք է տեղ ունենա ամուսինների փոխհարաբերություններում։ Նրա Խոսքն ասում է. «Երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ» (Ժող. 4։12)։ «Երեքպատիկ թելը» փոխաբերական արտահայտություն է։ Այս արտահայտությունը, երբ ասում են ամուսնության մասին, վերաբերում է ամուսնուն, կնոջը ու Եհովա Աստծուն։ Գլխավոր «թելը» Եհովան է, որի շուրջ միահույսված են մյուս երկու «թելերը»՝ կողակիցները։ Աստծու հետ միավորված լինելը ամուսիններին տալիս է հոգևոր ամրություն, ինչի շնորհիվ նրանք կարող են իրենց խնդիրները լուծել։ Միայն այսպիսի միության դեպքում է հնարավոր ամուսնության մեջ հասնել մեծ երջանկության։
6, 7. ա) Ի՞նչ կարող են քրիստոնյաները անել համոզվելու համար, որ Աստված տեղ ունի իրենց ամուսնության մեջ։ բ) Ի՞նչն է մի քույր արժևորում իր ամուսնու մեջ։
6 Իսկ ի՞նչ կարող են կողակիցներն անել համոզվելու համար, որ իրենց ամուսնությունը նման է երեքպատիկ թելի։ Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Քո կամքը կատարել կամեցայ [«կատարելու մեջ ուրախություն գտա», ՆԱ], ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է» (Սաղ. 40։8)։ Սերը Աստծու հանդեպ մեզ նույնպես մղում է ծառայելու նրան ամբողջ սրտով։ Ուստի երկու կողակիցներն էլ անհատապես պետք է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնեն Եհովայի հետ և ուրախություն գտնեն նրա կամքը կատարելու մեջ։ Կողակիցները նաև պետք է ձգտեն օգնելու միմյանց, որ իրենցից յուրաքանչյուրի սերը Աստծու հանդեպ է՛լ ավելի մեծանա (Առակ. 27։17)։
7 Եթե Աստծու օրենքը իսկապես մեր սրտում է, ապա կդրսևորենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հավատ, հույս և սեր, որոնք կամրացնեն մեր ամուսնական կապը (1 Կորնթ. 13։13)։ Սանդրա անունով մի քրիստոնյա կին, որն ամուսնացած է արդեն 50 տարի, ասում է. «Ամուսնուս մեջ ամենաշատը ինձ դուր է գալիս այն, որ նա հոգևորապես առաջնորդում է ինձ, խորհուրդներ է տալիս և սիրում է Եհովային, ավելի շատ, քան ինձ»։ Ամուսիննե՛ր, կարո՞ղ են ձեր կանայք նման խոսքեր ասել ձեր մասին։
8. Ի՞նչ պետք է անեն կողակիցները, որ «վարձք» ստանան։
8 Արդյոք դուք՝ որպես կողակիցներ, ամեն ժամանակ հոգևոր բաները և Թագավորության շահերը դնո՞ւմ եք առաջին տեղում։ Իսկապե՞ս կողակցիդ համարում ես քո ընկերակիցը սուրբ ծառայության մեջ (Ծննդ. 2։24)։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը» (Ժող. 4։9)։ Այո՛, ամուսինն ու կինը պետք է ամեն ջանք անեն, որ «վարձք» ստանան, այսինքն՝ ամեն ինչ անեն, որ իրենց միությունը լինի սիրով լի և հարատև, միություն, որն օրհնված է Աստծուց։
9. ա) Ի՞նչ պատասխանատվություններ ունի ամուսինը։ բ) Համաձայն Կողոսացիներ 3։19–ի՝ ինչպե՞ս պետք է ամուսինը վերաբերվի կնոջը։
9 Աստված ներկա է ամուսինների կյանքում, եթե և՛ ամուսինը, և՛ կինը ջանում են համապատասխանել նրա պահանջներին։ Ամուսնու գլխավոր պարտականությունն է հոգալ ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Նա նաև պետք է ուշադիր լինի կնոջ զգացական կարիքների նկատմամբ։ Կողոսացիներ 3։19–ում կարդում ենք. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա»։ Մի աստվածաշնչագետ բացատրում է, որ «դառնապես բարկանալ» արտահայտությունը կարող է նշանակել՝ «նրանց ասել դառը խոսքեր կամ հարվածել, նրանց հանդեպ չցուցաբերել քնքշանք, հոգ չտանել, չպաշտպանել և չաջակցել»։ Հստակ է, որ նման վարքը տեղ չունի քրիստոնեական ընտանիքում։ Այն ամուսինը, ով իր գլխավորությունը դրսևորում է սիրալիր կերպով, մղում է կնոջը պատրաստակամորեն հնազանդվելու իրեն։
10. Քրիստոնյա կինը ի՞նչ տրամադրվածություն պետք է ունենա։
10 Քրիստոնյա կնոջից նույնպես կախված է, թե արդյոք Եհովան տեղ կունենա իրենց ամուսնության մեջ. նա ևս պետք է ջանա համապատասխանել նրա պահանջներին։ Պողոս առաքյալը գրեց. «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է» (Եփես. 5։22, 23)։ Սատանան խաբեց Եվային՝ ասելով, որ Աստծուց անկախ լինելը հարատև երջանկություն կբերի։ Այսօր պարզ երևում է, որ անկախության ոգին տիրում է շատ ընտանիքներում։ Սակայն աստվածավախ կնոջ համար իր սիրառատ ամուսնուն ենթարկվելը տհաճ չէ։ Նա հիշում է, որ Եհովան նշանակեց Եվային լինելու իր ամուսնու «լրացում», ինչը Աստված ակնհայտորեն համարում է պատվավոր դիրք (Ծննդ. 2։18, ՆԱ)։ Այն քրիստոնյա կինը, ով պատրաստակամորեն ընդունում է այդ նշանակումը, իսկապես «պսակ» է իր ամուսնու համար (Առակ. 12։4)։
11. Ըստ մի եղբոր՝ ի՞նչն է նպաստել իր ամուսնության հաջողությանը։
11 Աստված կարող է տեղ ունենալ ամուսնության մեջ, եթե կողակիցները նրա Խոսքը միասին ուսումնասիրեն։ Ջերալդը, որը 55 տարի է, ինչ ամուսնացած է և երջանիկ է, ասում է. «Հաջող ամուսնության ամենակարևոր նախապայմաններից է Աստվածաշունչը միասին կարդալն ու ուսումնասիրելը»։ Նա ավելացնում է. «Ինչ–որ բան միասին անելը ամուսիններին շատ է մտերմացնում ինչպես իրար, այնպես էլ Եհովայի հետ»։ Աստվածաշունչը միասին ուսումնասիրելը ընտանիքին օգնում է միշտ հիշել Եհովայի չափանիշները, ամրապնդում է նրանց փոխհարաբերությունները Աստծու հետ և նպաստում է շարունակական հոգևոր աճին։
12, 13. ա) Ինչո՞ւ է միասին աղոթելը այդքան կարևոր ամուսինների համար։ բ) Ուրիշ ի՞նչ հոգևոր գործեր կան, որ ամրացնում են ամուսնությունը։
12 Միասին աղոթելը նույնպես նպաստում է ամուսնության ուրախությանը։ Երբ ամուսինը Եհովայի առաջ «թոթափում է իր սիրտը» իրենց վերաբերող առանձնահատուկ հարցերի մասին, ամուսնական կապը անպայման ամրանում է (Սաղ. 62։8)։ Օրինակ՝ որքա՜ն ավելի հեշտ կլինի մի կողմ դնել ցանկացած տարաձայնություն այն բանից հետո, երբ նրանք միասին թախանձագին աղոթել են Ամենակարողին առաջնորդության համար (Մատթ. 6։14, 15)։ Որքա՜ն լավ կլինի, եթե կողակիցները վարվեն այդ աղոթքի համաձայն, այսինքն՝ վճռեն օգնել միմյանց և «շարունակեն համբերել մեկը մյուսին և մեծահոգաբար ներեն իրար» (Կող. 3։13)։ Միշտ հիշենք. եթե անհատը աղոթում է Աստծուն, ուրեմն ապավինում է նրան։ Դավիթ թագավորն ասաց. «Ամենի աչքերը քեզ են սպասում [«նայում հույսով», ՆԱ]» (Սաղ. 145։15)։ Երբ մեր հույսը դնում ենք Աստծու վրա և աղոթում ենք նրան, ավելի քիչ ենք անհանգստանում՝ իմանալով, որ «նա հոգ է տանում մեր մասին» (1 Պետ. 5։7)։
13 Որպեսզի Եհովան ամուսինների հետ լինի, կարևոր է նաև, որ կողակիցները հաճախեն ժողովի հանդիպումներին ու միասին քարոզեն։ Հանդիպումների ժամանակ ամուսնական զույգերը սովորում են, թե ինչպես պայքարեն «Բանսարկուի նենգությունների դեմ», որոնց միջոցով նա փորձում է քայքայել ընտանիքները (Եփես. 6։11)։ Այն կողակիցները, ովքեր ծառայում են միասին, սովորում են «լինել հաստատուն, անսասան» (1 Կորնթ. 15։58)։
Երբ դժվարություններ են ծագում
14. Ի՞նչ պատճառներով կարող է լարվածություն առաջանալ ամուսնական կյանքում։
14 Անշուշտ, վերը նշված առաջարկները նոր չեն, սակայն արժե, որ դրանք կողակցիդ հետ անկեղծորեն քննարկես։ Միասին քննեք, թե արդյոք կա այնպիսի մի բան, որին հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Աստվածաշնչում, այդուհանդերձ, պարզ ասվում է, որ նույնիսկ նրանք, ովքեր տեղ են տալիս Աստծուն իրենց ամուսնության մեջ, «նեղություն կունենան իրենց մարմնում» (1 Կորնթ. 7։28)։ Մարդու անկատարության, այս անօրեն աշխարհի չար ազդեցության և Բանսարկուի ծուղակների պատճառով մեծ լարվածություն կարող է առաջանալ նույնիսկ Աստծու հավատարիմ ծառաների ամուսնական կյանքում (2 Կորնթ. 2։11)։ Բայց Եհովան մեզ մենակ չի թողնում։ Այո՛, նրա օգնությամբ մենք կարո՛ղ ենք դիմանալ լարվածությանը։ Հավատարիմ Հոբը կորցրեց իր անասունները, ծառաներին և երեխաներին։ Բայց Աստվածաշունչը նրա մասին ասում է. «Այս ամենի մէջ Հոբը չ’մեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չ’տուաւ» (Յոբ 1։13–22)։
15. Սթրեսի պատճառով մարդիկ գուցե ինչպե՞ս վարվեն, և ինչպե՞ս կարող են կողակիցները լավագույն ձևով վարվել նման իրավիճակներում։
15 Հոբի կինը, ի տարբերություն նրա, ասաց. «Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր» (Յոբ 2։9)։ Այո՛, երբ ողբերգություն է պատահում կամ ծանր դրություն է առաջանում, անհատի ներաշխարհը տակնուվրա է լինում, ինչի պատճառով նա գուցե անմտածված կերպով վարվի։ «Բռնութիւնը կ’յիմարացնէ իմաստունին»,— նկատել է Սողոմոնը (Ժող. 7։7)։ Երբ դժվար կացության մեջ եք հայտնվում, և կողակիցդ առանց մտածելու վիրավորական խոսքեր է ասում, ջանա հանդարտություն պահպանել։ Եթե նույն ձևով պատասխանես, դա կարող է նրան կամ երկուսիդ էլ ստիպել այնպիսի բան ասել, որի պատճառով իրավիճակը ավելի կբարդանա (կարդա՛ Սաղմոս 37։8)։ Ուստի ուշադրություն մի դարձրու անկառավարելի խոսքերին, որոնք վհատության հետևանք են (Յոբ 6։3, ՆԱ)։
16. ա) Հիսուսի խոսքերը՝ գրված Մատթեոս 7։1–5 համարներում, ինչպե՞ս են վերաբերում ամուսնությանը։ բ) Ինչո՞ւ է շատ կարևոր հավասարակշռված լինել ամուսնության մեջ։
16 Կողակիցները պետք է իրատես լինեն իրենց ակնկալիքներում։ Նրանցից մեկը մյուսի բնավորության մեջ գուցե նկատի ինչ–որ անսովոր կամ տարօրինակ բան և մտածի. «Ես կարող եմ փոխել նրան»։ Սեր և համբերություն դրսևորելով՝ դու կկարողանաս օգնել կողակցիդ աստիճանական բարելավումներ անելու։ Սակայն մի մոռացիր, որ այն մարդուն, ով հանգիստ չի տալիս դիմացինին՝ անընդհատ նշելով նրա մանր թերացումները, Հիսուսը նմանեցրեց մեկի, ով նկատում է իր եղբոր աչքի միջի «շյուղը», բայց չի տեսնում իր աչքի միջի «գերանը»։ Քրիստոսը հորդորեց. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (կարդա՛ Մատթեոս 7։1–5)։ Սա չի նշանակում, որ լուրջ թերությունները պետք է անտեսվեն։ Ռոբերտը, որ ամուսնացած է մոտ 40 տարի, ասում է. «Կողակիցները թերևս պետք է փոփոխություններ անեն իրենց կյանքում, որպեսզի կարողանան իրար հետ ազատ ու անկեղծ խոսել և պատրաստակամորեն ընդունել հիմնավոր դիտողությունները»։ Ուստի եղիր հավասարակշռված։ Գուցե նյարդայնանաս այն պատճառով, որ կողակիցդ քո ուզած ինչ–որ հատկություն չի դրսևորում։ Դրա փոխարեն՝ լավ կլինի՝ սովորես գնահատել նրա բնավորության այն լավ գծերը, որոնք նա ունի այժմ, և ուրախություն ստանալ դրանցից (Ժող. 9։9)։
17, 18. Որտեղի՞ց կարող ենք օգնություն ստանալ, երբ նոր դժվարություններ են ծագում։
17 Հանգամանքների փոփոխությունը գուցե նոր դժվարություններ ստեղծի ընտանիքում։ Օրինակ՝ երեխա է ծնվում։ Կողակիցը կամ երեխան լուրջ հիվանդանում է։ Ամուսինների ծնողները ծերանում են և գուցե հատուկ խնամքի կարիք ունենան։ Չափահաս երեխաները տեղափոխվում են ապրելու տնից շատ հեռու։ Փոփոխություններ կարող են լինել, երբ անհատը ստանում է նոր աստվածապետական նշանակում։ Այս ամենը կարող է որոշակի լարվածություն և անհանգստություն ստեղծել ամուսնական փոխհարաբերություններում։
18 Ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ լարվածությունը հասել է գագաթնակետին (Առակ. 24։10)։ Մի՛ հուսահատվիր։ Սատանան ուրիշ ոչինչ այնքան շատ չի ցանկանում, որքան այն, որ Աստծու ծառաներից որևէ մեկը հեռանա ճշմարիտ երկրպագությունից։ Նրա ուրախությունը նույնիսկ ավելի մեծ կլինի, եթե ճշմարտությունից երկուսն էլ հեռանան։ Ուստի ամեն ինչ արա, որ քո ամուսնությունը շարունակի մնալ որպես «երեքպատիկ թել»։ Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ մարդկանց օրինակներ, ովքեր, չնայած դաժան փորձություններին, հավատարիմ են մնացել։ Օրինակ՝ մի անգամ Դավիթը իր սիրտը թափեց Եհովայի առաջ՝ ասելով. «Ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ մարդն.... նեղացնում է ինձ» (Սաղ. 56։1)։ Երբևէ քեզ նեղված զգացե՞լ ես «մարդու» պատճառով։ Անկախ նրանից՝ լարվածության պատճառը քեզ մտերիմ անհատ է, թե՝ ոչ՝ հիշիր հետևյալը. Դավիթը կարողացավ տոկալու ուժ գտնել, այնպես որ դու էլ կարող ես։ «Ես խնդրեցի [Եհովային], եւ նա պատասխան տուաւ ինձ,— ասաց նա։— Իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ» (Սաղ. 34։4)։
Շարունակ՝ օրհնություններ
19. Ինչպե՞ս կարող ենք հետ մղել Սատանայի գրոհները։
19 Այս վերջին ժամանակներում ամուսինները պետք է «շարունակեն մխիթարել.... և կերտել միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։ Մի մոռացեք, որ Սատանան պնդում է, թե Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը հիմնված է եսասիրության վրա։ Նա ցանկացած հնարավոր միջոց, այդ թվում նաև ամուսնական կապը քանդելը, օգտագործում է, որպեսզի պղծի մեր անարատությունը Աստծու հանդեպ։ Սատանայի գրոհները հետ մղելու համար պետք է լիովին վստահենք Եհովային (Առակ. 3։5, 6)։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։
20. Ի՞նչ օրհնություններ են ստանում կողակիցները, երբ Եհովային տեղ են տալիս իրենց ամուսնության մեջ։
20 Երբ Եհովան ներկա է ամուսնության մեջ, կողակիցները բազմաթիվ օրհնություններ են ստանում։ Ջոելի ու նրա կնոջ օրինակը սա է փաստում։ Նրանք միասին ապրում են արդեն 51 տարի։ Ջոելն ասում է. «Եհովային անդադար շնորհակալություն եմ հայտնում կնոջս և մեր հաճելի ընկերակցության համար։ Կինս իդեալական կողակից է»։ Ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը։ «Մենք միշտ ձգտել ենք իրար վերաբերվել բարությամբ, համբերատարությամբ և սիրով»։ Իրերի այս համակարգում մեզնից ոչ ոք չի կարող կատարյալ կերպով դրսևորել այդ հատկությունները։ Այնուամենայնիվ, եկեք ջանանք կիրառել Աստվածաշնչի սկզբունքները ու Եհովային միշտ տեղ տալ մեր ամուսնության մեջ։ Եթե այդպես անենք, մեր ամուսնությունը նման կլինի «երեքպատիկ թելի, որը շուտ չի կտրվի» (Ժող. 4։12)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է նշանակում Եհովային տեղ տալ ամուսնության մեջ։
• Ի՞նչ պետք է անեն ամուսինները, երբ դժվարություններ են ծագում։
• Ինչպե՞ս ենք իմանում, որ Եհովան ներկա է մեր ամուսնության մեջ։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Միասին աղոթելը օգնում է ամուսիններին հաղթահարելու դժվար իրավիճակները