1 Վստահեք Աստվածաշնչին
«Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։
Ո՞ՐՆ է ԽՆԴԻՐԸ։ Շատերի կարծիքով՝ Աստվածաշունչը մարդկային իմաստությամբ գրված գիրք է։ Ոմանք էլ պնդում են, թե այն հակասում է պատմական փաստերին։ Իսկ ուրիշներն ասում են, որ Աստվածաշնչի խորհուրդները հնացած են։
Ո՞ՐՆ է ԼՈՒԾՈՒՄԸ։ Հաճախ այն մարդիկ, ովքեր այսպիսի հարցեր են բարձրացնում, իրականում երբեք չեն փորձել գտնել պատասխանները։ Նրանք պարզապես կրկնում են այն, ինչ լսել են ուրիշներից։ Այսպիսի մարդկանց մասին Աստվածաշունչն ասում է. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։
Ուստի ուրիշների խոսքերը կուրորեն ընդունելու փոխարեն՝ լավ կլինի հետևել Բերիայում (այժմ գտնվում է Հունաստանի հյուսիսում) ապրող առաջին դարի քրիստոնյաների օրինակին։ Նրանք «ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին» (Գործեր 17։11)։ Քննենք երկու պատճառ, թե ինչու կարող եք վստահ լինել, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչյալ Խոսքն է։
Աստվածաշունչը պատմականորեն ճշգրիտ է։ Տարիներ շարունակ սկեպտիկները կասկածի տակ են դրել Աստծու Խոսքի ճշգրտությունը։ Ըստ նրանց՝ Աստվածաշնչում նշված անձինք և վայրերը իրական չեն։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ նրանց կասկածներն անհիմն են, և Աստվածաշնչի արձանագրությունները ճշգրիտ են։
Օրինակ՝ հնագետները կարծում էին, թե Ասորեստանի Սարգոն թագավորը, որի մասին խոսվում է Եսայիա 20։1–ում, գոյություն չի ունեցել։ Սակայն 1840–ականներին նրանք հայտնաբերեցին թագավորի պալատը։ Այսօր բոլորին է հայտնի, որ Սարգոնը Ասորեստանի հզոր թագավորներից է եղել։
Իսկ քննադատները կասկածի են ենթարկել հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի գոյությունը, որը հրամայել էր սպանել Հիսուսին (Մատթեոս 27։1, 22–24)։ Սակայն 1961–ին Իսրայելի Կեսարիա քաղաքի մոտակայքում հայտնաբերվեց մի քար, որի վրա գրված էր Պիղատոսի անունը և նրա պաշտոնը։
1999 թ. հոկտեմբերի 25–ին մի տեղեկագրում Աստվածաշնչի ճշգրտության վերաբերյալ հետևյալն էր ասվում. «Ժամանակակից հնագիտությունը լիովին հաստատում է Հին և Նոր Կտակարաններում արձանագրված շատ կարևոր տեղեկությունների վավերականությունը՝ Իսրայելի նահապետների պատմությունը, իսրայելացիների ազատագրումը Եգիպտոսից, Դավթի իշխանության շրջանը, ինչպես նաև Հիսուսի երկրային կյանքը» (U.S.News & World Report)։ Թեև Աստվածաշնչի հանդեպ հավատը կախված չէ հնագիտական հայտնագործություններից, սակայն պատմականորեն ճշգրիտ լինելը հենց այն է, ինչ ակնկալում ենք մի գրքից, որը ներշնչված է Աստծուց։
Ինչ վերաբերում է Աստվածաշնչում արձանագրված գործնական խորհուրդներին, ապա տեղին է նշել, որ միլիոնավոր մարդիկ բարձր են գնահատում դրանք։ Նախքան գիտնականները կհայտնաբերեին միկրոօրգանիզմները և կհասկանային, որ դրանք են հիվանդությունների տարածման պատճառը, հազարավոր տարիներ առաջ Աստվածաշնչում արդեն գրվել էին հիգիենային վերաբերող խորհուրդներ, որոնք մինչ օրս կարևոր են համարվում (Ղեւտացոց 11։32–40; Բ Օրինաց 23։12, 13)։ Աստծու Խոսքում կան նաև գործնական խորհուրդներ ընտանեկան կյանքի վերաբերյալ։ Այդ խորհուրդները կիրառելու շնորհիվ շատերը երջանիկ ընտանիք ունեն (Եփեսացիներ 5։28–6։4)։ Նրանք, ովքեր ապրում են Աստվածաշնչի սկզբունքներով, դառնում են բարեխիղճ աշխատողներ կամ լավ գործատերեր (Եփեսացիներ 4։28; 6։5–9)։ Այդ սկզբունքներին ներդաշնակ ապրելով՝ մարդը ձեռք է բերում նաև հոգեկան անդորր (Առակաց 14։30; Եփեսացիներ 4։31, 32; Կողոսացիներ 3։8–10)։ Հենց այսպիսի խորհուրդներ էլ ակնկալում ենք մեր Արարչից։
Ո՞ՐՆ է ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ։ Աստվածաշնչի անգին խորհուրդները կարող են անփորձ մարդուն իմաստուն դարձնել (Սաղմոս 19։7)։ Այժմ երբ վստահում ենք Աստվածաշնչին, կարող ենք անել հաջորդ քայլը՝ ամուր հավատ ունենալու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի երկրորդ գլուխը, որը վերնագրված է՝ «Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից»a։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։