Ընդունելիս՝ երախտագետ, տալիս՝ ուրախ
ԵՀՈՎԱՆ՝ մեր սիրառատ երկնային Հայրը, հետաքրքրված է մեզնից յուրաքանչյուրով։ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ նա քնքշորեն հոգ է տանում իր բոլոր ծառաների մասին (1 Պետ. 5։7)։ Աստված օգնում է տարբեր կերպերով, որպեսզի շարունակենք հավատարմորեն ծառայել իրեն (Ես. 48։17)։ Եհովան պատրաստ է օգնելու հատկապես այն ժամանակ, երբ խնդիրների ենք բախվում։ Մովսիսական օրենքը սա է փաստում։
Հոգատար Աստվածը Օրենքում պատվիրել էր, որ օգնություն ցույց տրվի «աղքատին», «որբին», «որբևայրուն» և «օտարականին» (Ղեւտ. 19։9, 10; Բ Օրին. 14։29)։ Նա գիտի, որ իր ծառաներից ոմանք իրենց հավատակիցների օգնության կարիքը կզգան (Հակ. 1։27)։ Եհովան կարող է մղել ուրիշներին օգնելու իր ծառաներին, ուստի մեզնից ոչ ոք չպետք է մերժի առաջարկված օգնությունը։ Այնուամենայնիվ, ընդունելով այն, պետք է ճիշտ տրամադրվածություն ունենանք։
Միևնույն ժամանակ Աստվածաշունչը նշում է, որ Եհովայի ծառաները նաև տալու հնարավորություն ունեն։ Հիշենք «կարիքավոր այրուն», որին Հիսուսը տեսավ Երուսաղեմի տաճարում (Ղուկ. 21։1–4)։ Քանի որ Օրենքով նախատեսված էր օգնություն ցույց տալ այրիներին, նա, հավանաբար, աջակցություն ստանում էր։ Չնայած այդ այրին կարիքավոր էր, Աստվածաշնչում նրա մասին հիշատակվում է ոչ թե այն պատճառով, որ նա ինչ–որ բան էր ստացել, այլ որ տվե՛լ էր։ Այն, որ այդ կինը պատրաստ էր տալու, ուրախություն էր պատճառում նրան։ Չէ՞ որ, ինչպես Հիսուսն ասաց, «ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես «տալ» և արդյունքում ճաշակել այն ուրախությունը, որ գալիս է տալուց (Ղուկ. 6։38)։
«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը»
«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան [«բարիքների», ՆԱ] համար, որ ինձ արաւ»,— հարցրեց սաղմոսերգուն (Սաղ. 116։12)։ Իսկ ի՞նչ բարիքներ էր նա ստացել։ Եհովան նեցուկ էր կանգնել նրան «նեղության և տրտմության» ժամանակ։ Աստված նաև «փրկել էր նրա անձը մահից»։ Եվ հիմա նա ուզում էր ինչ–որ կերպ «հատուցանել» Եհովային։ Ի՞նչ կարող էր սաղմոսերգուն անել։ Նա ասաց. «Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ» (Սաղ. 116։3, 4, 8, 10–14)։ Աստծու այս ծառան վճռել էր պահել Եհովային տված իր բոլոր խոստումները և կատարել իր բոլոր պարտականությունները։
Դու էլ կարող ես նույնն անել։ Ինչպե՞ս։ Միշտ ապրելով այնպիսի կյանքով, որը ներդաշնակ է Աստծու օրենքներին ու սկզբունքներին։ Հավաստիացիր, որ քեզ համար ամենակարևորը Եհովայի երկրպագությունն է, և որ թույլ ես տալիս Աստծու ոգուն առաջնորդելու քեզ քո բոլոր գործերում (Ժող. 12։13; Գաղ. 5։16–18)։ Ինչ խոսք, իրականում դու երբեք չես կարող լիովին հատուցել Եհովային այն ամենի փոխարեն, ինչ նա արել է քեզ համար։ Այնուամենայնիվ, Եհովայի սիրտը ուրախանում է, երբ նա տեսնում է, որ դու անմնացորդ նվիրվածությամբ ծառայում ես իրեն (Առակ. 27։11)։ Ի՜նչ մեծ պատիվ է Աստծուն հաճույք պատճառելը։
Նպաստիր ժողովի բարօրությանը
Անկասկած, կհամաձայնվես, որ քրիստոնեական ժողովը քեզ շատ հարցերում է օգնել։ Օրինակ՝ ժողովի միջոցով Եհովան քեզ առատ հոգևոր կերակուր է տվել։ Դու ստացել ես այն ճշմարտությունը, որն ազատել է քեզ կրոնական մոլորությունից և հոգևոր խավարից (Հովհ. 8։32)։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» կազմակերպել է ժողովի հանդիպումներ և համաժողովներ, որոնց ժամանակ ստացել ես անգին գիտելիքներ։ Դրանք քեզ առաջնորդում են հավիտենական կյանքի երկրային դրախտում, որտեղ չի լինի ցավ ու տառապանք (Մատթ. 24։45–47)։ Մի՞թե կարող ես հաշվել այն բոլոր օրհնությունները, որ ստացել ես և դեռ կստանաս Աստծու ժողովի միջոցով։ Իսկ ի՞նչ կարող ես դու տալ ժողովին։
Պողոս առաքյալը գրեց. «Ամբողջ մարմինը, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով ամեն մի հոդի միջոցով (որը տալիս է հարկ եղածը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության համապատասխան չափի, նպաստում է հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար՝ սիրով» (Եփես. 4։15, 16)։ Այս խոսքերը հիմնականում վերաբերում են օծյալ քրիստոնյաների «մարմնին», սակայն դրանք սկզբունքորեն վերաբերում են նաև մյուս քրիստոնյաներին։ Այո՛, յուրաքանչյուրս կարող է նպաստել ժողովի բարօրությանն ու աճին։ Ինչպե՞ս։
Մենք կարող ենք ամեն ժամանակ ձգտել քաջալերանքի ու հոգևոր թարմության աղբյուր լինել հավատակիցների համար (Հռոմ. 14։19)։ Նաև կարող ենք նպաստել «մարմնի աճին»՝ մեր մեջ մշակելով Աստծու ոգու պտուղը և դրսևորելով այն (Գաղ. 5։22, 23)։ Բացի այդ, կարող ենք հնարավորություններ փնտրել, որ «բարին գործենք բոլորի հանդեպ, բայց հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10; Եբր. 13։16)։ Ժողովի ամեն մի անդամ՝ երիտասարդ թե տարեց, կարող է նպաստել «մարմնի շինությանը՝ սիրով»։
Մենք կարող ենք մեր հմտությունները, ուժերը և միջոցները տրամադրել այն փրկարար գործին, որ անում է ժողովը։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10։8)։ Ուստի լիովին մասնակցիր Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու այս կարևոր գործին (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Քո հնարավորությունները սահմանափա՞կ են։ Եթե այո, հիշիր կարիքավոր այրուն, որն արժանացավ Հիսուսի ուշադրությանը։ Նրա տվածը շատ քիչ էր։ Այդուհանդերձ, Հիսուսն ասաց, որ այդ կինը մյուսներից ավելի շատ տվեց։ Նա տվեց այն ամենը, ինչ կարող էր (2 Կորնթ. 8։1–5, 12)։
Ընդունիր օգնությունը՝ ճիշտ տրամադրվածություն ունենալով
Սակայն կարող են լինել իրավիճակներ, որ դու ժողովի աջակցության կարիքը զգաս։ Երբեք մի վարանիր ընդունելու ցանկացած օգնություն, որ առաջարկում է ժողովը։ Եհովան նշանակել է հմուտ և հոգատար տղամարդկանց, որ «հովվեն ժողովը»։ Նրանք կարող են օգնել քեզ, որ դիմանաս իրերի այս համակարգի ճնշմանը և տոկաս փորձությունների ներքո (Գործ. 20։28)։ Երեցները, ինչպես նաև ժողովի մյուս անդամները պատրաստ են սփոփելու, թիկունք կանգնելու և պաշտպանելու քեզ ծանր ժամանակներում (Գաղ. 6։2; 1 Թեսաղ. 5։14)։
Սակայն շատ կարևոր է, որ ճիշտ տրամադրվածություն ունենաս, երբ նման օգնություն ես ստանում։ Միշտ երախտագիտություն հայտնիր ստացած աջակցության համար։ Հավատակիցների տված օգնությունը համարիր Աստծու անարժան բարության դրսևորում քո հանդեպ (1 Պետ. 4։10)։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Որովհետև չենք ուզում նմանվել աշխարհում գտնվող այն մարդկանց, ովքեր անշնորհակալ են։
Եղիր հավասարակշռված ու ողջամիտ
Փիլիպպեցիներին ուղղած իր նամակում Պողոսը Տիմոթեոսի մասին գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին»։ Բայց առաքյալը նաև ասաց. «Մնացած բոլորը իրենց սեփական շահն են փնտրում և ոչ թե Քրիստոս Հիսուսի» (Փիլիպ. 2։20, 21)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք խուսափել «սեփական շահով» չափազանց հետաքրքրվելուց։
Մենք երբեք չպետք է մեր հավատակիցներից պահանջենք, որ մեզ տան իրենց ժամանակն ու ուշադրությունը, երբ խնդիրների ենք բախվում։ Ինչո՞ւ։ Եկեք խորհենք։ Անկասկած, մենք անչափ երախտապարտ կլինենք այն եղբորը, ով նյութապես օգնել է մեզ ծանր իրավիճակում։ Բայց մի՞թե միշտ կարող ենք նման օգնություն սպասել նրանից։ Իհարկե ոչ։ Նույն ձևով էլ, թեև մեր սիրառատ եղբայրներն ու քույրերը միշտ ուրախ են մեզ օգնելու, այնուամենայնիվ պետք է հավասարակշռված ու ողջամիտ լինենք մեր ակնկալիքներում այն ժամանակի հետ կապված, որ նրանք կարող են տալ մեզ։ Եվ բացի այդ, չէ՞ որ մենք ուզում ենք, որ մեր հավատակիցները, ինչ օգնություն էլ որ մեզ տան, դա անեն սրտանց։
Կարող ես վստահ լինել, որ քո եղբայրներն ու քույրերը միշտ պատրաստ կլինեն նեցուկ կանգնելու քեզ։ Բայցևայնպես, միշտ չէ, որ նրանք կկարողանան բավարարել քո բոլոր կարիքները։ Համոզված եղիր, որ, ինչ փորձության մեջ էլ որ ընկնես, Եհովան կաջակցի քեզ, ինչպես որ օգնեց սաղմոսերգուին (Սաղ. 116։1, 2; Փիլիպ. 4։10–13)։
Եվ այսպես, մի վարանիր երախտագիտությամբ ընդունելու ցանկացած օգնություն, որ Եհովան տալիս է, հատկապես դժվար ժամանակներում (Սաղ. 55։22)։ Աստված ուզում է, որ ընդունես նման օգնությունը։ Բայց նաև ցանկանում է, որ դու «ուրախությամբ տվող» լինես։ Ուստի, «քո սրտում [հաստատ] որոշիր» հանուն ճշմարիտ երկրպագության տալ այն, ինչ կարող ես (2 Կորնթ. 9։6, 7)։ Այդ դեպքում դու կկարողանաս և՛ ընդունել երախտագիտությամբ, և՛ տալ ուրախությամբ։
[շրջանակ/նկար 31–րդ էջի վրա]
«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան [«բարիքների», ՆԱ] համար, որ ինձ արաւ» (Սաղ. 116։12)
▪ Հնարավորություններ ստեղծիր «բարին գործելու բոլորի հանդեպ»
▪ Եղիր քաջալերանքի ու հոգևոր թարմության աղբյուր
▪ Լիարժեքորեն մասնակցիր աշակերտ պատրաստելու գործին, ինչքան որ թույլ են տալիս քո հանգամանքները