Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/15 էջ 18–22
  • Պահպանիր ժողովի դրական ոգին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահպանիր ժողովի դրական ոգին
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՆՊԱՍՏԻՐ, ՈՐ ԴՐԱԿԱՆ ՈԳԻ ՏԻՐԻ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ԵՂԻՐ
  • ԶԳՈՒՇԱՑԻՐ ՏՐՏՆՋԱԼՈՒՑ ՈՒ ՄԵՂՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ
  • ՆՊԱՍՏԻՐ «ՈԳՈՒ ՏՎԱԾ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ»
  • Ի՞նչ ոգի ես ցուցաբերում
    2012 Դիտարան
  • Թող ժողովը գովաբանի Եհովային
    2007 Դիտարան
  • Թող որ ժողովը կերտվի
    2007 Դիտարան
  • Առաջնորդվիր սուրբ ոգով և ապրիր նվիրմանդ համաձայն
    2010 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 2/15 էջ 18–22

Պահպանիր ժողովի դրական ոգին

«Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար» (ՓԻԼԻՊ. 4։23)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՊԱՍՏԵԼ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՌՈՂՋ ՈԳԻ ՏԻՐԻ...

եղբայրների հետ շփվելիս,

քարոզչական ծառայության մեջ մեր դրսևորած նախանձախնդրությամբ,

լուրջ մեղքի մասին հայտնելով։

1. Ինչի՞ համար Փիլիպպեի և Թյուատիրի ժողովները գովասանքի արժանացան։

ԱՌԱՋԻՆ դարի Փիլիպպեի քրիստոնյաները նյութապես աղքատ էին։ Սակայն նրանք առատաձեռն էին ու մեծ սեր էին դրսևորում հավատակիցների նկատմամբ (Փիլիպ. 1։3–5, 9; 4։15, 16)։ Դա է պատճառը, որ նրանց ուղղած իր ներշնչված նամակն ավարտելիս Պողոս առաքյալը գրեց. «Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար» (Փիլիպ. 4։23)։ Քանի որ այդպիսի ոգի էր դրսևորում նաև Թյուատիրի ժողովը, փառավորված Հիսուս Քրիստոսը ասաց. «Գիտեմ քո գործերի, սիրո, հավատի, ծառայության և տոկունության մասին, և որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան նախորդները» (Հայտն. 2։19)։

2. Ի՞նչ դեր ունենք այն հարցում, թե ինչ ոգի է դրսևորվում մեր ժողովում։

2 Նմանապես այսօր, Եհովայի վկաների յուրաքանչյուր ժողով որոշակի ոգի է դրսևորում։ Որոշ ժողովներ հատկապես հայտնի են նրանով, որ շատ ջերմ են ու սիրառատ։ Մյուսները առանձնահատուկ են նրանով, որ նախանձախնդրորեն թիկունք են կանգնում Թագավորության քարոզչության գործին ու մեծապես գնահատում են լիաժամ ծառայությունը։ Երբ յուրաքանչյուրն անհատապես դրական ոգի է զարգացնում, նպաստում է ժողովի միասնությանը և հոգևոր առաջընթացին (1 Կորնթ. 1։10)։ Իսկ բացասական ոգի դրսևորելու դեպքում ժողովում կարող է հոգևոր քնկոտություն ու «գոլ» վիճակ առաջանալ և նույնիսկ հանդուրժողականություն մեղքի հանդեպ (1 Կորնթ. 5։1; Հայտն. 3։15, 16)։ Իսկ ի՞նչ ոգի է դրսևորվում քո ժողովում։ Անձամբ դու ինչպե՞ս կարող ես նպաստել, որ ժողովում դրական ոգի տիրի։

ՆՊԱՍՏԻՐ, ՈՐ ԴՐԱԿԱՆ ՈԳԻ ՏԻՐԻ

3, 4. Ինչպե՞ս կարող ենք «գովերգել [Եհովային] մեծ ժողովում»։

3 Սաղմոսերգուն գրեց. «Ես կգովերգեմ քեզ [Եհո՛վա] մեծ ժողովում, շատ մարդկանց մեջ կփառաբանեմ քեզ» (Սաղ. 35։18)։ Սաղմոսերգուն չէր վարանում Եհովայի մյուս ծառաների ներկայությամբ փառաբանել նրան։ Ամեն շաբաթ անցկացվող ժողովի հանդիպումները, այդ թվում «Դիտարանի» ուսումնասիրությունը հիանալի հնարավորություն են ընձեռում մեզ, որ մեկնաբանություններ տալով ու մեր հավատն արտահայտելով՝ նախանձախնդիր ոգի դրսևորենք։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս հարցնի իրեն. «Լիարժեքորեն օգտվո՞ւմ եմ հանդիպումներին մասնակցելու առանձնաշնորհումից։ Լավ պատրաստվո՞ւմ եմ դրանց և իմաստալից մեկնաբանություններ տալի՞ս եմ։ Որպես ընտանիքի գլուխ՝ օգնո՞ւմ եմ երեխաներիս, որ նախօրոք մեկնաբանություններ պատրաստեն, սովորեցնո՞ւմ եմ, որ իրենց բառերով պատասխանեն»։

4 Սաղմոսերգու Դավիթը ամուր սիրտ ունենալը կապեց երգելու հետ՝ ասելով. «Սիրտս ամուր է, ո՜վ Աստված, սիրտս ամուր է։ Պիտի երգեմ ու սաղմոս ասեմ» (Սաղ. 57։7)։ Քրիստոնեական հանդիպումներին հնչող երգերը լավ հնարավորություն են տալիս ամուր սրտով «երգելու և սաղմոս ասելու» Եհովային։ Եթե երգերից մի քանիսը չգիտենք, կարող ենք սովորել ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ։ Եկեք վճռենք «գովերգել Եհովային մեր ողջ կյանքում, սաղմոս.... ասել մեր Աստծուն, քանի դեռ կանք» (Սաղ. 104։33)։

5, 6. Ինչպե՞ս կարող ենք հյուրասեր ու առատաձեռն լինել ուրիշների նկատմամբ, և այդպես վարվելը ինչի՞ն կնպաստի։

5 Ժողովում սիրո ոգի խթանելու կերպերից մեկը եղբայրների ու քույրերի հանդեպ հյուրասիրություն ցույց տալն է։ Եբրայեցիներին ուղղած իր նամակի վերջին գլխում Պողոսը այսպիսի հորդոր տվեց. «Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի։ Մի՛ մոռացեք հյուրասիրությունը» (Եբր. 13։1, 2)։ Շրջագայող վերակացուներին ու նրանց կանանց կամ ժողովի լիաժամ ծառայողներին ճաշի հրավիրելը հյուրասիրություն դրսևորելու հրաշալի կերպերից մեկն է։ Չպետք է մոռանանք նաև այրիներին, ոչ լրիվ ընտանիքներին ու այն անհատներին, ովքեր օգուտներ կքաղեն, եթե ժամանակ առ ժամանակ ճաշեն մեզ հետ կամ միանան մեր ընտանեկան երկրպագությանը։

6 Պողոսը Տիմոթեոսին պատվիրեց հորդորել ուրիշներին, «որ բարին գործեն, հարուստ լինեն բարի գործերով, լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ և գանձեր կուտակեն իրենց համար, այսինքն՝ լավ հիմք ապագայի համար, որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։17–19)։ Առաքյալը խորհուրդ էր տալիս իր հավատակիցներին առատաձեռն ոգի զարգացնել։ Նույնիսկ տնտեսապես դժվար ժամանակներում կարող ենք այդպիսի ոգի դրսևորել։ Օրինակ՝ ծառայության գնալիս ավտոմեքենա չունեցող մեր հավատակիցներին կարող ենք առաջարկել մեր մեքենայով գնալ կամ կարող ենք մեր մեքենայով նրանց տանել ժողովի հանդիպման, հետո՝ տուն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, որոնց հանդեպ այսպիսի սիրառատ բարություն է դրսևորվում։ Նրանք կնպաստեն ժողովի դրական ոգուն, եթե գնահատանք դրսևորեն՝ թերևս իրենց հնարավորության սահմաններում որոշակի գումար առաջարկելով վառելիքի համար, որի գինը անընդհատ բարձրանում է։ Եթե մեր հոգևոր քույրերի ու եղբայրների հետ ավելի շատ ժամանակ անցկացնենք, մի՞թե նրանք արժեքավոր ու սիրված չեն զգա իրենց։ Երբ առատորեն բարի գործեր ենք անում «նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», և պատրաստ ենք մեր ժամանակն ու միջոցները տրամադրելու նրանց, ոչ միայն խորացնում ենք մեր սերը այդ մարդկանց հանդեպ, այլև նպաստում ենք, որ ժողովում ջերմ, դրական ոգի տիրի (Գաղ. 6։10)։

7. Ուրիշների գաղտնիքները չհայտնելը ինչպե՞ս է նպաստում, որ ժողովում դրական ոգի տիրի։

7 Նկատի առ այլ գործոններ ևս, որոնց շնորհիվ մեր ու հավատակիցների միջև սիրո կապը կամրանա։ Այդ գործոններն են՝ ընկերությունն ու գաղտնապահությունը (կարդա՛ Առակներ 18։24)։ Իսկական ընկերները չեն տարածում անձնական գաղտնիքները։ Երբ եղբայրները իրենց սրտի խորունկ մտքերն ու նվիրական զգացմունքները հայտնում են մեզ՝ վստահ լինելով, որ ուրիշներին չենք ասի, սիրո կապը ավելի է ամրանում։ Եկեք ամեն ինչ անենք, որ ժողովում սիրառատ, ընտանեկան մթնոլորտ տիրի՝ լինելով վստահելի ընկերներ, ովքեր գաղտնիքը չեն հայտնում ուրիշներին (Առակ. 20։19)։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ԵՂԻՐ

8. Ի՞նչ խորհուրդ ստացավ Լաոդիկեայի ժողովը և ինչո՞ւ։

8 Լաոդիկեայի ժողովին դիմելիս Հիսուսն ասաց. «Գիտեմ քո գործերի մասին, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ թե սառը լինեիր կամ տաք։ Բայց քանի որ գոլ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, ես փսխելու եմ քեզ իմ բերանից» (Հայտն. 3։15, 16)։ Այդ ժողովի անդամները քրիստոնեական ծառայության հանդեպ նախանձախնդրություն չունեին։ Նման վերաբերմունքը հավանաբար ազդել էր նաև իրենց փոխհարաբերությունների վրա։ Ուստի Հիսուսը խորհուրդ տվեց. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում։ Ուստի նախանձախնդիր եղիր և զղջա» (Հայտն. 3։19)։

9. Ծառայության հանդեպ մեր վերաբերմունքը ինչպե՞ս է ազդում ժողովի ոգու վրա։

9 Որպեսզի նպաստենք ժողովի առողջ ու դրական ոգուն, պետք է ուշադրություն դարձնենք, թե արդյոք նախանձախնդրորեն ենք մասնակցում քարոզչական ծառայությանը։ Ժողովի կազմավորման նպատակն է իր տարածքում գառնանման անհատներին փնտրելը և հոգևորապես կերտելը։ Ուստի աշակերտներ պատրաստելու գործին պետք է եռանդով մասնակցենք, ինչպես որ անում էր Հիսուսը (Մատթ. 28։19, 20; Ղուկ. 4։43)։ Որքան մեծ լինի մեր նախանձախնդրությունը, այնքան ավելի միասնական կլինենք որպես «Աստծու համագործակիցներ» (1 Կորնթ. 3։9)։ Երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր հավատակիցները քարոզչական ծառայության ժամանակ պաշտպանում իրենց հավատը և իրենց գնահատանքն արտահայտում հոգևոր բաների նկատմամբ, սկսում ենք ավելի շատ սիրել ու հարգել նրանց։ «Ուս ուսի» ծառայելը նաև միասնության ոգի է առաջ բերում ժողովում (կարդա՛ Սոփոնիա 3։9)։

10. Քարոզչական ծառայության որակը բարելավելը ի՞նչ ազդեցություն է թողնում ժողովի ոգու վրա։

10 Ծառայության որակը բարելավելու մեր ջանքերը նույնպես ազդում են ուրիշների վրա։ Երբ ավելի մեծ հոգատարություն ենք դրսևորում այն մարդկանց նկատմամբ, որոնց հանդիպում ենք, և ջանում ենք ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել, որ հասնենք նրանց սրտերին, ծառայության հանդեպ մեծ խանդավառությամբ ենք լցվում (Մատթ. 9։36, 37)։ Խանդավառությունը կարող է փոխանցվել մեր ընկերակիցներին։ Հիսուսը իր աշակերտներին երկու-երկու էր ուղարկում քարոզելու և ոչ թե մենակ (Ղուկ. 10։1)։ Դրա շնորհիվ նրանք ոչ միայն քաջալերվում էին և իրարից սովորում, այլև ավելի մեծ նախանձախնդրությամբ էին լցվում ծառայության հանդեպ։ Գնահատո՞ւմ ենք Թագավորության նախանձախնդիր ծառայողների հետ համագործակցելու հնարավորությունը։ Նրանց նախանձախնդիր ոգին քաջալերում և խթանում է մեզ, որ կատարենք քարոզչական գործը (Հռոմ. 1։12)։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՏՐՏՆՋԱԼՈՒՑ ՈՒ ՄԵՂՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ

11. Մովսեսի օրերում որոշ իսրայելացիներ ի՞նչ ոգի դրսևորեցին, և ի՞նչ եղավ արդյունքը։

11 Մի քանի շաբաթ էր, ինչ իսրայելացիները ձևավորվել էին որպես նոր ազգ, երբ դժգոհության ու տրտունջի ոգի զարգացրին։ Դա հանգեցրեց նրան, որ ժողովուրդը ապստամբեց Եհովայի ու նրա ներկայացուցիչների դեմ (Ելք 16։1, 2)։ Եգիպտոսը թողած իսրայելացիներից միայն քչերը վերապրեցին ու տեսան Ավետյաց երկիրը։ Նույնիսկ Մովսեսին թույլ չտրվեց մտնել այդ երկիր, քանի որ երբ Իսրայելի ժողովը վատ ոգի դրսևորեց, նա ճիշտ չարձագանքեց (2 Օրենք 32։48–52)։ Ի՞նչ կարող ենք անել, որ բացասական ոգու զոհը չդառնանք։

12. Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ տրտունջի ոգի զարգացնելուց։

12 Պետք է զգուշանանք տրտունջի ոգի զարգացնելուց։ Թեև այդ հարցում մեզ կօգնեն խոնարհություն զարգացնելն ու պատասխանատվություն ունեցողների հանդեպ հարգանք տածելը, սակայն նաև պետք է ուշադիր լինենք, թե ում հետ ենք ընկերակցում։ Եթե զվարճությունների սխալ ձև ընտրենք, չափից շատ ժամանակ անցկացնենք գործընկերների կամ դասարանցիների հետ, որոնք չեն առաջնորդվում արդար սկզբունքներով, հոգևորապես կվնասվենք։ Իմաստությամբ կվարվենք, եթե սահմանափակենք մեր շփումը այն անհատների հետ, ովքեր բացասական կամ անկախ ոգի են դրսևորում (Առակ. 13։20)։

13. Տրտունջի ապականիչ ոգու պատճառով ուրիշ ի՞նչ հոգևոր վնասներ կարող են լինել։

13 Տրտունջի ապականիչ ոգու պատճառով կարող են հոգևոր այլ վնասներ լինել։ Օրինակ՝ տրտունջը կարող է խաթարել ժողովի խաղաղությունն ու միասնությունը։ Հավատակիցների մասին բողոքները կարող են ոչ միայն ցավ պատճառել նրանց, այլև տանել այնպիսի մեղքերի, ինչպիսիք են զրպարտությունն ու վիրավորանքը (Ղևտ. 19։16; 1 Կորնթ. 5։11)։ Առաջին դարի ժողովում որոշ տրտնջացողներ «արհամարհում էին տերությունը և անարգանքով խոսում փառավորների մասին» (Հուդա 8, 16)։ Պատասխանատու եղբայրների դեմ այսպիսի տրտունջը, անշուշտ, չուներ Աստծու հավանությունը։

14, 15. ա) Լուրջ մեղքի վրա աչք փակելը ինչպե՞ս կանդրադառնա ողջ ժողովի վրա։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե իմանանք, որ ինչ-որ մեկը գաղտնի մեղք է գործում։

14 Իսկ ի՞նչ կանենք, եթե իմանանք, որ ինչ-որ մեկը գաղտնաբար մեղք է գործում, գուցե չարաշահում է ալկոհոլը, պոռնկագրություն է դիտում կամ անբարո կյանքով է ապրում (Եփես. 5։11, 12)։ Եթե աչք փակենք մեծ մեղքի վրա, կարող ենք խոչընդոտել Եհովայի սուրբ ոգուն, որ գործի ժողովում, և վտանգի կենթարկենք ողջ ժողովի խաղաղությունը (Գաղ. 5։19–23)։ Ինչպես որ առաջին դարում ապրող Կորնթոսի քրիստոնյաները պետք է մաքրեին չարությունը իրենց միջից, այնպես էլ այսօր հարկավոր է ժողովը զերծ պահել ցանկացած ապականիչ ազդեցությունից, որպեսզի պահպանվի առողջ, դրական ոգին։ Ի՞նչ կարող ես անել, որ նպաստես ժողովի խաղաղությանը։

15 Ինչպես արդեն նշվեց, կարևոր է պահել որոշ հարցերի գաղտնիությունը, հատկապես երբ ուրիշները վստահում են մեզ իրենց զգացմունքներն ու մտքերը։ Որքա՜ն սխալ կլինի տարածել գաղտնի տեղեկություն որևէ մեկի մասին։ Սակայն եթե անհատը լուրջ մեղք է գործել, այդ մասին հարկավոր է տեղեկացնել նրանց, որոնց վրա պարտականություն է դրված զբաղվելու այդ հարցով՝ ժողովի երեցներին (կարդա՛ Ղևտական 5։1)։ Ուստի եթե գիտենք, որ եղբայրը կամ քույրը այդպիսի մեղքի մեջ է ընկել, պետք է հորդորենք նրան մոտենալ երեցներին ու օգնություն խնդրել (Հակ. 5։13–15)։ Բայց եթե նա չի հայտնում երեցներին այնքան ժամանակում, որքան խոհեմ է ակնկալել, դա պետք է մենք անենք։

16. Հայտնելով լուրջ մեղքի մասին՝ ինչպե՞ս կպահպանենք ժողովի ոգին։

16 Քրիստոնեական ժողովը հոգևոր հանգրվան է, և մենք պետք է նպաստենք, որ այն պաշտպանված լինի՝ հայտնելով լուրջ մեղքի մասին։ Եթե երեցների օգնությամբ մեղք գործողը գիտակցի իր արածի լրջությունը, զղջա և ընդունի հանդիմանությունն ու շտկումը, այլևս վտանգ չի ներկայացնի ժողովի ոգու համար։ Սակայն ի՞նչ պետք է արվի, եթե լուրջ մեղք գործողը չի զղջում և չի արձագանքում երեցների սիրառատ խորհրդին։ Եթե նա զրկվի ընկերակցությունից, այսպես ասած, «կկործանվի», կամ՝ մեր միջից կհեռացվի ապականող տարրը, և ժողովի ոգին կպահպանվի (կարդա՛ 1 Կորնթացիներ 5։5)։ Այո՛, ժողովի ոգին պահպանելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ճիշտ քայլեր ձեռնարկի, համագործակցի երեցների խորհրդի հետ ու պաշտպանի ժողովը։

ՆՊԱՍՏԻՐ «ՈԳՈՒ ՏՎԱԾ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ»

17, 18. Ի՞նչը կօգնի մեզ «պահպանելու ոգու տված միասնությունը»։

17 «Շարունակելով սովորել առաքյալներից»՝ առաջին դարի Հիսուսի հետևորդները նպաստեցին, որ ժողովում միասնության ոգի տիրի (Գործ. 2։42)։ Նրանք գնահատում էին սուրբգրային խորհուրդներն ու առաջնորդությունը, որ ստանում էին երեցներից։ Քանի որ այսօր երեցները համագործակցում են հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի հետ, ժողովի բոլոր անդամներին հորդոր և օգնություն է տրվում, որ միասնական մնան (1 Կորնթ. 1։10)։ Երբ ենթարկվում ենք Եհովայի կազմակերպությունից եկող Աստվածաշնչի վրա հիմնված հրահանգներին ու հետևում ենք երեցների տված առաջնորդությանը, ցույց ենք տալիս, որ «ամեն կերպ ձգտում ենք պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։3)։

18 Ուստի եկեք ամեն ինչ անենք, որ ժողովում առողջ, դրական ոգի պահպանենք։ Այդպես վարվելու դեպքում մեզ վստահեցում է տրվում, որ «Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը մեզ հետ կլինի մեր ցուցաբերած ոգու համար» (Փիլիպ. 4։23)։

[նկար 19-րդ էջի վրա]

Իմաստալից մեկնաբանություններ պատրաստելով՝ նպաստո՞ւմ ես ժողովի դրական ոգուն

[նկար 20-րդ էջի վրա]

Նպաստիր ժողովի դրական ոգուն՝ սովորելով մեր երգերը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը