Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/09 էջ 3–5
  • Ինչպե՞ս քարոզել այլազգիներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս քարոզել այլազգիներին
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ տանտերը խոսում է օտար լեզվով
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք օտարախոսներին
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • «Մաքուր լեզվով» վա՞րժ ես խոսում
    2008 Դիտարան
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 11/09 էջ 3–5

Ինչպե՞ս քարոզել այլազգիներին

1. Մեր տարածքում քարոզելիս ինչպիսի՞ մարդկանց ենք հանդիպում։

1 Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ բարի լուրը քարոզվելու է ամբողջ երկրով մեկ՝ «բոլոր ազգերին վկայություն լինելու համար»։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցում են քարոզելու և ուսուցանելու գործին, ցույց են տալիս, որ գիտակցում են այս խոսքերի կարևորությունը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Ծառայության ընթացքում հաճախ ենք հանդիպում տարբեր ազգերի մարդկանց։ Քանի դեռ չի եկել Եհովայի ահեղ օրը, այդ մարդիկ նույնպես պետք է լսեն Թագավորության բարի լուրը (Մաղ. 3։18)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք քարոզել այլազգի մարդկանց։

2. Ինչպե՞ս ենք ընդօրինակում Եհովային, երբ քարոզում ենք այլազգի մարդկանց։

2 Ունեցիր Եհովայի տեսակետը։ Ինչպես Եհովան, մենք նույնպես պետք է անաչառ սեր դրսևորենք մեր տարածքում ապրող բոլոր մարդկանց հանդեպ։ Անկախ այն բանից, թե ինչ լեզվով են նրանք խոսում, մեր նպատակն է բոլորին օգնել ձեռք բերելու ճշգրիտ գիտելիքներ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին (Սաղ. 83։18; Գործ. 10։34, 35)։ Թեև հիմնականում քարոզում ենք այն տարածքում, որտեղ նշանակված ենք, սակայն պետք է ուշադիր լինենք նաև այլազգի մարդկանց հանդեպ և կերպեր փնտրենք Աստծու Թագավորության բարի լուրը նրանց հայտնելու համար։ Իսկ եթե չքարոզենք նրանց, նշանակում է՝ չենք կատարում Եհովայի կամքը։ Նա ցանկանում է, որ վկայություն տանք բոլո՛ր ազգերի մարդկանց։ Սակայն ինչպե՞ս կարող ենք օգնել այդ մարդկանց, եթե չենք խոսում նրանց լեզվով։

3. Ի՞նչ գրքույկ ունենք և ինչպե՞ս կարող ենք պատրաստվել այն օգտագործելու համար։

3 Օգտագործիր «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը։ Այս գրքույկը նախատեսված է այլազգի մարդկանց քարոզելու համար։ Նախ ծանոթացիր գրքույկին։ Պատրաստ եղիր, որ երբ հարկ լինի, օգտագործես այն։ Լավ կլինի, որ գրքույկը միշտ քո պայուսակում լինի։ Որպեսզի շուտ գտնես համապատասխան լեզվով գրված էջը, ցանկում նշիր այն լեզուները, որոնցով խոսում են ձեր տարածքում։ Իսկ եթե այդ լեզուներով հրատարակություններ կան, կարող ես վերցնել մի քանի օրինակ, որպեսզի գրքույկը ներկայացնելուց հետո անհատին որևէ թեմայով գրականություն առաջարկես։

4. Ինչպե՞ս կարող ես օգտագործել «Բոլոր ազգերը» գրքույկը։

4 Եթե ծառայության ընթացքում հանդիպել ես որևէ անհատի, ով խոսում է քեզ անծանոթ լեզվով, նախ ցույց տուր գրքույկի կազմը։ Ապա բացիր գրքույկը և քարտեզի վրա ցույց տուր, թե ո՛ր երկրում ես դու ապրում։ Հասկացրու նրան, որ այժմ ուզում ես իմանալ, թե նա՛ որ երկրից է և ինչ լեզվով է խոսում։ Այնուհետև ցանկից գտիր լեզուն, բացիր համապատասխան էջը, ցույց տուր էջի վերևում թավատառերով գրված նախադասությունը և խնդրիր նրան, որ կարդա։ Հետո իր լեզվով թերթիկ առաջարկիր կամ մատնանշիր երրորդ պարբերության մեջ ընդգծված նախադասությունը։ Նա կհասկանա, որ ուզում ես նորից հանդիպել իրեն և իր լեզվով գրականություն տալ։ Ցույց տուր թավատառերով գրված «իմ անունը» արտահայտությունը և հստակ արտասանիր քո անունը, որից հետո նրա ուշադրությունը հրավիրիր թավատառերով գրված «ձեր անունը» արտահայտությանը և սպասիր նրա պատասխանին։ Կոնկրետ պայմանավորվիր վերայցելության համար և համոզվիր, որ նա հասկացել է քեզ։

5. Ինչո՞ւ պետք է լրացնել «Խնդրում ենք, այցելիր» բլանկը։

5 Լրացրու «Խնդրում ենք, այցելիր» բլանկը։ Թագավորության լուրով հետաքրքրված անհատներին վերայցելելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ուստի երբ համոզված ես, որ անհատը հետաքրքրված է Աստծու Խոսքով, լրացրու «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը։ Այնուհետև անմիջապես այն փոխանցիր ժողովի քարտուղարին։ Նա բլանկը կուղարկի մասնաճյուղ, իսկ պատճենը կտա ծառայողական վերակացուին, որպեսզի վերջինս տեղյակ լինի, թե այդ լեզվով խոսող քանի մարդ է հետաքրքրված բարի լուրով։ Մասնաճյուղը բլանկը կուղարկի համապատասխան խմբակ, ժողով կամ մի քարոզչի, որը գիտի այդ լեզուն։ Քարոզիչներից մեկը առանց հապաղելու կայցելի անհատին։ Այս բլանկը պետք է լրացնել միայն այն դեպքում, երբ անհատն իսկապես հետաքրքրություն է ցույց տվել։

6. Եթե այլազգի անհատը շարունակում է հետաքրքրություն ցույց տալ, ապա ի՞նչ կարող ես անել դու։

6 Ինչ խոսք, բլանկը լրացնելուց հետո որոշ ժամանակ կանցնի, մինչև տվյալ լեզվով խոսող քարոզիչը այցելի հետաքրքրվող անհատին։ Հետևաբար այդ ընթացքում դո՛ւ կարող ես այցելել նրան։ Որոշ դեպքերում գուցե հարկ լինի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Իսկ ինչպե՞ս կարող ես նրա լեզվով գրականություն ձեռք բերել։

7. Ինչպե՞ս կարող ես ձեռք բերել օտար լեզվով գրականություն։

7 Օտար լեզուներով գրականություն։ Սովորաբար ժողովները չպետք է օտար լեզվով գրականության մեծ պաշար ունենան։ Սակայն եթե ծառայողական վերակացուն պարզի, որ իրենց տարածքում օտար լեզվով խոսող մարդկանց թիվը ավելանում է, գուցե հարկ համարի այդ լեզվով քիչ քանակությամբ գրականություն պատվիրել։ Հավանաբար որոշ ժամանակ կանցնի, մինչև պատվերը տեղ հասնի։ Այդ դեպքում կարելի է անհրաժեշտ գրականությունը տպել կազմակերպության կայքից՝ www.watchtower.org։ Այնտեղ հարյուրավոր լեզուներով հրատարակություններ կան։ Անկասկած, դրանք օգտակար կլինեն նրանց համար, ովքեր խոսում են օտար լեզուներով։

8. Ո՞րն է ժողովի դերը։

8 Ժողովի դերը։ Որոշ վայրերում, որտեղ այլազգի մեծ համայնքներ կան, հնարավոր է տվյալ լեզվով ժողով չլինի։ Այդ դեպքում կարող ես այլազգի անհատին քո ժողով հրավիրել։ Ժողովի անդամների ջերմ ընդունելությունը ու ցուցաբերած անձնական հետաքրքրությունը թերևս մղեն անհատին կանոնավորաբար այցելելու հանդիպումներին։ Սկզբում միգուցե լեզվական և մշակութային տարբերությունները խոչընդոտ լինեն, սակայն պետք է հիշել, որ Եհովայի վկաների համաշխարհային կազմակերպության մեջ գերիշխում է ճշմարիտ քրիստոնեական սերը (Սոփ. 3։9; Հովհ. 13։35)։ Եթե խոսում ես օտար լեզվով և ցանկանում ես վերայցելել այդ լեզվով խոսող հետաքրքրություն ցույց տված անհատին, ապա այդ մասին տեղեկացրու քո ժողովի քարտուղարին, որպեսզի նա տեղեկություն ուղարկի մասնաճյուղ։ Այդ ինֆորմացիան օգտակար կլինի, քանի որ մասնաճյուղը փորձում է գտնել այնպիսի քարոզիչների, որոնք կկարողանան այցելել այլազգիներին։

9. Ո՞ր դեպքում է լեզվի դասընթացներ կազմակերպվում և ինչպե՞ս։

9 Լեզվի դասընթացներ։ Այցելությունների ընթացքում լավ կլինի, որ այդ անհատին քաջալերես հաճախել իր լեզվով անցկացվող ժողով։ Սակայն եթե ժողովը անցկացվում է հեռու վայրում, գուցե որոշ քարոզիչներ սկսեն սովորել այդ լեզուն, որպեսզի հետագայում օգնեն այլազգիներին։ Իսկ եթե այդ լեզվով ժողով չկա, մասնաճյուղը կարող է լեզվի դասընթացներ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում ապրում են մեծ թվով այլազգի մարդիկ։ Մասնաճյուղը կտեղեկացնի այդ տարածքի ժողովներին, որ դասընթացներ անցկացնելու կարիք կա։ Այդ մասին կարելի է հայտարարություն անել ժողովներում։ Նրանք, ովքեր նպատակ ունեն միանալու օտարախոս խմբին կամ ժողովին և ծառայելու այդ դաշտում, կարող են մասնակցել դասընթացներին։

10. Ո՞ր դեպքերում է խումբ կազմավորվում և ինչպե՞ս։

10 Ո՞ր դեպքերում է խումբ կազմավորվում։ Օտարալեզու խումբ կարող է կազմավորվել, եթե 1) այդ լեզվով խոսող բավականաչափ հետաքրքրվող անհատներ կան, 2) քարոզիչներ կան, ովքեր գիտեն կամ սովորում են այդ լեզուն, 3) կա հմուտ երեց կամ ծառայող օգնական, որը կարող է առաջնորդություն վերցնել և շաբաթը առնվազն մեկ անգամ այդ լեզվով ժողովի հանդիպում անցկացնել և 4) կա երեցների խորհուրդ, որը պատրաստ է աջակցելու խմբին։ Եթե վերոհիշյալ պահանջները բավարարվում են, ապա երեցների խորհուրդը պետք է տեղյակ պահի մասնաճյուղին, որպեսզի խումբը պաշտոնապես ճանաչվի որպես այդ ժողովի օտարալեզու խումբ (Տե՛ս «Կազմակերպված ենք» գիրքը, էջ 106, 107)։ Երեցը կամ ծառայող օգնականը, ով առաջնորդություն է վերցնում և հոգ է տանում խմբի մասին, կլինի այդ խմբի վերակացուն կամ խմբի ծառայողը։

11. Ինչո՞ւ է մեծ առանձնաշնորհում ծառայել օտարախոս դաշտում։

11 Մեր տարածքում այլազգի մարդկանց բարի լուրը հայտնելը համաշխարհային քարոզչական գործի կարևոր մասն է, որի հիմքը դրեց Հիսուս Քրիստոսը։ Ուստի եկեք եռանդորեն մասնակցենք այս գործին և տեսնենք, թե ինչպես է Եհովան ցնցում բոլոր ազգերը ու ցանկալի մարդկանց բերում դեպի իր կազմակերպություն (Անգէ 2։7)։ Ի՜նչ մեծ բավարարվածություն ենք զգում, երբ լիարժեքորեն ենք կատարում այս գործը։ Եհովան, անշուշտ, կօրհնի բոլորիս ջանքերը, որ ներդնում ենք օտարախոս դաշտում ծառայելու համար։ Եկեք միշտ հիշենք, որ չնայած լեզվական արգելքներին՝ Աստված կարո՛ղ է աճեցնել օտարախոս դաշտում ցանած սերմերը (1 Կորնթ. 3։6–9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը