Օգնենք մոլորված գառնուկներին՝ վերադառնալու հոտ
«Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին» (ՂՈՒԿ. 15։6)։
1. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ինքը սիրառատ Հովիվ է։
ԵՀՈՎԱՅԻ միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կոչվում է «ոչխարների մեծ հովիվ» (Եբր. 13։20)։ Աստվածաշնչում նախօրոք գրված էր նրա՝ երկիր գալու մասին և նշվում էր, որ նա անզուգական Հովիվ է, ով փնտրում է Իսրայելի «կորած ոչխարներին» (Մատթ. 2։1–6; 15։24)։ Ավելին, Հիսուսը անձնազոհ հովվի պես իր կյանքը տվեց հանուն գառնանման մարդկանց, ովքեր օգուտներ կքաղեն իր տված փրկանքից (Հովհ. 10։11, 15; 1 Հովհ. 2։1, 2)։
2. Ի՞նչ պատճառով են գուցե որոշ քրիստոնյաներ դարձել ոչ ակտիվ։
2 Ցավալի է, բայց ոմանք, ովքեր մի ժամանակ թերևս գնահատել են Հիսուսի զոհաբերությունը և նվիրվել են Աստծուն, դադարել են մասնակցել քրիստոնեական ժողովի գործունեությանը։ Վհատության, առողջական խնդիրների կամ այլ պատճառներով նրանց եռանդը նվազել է, ու նրանք դարձել են ոչ ակտիվ։ Սակայն միայն Աստծու հոտի մեջ նրանք կարող են խաղաղ ու երջանիկ լինել։ Այդ մասին խոսեց Դավիթը 23–րդ սաղմոսում. «[Եհովան] է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ» (Սաղ. 23։1)։ Աստծու հոտի մեջ գտնվողները հոգևոր առումով ոչ մի բանի պակաս չեն զգում, բայց նույնը չի կարելի ասել մոլորված գառնուկների մասին։ Իսկ ովքե՞ր կարող են օգնել նրանց։ Ի՞նչ կերպերով կարելի է նրանց օգնել, որ վերադառնան Աստծու հոտ։
Ովքե՞ր կարող են օգնել
3. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ է անհրաժեշտ՝ կորած գառնուկին Աստծու հոտ վերադարձնելու համար։
3 Մեծ ջանքեր են անհրաժեշտ՝ կորած գառնուկին Աստծու հոտ վերադարձնելու համար (Սաղ. 100։3)։ Հիսուսը դա այսպես նկարագրեց. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկին, որը մոլորվել է։ Եվ եթե պատահի, որ գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել։ Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթ. 18։12–14)։ Ովքե՞ր կարող են օգնել մոլորված գառնուկներին վերադառնալու հոտ։
4, 5. Ինչպե՞ս պետք է երեցները վերաբերվեն Աստծու հոտին։
4 Երեցները, ովքեր օգնում են մոլորվածին, պետք է հիշեն, որ Աստծու հոտը Եհովային նվիրված մարդկանց ժողովն է, որը Աստծու «արօտի հօտն» է ու շատ թանկ է նրա համար (Սաղ. 79։13)։ Այս թանկագին գառնուկները ջերմ հոգածության կարիք ունեն, և սիրառատ հովիվները պետք է անհատական ուշադրություն դարձնեն նրանց։ Հովվական այցերը, որ անցնում են ջերմ մթնոլորտում, բարերար ազդեցություն կարող են թողնել։ Սիրառատ հովվի քաջալերական խոսքերը կարող են հոգևորապես կերտել և նրանց մեջ մեծացնել հոտ վերադառնալու ցանկությունը (1 Կորնթ. 8։1)։
5 Աստծու հոտի հովիվների պարտականությունն է փնտրել մոլորված գառնուկներին և փորձել օգնել նրանց։ Պողոս առաքյալը Եփեսոսի երեցներին հիշեցրեց, որ նրանք հոտը հովվելու պարտականություն ունեն։ Նա գրեց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար, որը նա գնեց իր Որդու արյունով» (Գործ. 20։28)։ Պետրոս առաքյալը նույնպես հորդորեց օծյալ երեցներին. «Հովվե՛ք Աստծու հոտը, որ ձեր հոգածության տակ է, ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ, ոչ թե տիրապետելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։1–3)։
6. Ինչո՞ւ հատկապես այսօր Աստծու գառնուկները հովիվների հոգածության կարիքն ունեն։
6 Քրիստոնյա հովիվները պետք է նմանվեն «բարի հովվին»՝ Հիսուսին (Հովհ. 10։11)։ Նա շատ էր մտածում Աստծու հոտի մասին և երբ Սիմոն Պետրոսին ասաց՝ «հովվի՛ր իմ գառնուկներին», ցույց տվեց, թե իր համար որքան կարևոր է հոտի բարօրությունը (կարդա՛ Հովհաննես 21։15–17)։ Աստծու գառնուկները հատկապես այսօր հոգածության կարիք ունեն, որովհետև Բանսարկուն է՛լ ավելի մեծ ջանքեր է թափում, որ պղծի նրա ծառաների անարատությունը։ Սատանան օգտվում է այն բանից, որ մարդիկ մարմնական ցանկություններ ունեն, և փորձում է աշխարհի միջոցով Եհովայի գառնուկներին գցել մեղքի մեջ (1 Հովհ. 2։15–17; 5։19)։ Հատկապես խոցելի են ոչ ակտիվ քարոզիչները, ուստի նրանց օգնություն է պետք, որպեսզի «քայլեն ոգով» (Գաղ. 5։16–21, 25)։ Նման գառնուկներին աջակցելու համար անհրաժեշտ է աղոթքով ապավինել Եհովային, առաջնորդվել նրա սուրբ ոգով և հմտորեն գործածել նրա Խոսքը (Առակ. 3։5, 6; Ղուկ. 11։13; Եբր. 4։12)։
7. Որքանո՞վ է կարևոր, որ երեցները հովվեն իրենց հոգածության տակ գտնվող գառնուկներին։
7 Հին Իսրայելում հովիվը ունենում էր երկար գավազան, կամ՝ մահակ՝ հոտը հովվելու համար։ Այն ժամանակ, երբ ոչխարները մտնում էին փարախ կամ դուրս էին գալիս այնտեղից, նրանք անցնում էին «գաւազանի տակից», և հովիվը հաշվում էր նրանց (Ղեւտ. 27։32; Միք. 2։12; 7։14)։ Երեցը նույնպես պետք է ճանաչի և հետևի իր հոգածության տակ գտնվող գառնուկներին (համեմատի՛ր Առակաց 27։23)։ Ուստի հովվելը այն կարևոր հարցերից է, որոնց ուշադրություն է դարձնում երեցների խորհուրդը։ Մոլորված գառնուկներին օգնելը նույնպես մտնում է հովվելու մեջ։ Եհովան ինքն ասաց, որ փնտրելու է իր ոչխարներին և տալու է նրանց այն, ինչի կարիքը որ ունեն (Եզեկ. 34։11)։ Ուստի Աստծուն հաճելի է, երբ երեցները իր պես ջանում են օգնել հոտից հեռացած գառնուկներին։
8. Ինչպե՞ս կարող են երեցները գառների հանդեպ անձնական ուշադրություն ցույց տալ։
8 Երբ հավատակիցը հիվանդ է, երեցների այցելությունը կարող է նրան ուրախացնել ու քաջալերել։ Նույն ուրախությունն ու քաջալերանքը կստանա նաև հոգևորապես տկար եղբայրը կամ քույրը։ Այցելության ժամանակ երեցները կարող են կարդալ սուրբգրային համարներ, քննարկել ինչ–որ հոդված կամ ժողովում հնչած ուշագրավ մտքեր, աղոթել նրանց հետ և այլն։ Նրանք նաև կարող են նշել, որ ժողովի անդամները շատ ուրախ կլինեն նրանց կրկին «փարախում» տեսնելու (2 Կորնթ. 1։3–7; Հակ. 5։13–15)։ Այցը, հեռախոսազանգը կամ նամակը կարող են մեծ նշանակություն ունենալ։ Հոտից բացակայող գառնուկին օգնելը կարող է մեծ ուրախություն պատճառել նաև հենց հովվին։
Միասնական ջանքեր
9, 10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ժողովի մյուս անդամները ևս կարող են հետաքրքրվել կորած գառնուկներով։
9 Ապրելով ծանր ժամանակներում՝ մենք գուցե չնկատենք, որ հավատակիցը ժողովից «մի կողմ է տարվում» (Եբր. 2։1)։ Բայց պետք է հիշենք, որ Եհովայի գառները թանկ են իր համար։ Նրանցից յուրաքանչյուրն արժեքավոր է, ինչպես որ արժեքավոր է մարմնի ամեն մի անդամ։ Ուստի մենք բոլորս անհատապես պետք է հետաքրքրվենք մեր եղբայրներով և քույրերով ու հոգատար լինենք իրար նկատմամբ (1 Կորնթ. 12։25)։ Դու է՞լ ես Եհովայի պես թանկ համարում նրանց։
10 Թեև երեցների՛ պատասխանատվությունն է փնտրել ու օգնել մոլորված գառնուկներին, սակայն միայն նրանք չէ, որ կարող են հետաքրքրվել նրանցով։ Ժողովի մյուս անդամները կարող են համագործակցել հովիվների հետ։ Մենք կարող ենք և պետք է քաջալերենք ու հոգևորապես օգնենք մեր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր հոտ վերադառնալու համար օգնության կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող ենք օգնել։
11, 12. Ի՞նչ կարող ես անել նրանց համար, ովքեր հոգևոր օգնության կարիք ունեն։
11 Որոշ դեպքերում երեցները գուցե խնդրեն փորձառու քարոզիչներին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել ոչ ակտիվ հավատակիցների հետ, ովքեր ուզում են օգնություն ստանալ։ Նպատակը նրանց մեջ «սկզբում ունեցած սերը» կրկին բորբոքելն է (Հայտն. 2։1, 4)։ Մեր այդ եղբայրներն ու քույրերը կարող են հոգևորապես կերտվել և զորանալ՝ քննելով այն ամենը, ինչ ուսումնասիրվել է ժողովում նրանց բացակայության ժամանակ։
12 Եթե երեցները առաջարկում են քեզ, որ ուսումնասիրություն անցկացնես օգնության կարիք զգացող հավատակցիդ հետ, ապա աղոթիր, որ Եհովան առաջնորդի քեզ և օրհնի ջանքերդ։ «Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները» (Առակ. 16։3)։ Խորհրդածիր, թե ինչ սուրբգրային համարներ և հավատ կերտող մտքեր կարող ես քննարկել այդ եղբոր կամ քրոջ հետ։ Պողոս առաքյալը գերազանց օրինակ է թողել (կարդա՛ Հռոմեացիներ 1։11, 12)։ Նա փափագում էր տեսնել Հռոմի քրիստոնյաներին, որպեսզի հոգևոր պարգև փոխանցի և դրանով իսկ հաստատի նրանց։ Առաքյալը նաև ակնկալում էր, որ այդ քաջալերությունը փոխադարձ լինի։ Չպե՞տք է արդյոք մենք էլ նման ոգի դրսևորենք, երբ ուզում ենք օգնել մոլորված գառնուկներին։
13. Ինչի՞ մասին կարող ես խոսել ոչ ակտիվ քարոզչի հետ ուսումնասիրության ընթացքում։
13 Ուսումնասիրության ընթացքում կարող ես հարցնել. «Ինչպե՞ս ես իմացել ճշմարտությունը»։ Օգնիր նրան վերհիշելու անցյալի ուրախությունները։ Գուցե նա հիշի հաճելի պահեր ու դեպքեր ժողովի հանդիպումներից, քարոզչական ծառայությունից և համաժողովներից։ Հիշեք այն երջանիկ ժամանակները, երբ միասին ծառայում էիք Եհովային։ Պատմիր, թե ինչ ուրախություն է քեզ պատճառում Եհովային մոտենալը (Հակ. 4։8)։ Ցույց տուր երախտագիտությունդ այն բանի համար, որ Եհովան հոգ է տանում մեզ՝ իր ծառաներին, հատկապես որ նա մխիթարում և հույս է տալիս մեզ մեր նեղություններում (Հռոմ. 15։4; 2 Կորնթ. 1։3, 4)։
14, 15. Ո՞ր օրհնությունների մասին օգտակար կլինի հիշեցնել ոչ ակտիվ քարոզչին։
14 Ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի հիշեցնել եղբորը կամ քրոջը մի քանի օրհնությունների մասին, որոնք նա ժամանակին վայելել է՝ լինելով ժողովի ակտիվ անդամ։ Այդպիսի օրհնություն է եղել, օրինակ, Աստծու Խոսքի և Նրա նպատակների վերաբերյալ անընդհատ գիտելիքներ ստանալը (Առակ. 4։18)։ Երբ նա «ոգով էր ընթանում», անկասկած, հեշտությամբ էր դիմադրում մեղք գործելու գայթակղությանը (Գաղ. 5։22–26)։ Նա ուներ մաքուր խիղճ, ուստի կարողանում էր աղոթել Եհովային ու վայելել «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք ու պահպանում է մեր սրտերն ու մտքերը» (Փիլիպ. 4։6, 7)։ Մտքումդ պահիր այս բաները, անկեղծորեն հետաքրքրվիր նրանով և անպայման հորդորիր վերադառնալ հոտ (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։4)։
15 Ենթադրենք՝ երեցը հովվական այց է անում օգնության կարիք ունեցող մի ամուսնական զույգի։ Նա կարող է քաջալերել կողակիցներին վերհիշել այն ժամանակները, երբ առաջին անգամ իմացան ճշմարտությունը։ Որքա՜ն հրաշալի ու տրամաբանական էր ճշմարտությունը, ի՜նչ մեծ բավականություն էր այն պատճառում. նրանք իսկապես ազատված էին իրենց զգում (Հովհ. 8։32)։ Ամուսինների սրտերը լի էին երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ նրանք սովորում էին Եհովայի, նրա սիրո և չքնաղ նպատակների մասին (համեմատի՛ր Ղուկաս 24։32)։ Երեցը կարող է հիշեցնել նրանց, որ Աստծուն նվիրված քրիստոնյաները մտերիմ են Եհովայի հետ և նրան աղոթելու առանձնաշնորհում ունեն։ Նա համոզիչ կերպով կխրախուսի դարձյալ արձագանքել «երջանիկ Աստծու փառավոր բարի լուրին» (1 Տիմոթ. 1։11)։
Շարունակեք սիրել նրանց
16. Պատմիր որևէ դեպք, որից երևում է, որ հոգևոր օգնություն ցույց տալը շատ օգտակար կարող է լինել։
16 Գործնակա՞ն են արդյոք վերոհիշյալ առաջարկները։ Այո՛։ Օրինակ՝ մի եղբայր 12 տարեկանում դարձավ Թագավորության քարոզիչ, սակայն 15–ում թուլացավ և դարձավ ոչ ակտիվ։ Հետագայում նա կրկին սկսեց շփվել ժողովի հետ, և արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ծառայում է լիաժամ։ Նա հոգևորապես ապաքինվեց հատկապես մի երեցի շնորհիվ։ Այդ եղբայրը անչափ շնորհակալ էր իրեն ցույց տրված օգնության համար։
17, 18. Ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ՝ մոլորված գառնուկին օգնելու համար։
17 Սերն է մղում քրիստոնյաներին, որ օգնեն մոլորված գառնուկներին՝ վերադառնալու ժողով։ Իր հետևորդներին Հիսուսն ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։34, 35)։ Այո՛, սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող հատկությունն է։ Ուրեմն չպե՞տք է արդյոք սիրենք այն մկրտված քրիստոնյաներին, ովքեր դարձել են ոչ ակտիվ։ Անշուշտ, պետք է սիրենք։ Բայց անհրաժեշտ օգնությունը ցույց տալու համար հարկավոր է որոշ հատկություններ դրսևորել։
18 Իսկ ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ։ Սիրուց բացի, հարկ կլինի դրսևորել նաև կարեկցանք, բարություն, մեղմություն, երկայնամտություն, իսկ որոշ դեպքերում՝ ներողամտություն։ Պողոսը գրեց. «Հագեք կարեկցանքի ջերմ զգացմունքները, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և երկայնամտությունը։ Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, նույնն էլ դուք արեք։ Սակայն այս ամենից բացի՝ սե՛րը հագեք, որովհետև այն միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։12–14)։
19. Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել, որ օգնենք գառնուկներին վերադառնալու հոտ։
19 Հաջորդ հոդվածում կներկայացվեն մի քանի պատճառներ, թե ինչու են ոմանք մոլորվում։ Նաև կխոսվի այն մասին, թե նրանք, ովքեր վերադառնում են, ինչ ընդունելություն կարող են ակնկալել ժողովում։ Վստահ եղիր, որ արժե գործադրել ցանկացած ջանք՝ օգնելու համար գառնուկներին վերադառնալ հոտ։ Այս և հաջորդ հոդվածները կօգնեն քեզ այս հարցում։ Իրերի ներկա համակարգում շատերը իրենց ամբողջ կյանքը նվիրում են հարստություն դիզելուն, բայց իրականում մեկ կյանքը ավելի թանկ արժե, քան աշխարհում եղած բոլոր գանձերը։ Հիսուսը կորած ոչխարի օրինակով այս միտքն ընդգծեց (Մատթ. 18։12–14)։ Միշտ հիշիր սա և հրատապության զգացումով ջանքեր գործադրիր, որ օգնես Եհովայի թանկագին գառնուկներին վերադառնալու հոտ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ պատասխանատվություն ունեն քրիստոնյա հովիվները մոլորված գառնուկների առնչությամբ։
• Ինչպե՞ս կարող ես օգնել նրանց, ովքեր այժմ չեն մասնակցում ժողովի գործունեությանը։
• Ի՞նչ հատկություններ է անհրաժեշտ դրսևորել մոլորված գառնուկին օգնելու համար։
[նկար 10–րդ էջի վրա]
Սիրառատ հովիվները ջանում են օգնել նրանց, ովքեր մոլորվել են