Որոնենք, որ փրկվեն
1. Ինչո՞ւ է բազմալեզու տարածքում ժողովի քարոզչական տարածքի նշանակումն արվում ըստ լեզվի։
1 33թ. Պենտեկոստեին Հիսուսի աշակերտները սուրբ ոգին ստանալուց հետո «սկսեցին տարբեր լեզուներով խոսել» նրանց հետ, ովքեր եկել էին աշխարհի ամենատարբեր վայրերից (Գործ. 2։4)։ Արդյունքում՝ մոտ 3000 մարդ մկրտվեց։ Հետաքրքիր է, որ այցելուների մեծ մասը, ըստ ամենայնի, կարողանում էր խոսել բոլորի համար ընդհանուր լեզվով, հավանաբար՝ եբրայերեն կամ հունարեն։ Բայց Եհովայի կամքն էր, որ Թագավորության մասին լուրը այդ մարդկանց քարոզվի նրանց մայրենի լեզվով։ Անկասկած, պատճառներից մեկն այն էր, որ մարդիկ բարի լուրը ավելի հակված են ընդունելու, երբ այն լսում են մայրենի լեզվով։ Ուստի այսօր բազմալեզու տարածքներում ժողովի քարոզչական տարածքի նշանակումն արվում է ըստ լեզվի («Կազմակերպված ենք», էջ 107, պարբ. 2, 3)։ Օտարալեզու խումբը չի ստանում տարածք. այդ խմբի անդամները քարոզում են իրենց լեզվով խոսող մարդկանց այն ժողովի տարածքում, որին իրենց խումբը կցված է, ինչպես նաև հարևան ժողովների տարածքներում։
2. ա) Ինչի՞ կարիք կա, և որտե՞ղ կարող ենք դա անել։ բ) Ինչպե՞ս կարող են ժողովներն օգնել իրար բազմալեզու տարածքում։ գ) Ի՞նչ պետք է անենք, եթե մեզ հանդիպում է այլ լեզվով խոսող մարդ, որը հետաքրքրություն է ցույց տալիս։
2 Եթե ապրում ես այնպիսի տարածքում, որտեղ բոլորը նույն լեզվով են խոսում, ապա պարզապես կարող ես քարոզել մի տնից մյուսը։ Սակայն իրավիճակն այլ է, երբ ապրում ես այնպիսի քաղաքում, որտեղ ամենատարբեր ազգերի մարդիկ կան։ Այդ տարածքում, հնարավոր է, քարոզում են նաև ուրիշ ժողովներ, որոնք չեն խոսում ձեր ժողովի կամ խմբի լեզվով։ Թեև գուցե տարբեր ժողովներից ստանաս տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր խոսում են քո լեզվով, այնուամենայնիվ այդպիսի մարդկանց գտնելու պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է ձեր ժողովի կամ խմբի վրա (տե՛ս «Օգնենք իրար» շրջանակը)։ Ուստի գուցե հարկ լինի, որ մասնակցես ձեր լեզվով խոսող մարդկանց փնտրելու աշխատանքներին։ Ինչպե՞ս կարելի է դա անել։
3. Ինչպե՞ս ժողովը կամ խումբը կարող է որոշել, թե որտեղ կատարի որոնումներ և ինչքան ժամանակ հատկացնի այդ գործին։
3 Որոնողական աշխատանքների կազմակերպումը։ Թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ տրամադրել այլ լեզվով խոսող մարդկանց փնտրելու աշխատանքներին, կախված է տարբեր հանգամանքներից։ Օրինակ՝ քանի՞ մարդ է խոսում այդ լեզվով։ Այդ լեզվով խոսող քանի՞ քարոզիչ կա։ Քանի՞ հասցե ժողովը կամ խումբը արդեն ունի։ Ժողովից չի ակնկալվում ամեն տեղ հավասարապես փնտրտուքներ անել. ժողովը կարող է կենտրոնանալ իր քարոզչական տարածքի առավել խիտ բնակեցված հատվածների վրա, ինչպես նաև այն շրջանների վրա, որոնք առանձնապես հեռու չեն։ Ամեն դեպքում անհրաժեշտ է այս գործը լավ կազմակերպել, որպեսզի ավելի շատ մարդ հնարավորություն ստանա կանչելու Եհովայի անունը (Հռոմ. 10։13, 14)։
4. ա) Ինչպե՞ս պետք է կազմակերպել որոնողական աշխատանքները։ բ) Ինչպե՞ս կարելի է գտնել քո լեզվով խոսող մարդկանց։
4 Երեցների խորհուրդը, մասնավորապես ծառայողական վերակացուն կազմակերպում և ղեկավարում է որոնողական աշխատանքները, որպեսզի կրկնակի աշխատանք չկատարվի (1 Կորնթ. 9։26)։ Երեցների խորհուրդը ընտրում է օտարախոս խմբում ծառայող համապատասխան եղբոր, նախընտրելի է՝ երեցի կամ ծառայող օգնականի, որը կարող է ղեկավարել խմբի ծառայությունը։ Շատ ժողովներ և խմբեր մշակել են նախնական որոնումներ կատարելու ծրագիր. նրանք օգտագործել են զանազան տեղեկատուներ կամ ինտերնետը՝ իրենց լեզվում հանդիպող անուն-ազգանունների ցուցակ կազմելու համար։ Հետո որոնողական աշխատանքները շարունակվում են հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով. այդպես պարզվում է, թե որ հասցեները պետք է ընդգրկել տարածքում, որոնք՝ ոչ։ Եթե նպատակահարմար է, խմբին աջակցող ժողովի երեցների խորհուրդը կարող է քայլեր ձեռնարկել, որ ամբողջ ժողովը ժամանակ առ ժամանակ մասնակցի որոնումներին (տե՛ս «Ինչպես գտնել քո լեզվով խոսողներին» շրջանակը)։
5. ա) Ի՞նչ առաջարկներ կան որոնմանը մասնակցող քարոզիչների համար։ բ) Ի՞նչ կարող ենք ասել որոնումներ անելիս։
5 Ամեն անգամ, երբ մասնակցում ենք որոնողական աշխատանքներին, պետք է ունենանք կոնկրետ նպատակ։ Քանի որ սա մեր ծառայության մի մասն է, պետք է հագնվենք այնպես, ինչպես որ սովորաբար հագնվում ենք քարոզչական ծառայության ժամանակ։ Շատերն ասում են, որ որոնման ընթացքում մատուցումները կրկնելը և այդ լեզվով խոսելը օգնում են իրենց պահպանելու խանդավառությունը և բարելավելու լեզվի իմացությունը։ Որոնման ժամանակը կարող ենք գրանցել որպես ծառայություն, բայց ոչ այն ժամանակը, որ տրամադրում ենք տարածքի քարտեզներ և ցուցակներ կազմելուն։ Երբ գտնում ենք մեր լեզվով խոսող մարդու, պետք է ջանանք հայտնել բարի լուրը, հետո, առանց ուշացնելու, ծառայողական վերակացուին կամ նրա կողմից նշանակված եղբորը տեղեկացնենք այդ մարդու մասին, որպեսզի տարածքների մասին գրառումները թարմացվեն։ Սա պետք է անել անկախ այն բանից՝ անհատը հետաքրքրված է, թե ոչ։ Թեև որոնումներ անելը կարևոր է, մենք չպետք է մոռանանք մասնակցել ծառայության բոլոր ձևերին (տե՛ս «Ինչ ասել որոնումներ անելիս» շրջանակը)։
6. Ի՞նչ դժվարություններ կան լսողության խնդիր ունեցողներին փնտրելու գործում։
6 Լսողության խնդիր ունեցողներին փնտրելու մասին։ Նրանց փնտրելը յուրօրինակ դժվարություններ ունի և պահանջում է մեծ ջանքեր ու հաստատակամություն։ Եթե մարդու ազգային պատկանելությունը կարելի է պարզել նրա անուն-ազգանունից, ֆիզիկական առանձնահատկություններից կամ հագուստից, ապա նույնը չի կարելի ասել լսողության խնդիր ունեցող մարդու մասին։ Բացի այդ, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները գուցե չցանկանան տեղեկություն տալ նրա մասին։ Լսողության խնդիր ունեցողներին փնտրելու վերաբերյալ ստորև տրվող առաջարկները օգտակար կարող են լինել նաև այն դեպքերում, երբ փնտրում ենք օտարախոսների։
7. ա) Բնակելի թաղամասում ինչպե՞ս կարելի է փնտրել լսողական խնդիր ունեցող մարդու։ բ) Ինչպե՞ս կարող ենք փարատել բնակչի կասկածը։
7 Ժեստերի լեզվով ժողովներն ու խմբերը հաջողությունների են հասել՝ որոնումներ անելով բնակելի թաղամասերում։ Հնարավոր է՝ բնակիչը ճանաչում է այնպիսի հարևանի, աշխատակցի կամ դպրոցականի, ով ժեստերի լեզվով է հաղորդակցվում։ Նա գուցե նկատել է ճանապարհային նշան, որը զգուշացնում է մոտակայքում լսողության խնդիր ունեցող երեխաների ներկայության մասին։ Հնարավոր է՝ բնակիչն ունի այդպիսի բարեկամ։ Միշտ հիշիր, որ քո այցելության նպատակը կարող է կասկած հարուցել։ Սակայն բնակչի կասկածները կարելի է փարատել՝ անկեղծ բարյացակամություն և հարգանք դրսևորելով, կարճ ու անկեղծ բացատրություն տալով։ Որոնումներ անելիս ոմանք բնակչին ցույց են տալիս Աստվածաշնչի տեսասկավառակը կամ այլ տեսասկավառակներ (եթե այսպիսի հնարավորություն կա)։ Հետո պարզապես ասում են, որ կուզենային Աստվածաշնչի մասին խոսել լսողական խնդիր ունեցող մարդու հետ։ Եթե բնակիչը չի ուզում տեղեկություն տալ, նա գուցե դեմ չլինի վերցնել քո հասցեն կամ ժողովի հանդիպումների հրավիրատոմսը և այն փոխանցել լսողական խնդիր ունեցող հարազատին կամ ընկերոջը։
8. Մոտակա ժողովն ինչպե՞ս կարող է օգնել ժեստերի լեզվով ժողովին։
8 Տարին մեկ-երկու օր ժեստերի լեզվով ժողովը, որի տարածքը մեծ է, կարող է մոտակա ոչ ժեստերի լեզվով ժողովին առաջարկել օգնելու իրեն որոնումներ անելու հարցում։ Ժեստերի լեզվով ժողովում ծառայող եղբայրը անցկացնում է քարոզչական ծառայության հանդիպում, որտեղ նա տալիս է հրահանգներ, թե ինչպես անել որոնումը, նաև ներկայացնում է ցուցադրում։ Յուրաքանչյուր մեքենայում պետք է նշանակված լինի ժեստերի լեզվով ժողովում ծառայող առնվազն մեկ քարոզիչ, ինչպես նաև քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ այդ խումբը պետք է որոնումներ անի։
9. Ուրիշ որտե՞ղ կարելի է որոնումներ անել և ինչպե՞ս։
9 Որոնումներ կարելի է անել այնտեղ, որտեղ լսողության խնդիր ունեցող մարդիկ սովորաբար հավաքվում են իրար հետ շփվելու, ժամանակ անցկացնելու կամ հանրային որոշ ծառայություններ ստանալու համար։ Քարոզիչները իրադրությանը համապատասխան հագուստ պետք է կրեն։ Լավ կլինի, որ նրանք խոսեն մեկ-երկու մարդու հետ և ոչ թե դիմեն մի ամբողջ խմբի։ Եթե զրույցը կարող է շարունակվել, պայմանավորվիր, թե ինչպես կարելի է կրկին կապ հաստատել։
10. Ինչպե՞ս որոնումներ անել գործարար տարածքում։
10 Որոնումներ կարելի է անել նաև գործարար տարածքներում՝ այդ վայրերը այցելելով այնպիսի ժամի, որ փնտրտուքը արդյունավետ լինի։ Հարկավոր է պատրաստել քարտեզներ, որտեղ նշված կլինեն բիզնես օբյեկտներ։ Կարելի է պատրաստել առանձին քարտեզներ լցակայանների, քիմմաքրման սրահների, լվացքատների, ռեստորանների, հյուրանոցների համար և այլն։ Եթե բիզնեսի ամեն մի տեսակի օբյեկտների համար կազմվի առանձին քարտեզ, ապա քարոզիչները կկարողանան օգտագործել նույն մոտեցումը և ձեռք կբերեն փորձ ու հմտություն։ Օրինակ՝ հնարավոր է՝ հյուրանոցներում լինեն համարներ լսողության խնդիր ունեցող հաճախորդների համար, մենք կարող ենք ընդունարանի աշխատողին հակիրճ բացատրել մեր գալու նպատակը և առաջարկել նախապես պատրաստված մի փաթեթ (որում կլինի տեսասկավառակ և ժողովի հանդիպման հրավիրատոմս), որը հյուրանոցը կարող է տալ լսողության խնդիր ունեցող հաճախորդի։ Որոշ օբյեկտներում պարզապես կարելի է հարցնել, թե ունեն արդյոք ժեստերի լեզվով հաղորդակցվող աշխատողներ կամ հաճախորդներ։ Եթե տարածքում կա լսողության խնդիր ունեցողների դպրոց, կարելի է մեր տեսասկավառակներից մի քանիսը առաջարկել դպրոցի գրադարանին։
11. Ինչո՞ւ է որոնումներ անելը կարևոր գործ։
11 Կարևոր գործ է։ Քո լեզվով խոսող մարդ փնտրելը կարող է հոգնեցուցիչ լինել։ Բացի այդ, որոշ տարածքներում բնակիչները անընդհատ փոխում են բնակության վայրը, ինչը դժվարացնում է տարածքի մասին գրառումները թարմ պահելը։ Այդուհանդերձ, գնալով ավելի են շատանում այն տարածքները, որտեղ հարկավոր է որոնումներ անել։ Եհովան, որ մեզ տվել է քարոզելու հանձնարարությունը, կողմնակալ չէ (Գործ. 10։34)։ Նրա «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Ուստի եկեք համագործակցենք Եհովայի հետ և իրար հետ, որպեսզի գտնենք ուրիշ լեզվով խոսող այնպիսի մարդկանց, ովքեր «լավ և բարի սիրտ ունեն» (Ղուկ. 8։15)։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Օգնենք իրար
Եթե ժողովը կամ խումբը որոնման հարցում օգնության կարիք ունի, ծառայողական վերակացուն կարող է կապվել այլ լեզվով խոսող մոտակա ժողովների երեցների հետ։ Լավ կլինի դիմել միայն այն ժողովներին, որոնք առանձնապես հեռու չեն կամ որոնց տարածքում ապրում են ձեր լեզվով խոսող շատ մարդիկ։ Այն ժողովները, որոնցից օգնություն են խնդրել, կարող են իրենց քարոզիչներին տեղեկացնել, որ, եթե նրանք գտնեն այդ լեզվով խոսող մարդկանց, գրեն նրանց հասցեն և տան ծառայողական վերակացուին, որն էլ իր հերթին այն կփոխանցի օգնություն խնդրած ժողովին կամ խմբին։ Որոնման գործում ներգրավված ժողովների ծառայողական վերակացուները կարող են մշակել փոխադարձ ընդունելի մի ծրագիր, թե ինչպես անել որոնումներ և հետաքրքրվողներին ուղղել համապատասխան ժողով կամ խումբ։
Եթե քարոզիչները գտնում են այլ լեզվով խոսող մարդ, ով իսկապես հետաքրքրված է (կամ լսողական խնդիր ունի), նրանք պետք է անմիջապես լրացնեն «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և տան ժողովի քարտուղարին։ Դրա շնորհիվ մարդը արագորեն հոգևոր օգնություն կարող է ստանալ (տե՛ս km 5/11, էջ 3)։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
Ինչպես գտնել քո լեզվով խոսողներին
• Հարցուփորձ արա Աստվածաշունչ ուսումնասիրողներին, ընտանիքիդ անդամներին, աշխատակիցներիդ և այլն։
• Օգտվիր հեռախոսագրքից։ Ինտերնետում կարող է լինել (կամ հեռախոսային ընկերությունը կարող է ունենալ) այնպիսի հեռախոսագիրք, որը կազմված է ոչ թե ըստ համարների, այլ՝ ըստ հասցեների։
• Չմոռանալով խոհեմության մասին՝ հարցուփորձ արա այնպիսի վայրերում, որտեղ առաջարկվում են հանրային ծառայություններ, օրինակ՝ գրադարաններում, պետական հիմնարկներում և ուսումնական հաստատություններում։
• Հետևիր, թե տեղի թերթերում ինչ հայտարարություններ են արվում այս կամ այն միջոցառման մասին, որը կազմակերպվում է տեղի օտարախոս համայնքի կողմից։
• Այցելիր այն կրպակները, տաղավարները, զանազան սրահները և այլ գործարար վայրեր, որոնք սպասարկում են հատկապես օտարախոս համայնքին։
• Պատասխանատու անձի թույլտվությամբ՝ գրականության սեղան դիր այն գործարար տարածքում, ուսանողական թաղամասում, երկաթուղային կայարանում կամ ավտոկայանում, որտեղ լինում են տվյալ լեզվով խոսող մարդիկ։
• Եթե ձեր երկրի օրենքով թույլատրվում է, գնիր առևտրային տեղեկատու կամ համակարգչային ծրագիր, որը որոնումներ է կատարում ինտերնետի հանրային տարածքներում։
[շրջանակ 7-րդ էջի վրա]
Ինչ ասել որոնումներ անելիս
Բարյացակամ, անկեղծ և ուղղակի մոտեցումը կփարատի կասկածը։ Հաճախ արդյունավետ է լինում, երբ նախ ցույց ենք տալիս այդ լեզվով գրականություն։
Ողջունելուց հետո կարող ես ասել. «Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր խոսում են [նշիր լեզուն]։ Կցանկանայինք նրանց հետ խոսել Աստվածաշնչի մասին։ Գիտե՞ք այդպիսի մարդու»։
Լսողության խնդիր ունեցողներին փնտրելիս կարող ես ասել. «Բարև ձեզ։ Թույլ կտա՞ք այս սարքի միջոցով մի բան ցույց տալ ձեզ։ [Շարժական վիդեոփլեյերի միջոցով «Նոր աշխարհ թարգմանությունից» ցույց տուր մեկ համար։] Սա ժեստերի լեզվով Աստվածաշնչից մի հատված է։ Բացի Աստվածաշնչից, ունենք նաև ուրիշ տեսասկավառակներ, որոնք նախատեսված են լսողության խնդիր ունեցող մարդկանց հոգևոր կարիքները բավարարելու համար։ Գիտե՞ք որևէ մեկի, ով լսողության խնդիր ունի և հաղորդակցվում է ժեստերի լեզվով»։ Եթե բնակիչը չի կարողանում հիշել որևէ մեկի, նշիր մի քանի վայրեր, որտեղ նա կարող է տեսած լինել այդպիսի մարդու, օրինակ՝ աշխատավայրում, դպրոցում կամ պարզապես տան մոտակայքում։