Մոտեցեք Աստծուն
Նա հաշվի է առնում մեր հնարավորությունները
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ես շատ ջանքեր եմ թափում, բայց երբեք բավարարվածության զգացում չեմ ունենում»։ Այսպես արտահայտվեց մի կին, որը փորձում էր ամեն բան անել Աստծուն հաճելի լինելու համար։ Արդյոք Եհովա Աստված գնահատո՞ւմ է իր ծառաների ջանքերը, երբ նրանք ձգտում են իրենց լավագույնն անել։ Հաշվի առնո՞ւմ է նրանց սահմանափակ ընդունակություններն ու հնարավորությունները։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար քննենք Ղեւտացոց 5։2–11 համարները և տեսնենք, թե ինչ էր ասվում Մովսիսական օրենքում որոշ զոհաբերությունների մասին։
Աստված մեղքերի քավության համար իսրայելացիներից տարբեր զոհաբերություններ էր պահանջում։ Աստվածաշնչային վերոհիշյալ արձանագրության մեջ նշվում է անկանխամտածված մեղք գործելու մասին (համար 2–4)։ Երբ անհատն իմանում էր, որ մեղք է գործել, նա պետք է խոստովաներ իր մեղքը և դրա դիմաց հանցանքի ընծա բերեր՝ «մի էգ գառ կամ այծերից մի էգ ուլ» (համար 5, 6)։ Իսկ ի՞նչ կարող էր անել մեղք գործողը, եթե աղքատ էր ու հնարավորություն չուներ գառ կամ ուլ զոհաբերելու։ Օրենքով պահանջվո՞ւմ էր պարտք անել կենդանի զոհաբերելու համար։ Պե՞տք է արդյոք նա այնքան աշխատեր, մինչև ի վիճակի լիներ գնելու այդպիսի կենդանի։
Եհովայի հոգատարությունը երևում է Օրենքում գրված հետևյալ խոսքերից. «Եթէ նորա ձեռքը չ’հասնէ ոչխար կամ այծ բերելու, իր արած յանցանքի համար երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ Եհովային» (համար 7)։ Փաստորեն, եթե մարդն աղքատ էր և գառ գնելու հնարավորություն չուներ, Աստված պատրաստ էր ընդունելու այն, ինչ նա կարող էր զոհաբերել, օրինակ՝ երկու տատրակ։
Իսկ ի՞նչ պետք է աներ իսրայելացին, եթե ի վիճակի չէր անգամ տատրակ զոհաբերելու։ «Այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար արդուի տասներորդ մասը [ութ կամ ինը բաժակ] բարակ ալիւր բերէ մեղքի պատարագի համար»,— գրված էր Օրենքում (համար 11)։ Այն մարդկանց համար, ովքեր շատ աղքատ էին, Եհովան բացառություն էր արել և թույլ էր տվել նրանց մեղքի ընծա բերել՝ առանց արյանa։ Աղքատության պատճառով իսրայելացին չէր զրկվում Աստծու հետ խաղաղ հարաբերություններ ունենալու առանձնաշնորհումից և մեղքերի թողություն ստանալու հնարավորությունից։
Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին մեղքի ընծաների վերաբերյալ օրենքից։ Նա կարեկից է, հասկանում է մեզ և հաշվի է առնում մեր սահմանափակ հնարավորությունները (Սաղմոս 103։14)։ Եհովան ուզում է, որ մենք մտերիմ լինենք իր հետ և լավ փոխհարաբերություններ ունենանք, նույնիսկ եթե դժվարին հանգամանքներում ենք, օրինակ՝ ունենք տարիքի հետ կապված խնդիրներ, վատ առողջություն, ընտանեկան պարտականություններ։ Ինչ խոսք, մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստված ընդունում է այն, ինչ կարող ենք տալ։
[ծանոթագրություն]
a Զոհաբերվող կենդանու արժեքը նրա արյան մեջ էր, որը Աստված սուրբ էր համարում (Ղեւտացոց 17։11)։ Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ աղքատ մարդու կողմից զոհաբերվող ալյուրն անարժեք էր։ Ո՛չ։ Անկասկած, Եհովան գնահատում էր խոնարհներին, որոնք պատրաստակամորեն անում էին այդ զոհաբերությունները։ Դեռ ավելին, ողջ ազգի մեղքերը, այդ թվում նաև աղքատ մարդկանց ներվում էր այն կենդանիների արյան հիման վրա, որոնց տարին մեկ անգամ զոհաբերում էին Քավության օրը (Ղեւտացոց 16։29, 30)։