Ուրախություն գտիր աշակերտ պատրաստելու գործում
«Ուրեմն գնացե՛ք և.... աշակերտնե՛ր դարձրեք» (ՄԱՏԹ. 28։19)։
1–3. ա) Ի՞նչ են զգում շատերը, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք։
«ՊԱԿԻՍՏԱՆԻՑ եկած մի ընտանիքի հետ ես Աստվածաշունչ եմ ուսումնասիրում [երկուսուկես ամիս],— ասում է մի քույր, որը ծառայում է հինդիախոս խմբում (ԱՄՆ)։— Իհարկե, մենք մտերմացել ենք։ Սակայն նրանք շուտով վերադառնալու են Պակիստան, և աչքերս արցունքով են լցվում, երբ մտածում եմ այդ մասին։ Արտասվում եմ ոչ միայն այն պատճառով, որ չեմ տեսնի նրանց, այլև որ չեմ ունենա այն ուրախությունը, որ ստանում եմ Եհովայի մասին նրանց սովորեցնելուց»։
2 Իսկ դու այդ քրոջ պես երբևէ զգացե՞լ ես այն ուրախությունը, որ պատճառում է ինչ–որ մեկի հետ Աստվածաշունչ ուսումնասիրելը։ Հիսուսը և նրա աշակերտները մեծ ուրախություն էին ստանում աշակերտներ պատրաստելու գործից։ Երբ 70 աշակերտները ուրախ–ուրախ վերադարձան ծառայությունից, Հիսուսը «սուրբ ոգով ցնծաց» (Ղուկ. 10։17–21)։ Այսօր էլ են շատերը մեծ ուրախություն ստանում աշակերտներ պատրաստելու գործից։ 2007 թ.–ին ջանասեր քարոզիչները ամեն ամիս ուրախությամբ անցկացրել են միջին հաշվով Աստվածաշնչի վեցուկես միլիոն ուսումնասիրություն։
3 Որոշ քարոզիչներ, սակայն, դեռ չեն վայելել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու հաճույքը։ Ոմանց էլ չի հաջողվել ուսումնասիրություն անցկացնել վերջին տարիներին։ Ի՞նչ դժվարություններ կան, որոնք կարող են խանգարել մեզ ուսումնասիրություն անցկացնելու։ Ինչպե՞ս կարող ենք դրանք հաղթահարել։ Իսկ ի՞նչ օգուտներ կստանանք, եթե ամեն ինչ անենք Հիսուսի հետևյալ պատվերին հնազանդվելու համար. «Ուրեմն գնացե՛ք և.... աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթ. 28։19)։
Դժվարություններ, որոնք կարող են խլել մեր ուրախությունը
4, 5. ա) Աշխարհի որոշ մասերում ինչպե՞ս են մարդիկ արձագանքում բարի լուրին։ բ) Ի՞նչ դժվարությունների են քարոզիչները բախվում այլ վայրերում։
4 Աշխարհի որոշ մասերում մարդիկ մեծ հաճույքով են վերցնում մեր գրականությունը և շատ են ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ավստրալացի մի ամուսնական զույգ, որը ժամանակավորապես ծառայում էր Զամբիայում, գրում է. «Իրոք, ճիշտ են ասում. Զամբիան քարոզչական դրախտ է։ Փողոցի ծառայությունը աննկարագրելի է։ Մարդիկ իրենք են մեզ մոտենում, իսկ ոմանք նույնիսկ հարցնում են, թե ունենք այսինչ կամ այնինչ պարբերագիրը»։ Վերջերս Զամբիայում եղբայրներն ու քույրերը միջին հաշվով անցկացրել են Աստվածաշնչի ավելի քան 200 000 ուսումնասիրություն, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրը ուսումնասիրում է առնվազն մեկ մարդու հետ։
5 Ուրիշ վայրերում, սակայն, քարոզիչների համար դժվար է գրականություն տարածել կամ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություններ անցկացնել։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ մարդիկ տանը չեն լինում, իսկ նրանք ովքեր տանն են լինում, հաճախ անտարբեր են կրոնի հանդեպ։ Միգուցե նրանք մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ կրոնով չեն հետաքրքրվել, կամ էլ պարզապես հիասթափվել են կեղծ կրոնում տիրող կեղծավորությունից։ Շատ մարդիկ հոգևորապես վնասվել, կեղեքվել և ցիրուցան են եղել կեղծ հովիվների կողմից (Մատթ. 9։36)։ Կարելի է հասկանալ, թե ինչու են նրանք խուսափում Աստվածաշնչի մասին խոսելուց։
6. Ի՞նչ դժվարություններ գուցե ունենան որոշ քարոզիչներ։
6 Որոշ քարոզիչներ էլ բախվում են ուրիշ դժվարությունների, որոնց պատճառով գուցե կորցնեն ուրախությունը։ Թեև նրանք մի ժամանակ շատ ակտիվ են եղել աշակերտ պատրաստելու գործում, այժմ տարիքը կամ հիվանդությունը սահմանափակում է նրանց հնարավորությունները։ Սրանց կարելի է ավելացնել այն դժվարությունները, որոնք մենք ինքներս ենք ստեղծում։ Օրինակ՝ գուցե մտածենք, որ բավականաչափ ունակ չենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Գուցե մեզ զգանք ինչպես Մովսեսը։ Երբ Եհովան նրան հանձնարարեց խոսել փարավոնի հետ, նա ասաց. «Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուանից ու մէկէլ օրուանից» (Ելից 4։10)։ Իր հերթին՝ թերարժեքության զգացումը կարող է ստիպել մեզ մտածելու. «Քանի որ կատարյալ ուսուցիչ չեմ, չեմ կարող աշակերտ պատրաստել»։ Որպեսզի չտեսնենք մեր «անհաջողությունը», հնարավոր է՝ հրաժարվենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս դժվարությունները։
Պատրաստիր սիրտդ
7. Ի՞նչն էր Հիսուսի համար մղիչ ուժ հանդիսանում ծառայության մեջ։
7 Առաջին հերթին պետք է պատրաստենք մեր սիրտը։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է.... բերանը խոսում» (Ղուկ. 6։45)։ Նա անկեղծորեն հետաքրքրվում էր մարդկանց բարօրությամբ։ Դա նրա համար մղիչ ուժ էր հանդիսանում ծառայության մեջ։ Երբ տեսավ իր ազգակիցների հոգևոր աղքատ վիճակը, «խղճաց նրանց»։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է.... Աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։36–38)։
8. ա) Ինչի՞ մասին լավ կլինի մտածել։ բ) Ի՞նչ են մեզ ասում Աստվածաշունչ ուսումնասիրողի խոսքերը։
8 Լավ կլինի խորությամբ մտածել, թե ինչ օրհնություններ ենք ստացել այն բանի շնորհիվ, որ ինչ–որ մեկը ժամանակ է տրամադրել մեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Մտածիր նաև այն մարդկանց մասին, ում կհանդիպես ծառայության ժամանակ, և այն մասին, թե ինչ օգուտներ նրանք կստանան, եթե լսեն բարի լուրը։ Մի կին իր երկրում գտնվող մասնաճյուղին գրեց. «Ուզում եմ ասել, որ անչափ շնորհակալ եմ այն Վկաներին, որոնք գալիս են իմ տուն և ուսուցանում են ինձ։ Գիտեմ, որ երբեմն հոգնեցնում եմ նրանց՝ բազմաթիվ հարցեր տալով ու երկար պահելով։ Բայց նրանք համբերատար են և ուրախությամբ են ինձ սովորեցնում իրենց իմացածը։ Շնորհակալ եմ Եհովային և Հիսուսին նրանց համար»։
9. Ինչի՞ վրա էր կենտրոնանում Հիսուսը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
9 Անշուշտ, ոչ բոլորը դարձան Հիսուսի աշակերտներ՝ չնայած նրա ջանքերին (Մատթ. 23։37)։ Ոմանք որոշ ժամանակ հետևեցին նրան, բայց հետո մերժեցին Հիսուսի ուսմունքները և «այլևս չէին շրջում նրա հետ» (Հովհ. 6։66)։ Սակայն նա թույլ չտվեց, որ նման արձագանքը ստիպի իրեն մտածելու, թե իր ծառայությունն անիմաստ է։ Թեև իր ցանած սերմերը մեծ մասամբ պտուղ չբերեցին, Հիսուսը կենտրոնացավ իր գործի տված օգուտների վրա։ Նա տեսնում էր, որ արտերը սպիտակել են հնձի համար, և մեծ ուրախություն էր ստանում հնձին մասնակցելուց (կարդա՛ Հովհաննես 4։35, 36)։ Հիսուսի պես՝ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե հասկերի արանքից երևացող հողի վրա, այլ այն բերքի վրա, որը կարող է լինել մեզ նշանակված տարածքում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք նման դրական տրամադրվածություն ձեռք բերել և պահպանել։
Ցանիր հնձելու ակնկալիքով
10, 11. Ի՞նչ կարող ես անել ուրախությունդ պահպանելու համար։
10 Հողագործը սերմը ցանում է բերք ստանալու ակնկալիքով։ Նմանապես, մենք պետք է քարոզենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու ակնկալիքով։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե կանոնավորաբար ժամանակ ես տրամադրում տնետուն ծառայությանը, բայց տանը քչերն են լինում, կամ էլ չես կարողանում վերայցելել անհատին, որովհետև ամեն անգամ, երբ գնում ես, տանը չի լինում։ Նման բաների պատճառով գուցե վհատվես։ Կմտածե՞ս, թե իմաստ չունի գնալ տնետուն։ Իհարկե ոչ։ Շատերը բարի լուրը առաջին անգամ լսել են հենց տնետուն ծառայության շնորհիվ, ծառայություն, որի արդյունավետությունը ստուգվել է ժամանակով։
11 Ուրախությունդ պահպանելու համար դու կարող ես քարոզչական ուրիշ մեթոդներ էլ կիրառել։ Օրինակ՝ փորձե՞լ ես վկայություն տալ փողոցում կամ գործարար տարածքում։ Կարո՞ղ ես քարոզել հեռախոսով կամ էլ վերցնել հետաքրքրված անհատների հեռախոսահամարները, որպեսզի կարողանաս նրանց հետ կապ պահպանել։ Ծառայության ժամանակ հաստատակամություն և ճկունություն դրսևորելով՝ կգտնես մարդկանց, ովքեր դրականորեն կարձագանքեն Թագավորության լուրին։ Դա քեզ մեծ ուրախություն կպարգևի։
Հաղթահարենք անտարբերությունը
12. Ի՞նչ կարող ես անել, եթե շատերը քո տարածքում անտարբեր են։
12 Ի՞նչ կարող ես անել, եթե քո տարածքում շատերն անտարբեր են կրոնի հանդեպ։ Կարո՞ղ ես մատուցումդ հարմարեցնել նրանց հետաքրքրություններին։ Պողոս առաքյալը կորնթացի հավատակիցներին գրեց. «Հրեաների համար հրեայի պես եղա.... Նրանց համար, ովքեր առանց օրենքի են, օրենք չունեցողի պես եղա (թեպետ Աստծու առաջ ես առանց օրենքի չեմ....)»։ Ինչո՞ւ էր նա այդպես անում։ «Ամեն տեսակ մարդկանց համար ես ամեն ինչ եղա,— ասաց նա,— որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ» (1 Կորնթ. 9։20–22)։ Կարո՞ղ ենք Պողոսի նման խոսել այնպիսի թեմաներով, որոնք հետաքրքրում են մեր տարածքի բնակիչներին։ Բազմաթիվ ոչ կրոնասեր մարդիկ ուզում են լավացնել իրենց ընտանեկան փոխհարաբերությունները։ Միգուցե նրանք կյանքի իմաստն են փնտրում։ Կարո՞ղ ենք Թագավորության լուրն այնպես ներկայացնել, որ հասնի նրանց սրտին։
13, 14. Ինչպե՞ս կարող ես ավելացնել ուրախությունդ աշակերտներ պատրաստելու գործում։
13 Գնալով ավելի շատ քարոզիչներ են մեծ ուրախություն ստանում աշակերտ պատրաստելու գործից նույնիսկ այն տարածքներում, որտեղ մարդկանց մեծամասնությունը անտարբեր է բարի լուրի հանդեպ։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում։ Նրանք օտար լեզու են սովորում։ Օրինակ՝ 60–ն անց մի ամուսնական զույգ տեսավ, որ իր ժողովի տարածքում ապրում են հազարավոր չինացի ուսանողներ՝ իրենց ընտանիքներով։ «Այդ պատճառով էլ որոշեցինք չինարեն սովորել,— պատմում է ամուսինը։— Թեև դա նշանակում էր ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել չինարեն սովորելուն, արդյունքում բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցինք այդ լեզվով»։
14 Նույնիսկ եթե չես կարող օտար լեզու սովորել, կարող ես օգտվել «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկից։ Նաև կարող ես քեզ հետ ունենալ գրականություն այն լեզվով, որով խոսում են քեզ հանդիպած օտարախոս մարդիկ։ Ինչ խոսք, լրացուցիչ ժամեր և ուժեր են պահանջվում հաղորդակցվելու համար նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով և ունեն այլ մշակույթ։ Բայց մի մոռացիր հետևյալ սուրբգրային սկզբունքը. «Նա, ով առատաձեռնությամբ է ցանում, առատությամբ էլ կհնձի» (2 Կորնթ. 9։6)։
Ամբողջ ժողովի գործն է
15, 16. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ աշակերտ պատրաստելը ամբողջ ժողովի գործն է։ բ) Ի՞նչ դեր են խաղում տարեց հավատակիցները Աստվածաշունչ ուսումնասիրողի առաջադիմության հարցում։
15 Իրականում աշակերտ պատրաստելու գործը կախված չէ մեկ անհատից։ Այդ գործին մասնակցում է ամբողջ ժողովը։ Ինչպե՞ս։ Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։35)։ Իսկապե՛ս։ Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները գալիս են մեր հանդիպումներին, նրանք հաճախ տպավորվում են այն ջերմ մթնոլորտից, որ տիրում է մեզանում։ Մի ուսումնասիրող գրում է. «Ինձ այնքա՜ն դուր է գալիս հանդիպումներին հաճախելը։ Մարդիկ այնքա՜ն բարեհամբույր են»։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր կդառնան իր հետևորդները, հակառակության կբախվեն իրենց իսկ ընտանիքում (կարդա՛ Մատթեոս 10։35–37)։ Սակայն Քրիստոսը նաև ասաց, որ այդ մարդիկ ժողովում կգտնեն բազմաթիվ հոգևոր «եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ» (Մարկ. 10։30)։
16 Հատկապես մեր տարեց եղբայրներն ու քույրերը կարևոր դեր են խաղում այն բանում, որ Աստվածաշունչ ուսումնասիրողներն առաջադիմեն։ Ինչպե՞ս։ Նրանք, նույնիսկ եթե ի վիճակի չեն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու, ժողովի հանդիպումներին իրենց կերտիչ մեկնաբանություններով ամրացնում են բոլոր ներկաների հավատը։ Այն, որ նրանք երկար տարիներ քայլել են «արդարության ճանապարհով», ավելի է գեղեցկացնում ժողովը և ավելի գրավիչ է դարձնում Աստծու կազմակերպությունը ազնվասիրտ մարդկանց համար (Առակ. 16։31)։
Հաղթահարենք անհանգստությունը
17. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել թերարժեքության զգացումը։
17 Ի՞նչ կարող ես անել, եթե պայքարում ես թերարժեքության զգացումի դեմ։ Հիշիր, որ Եհովան օգնեց Մովսեսին՝ տալով իր սուրբ ոգին, ինչպես նաև տալով օգնական, որը նրա եղբայր Ահարոնն էր (Ելից 4։10–17)։ Հիսուսը խոստացավ, որ Աստծու ոգին թիկունք կկանգնի մեր քարոզչական գործին (Գործ. 1։8)։ Հիշենք նաև, որ Քրիստոսն իր աշակերտներին ուղարկեց քարոզելու զույգերով (Ղուկ. 10։1)։ Ուստի, եթե դժվարանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, աղոթիր, որ Աստծու ոգին քեզ իմաստություն տա, նաև ծառայիր այնպիսի քարոզչի հետ, ով կարող է վստահություն ներշնչել և իր փորձով օգնել քեզ։ Քո հավատը կզորանա, եթե հիշես, որ Եհովան ընտրում է հասարակ մարդկանց՝ «աշխարհի թույլերին», այս առանձնահատուկ գործն անելու համար (1 Կորնթ. 1։26–29)։
18. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անհաջողության մատնվելու վախը։
18 Ինչպե՞ս հաղթահարել անհաջողության մատնվելու վախը։ Լավ կլինի հիշել, որ աշակերտ պատրաստելը նման չէ ճաշ պատրաստելուն, երբ ամեն ինչ կախված է միայն մեկից՝ խոհարարից։ Աշակերտ պատրաստելը մեկ հոգու գործ չէ։ Գործի հիմնական մասն անում է Եհովան. նա անհատին ձգում է դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Մենք և ժողովի մյուս անդամները, կիրառելով սովորեցնելու արվեստը, մեր լավագույնն ենք անում, որ ուսումնասիրողն առաջադիմի (կարդա՛ 2 Տիմոթեոս 2։15)։ Նա էլ, իր հերթին, պետք է կիրառի սովորածը (Մատթ. 7։24–27)։ Անշուշտ, ցավալի է, երբ անհատը դադարեցնում է ուսումնասիրությունը։ Մենք հուսով ենք, որ ուսումնասիրողները ճիշտ ընտրություն կկատարեն։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ «իր անձի համար հաշիվ պիտի տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։
Ի՞նչ օգուտներ ենք ստանում
19–21. ա) Ի՞նչ օգուտներ ենք ստանում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց։ բ) Ի՞նչ է Եհովան համարում բոլոր քարոզիչներին։
19 Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելն օգնում է մեզ կենտրոնացած մնալու Թագավորության վրա։ Բացի այդ, Աստծու Խոսքի ճշմարտությունները դրոշմվում են մեր մտքում և սրտում։ Բարակ անունով մի ռահվիրա բացատրում է. «Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը քեզ ստիպում է խորությամբ ուսումնասիրելու Աստծու Խոսքը։ Հասկացա, որ ես ինքս պետք է ամուր համոզմունքներ ունենամ և հետո նոր հարկ եղած ձևով ուսուցանեմ մեկ ուրիշի»։
20 Արդյոք այն, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն չես անցկացնում, նշանակո՞ւմ է, որ Աստված չի գնահատում քո ծառայությունը։ Անշուշտ ոչ։ Եհովան շատ է գնահատում այն, որ մենք ջանում ենք փառաբանել իրեն։ Բոլոր քարոզիչներն էլ «Աստծու համագործակիցներն են»։ Այդուհանդերձ, ուսումնասիրություն անցկացնելը ավելացնում է մեր ուրախությունը, որովհետև տեսնում ենք, թե ինչպես է Աստված աճեցնում մեր տնկածը (1 Կորնթ. 3։6, 9)։ էմի անունով մի ռահվիրա ասում է. «Երբ տեսնում ես, թե ինչպես է ուսումնասիրողն առաջադիմում, երախտագիտությամբ ես լցվում Եհովայի հանդեպ այն բանի համար, որ Նա քո միջոցով նրան տալիս է մի չքնաղ նվեր՝ հնարավորություն՝ իմանալու իր մասին և հնարավորություն՝ ստանալու հավիտենական կյանք»։
21 Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելն ու անցկացնելը կօգնի մեզ կենտրոնացած մնալու սուրբ ծառայության վրա և կամրացնի նոր աշխարհ մտնելու մեր հույսը։ Նաև, Եհովայի աջակցությամբ կկարողանանք օգնել մեզ լսողներին, որ փրկվեն (կարդա՛ 1 Տիմոթեոս 4։16)։ Ի՜նչ ուրախություն կլինի, երբ այս ամենը տեսնենք իրականացած։
Հիշո՞ւմ եք
• Ո՞ր դժվարություններն են ոմանց խանգարում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։
• Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր տարածքում շատերը անտարբեր են կրոնի հանդեպ։
• Ի՞նչ օգուտներ ենք ստանում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց։
[նկար 9–րդ էջի վրա]
Կարո՞ղ ես քարոզչական ուրիշ մեթոդներ ևս կիրառել՝ ազնվասիրտ մարդկանց գտնելու նպատակով