ԳԼՈՒԽ 9
Բարի լուրը քարոզելու կերպեր
ՀԻՍՈՒՍԸ եռանդորեն էր քարոզում բարի լուրը և այդպիսով լավ օրինակ թողնում իր հետևորդների համար։ Նա նախաձեռնություն էր վերցնում մարդկանց հետ զրուցելու, նաև նրանց ուսուցանելու թե՛ տներում և թե՛ հասարակական վայրերում (Մատթ. 9։35; 13։36; Ղուկ. 8։1)։ Նա խոսում էր մարդկանց հետ անհատապես, ուսուցանում էր իր աշակերտներին, երբ մենակ էին, նաև քարոզում էր հազարավոր մարդկանց առաջ (Մարկ. 4։10–13; 6։35–44; Հովհ. 3։2–21)։ Հիսուսը օգտագործում էր ամեն հնարավորություն, որպեսզի քաջալերեր և հույս տար մարդկանց (Ղուկ. 4։16–19)։ Նա վկայություն տալու ոչ մի առիթ բաց չէր թողնում, անգամ երբ հանգստանալու և թարմանալու կարիք էր ունենում (Մարկ. 6։30–34; Հովհ. 4։4–34)։ Երբ կարդում ենք Հիսուսի ծառայության մասին այս ներշնչված արձանագրությունները, մի՞թե չենք մղվում ընդօրինակելու նրան։ Այո՛, հենց այդպես վարվեցին առաքյալները (Մատթ. 4։19, 20; Ղուկ. 5։27, 28; Հովհ. 1։43–45)։
2 Քննենք, թե քրիստոնյաներն այսօր ինչ կերպերով կարող են մասնակցել Հիսուսի կողմից մոտ 2 000 տարի առաջ սկիզբ դրած գործին։
ՏՆԵՏՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
3 Եհովայի վկաները հասկանում են, թե որքան կարևոր է կազմակերպված ձևով քարոզել բարի լուրը տնետուն։ Նրանք այնքան ակտիվորեն են մասնակցում ծառայության այս ձևին, որ այն դարձել է նրանց բնորոշող նշանը։ Այս մեթոդը գործնական է, քանի որ կարճ ժամանակամիջոցում վկայություն է տրվում միլիոնավոր մարդկանց (Մատթ. 11։19; 24։14)։ Իրականում, ծառայելով տնետուն՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի և մեր մերձավորի հանդեպ (Մատթ. 22։34–40)։
4 Տնետուն ծառայությունը Եհովայի վկաները չեն հնարել։ Պողոս առաքյալը նշում է տներում մարդկանց ուսուցանելու մասին։ Եփեսոսի ժողովի վերակացուներին իր ծառայության մասին պատմելիս նա ասաց. «Առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա.... ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց.... տնից տուն»։ Այս և այլ կերպերով Պողոսը «ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին հիմնովին վկայություն տվեց Աստծու հանդեպ զղջման և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին» (Գործ. 20։18, 20, 21)։ Այդ ժամանակ Հռոմի կայսրերը կռապաշտություն էին խրախուսում, և շատերը «վախենում էին աստվածներից»։ Շատ կարևոր էր, որ մարդիկ փնտրեին այն Աստծուն, «որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան», նրան, ով «ասում է, որ բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործ. 17։22–31)։
5 Այսօր բարի լուրը մարդկանց հասցնելը շատ ավելի հրատապ է։ Արագորեն մոտենում է այս չար աշխարհի վախճանը։ Ուստի անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել հիմա, նախքան կգա վերջը։ Ժամանակով փորձված այս մեթոդը լավագույնն է ճշմարտությանը ծարավ մարդկանց գտնելու համար։ Այն այսօր էլ նույնքան արդյունավետ է, որքան Հիսուսի և առաքյալների օրերում է եղել (Մարկ. 13։10)։
6 Լիարժեքորե՞ն ես մասնակցում տնետուն ծառայությանը։ Եթե այո, ապա ուրախացնում ես Եհովային (Եզեկ. 9։11; Գործ. 20։35)։ Քեզ համար գուցե դժվար է ծառայել տնետուն։ Հնարավոր է՝ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունես կամ այնպիսի տարածքում ես քարոզում, որտեղ մարդիկ հակված չեն լսելու բարի լուրը։ Գուցե կառավարությունն է սահմանափակումներ դրել մեր գործունեության վրա։ Կամ թերևս ամաչկոտ ես և դժվարանում ես զրույց սկսել անծանոթ մարդկանց հետ, այդ պատճառով ամեն անգամ տնետուն ծառայելիս պայքարում ես անհանգստության զգացումի դեմ։ Սակայն մի՛ հուսահատվիր (Ելք 4։10–12)։ Շատ վայրերում քո եղբայրները նույն դժվարություններին են բախվում։
7 Հիսուսն իր աշակերտներին խոստացավ. «Ես ձեզ հետ կլինեմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Այդ խոստումը զորացնում է մեզ աշակերտներ պատրաստելու գործում և մեր մեջ առաջացնում այն նույն զգացումները, որ Պողոսն ուներ. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։ Լիարժեքորեն օգտվիր ամեն շաբաթ տնետուն ծառայելու համար ժողովի նախատեսած միջոցառումներից։ Ուրիշների հետ համագործակցելով՝ դու քաջալերանք և օգնություն կստանաս։ Աղոթիր, որ հաղթահարես ցանկացած խոչընդոտ, որին գուցե բախվես, և ջանասեր եղիր բարի լուրը քարոզելու գործում (1 Հովհ. 5։14)։
8 Բարի լուրը մարդկանց պատմելիս դու հնարավորություն կունենաս բացատրելու, թե ինչի վրա է հիմնված քո հույսը (1 Պետ. 3։15)։ Ավելի հստակ կտեսնես, թե ինչ մեծ տարբերություն գոյություն ունի Թագավորության հույսն ունեցող մարդկանց և այն մարդկանց միջև, որոնք ապրում են առանց հույսի (Ես. 65։13, 14)։ Դու բավականություն կստանաս՝ գիտակցելով, որ հնազանդվում ես Հիսուսի՝ «թող ձեր լույսը շողա» պատվերին, և գուցե կարողանաս օգնել մարդկանց ճանաչելու Եհովային և ընդունելու հավիտենական կյանքի տանող ճշմարտությունը (Մատթ. 5։16; Հովհ. 17։3; 1 Տիմոթ. 4։16)։
9 Տնետուն ծառայությունը կազմակերպվում է ինչպես շաբաթ-կիրակի, այնպես էլ մյուս օրերին։ Այն վայրերում, որտեղ ցերեկվա ժամերին դժվար է մարդկանց հանդիպել տանը, որոշ ժողովներ տնետուն ծառայությունը կազմակերպում են երեկոյան, քանի որ նկատվել է, որ մարդիկ ավելի հակված են զրուցելու ճաշից հետո կամ երեկոյան ժամերին։
ՓՆՏՐԵՆՔ ԱՐԺԱՆԻՆԵՐԻՆ
10 Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց փնտրել «արժանի» մարդկանց (Մատթ. 10։11)։ Բարի լուրի հանդեպ դրականորեն տրամադրված մարդկանց գտնելու համար նա չէր սահմանափակվում միայն տնետուն ծառայությամբ։ Ուստի վկայություն էր տալիս ամեն հարմար առիթով՝ թե՛ պաշտոնապես և թե՛ ոչ պաշտոնապես (Ղուկ. 8։1; Հովհ. 4։7–15)։ Առաքյալները նույնպես վկայություն էին տալիս մարդկանց տարբեր վայրերում (Գործ. 17։17; 28։16, 23, 30, 31)։
Մեր նպատակն է բարի լուրը հասցնել յուրաքանչյուր մարդու
11 Նմանապես այսօր մեր նպատակն է Թագավորության բարի լուրը հնարավորության դեպքում հասցնել յուրաքանչյուր մարդու։ Սա նշանակում է, որ աշակերտ պատրաստելու գործում մենք ընդօրինակում ենք Հիսուսին և նրա առաքյալներին՝ հաշվի առնելով մարդկանց փոփոխվող հանգամանքները (1 Կորնթ. 7։31)։ Օրինակ՝ որոշ քարոզիչներ հաջողությունների են հասել՝ ծառայելով գործարար տարածքներում։ Բազմաթիվ երկրներում արդյունավետ է ծառայել փողոցում, զբոսայգիներում, կայանավայրերում կամ այլ մարդաշատ վայրերում։ Որոշ ժողովներ իրենց տարածքում դրել են գրականության սեղաններ կամ շարժական ցուցատախտակներ։ Բացի այդ, մասնաճյուղը կարող է կազմակերպել հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքների մարդաշատ վայրերում՝ մի քանի ժողովներից ընտրելով քարոզիչների։ Այդպիսով բարի լուրը հասնում է այն մարդկանց, ովքեր տանը չեն լինում, երբ քարոզիչները այցելում են նրանց։
12 Երբ հանրային վայրերում հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր հետաքրքրություն են ցույց տալիս աստվածաշնչյան լուրի հանդեպ, կարող ենք համապատասխան գրականություն առաջարկել։ Նրանց հետաքրքրությունը զարգացնելու համար կարող ես քո կոնտակտային տվյալները տալ և պայմանավորվել կրկին հանդիպել, ծանոթացնել jw.org կայքին կամ հայտնել ժողովի հանդիպումների անցկացման ամենամոտ վայրը։ Գուցե նկատես, որ հասարակական վայրերում վկայություն տալը ծառայությունն ընդլայնելու հիանալի միջոց է։
13 Սակայն քրիստոնյաների գործը միայն բարի լուրը հռչակելը չէ։ Եթե ցանկանում ես մարդկանց օգնել, որ ընդունեն հավիտենական կյանքի տանող ճշմարտությունը, պետք է վերայցելություններ կատարես, որպեսզի նրանք հոգևորապես առաջադիմեն և դառնան հասուն քրիստոնյաներ։
ԿԱՏԱՐԵՆՔ ՎԵՐԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14 Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Նաև պատվիրեց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Վերայցելություններ կատարելը կարող է ուրախություն պատճառել քեզ։ Այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել բարի լուրի հանդեպ, երբ առաջին անգամ այցելել ես նրանց, ամենայն հավանականությամբ ուրախ կլինեն կրկին տեսնել քեզ։ Աստվածաշնչից ավելի շատ տեղեկություններ հայտնելով՝ դու կամրացնես նրանց հավատը Աստծու հանդեպ և կօգնես նրանց գիտակցելու իրենց հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։ Եթե պայմանավորվես վերայցելել հարմար ժամի և լավ նախապատրաստվես, գուցե կարողանաս Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Վերայցելություններ կատարելիս պետք է ունենալ այդպիսի նպատակ։ Մենք ոչ միայն ցանում ենք ճշմարտության սերմը, այլև ջրում այն (1 Կորնթ. 3։6)։
15 Սակայն ոմանց համար գուցե դժվար լինի վերայցելություններ կատարել։ Թերևս կարողանում ես տնետուն ծառայության ժամանակ հմտորեն կարճ մատուցում անել, ինչի արդյունքում բավականություն ես ստանում ծառայության այդ ձևից։ Բայց երբ մտածում ես վերայցելելու և անհատի հետ աստվածաշնչյան որևէ թեմա քննարկելու մասին, գուցե անհանգստանում ես։ Լավ նախապատրաստվելը ավելի մեծ վստահություն կտա քեզ։ Կիրառիր միջշաբաթյա հանդիպման ժամանակ տրվող գործնական առաջարկները։ Գուցե նաև ցանկանաս ավելի փորձառու քարոզչի հետ գնալ ծառայության։
ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16 Փիլիպոս ավետարանիչը հրեա պրոզելիտի հետ զրուցելիս, որը կարդում էր Աստծու Խոսքը, հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ Նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ «Գործեր» գրքի 8-րդ գլխում ասվում է, որ այդ մարդու կարդացած համարից սկսելով՝ Փիլիպոսը «քարոզեց Հիսուսի մասին բարի լուրը» (Գործ. 8։26–36)։ Մենք չգիտենք, թե որքան ժամանակ Փիլիպոսը զրուցեց այդ մարդու հետ, սակայն նա այնքան հիմնավոր կերպով ներկայացրեց նրան բարի լուրը, որ վերջինիս հավատը զորացավ, և խնդրեց ջրում մկրտել իրեն։ Այո՛, նա դարձավ Հիսուս Քրիստոսի աշակերտ։
17 Այսօր շատերը ծանոթ չեն Աստվածաշնչին, ուստի հարկավոր է շարունակաբար այցելել նրանց և Աստվածաշունչը ուսումնասիրել նրանց հետ շաբաթներ, ամիսներ շարունակ, մի տարի կամ դրանից ավելի, մինչև ամուր հավատ զարգացնեն և համապատասխանեն մկրտվելու չափանիշներին։ Սակայն այս գործում դրսևորած քո համբերատարությունն ու սերը կվարձատրվեն։ Հիսուսն ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։
18 Անկասկած, ցանկանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Կիրառելով միջշաբաթյա հանդիպման ժամանակ տրված ցուցումները և համագործակցելով ժողովի հմուտ ուսուցիչների հետ՝ դու կկարողանաս արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնել և օգնել մարդկանց դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտ։
19 Եթե Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու և անցկացնելու հարցում օգնության կարիք ունես, մի՛ հապաղիր դիմել երեցներից որևէ մեկին կամ որևէ հավատակցի, ով արդյունավետորեն Աստվածաշնչի ուսումնասիրություններ է անցկացնում։ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» ձեռնարկում տրված առաջարկները նույնպես կարող են օգնել քեզ այս հարցում։ Ապավինիր Եհովային և աղոթիր ուսումնասիրություն սկսելու մասին (1 Հովհ. 3։22)։ Եթե հնարավոր է, նպատակ դիր կանոնավորաբար անցկացնել Աստվածաշնչի առնվազն մեկ ուսումնասիրություն, բացի այն ուսումնասիրությունից, որ գուցե անցկացնում ես ընտանիքիդ անդամներից մեկի հետ։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելով՝ ծառայությունից ավելի մեծ ուրախություն կստանաս։
ՈՒՂՂԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻՆ ԴԵՊԻ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
20 Երբ օգնում ենք մարդկանց ճանաչելու Եհովա Աստծուն և դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը, նրանք դառնում են ժողովի մի մասը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները հոգևորապես կառաջադիմեն և կհասունանան, եթե օգնենք նրանց ճանաչելու Եհովայի կազմակերպությունը և համագործակցելու այդ կազմակերպության հետ։ Սակայն անհրաժեշտ է նրանց սովորեցնել, թե ինչպես կարող են դա անել։ Կարող ես օգտագործել կազմակերպության տեսաֆիլմերը և «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը, որոնք նախատեսված են դրա համար։ Այս գրքի 4-րդ գլխում տեղ գտած մտքերը նույնպես կարող են օգտակար լինել։
21 Ուսումնասիրության հենց սկզբից օգնիր անհատին տեսնելու, որ Եհովան կազմակերպություն է օգտագործում երկրի վրա քարոզչական գործն իրականացնելու համար։ Բացատրիր, թե որքան արժեքավոր են Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկները, և ինչպես են դրանք հրատարակվում ու առաքվում ամբողջ աշխարհում ծառայող կամավորների միջոցով։ Հրավիրիր ուսումնասիրողին Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Բացատրիր, թե ինչպես են անցկացվում ժողովի հանդիպումները և ծանոթացրու նրան եղբայրների և քույրերի հետ։ Օգնիր նրան շրջանային և տարածաշրջանային համաժողովների ժամանակ ծանոթանալու այլ Վկաների հետ։ Այս հանդիպումներին, ինչպես նաև այլ առիթների ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողը կտեսնի, թե ինչպես է Եհովայի ժողովուրդը սեր դրսևորում, որը քրիստոնյաներին բնորոշ հատկություն է (Հովհ. 13։35)։ Կազմակերպության հանդեպ գնահատանք զարգացնելով՝ նա կսկսի մտերմանալ Եհովայի հետ։
ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
22 Վաղ քրիստոնյաները Աստծու Խոսքի եռանդուն քարոզիչներ էին։ Նրանք արտագրում էին Սուրբ Գիրքը իրենց անձնական ուսումնասիրության, ինչպես նաև ժողովում քննարկելու համար։ Նրանք խրախուսում էին մարդկանց կարդալ Աստծու Խոսքը։ Թեև առաջին դարի քրիստոնյաները քիչ թվով ձեռագիր օրինակներ ունեին, բայց բարձր էին գնահատում դրանք (Կող. 4։16; 2 Տիմոթ. 2։15; 3։14–17; 4։13; 1 Պետ. 1։1)։ Այսօր օգտվելով ժամանակակից տպագրական միջոցներից՝ Եհովայի վկաները հրատարակում են հարյուր միլիոնավոր Աստվածաշնչեր և Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ, օրինակ՝ հարյուրավոր լեզուներով թերթիկներ, գրքույկներ, գրքեր և ամսագրեր։
23 Երբ բարի լուրը քարոզում ես ուրիշներին, օգտվիր այն ձեռնարկներից, որոնք նախատեսված են Աստվածաշնչի ուսումնասիրության համար։ Եհովայի վկաների հրատարակությունները կարդալն ու ուսումնասիրելը մեծ օգուտներ կբերեն քեզ և կմղեն սովորածիդ մասին պատմելու ուրիշներին (Եբր. 13։15, 16)։
24 Այսօր շատերի համար ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրը ինտերնետն է։ Մեր հրատարակություններից բացի, բարի լուրը տարածելու արդյունավետ միջոց է մեր պաշտոնական վեբ կայքը՝ jw.org։ Մարդիկ ամբողջ աշխարհում կարող են տարբեր լեզուներով կարդալ կամ լսել Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության ձայնագրությունները ինտերնետի միջոցով։ Այն մարդիկ, ովքեր վարանում են զրուցել մեզ հետ կամ ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ Եհովայի վկաներին հանդիպելու հնարավորությունները քիչ են, կարող են իրենց տանը կարդալ մեր համոզմունքների մասին jw.org կայքից։
25 Ամեն առիթի դեպքում մենք ներկայացնում ենք jw.org կայքը։ Եթե անհատը հարց է տալիս մեր համոզմունքների մասին, կարող ենք պատասխանը ցույց տալ մեր ձեռքի տակ եղած էլեկտրոնային սարքով կամ համակարգչով։ Եթե հանդիպել ենք այլ լեզվով խոսող մարդու, այդ թվում ժեստերի լեզվով խոսողի, մեր կայքից նրա լեզվով կարող ենք ցույց տալ, թե ինչպես գտնել ու կարդալ Աստվածաշունչ կամ աստվածաշնչյան որևէ հրատարակություն։ Շատ քարոզիչներ ցուցադրում են կայքում տեղադրված տեսանյութերից որևէ մեկը ու Աստվածաշնչի վրա հիմնված քննարկում սկսում։
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
26 Իր խոսքերին ուշադրություն դարձնող մարդկանց Հիսուսն ասաց. «Դուք աշխարհի լույսն եք....թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։14–16)։ Աշակերտները պետք է արտացոլեին Աստծու հատկությունները՝ ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին, որն ասաց. «Ես եմ աշխարհի լույսը»։ Հիսուսը, որը օրինակ է թողել քրիստոնյաների համար, հնարավորություն է տվել, որ «կյանքի լույսը» շողա իրեն լսողների վրա (Հովհ. 8։12)։
27 Պողոս առաքյալը նույնպես օրինակ է մեզ համար (1 Կորնթ. 4։16; 11։1)։ Աթենքում գտնվելիս նա ամեն օր վկայություն էր տալիս փողոցում հանդիպող մարդկանց (Գործ. 17։17)։ Փիլիպպեի քրիստոնյաները հետևում էին նրա օրինակին, ուստի Պողոսը ասաց, որ ապրելով «այս ծռված և ապականված սերնդի մեջ»՝ նրանք «փայլում են ինչպես լուսատուներ աշխարհում» (Փիլիպ. 2։15)։ Այսօր մենք նույնպես կարող ենք թույլ տալ, որ Թագավորության մասին ճշմարտությունը շողա մեր խոսքերի և գործերի միջոցով՝ ցանկացած առիթի դեպքում մարդկանց պատմելով բարի լուրի մասին։ Անկասկած, շատերը կնկատեն, որ մենք տարբերվում ենք այս աշխարհից՝ տեսնելով մեր օրինակելի վարքը՝ որպես ազնիվ ու արդար մարդիկ։ Իսկ եթե խոսենք բարի լուրի մասին, ապա նրանք կհասկանան, թե ինչու ենք մենք տարբերվում։
28 Բազմաթիվ Եհովայի վկաներ բարի լուրի մասին խոսում են նրանց հետ, ում հանդիպում են աշխատավայրում, դպրոցում կամ իրենց առօրյա գործերը կատարելիս։ Ճանապարհորդելիս մենք առիթ ունենք զրուցելու տարբեր մարդկանց հետ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի սովորական խոսակցությունը վերածելու վկայության և զրուցելու մարդկանց հետ ամեն հարմար առիթի դեպքում։
29 Բարի լուրը ուրիշներին պատմելով՝ մենք կքաջալերվենք, եթե հիշենք, որ վկայություն տալիս փառաբանում ենք մեր Արարչին և պատիվ բերում նրա անվանը։ Միևնույն ժամանակ կկարողանանք օգնել ազնվասիրտ մարդկանց ճանաչելու Եհովային, որպեսզի նրանք նույնպես ծառայեն նրան և ձեռք բերեն կյանքի հույս Հիսուս Քրիստոսին հավատ ընծայելու շնորհիվ։ Այս ամենը սրբազան ծառայություն է և հաճելի է Եհովա Աստծուն (Եբր. 12։28; Հայտն. 7։9, 10)։
ՏԱՐԱԾՔ
30 Եհովայի կամքն է, որ Թագավորության մասին բարի լուրը քարոզվի ամբողջ աշխարհում՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում։ Դրա համար ժողովները, ինչպես նաև այն քարոզիչները, որոնք ծառայում են հեռավոր վայրերում, իրենց տարածքի նշանակումները ստանում են մասնաճյուղից (1 Կորնթ. 14։40)։ Սա ներդաշնակ է Աստծու հիմնած այն կառույցին, որը գոյություն ուներ առաջին դարում (2 Կորնթ. 10։13; Գաղ. 2։9)։ Այս վերջին օրերում Թագավորության մասին բարի լուրը արագորեն տարածվում է, ուստի ավելի շատ մարդիկ կլսեն այն, եթե տարածքները կազմակերպված ձևով բաշխվեն։
31 Այս գործը վերահսկում է ժողովի ծառայողական վերակացուն։ Իսկ ծառայող օգնականներից մեկը կարող է նշանակել տարածքները։ Կան երկու տեսակ տարածքներ՝ խմբակային և անձնական։ Եթե տարածքները քիչ են, խմբերի վերակացուները իրենց մոտ կունենան մի քանի խմբակային տարածքներ, որտեղ խմբի քարոզիչները կարող են ծառայել։ Սակայն եթե ժողովը շատ տարածքներ ունի, քարոզիչները կարող են անձնական տարածք վերցնել։
32 Անձնական տարածք ունեցող քարոզիչը ծառայելու տեղ կունենա այն դեպքերում, երբ չկա քարոզչական ծառայության հանդիպում, կամ երբ իր համար գործնական չէ ծառայել իր քարոզչական խմբի հետ։ Օրինակ՝ որոշ քարոզիչներ տարածք են վերցրել իրենց աշխատավայրին մոտ և քարոզում են այնտեղ ընդմիջումների ժամանակ կամ աշխատանքից հետո։ Որոշ ընտանիքներ վերցրել են իրենց հարևանությամբ գտնվող տարածքներից մեկը և երեկոյան գնում են քարոզելու։ Հարմար վայրում անձնական տարածք ունենալը կօգնի քեզ արդյունավետորեն օգտագործելու ծառայությանը տրամադրած ժամանակը։ Ինչ խոսք, անձնական տարածքները ևս կարող են օգտագործվել խմբակային վկայության համար։ Եթե անձնական տարածք ես ուզում, կարող ես մոտենալ տարածքների համար պատասխանատու եղբորը։
33 Անկախ նրանից՝ խմբի վերակացուն է վերցրել խմբակային տարածք, թե քարոզիչն է վերցրել անձնական տարածք, տարածքը վերցնողը պետք է ողջամտության սահմաններում ջանք թափի, որ վկայություն տա ամեն տնից գոնե մեկին։ Տարածքը մշակելը պետք է այնպես կազմակերպվի, որ համապատասխանի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներին։ Խմբի վերակացուն կամ քարոզիչը պետք է չորս ամսում ավարտի ծառայությունը տվյալ տարածքում։ Երբ ավարտես տարածքում քարոզելը, տեղյակ պահիր տարածքների համար պատասխանատու եղբորը։ Կախված հանգամանքներից՝ խմբի վերակացուն կամ քարոզիչը կարող է շարունակել պահել այդ տարածքը կամ այն վերադարձնել տարածքների համար պատասխանատու եղբորը։
34 Երբ բոլոր քարոզիչները համագործակցում են միմյանց հետ, ժողովի տարածքը հիմնովին է քարոզվում։ Դրա շնորհիվ նույն տարածքը միևնույն ժամանակ չեն մշակի երկու կամ ավելի քարոզիչներ, ինչը կարող է նյարդայնացնել բնակիչներին։ Այդպես վարվելով՝ մենք շրջահայաց կլինենք թե՛ մեր եղբայրների և թե՛ մեր տարածքում ապրող մարդկանց նկատմամբ։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
35 Բոլոր մարդիկ կարիք ունեն սովորելու Եհովա Աստծու, նրա Որդու և Թագավորության մասին (Հայտն. 14։6, 7)։ Մենք ցանկանում ենք օգնել նաև մեր տարածքում ապրող այլալեզու մարդկանց փրկության համար կանչել Եհովայի անունը և հագնել նոր անձնավորությունը (Հռոմ. 10։12, 13; Կող. 3։10, 11)։ Ի՞նչ դժվարություններ են առաջանում բարի լուրը բազմալեզու տարածքներում քարոզելիս։ Ինչպե՞ս կարելի է հարթել դժվարությունները և հնարավորինս ավելի շատ մարդկանց օգնել բարի լուրը լսելու իրենց հասկանալի լեզվով (Հռոմ. 10։14)։
36 Յուրաքանչյուր ժողովի տարածքի նշանակումը արվում է ըստ լեզուների։ Ուստի բազմալեզու տարածքներում տարբեր ժողովի քարոզիչներ քարոզում են միևնույն տարածքում։ Նման դեպքում լավ կլինի, որ յուրաքանչյուր ժողովի քարոզիչները իրենց ուշադրությունը կենտրոնացնեն իրենց լեզվով խոսող մարդկանց քարոզելու վրա։ Նրանք այդպես կվարվեն նաև ամեն տարի անցկացվող քարոզարշավների ժամանակ։ Սակայն հրապարակային կամ ոչ պաշտոնական վկայության ժամանակ կարող ենք խոսել ցանկացած անհատի հետ և գրականություն առաջարկել ցանկացած լեզվով։
37 Երբեմն այլալեզու ժողովները չեն կարողանում կանոնավորաբար քարոզել հեռավոր տարածքներում։ Ուստի ժողովների ծառայողական վերակացուները պետք է համագործակցեն իրար հետ և կազմեն ժողովի տարածքը քարոզելու արդյունավետ մեթոդ։ Սա հնարավորություն կտա, որ բոլորը լսեն բարի լուրը, ինչի արդյունքում քարոզիչները անտեղի կրկնակի ջանք չեն թափի (Առակ. 15։22)։
38 Ի՞նչ պետք է անենք, եթե հանդիպում ենք ուրիշ լեզվով խոսող անհատի։ Չպետք է ենթադրենք, որ նրան կայցելեն իր լեզվով խոսող քարոզիչներ։ Որոշ քարոզիչներ այլ լեզվով պարզ մատուցումներ են սովորում։ Նաև կարող ենք ցույց տալ, թե ինչպես նա կարող է կարդալ կամ բեռնել գրականություն jw.org վեբ կայքից, կամ կարող ենք ասել, որ նրա լեզվով գրականություն կբերենք։
39 Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, ապա կարող ենք խնդրել համապատասխան քարոզչի օգնել նրան։ Կարող ենք նաև ասել նրան, թե մոտակայքում տվյալ լեզվով որտեղ են անցկացվում ժողովի հանդիպումներ։ Եթե նա ցանկություն հայտնի հանդիպել իր լեզվով խոսող անհատի, կարող ենք ցույց տալ նրան, թե ինչպես իր մասին տեղեկություն լրացնի jw.org վեբ կայքում։ Մասնաճյուղը իր հերթին հոգ կտանի, որ գտնի այդ լեզվով խոսող քարոզչի, խմբի կամ ժողովի, որը կշարունակի օգնել այդ անհատին։
40 Մենք պետք է շարունակենք այցելել անհատին, քանի դեռ նա չի ասում, որ իրեն արդեն այցելում են իր լեզվով խոսող մարդիկ։ Որոշ դեպքերում հնարավոր չի լինում գտնել այդ լեզվով խոսող քարոզչի։ Այդ դեպքում մենք պետք է շարունակենք զարգացնել անհատի հետաքրքրությունը։ Եթե հնարավոր է, կարող ենք ուսումնասիրություն սկսել նրա հետ իր լեզվով տպագրված հրատարակությունով։ Եթե անհատի ուշադրությունը ուղղենք նկարների վրա և խնդրենք նրան կարդալ նշված սուրբգրային համարները, ապա նա որոշ չափով աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք կբերի։ Հնարավոր է, որ նրա ընտանիքի անդամներից մեկը, որը բավարար չափով գիտի թե՛ իր լեզուն և թե՛ տվյալ երկրի լեզուն, կարողանա ձեզ համար լինել որպես թարգմանիչ։
41 Քանի որ մեր նպատակն է հետաքրքրություն ցույց տվող անհատին ուղղել դեպի Աստծու կազմակերպություն, մենք կարող ենք հրավիրել նրան տեղի ժողովի հանդիպումներին, նույնիսկ եթե իրեն հասկանալի լեզվով հանդիպումներ չկան։ Երբ Աստվածաշնչից համար է ընթերցվում, կարող ենք օգնել նրան իր լեզվով տպագրված Աստվածաշնչում գտնելու այն, եթե, իհարկե, այդ լեզվով Աստվածաշունչ կա։ Քրիստոնեական ընկերակցությունն ինքնին կարող է քաջալերական լինել և օգնել նրան հոգևորապես առաջադիմելու։
42 Նախախմբեր։ Նախախումբը կազմված է մի քանի քարոզիչներից, որոնք քարոզում են ոչ այն լեզվով, որով անցկացվում են ժողովի հանդիպումները, նույնիսկ եթե չկա համապատասխան որակներ ունեցող երեց կամ ծառայող օգնական, որպեսզի այդ լեզվով անցկացնի շաբաթական հանդիպումները։ Մասնաճյուղը կարող է ժողովը համարել նախախմբին հոգ տանող ժողով, եթե բավարարվում են հետևյալ պահանջները.
1) Տվյալ տարածքում մեծ թվով բնակիչներ խոսում են ոչ այն լեզվով, որով անցկացվում է ժողովը։
2) Առնվազն մի քանի քարոզիչներ գիտեն տվյալ լեզուն կամ ուզում են սովորել այն։
3) Երեցների խորհուրդը պատրաստակամ է առաջնորդություն վերցնելու, որ կազմակերպի այդ լեզվով քարոզչությունը։
Եթե երեցների խորհուրդը ցանկանում է նախախումբ կազմավորել, երեցները պետք է խորհրդակցեն շրջանային վերակացուի հետ։ Նա գուցե տեղյակ լինի, որ այլ ժողովներ փորձում են քարոզել այդ լեզվով խոսող մարդկանց, ու թերևս արժեքավոր տեղեկություն տա, որը կօգնի որոշելու, թե որ ժողովը ավելի լավ կլինի, որ նախախումբ կազմավորի։ Երբ որոշվի, թե որ ժողովն է դա անելու, երեցները նամակ կուղարկեն մասնաճյուղ և կխնդրեն, որ այն հավանություն տա, որպեսզի ժողովը պաշտոնապես համարվի նախախմբին հոգ տանող ժողով։
43 Խմբեր։ Մասնաճյուղը կարող է ժողովը համարել խմբին հոգ տանող ժողով, եթե բավարարվում են հետևյալ պահանջները.
1) Կան բավականաչափ հետաքրքրվող անհատներ և այդ դաշտում աճի պոտենցիալ։
2) Առնվազն փոքր թվով քարոզիչներ խոսում են այդ լեզվով կամ սովորում են այն։
3) Կա հմուտ երեց կամ ծառայող օգնական, որը կարող է առաջնորդություն վերցնել և այդ լեզվով անցկացնել շաբաթական առնվազն մեկ հանդիպում կամ այդ հանդիպման մի բաժինը, օրինակ՝ հանրային ելույթը կամ «Դիտարանի» ուսումնասիրությունը։
Եթե այս պահանջները ողջամտության սահմաններում բավարարվում են, երեցների խորհուրդը մանրամասն նամակ կուղարկի մասնաճյուղ՝ խնդրելով, որ ժողովը պաշտոնապես համարվի խմբին հոգ տանող ժողով։ Առաջնորդություն վերցնող երեցը կամ ծառայող օգնականը կհամարվի «խմբի վերակացու» կամ «խմբի ծառայող», որի պատասխանատվությունն է հոգ տանել խմբի մասին։
44 Խմբի կազմավորումից հետո տվյալ ժողովի երեցների խորհուրդը կորոշի, թե արդյոք ժողովի հանդիպումների մյուս բաժիններն էլ պետք է անցկացնել տվյալ լեզվով, և թե ամսվա մեջ քանի անգամ է հարկավոր հանդիպումներն անցկացնել այդ լեզվով։ Խումբը կարող է կազմակերպել նաև քարոզչական ծառայության հանդիպում։ Այլալեզու խմբում ծառայող բոլոր քարոզիչները ծառայում են իրենց խմբին աջակցող երեցների խորհրդի վերահսկողության ներքո։ Երեցները հավասարակշռված կերպով առաջնորդություն կվերցնեն և միջոցներ կձեռնարկեն խմբի կարիքները հոգալու համար։ Երբ շրջանային վերակացուն այցելում է որևէ ժողով և համագործակցում է այդ ժողովին կցված այլալեզու խմբի հետ, նա մասնաճյուղին համառոտ հաշվետվություն է ներկայացնում խմբի առաջադիմության և առանձնահատուկ կարիքների մասին։ Ժամանակի ընթացքում հնարավոր է, որ խումբը ժողով դառնա։ Եթե բոլորը հետևեն աստվածապետական առաջնորդությանը, ապա կհաճեցնեն Եհովային (1 Կորնթ. 1։10; 3։5, 6)։
ԽՄԲԱԿԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
45 Քրիստոնյաները պատասխանատվություն ունեն մարդկանց պատմելու բարի լուրը։ Դա անելու տարբեր կերպեր կան, սակայն մեզանից շատերին դուր է գալիս ծառայության գնալ հավատակիցների հետ (Ղուկ. 10։1)։ Այդ նպատակով ժողովներում հանգստյան օրերին, ինչպես նաև շաբաթվա մյուս օրերին քարոզչական ծառայության հանդիպումներ են կազմակերպվում։ Տոները նույնպես լավ առիթ են խմբակային վկայության համար, քանի որ շատ քարոզիչներ այդ օրերին չեն աշխատում։ Ժողովի ծառայողական կոմիտեն պետք է հարմար ժամերի և հարմար վայրերում քարոզչական ծառայության հանդիպումներ կազմակերպի։ Հանդիպումները կարող են լինել թե՛ օրվա ընթացքում, թե՛ երեկոյան։
46 Խմբակային վկայությունը հնարավորություն է տալիս քարոզիչներին համագործակցելու միասին և «փոխադարձ քաջալերություն» լինելու միմյանց համար (Հռոմ. 1։12)։ Բացի այդ, նոր քարոզիչները կարող են համագործակցել հմուտ և փորձառու քարոզիչների հետ և համապատասխան մարզում ստանալու։ Որոշ վայրերում խորհուրդ է տրվում, որ ապահովության համար երկու և ավելի քարոզիչներ միասին գնան ծառայության։ Նույնիսկ եթե ծրագրում ես մենակ գնալ տարածք, քարոզչական ծառայության հանդիպումը կարող է քաջալերական լինել բոլոր ներկաների համար։ Միայն այն բանի գիտակցումը, որ մյուսներն էլ են դուրս գալիս ծառայության այդ նույն տարածքում, կարող է քեզ վստահություն ներշնչել։ Ինչ խոսք, ռահվիրաներից և մյուս քարոզիչներից չի պահանջվում հաճախել բոլոր քարոզչական հանդիպումներին, հատկապես եթե դրանք անցկացվում են ամեն օր։ Այնուամենայնիվ, լավ կլինի, որ նրանք շաբաթվա մեջ ներկա լինեն մի քանի հանդիպումների։
47 Թող որ բոլորս էլ հետևենք Հիսուսի և առաքյալների օրինակին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօրհնի մեր ջանքերը, որ գործադրում ենք Թագավորության բարի լուրը քարոզելու և այս կարևոր գործում լիարժեք մասնակցություն ունենալու համար (Ղուկ. 9։57–62)։