«Ծովի երգը». կապող օղակ
ԻՍՐԱՅԵԼԻ Ազգային թանգարանում (Երուսաղեմ) 2007 թ. մայիսի 22–ին ցուցադրվեց եբրայերեն մի պատառիկ ձեռագիր, որը թվագրվում է 7–րդ կամ 8–րդ դարով։ Այն պարունակում է Ելից 13։19–16։1 հատվածը։ Ձեռագիրը ներառում է «Ծովի երգը», այսինքն՝ այն հաղթական երգը, որ իսրայելացիները երգեցին Կարմիր ծովի մոտ՝ ի նշան իրենց ազատագրման։ Ինչո՞վ է ուշագրավ այս ձեռագիրը։
«Ծովի երգը» ուշագրավ է նրանով, թե երբ է գրվել։ Մեռյալ ծովի ձեռագրերը գրվել են մ.թ.ա. 3–րդ դարից մինչև մ.թ. 1–ին դարն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հայտնաբերվել են մոտ 60 տարի առաջ։ Իսկ մինչ այդ ամենահին եբրայերեն ձեռագիրը եղել է Հալեպի մատյանը (թվագրվում է 930 թվականով)։ Բացառությամբ մի քանի պատառիկների՝ մ.թ.ա. 3–ից մինչև 10–րդ դարն ընկած ժամանակաշրջանին պատկանող եբրայերեն ուրիշ ոչ մի ձեռագիր չէր հայտնաբերվել։
Իսրայելի Ազգային թանգարանի տնօրեն Ջեյմս Սնայդերն ասում է. ««Ծովի երգը» ձեռագիրը կապող օղակ է Մեռյալ ծովի ձեռագրերի գրության և Հալեպի մատյանի գրության ժամանակների միջև»։ Այս ձեռագիրը, ինչպես որ մյուս հին աստվածաշնչային ձեռագրերը, ըստ նրա, «բացառիկ օրինակ է այն բանի, որ ժամանակի ընթացքում տեքստը մնացել է անփոփոխ»։
Ենթադրվում է, որ այս պատառիկը մեկն է այն բազմաթիվ ձեռագրերից, որոնք հայտնաբերվել էին 19–րդ դարի վերջերին Կահիրեի (Եգիպտոս) ժողովարաններից մեկում։ Բայց եբրայերեն ձեռագրերի մի կոլեկցիոներ, որի մոտ էր գտնվում այդ պատառիկը, չգիտեր դրա կարևորության մասին այնքան ժամանակ, մինչև որ 1970–ականներին չխոսեց մի մասնագետի հետ։ Ածխածնային մեթոդով պատառիկի տարիքը որոշվեց, հետո այն պահվեց արխիվում մինչ այն օրը, երբ հանվեց ցուցադրման Իսրայելի Ազգային թանգարանում։
Խոսելով ձեռագրի արժեքավորության մասին՝ Սուրբ Գրքի տաճարի (Իսրայելի Ազգային թանգարան) տնօրեն և Մեռյալ ծովի ձեռագրերի խնամատար Ադոլֆո Ռոյտմանը նշեց. ««Ծովի երգը» ձեռագիրը վառ ապացույց է այն բանի, որ մասորեթները Աստվածաշնչի տեքստերը դարեր շարունակ փոխանցել են բացառիկ ճշգրտությամբ։ Անհավատալի է, թե ի՜նչ ճշտությամբ է համընկնում 7–8-րդ դարերի «Ծովի երգը» այսօրվա տեքստին»։
Աստվածաշունչը Եհովայի ներշնչյալ Խոսքն է, և առաջին հերթին Նա է հետևել նրա պահպանմանը։ Բացի այդ, այն գրագիրների կողմից արտագրվել է ամենայն ուշադրությամբ։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահել Սուրբ Գրքի այն տեքստին, որ այսօր կա մեր ձեռքի տակ։
[նկար 32–րդ էջի վրա]
Courtesy of Israel Museum, Jerusalem