Իշխում են քչերը, օգտվում են շատերը
ԴԵՌԵՎՍ առաջին դարից Աստված ընտրել է սահմանափակ թվով հավատարիմ քրիստոնյաների և որդեգրել նրանց։ Աստծու Խոսքն ասում է, որ նրանք նոր ծնունդ են ստացել։ Ինչպես իմացանք, այդ մարդիկ թագավորելու են երկնքում (2 Տիմոթեոս 2։12)։ Իսկ դրա համար նրանք պետք է երկնային կյանքի հարություն ստանան (Հռոմեացիներ 6։3–5)։ Երկնքից Քրիստոսի հետ այդ հավատարիմները «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։10; 11։15)։
Աստծու Խոսքում նշվում է նաև, որ ուրիշներն էլ են հավիտենական փրկություն ստանալու։ Թե՛ Հին Կտակարանում, թե՛ Նոր Կտակարանում գրված է, որ Աստված երկու խմբի մարդկանց է փրկություն տալու՝ սահմանափակ թվով մարդկանց, որոնք իշխելու են երկնքում, և միլիոնավոր մարդկանց, որոնք ապրելու են երկրի վրա։ Նկատի առնենք, թե ինչ է գրում Հովհաննես առաքյալը նոր ծնունդ ստացած իր հավատակիցներին. «[Հիսուսը] հաշտության զոհ է մեր մեղքերի համար, բայց ոչ միայն մեր [փոքր խմբի] մեղքերի, այլ նաև ամբողջ աշխարհի [մեծ խմբի]» (1 Հովհաննես 2։2)։
Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Ստեղծագործությունը [մեծ խումբը] մեծ ակնկալությամբ սպասում է Աստծու որդիների [փոքր խմբի] հայտնվելուն» (Հռոմեացիներ 8։19–21)։ Հովհաննեսի ու Պողոսի խոսքերից հասկանում ենք, որ նրանք, ովքեր դարձյալ ծնվել են, դառնալու են երկնային կառավարության մի մասը։ Ինչո՞ւ։ Որպեսզի հավիտենական օրհնություններ բերեն Աստծու կառավարության հպատակներին, որոնք ապրելու են երկրի վրա։ Այդ պատճառով էլ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին այսպես աղոթել. «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։
Հին Կտակարանում նույնպես գրված է այս երկու խմբերի մասին։ Նկատի առնենք, թե ինչ ասաց Եհովան Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը [մեծ խումբը] քո սերունդովը [փոքր խմբով] կ’օրհնուին» (Ծննդոց 22։18)։ Այո՛, բոլոր ազգերը օրհնություններ կստանան Աբրահամի «սերնդի» միջոցով։
Իսկ ովքե՞ր են մտնում այդ «սերնդի» մեջ։ Հիսուս Քրիստոսը և նոր ծնունդ ստացած այն անհատները, որոնց որդեգրել է Աստված։ Պողոս առաքյալը բացատրում է. «Եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք» (Գաղատացիներ 3։16, 29)։ Իսկ որո՞նք են այն օրհնությունները, որ ստանալու են բոլոր ազգերը «սերնդի» միջոցով։ Ամենամեծ օրհնությունն այն է, որ նրանք ունեն Աստծու հավանությունը։ Օրհնություն է նաև երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը։ Սաղմոսերգու Դավիթը մարգարեացել է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29; Եսայիա 45։18; Հայտնություն 21։1–5)։
Թեև սահմանափակ թվով մարդիկ են իշխելու երկնային կառավարության մեջ, սակայն միլիոնավորներ հավիտյան վայելելու են կյանքը երկրի վրա և բազում օրհնություններ են ստանալու։ Դուք և ձեր ընտանիքը նույնպես կարող եք վայելել կյանքը Աստծու Թագավորության ներքո։
[նկար 12–րդ էջի վրա]
Միլիոնավոր մարդիկ հավիտյան ապրելու են երկրի վրա։ Իսկ դուք կլինե՞ք նրանց թվում։