Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Քավություն»
  • Քավություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քավություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ ես թանկ համարում Եհովայի ներողամտությունը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քավության օր
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Հաշտություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Գնահատո՞ւմ ես այն, ինչ Եհովան արել է քեզ ազատելու համար
    2009 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Քավություն»

ՔԱՎՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշնչում «քավություն» բառը օգտագործվում է մեղքերը ծածկելու իմաստով։ Եբրայերեն Գրվածքներում, հատկապես «Ղևտական» և «Թվեր» գրքերում հաճախ են օգտագործվում քավությանն առնչվող բառեր։ Եբրայերեն կաֆար բառը, որ նշանակում է «քավություն անել», հավանաբար սկզբում նշանակել է «ծածկել», թեև կարծիք կա նաև, որ այն նշանակել է «ջնջել»։

Մարդիկ քավության կարիք ունեն։ Ժառանգած մեղքի պատճառով մարդիկ կարիք ունեն, որ իրենց մեղքերը ծածկվեն, այսինքն՝ քավվեն (1Թգ 8։46; Սղ 51։5; Ժղ 7։20; Հռ 3։23)։ Հարկ է նշել, որ մեղքը առաջ է եկել ոչ թե Աստծու, այլ մարդու պատճառով, և հենց մարդն է պատասխանատվություն կրում դրա համար (2Օր 32։4, 5)։ Ադամը, կորցնելով հավիտենական կյանքը և կատարելությունը, իր ժառանգներին փոխանցեց մեղք ու մահ (Հռ 5։12), և իր սերունդները մահվան դատապարտվեցին։ Որպեսզի մարդկությունը կրկին հնարավորություն ունենար ապրելու հավիտենական կյանքով, Ադամի կորցրածի դիմաց համարժեք քավություն էր պահանջվում։ Դա ներդաշնակ էր այն իրավական սկզբունքին, որը Եհովան հետագայում ընդգրկեց Մովսիսական օրենքում, այն է՝ համարժեք փոխհատուցում տալ (2Օր 19։21)։

Աստվածաշնչում գործածված «քավություն» բառը հիմնականում ունի «ծածկելու» կամ «փոխանակելու» իմաստ, և այն, ինչ տրվում է մի բան փոխանակելու կամ «ծածկելու» համար, պետք է համարժեք լինի այդ բանին։ Ուստի կորցրած բանի համար տրվող փոխհատուցումը պետք է լիովին համապատասխանի դրան, լինի դրա ճշգրիտ համարժեքը։ Փոխհատուցումը չի կարող լինել մասնակի և անբավարար։ Անկատար մարդկանցից և ոչ մեկը չէր կարող քավություն անել, կամ՝ լիարժեքորեն ծածկել մեղքերը, որ որևէ մեկին կամ ողջ մարդկությանը կատարյալ կյանք տար (Սղ 49։7, 8)։ Որպեսզի Ադամի կորցրածի համար համարժեք քավություն արվեր, հարկավոր էր մատուցել մեղքի զոհ, որը կատարյալ մարդկային կյանքի արժեք կունենար։

Եհովա Աստված իսրայելացիների մեղքերը քավելու համար կարգ էր սահմանել, ինչը ավելի մեծ քավության նախատիպն էր։ Այն, թե ինչպես պետք է քավություն արվի մարդկանց ժառանգած մեղքից և մահվան դատապարտությունից ազատելու համար, որոշում և հայտնում է ոչ թե մարդը, այլ Եհովան։

Քավության համար մատուցվող զոհեր։ Համաձայն Աստծու պատվերի՝ իսրայելացիները պետք է քավության համար մեղքի զոհեր մատուցեին (Ելք 29։36; Ղև 4։20)։ Առանձնահատուկ կարևորություն ուներ ամեն տարի նշվող Քավության օրը, երբ Իսրայելի քահանայապետը կենդանական զոհեր էր մատուցում և քավություն էր անում իր, մյուս ղևտացիների և այն իսրայելացիների համար, ովքեր չէին պատկանում քահանայական ցեղին (Ղև, գլ. 16)։ Զոհաբերվող կենդանիները պետք է լինեին անարատ, ինչը ցույց էր տալիս, որ այն զոհը, որի նախապատկերն էին այդ կենդանական զոհերը, կատարյալ էր լինելու։ Այն, որ քավությունը մեծ գին էր պահանջում, երևում էր նաև նրանից, որ անհրաժեշտ էր կենդանու կյանքը զոհել՝ նրա արյունը թափել (Ղև 17։11)։ Իսրայելացիների մատուցած մեղքի զոհերը և Քավության օրը տեղի ունեցող տարբեր արարողություններ անկասկած օգնում էին իրենց հիշել ու գիտակցել, որ մեղք են ժառանգել և խիստ կարիք ունեն լիարժեք քավություն ստանալու։ Սակայն կենդանական զոհերը չէին կարող ամբողջությամբ քավել մարդկանց մեղքերը, քանի որ կենդանիները ստորադաս են մարդուց, և նա իշխանություն ունի դրանց վրա (Ծն 1։28; Սղ 8։4-8; Եբ 10։1-4; տես ՔԱՎՈՒԹՅԱՆ ՕՐ; ԶՈՀԵՐ ԵՎ ԸՆԾԱՆԵՐ)։

Քավություն՝ Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում հստակ ցույց է տրվում, որ մարդկանց մեղքերի լիարժեք քավությունը հնարավոր է լինելու Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Մովսիսական օրենքում տեղ գտած նախապատկերներն ու Օրենքի ստվերները կատարվեցին Հիսուսի առնչությամբ, քանի որ Օրենքով նախատեսված տարբեր կենդանական զոհերը նրան էին մատնանշում։ Որպես կատարյալ, մեղքից զերծ մարդ՝ Հիսուսը մեղքի զոհ եղավ Ադամի բոլոր սերունդների համար, ովքեր ի վերջո կազատվեն ժառանգած մեղքից ու մահից (2Կթ 5։21)։ «Քրիստոսը մեկ զոհ մատուցեց, որ մեկընդմիշտ վերացնի մեղքերը» (Եբ 10։12), և, անկասկած, նա է «Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը» (Հվ 1։29, 36; 1Կթ 5։7; Հտն 5։12; 13։8; հմմտ. Ես 53։7)։ Ներման համար անհրաժեշտ է, որ արյուն թափվի (Եբ 9։22), և քրիստոնյաներին, ովքեր քայլում են լույսի մեջ, հավաստիացում է տրվում, որ Աստծու «Որդի Հիսուսի արյունը մաքրում է նրանց ամեն մեղքից» (1Հվ 1։7; Եբ 9։13, 14; Հտն 1։5)։

Մեղքի զոհը նախապատկերում էր Հիսուսի կատարյալ մարդկային կյանքը, որ նա զոհաբերեց։ Դա այն արժեքավոր բանն է, որ տրվել է որպես փրկագին՝ մարդկանց ժառանգած մեղքից ու մահից ազատելու համար (Տիտ 2։13, 14; Եբ 2։9)։ Քրիստոսն ինքն ասաց. «Մարդու Որդին էլ եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկագին [հուն.՝ լիտրոն] տա շատերի համար» (Մկ 10։45; տես ՓՐԿԱԳԻՆ)։ Հիսուսի զոհը համապատասխան փրկագին եղավ մեղսագործ Ադամի կորցրածի դիմաց։ Հիսուսը կատարյալ էր, ուստի և նրա կյանքը համարժեք էր այն կյանքին, որն Ադամը ուներ նախքան մեղք գործելը (1Տմ 2։5, 6; Եփ 1։7)։

Հնարավոր է դարձնում հաշտությունը։ Եհովայի համար մեղքը դատապարտելի է, ուստի մեղքը բաժանել է մարդուն նրանից։ Մարդու և նրա Արարչի միջև անդունդը հնարավոր է վերացնել միայն այն բանի շնորհիվ, ինչը լիովին «ծածկում» է, կամ՝ քավում մեղքը (Ես 59։2; Ամբ 1։13; Եփ 2։3)։ Եհովա Աստված իր և մեղավոր մարդկության միջև հաշտությունը հնարավոր դարձրեց կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պողոս առաքյալը գրեց. «Մենք նաև ցնծում ենք Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններով, ում հետ հաշտվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ 5։11; տես ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ)։ Եհովայի բարեհաճությունն ունենալու համար հարկավոր է ընդունել, որ հաշտությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Միայն այդպես մարդը կարող է Աստծու հետ համերաշխ փոխհարաբերություն ունենալ, ինչպիսին որ Ադամն ուներ նախքան մեղք գործելը։ Աստծու մեծ սիրո շնորհիվ է, որ հաշտությունը հնարավոր դարձավ (Հռ 5։6-10)։

Հաշտության միջոց տրամադրելու շնորհիվ բավարարվում են արդարության պահանջները։ Արդարության պահանջները բավարարելը պարտադիր պայման էր։ Թեև Ադամը կատարյալ էր ստեղծված, սակայն մեղքի պատճառով կորցրեց կատարելությունը, ուստի նա և իր սերունդները Աստծու դատապարտությանն արժանացան։ Արդարության սկզբունքներին հավատարիմ լինելով՝ Աստված իրագործեց անհնազանդ Ադամի հանդեպ իր դատավճիռը։ Սակայն սերը մղեց նրան ձեռնարկելու մի միջոց, որով կբավարարվեին արդարության պահանջները, և որով նա առանց արդարության սկզբունքները ոտնահարելու հնարավորություն կտար մեղսագործ Ադամի զղջացող սերունդներին ներում ստանալ և հաշտվել իր հետ (Կղ 1։19-23)։ Այդ պատճառով Եհովան «իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1Հվ 4։10; Եբ 2։17)։ Հաշտությունը հնարավոր է դառնում որևէ կողմի բարեհաճությունն ունենալու արդյունքում։ Հիսուսի հաշտության զոհը վերացնում է այն, ինչի պատճառով մարդը մահվան էր դատապարտվել Աստծու կողմից։ Նաև այդ զոհը հիմք է, որ Աստված իր բարեհաճությունն ու գթասրտությունը դրսևորի մարդու հանդեպ։ Հոգևոր Իսրայելը և բոլոր այն մարդիկ, ովքեր օգուտ են քաղում հաշտության զոհից, ազատվում են մեղքի ու մահվան դատապարտությունից (1Հվ 2։1, 2; Հռ 6։23)։

Քավության վերաբերյալ աստվածաշնչյան որոշ համարներում ընդգծվում է փոխարինման գաղափարը։ Օրինակ՝ Պողոսը նշեց, որ «Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասվել էր սուրբ գրքերում» (1Կթ 15։3), և որ «Քրիստոսը փրկագնով ազատեց մեզ [հրեաներին] Օրենքի բերած անեծքից՝ մեր փոխարեն իր վրա վերցնելով այդ անեծքը, չէ՞ որ գրված է. «Անիծված է սյունից կախված ամեն մարդ»» (Գղ 3։13; 2Օր 21։23)։ Պետրոսը գրեց. «Նա սյան վրա իր մարմնում կրեց մեր մեղքերը, որպեսզի ազատվենք դրանցից ու ապրենք արդարության համար։ Եվ «նրա վերքերը բուժեցին ձեզ»» (1Պտ 2։24; Ես 53։5)։ Նա նաև ասաց. «Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի քավության համար՝ արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ առաջնորդի դեպի Աստված» (1Պտ 3։18)։

Անհրաժեշտ է հավատ դրսևորել՝ ի պատասխան Աստծու սիրո։ Ժառանգած մեղքի համար լիարժեք քավություն ստանալու հնարավորությունը վկայում է Աստծու և Քրիստոսի սիրո մասին (Հվ 3։16; Հռ 8։32; 1Հվ 3։16)։ Սակայն քավություն ստանալու համար մարդը պետք է անկեղծորեն զղջա և հավատ դրսևորի։ Եհովային տհաճ էին Հուդայի բնակիչների զոհերը, երբ նրանք սխալ մղումներով էին մատուցում դրանք (Ես 1։10-17)։ Աստված «Քրիստոսին տվեց որպես զոհ, որ մարդիկ կարողանան հաշտվել իր հետ՝ հավատ ընծայելով նրա արյանը» (Հռ 3։21-26)։ Նրանք, ովքեր հավատով ընդունում են քավություն անելու համար Աստծու տրամադրած միջոցը, կարող են փրկություն ստանալ, մինչդեռ այդ միջոցը արհամարհողները չեն կարող փրկվել (Գրծ 4։12)։ Պողոսն ասաց. «Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո շարունակում ենք դիտավորյալ մեղք գործել, ապա մեր մեղքերը քավելու համար այլևս որևէ զոհ չկա, այլ մեզ մնում է միայն սպասել Աստծու ահազդու դատաստանին» (Եբ 10։26-31)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը