Թող որ ժողովը կերտվի
«Ժողովի համար.... խաղաղ ժամանակներ եկան, և նա կերտվում էր» (ԳՈՐԾԵՐ 9:31)։
1. Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ՝ կապված «Աստծու ժողովի» հետ։
ՄԵՐ թվարկության 33 թ. Պենտեկոստեին Եհովան Քրիստոսի մի խումբ աշակերտներին ընդունեց որպես նոր ազգ՝ «Աստծու Իսրայել» (Գաղատացիներ 6:16)։ Ոգով օծված այս քրիստոնյաները դարձան նաև «Աստծու ժողով», ինչպես Աստվածաշունչն է նրանց կոչում (1 Կորնթացիներ 11:22)։ Սակայն ի՞նչ է «Աստծու ժողովը»։ Ինչպե՞ս էր այն կազմակերպված լինելու։ Ինչպե՞ս էր այդ ժողովը գործելու երկրի վրա՝ անկախ այն բանից, թե որտեղ էին ապրելու նրա անդամները։ Եվ ինչպե՞ս է այն կապված մեր կյանքի ու երջանկության հետ։
2, 3. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ժողովը կազմակերպված էր լինելու։
2 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Հիսուսը նախագուշակեց, որ գոյություն էր ունենալու օծյալ անդամներից բաղկացած այս ժողովը, երբ ասաց Պետրոս առաքյալին. «Ես այս ժայռի [Հիսուս Քրիստոսի] վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի դռները չեն կարողանա հաղթել նրան» (Մատթեոս 16:18)։ Բացի այդ, երբ Հիսուսը դեռ իր առաքյալների հետ էր, հրահանգներ տվեց այն մասին, թե ինչպես պետք է գործեր և կազմակերպվեր այդ ժողովը, որը պետք է շուտով հաստատվեր։
3 Իր խոսքերով ու գործերով Հիսուսը ցույց տվեց, որ ժողովում որոշ անհատներ առաջնորդություն էին վերցնելու։ Նրանք դա պետք է անեին՝ ծառայելով իրենց խմբում եղող անհատներին։ Քրիստոսն ասաց. «Դուք գիտեք, որ ովքեր ազգերի իշխանավորներ են համարվում, տիրում են նրանց վրա, և նրանց մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով որ ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի, և ով որ ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի բոլորի ծառան լինի» (Մարկոս 10:42–44)։ Պարզ է, որ «Աստծու ժողովը» չէր լինելու անկազմակերպ՝ բաղկացած իրարից անկախ անհատներից։ Ընդհակառակը՝ այն լինելու էր մի կառույց, որում մարդիկ համագործակցելու էին միմյանց հետ։
4, 5. Որտեղի՞ց գիտենք, որ ժողովը հոգևոր կրթության կարիք էր ունենալու։
4 Հիսուսը, որը պետք է լիներ «Աստծու ժողովի» Գլուխը, նշեց, որ իր առաքյալները և այն անհատները, որոնց նա ուսուցանել էր, առանձնահատուկ պատասխանատվություններ էին ունենալու ժողովում։ Ի՞նչ պետք է նրանք անեին։ Նրանք պետք է ժողովի անդամներին հոգևոր կրթություն տային, ինչը իրենց ամենակարևոր պարտականությունն էր լինելու։ Հիշիր, թե հարություն առած Հիսուսի և Պետրոսի միջև ինչ խոսակցություն տեղի ունեցավ, որի ժամանակ ներկա էին որոշ առաքյալներ։ Հիսուսն ասաց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Ապա Հիսուսը պատվիրեց. «Կերակրի՛ր իմ գառներին.... Հովվի՛ր իմ գառնուկներին.... Կերակրի՛ր իմ գառնուկներին» (Հովհաննես 21:15–17)։ Ինչպիսի՜ կարևոր հանձնարարություն։
5 Հիսուսի խոսքերից երևում է, որ ժողովի մեջ եղող անհատները համեմատվում են փարախի մեջ եղող գառների հետ։ Այս գառները՝ քրիստոնյա տղամարդիկ, կանայք և երեխաները, հոգևորապես սնվելու և պատշաճ առաջնորդություն ստանալու կարիք էին ունենալու։ Քանի որ Հիսուսը իր բոլոր հետևորդներին պատվիրել էր ուսուցանել ուրիշներին և աշակերտներ պատրաստել, յուրաքանչյուր նոր անհատ, ով կդառնար նրա գառը, պետք է սովորեր, թե ինչպես կատարել Աստծու տված այդ հանձնարարությունը (Մատթեոս 28:19, 20)։
6. Ի՞նչ կառույց սկսեց գործել նոր ձևավորված «Աստծու ժողովում»։
6 Երբ «Աստծու ժողովը» ձևավորվեց, նրա անդամները կանոնավորաբար հավաքվում էին հրահանգներ և քաջալերանք ստանալու համար. «Շարունակում էին իրենց անձերը նվիրել առաքյալների ուսուցմանը, իրար հետ բաժնեկից լինելուն, միասին կերակուր ընդունելուն և աղոթքներին» (Գործեր 2:42, 46, 47)։ Պատմական արձանագրության մեկ այլ ուշագրավ մանրամասնությունն այն է, որ համապատասխան որակներ ունեցող տղամարդիկ նշանակվել էին օգնելու որոշ գործնական հարցերում։ Նրանք չէին ընտրվում լավ կրթություն կամ հատուկ հմտություններ ունենալու հիման վրա։ Այդ տղամարդիկ «ոգով և իմաստությամբ [էին] լցված»։ Նրանցից մեկը Ստեփանոսն էր, և նրա մասին ասվում է, որ նա «հավատով ու սուրբ ոգով լցված մարդ էր»։ Քանի որ ժողովներում այդպիսի կառույց էր գործում, «Աստծու խոսքը շարունակում էր աճել, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր» (Գործեր 6:1–7)։
Աստծու կողմից օգտագործվող տղամարդիկ
7, 8. ա) Որպես ի՞նչ էին ծառայում Երուսաղեմի առաքյալներն ու երեցները վաղ քրիստոնեական ժողովների համար։ բ) Ի՞նչ արդյունք ունեցավ այն, որ ժողովները հրահանգ ստացան։
7 Տրամաբանական է, որ առաքյալներն առաջնորդում էին առաջին դարի ժողովներին։ Սակայն առաջնորդություն վերցնողները միայն նրանք չէին։ Մի անգամ Պողոսը և իր համագործակիցները վերադարձան Ասորիքի Անտիոք։ Գործեր 14։27–ում ասվում է. «Երբ եկան և ժողովին մեկտեղ հավաքեցին, նրանք պատմեցին այն բոլոր բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով»։ Մինչ նրանք այդ ժողովում էին, հարց առաջացավ, թե արդյոք ոչ հրեա հավատացյալները պետք է թլփատվեն։ Այդ հարցը լուծելու համար Պողոսին ու Բառնաբասին ուղարկեցին «Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ», որոնք ծառայում էին որպես կառավարիչ մարմին (Գործեր 15:1–3)։
8 Քրիստոնյա երեց Հակոբոսը, որը Հիսուսի եղբայրն էր, բայց առաքյալ չէր, նախագահում էր, երբ «առաքյալներն ու երեցները հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը» (Գործեր 15:6)։ Հարցը մանրամասնորեն քննելուց և սուրբ ոգու առաջնորդությունը ստանալուց հետո կառավարիչ մարմնի անդամները եկան մի եզրակացության, որը ներդաշնակ էր Գրություններին։ Նրանք այն գրավոր ձևով ուղարկեցին ժողովներին (Գործեր 15:22–32)։ Այս տեղեկությունը ստացած անհատները ընդունեցին և կիրառեցին այն։ Ինչպիսի՞ն էր արդյունքը։ Եղբայրներն ու քույրերը կերտվեցին ու քաջալերվեցին։ Աստվածաշունչն ասում է. «Ուստի ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործեր 16:5)։
9. Աստվածաշունչը համապատասխան որակներ ունեցող տղամարդկանց ո՞ր պատասխանատվությունների մասին է խոսում։
9 Սակայն ինչի՞ շնորհիվ էին ժողովները կանոնավորաբար գործում։ Քննենք, օրինակ, Կրետե կղզում եղող ժողովները։ Թեև այնտեղ ապրող շատ մարդիկ վատ համբավ ունեին, այնուհանդերձ որոշները փոխվել ու ճշմարիտ քրիստոնյա էին դարձել (Տիտոս 1:10–12; 2:2, 3)։ Նրանք ապրում էին տարբեր քաղաքներում, ուստի բավականին հեռու էին Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնից։ Սակայն դա մեծ խնդիր չէր, քանի որ Կրետեի յուրաքանչյուր ժողովում, ինչպեսև այլուր, «երեցներ» էին նշանակված։ Այդ տղամարդիկ համապատասխանում էին աստվածաշնչյան պահանջներին։ Նրանք նշանակվել էին որպես երեցներ, կամ՝ վերակացուներ, և կարող էին «հորդորել առողջ ուսուցումով և.... հանդիմանել նրանց, ովքեր հակառակվում են» (Տիտոս 1:5–9; 1 Տիմոթեոս 3:1–7)։ Ուրիշ հոգևորապես հասուն տղամարդիկ համապատասխանում էին ժողովում որպես ծառայող օգնականներ ծառայելու պահանջներին (1 Տիմոթեոս 3:8–10, 12, 13)։
10. Ըստ Մատթեոս 18:15–17-ի՝ ինչպե՞ս պետք է լուծվեին լուրջ խնդիրները։
10 Հիսուսի խոսքերից երևում է, որ գոյություն էր ունենալու այդպիսի կառույց։ Հիշենք, որ համաձայն Մատթեոս 18:15–17-ի՝ նա նշեց, որ երբեմն Աստծու ծառաներից երկուսի միջև կարող էին խնդիրներ առաջանալ, երբ մեկը մեղք գործեր մյուսի դեմ։ Վնաս կրած կողմը կարող էր մոտենալ մյուսին ու «ցույց տալ նրան, թե որն է իր սխալը», և դա կարող էր անել առանձին, երբ նրանք մենակ կլինեին։ Եթե այդ քայլով հարցը չլուծվեր, ապա նա կարող էր կանչել մեկ կամ երկու անհատների, ովքեր տեղյակ էին փաստերից։ Իսկ ի՞նչ կարելի էր անել, եթե խնդիրը մնար չլուծված։ Հիսուսն ասաց. «Եթե չլսի նրանց, ասա ժողովին։ Եթե նույնիսկ ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի և մաքսահավաք»։ Երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, հրեաները դեռևս կազմում էին «Աստծու ժողովը», ուստի նրա խոսքերը առաջին հերթին վերաբերում էին նրանց։a Բայց երբ հաստատվեր քրիստոնեական ժողովը, Հիսուսի տված այդ հրահանգը պետք է կիրառվեր նաև այնտեղ։ Սա մեկ այլ ապացույց է այն բանի, որ Աստծու բոլոր ծառաները ժողովի միջոցով էին կերտվելու և առաջնորդություն ունենալու։
11. Ի՞նչ դեր են կատարում երեցները խնդիրներ լուծելու հարցում։
11 Ուստի տեղին էր, որ երեցները, կամ՝ վերակացուները, հանդես գային որպես ժողովի ներկայացուցիչներ խնդիրներ լուծելիս կամ այն դեպքերով զբաղվելիս, երբ մեղք էր գործվել։ Դա ներդաշնակ է Տիտոս 1։9–ում հիշատակված պահանջներին, որոնց պետք է համապատասխանեին երեցները։ Անշուշտ, երեցները անկատար էին, ինչպեսև Տիտոսը, որին Պողոսը ուղարկեց ժողովներ, «որ թերությունները շտկի» (Տիտոս 1:4, 5)։ Այսօր այն անհատները, ովքեր երաշխավորվում են որպես երեցներ, պետք է արդեն որոշ ժամանակ ցույց տված լինեն իրենց հավատն ու նվիրվածությունը։ Հետևաբար, ժողովի մյուս անդամները բոլոր պատճառներն ունեն վստահելու այդ տղամարդկանց առաջնորդությանը։
12. Ի՞նչ պատասխանատվություն ունեն երեցները ժողովի հետ կապված։
12 Եփեսոսի ժողովի երեցներին Պողոսն ասաց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար, որը նա գնեց իր Որդու արյունով» (Գործեր 20:28)։ Նույնը ճշմարիտ է և այսօր. ժողովի վերակացուները նշանակված են «Աստծու ժողովը հովվելու համար»։ Նրանք պետք է դա անեն սիրալիր կերպով և ոչ թե տիրապետելով հոտի վրա (1 Պետրոս 5:2, 3)։ Վերակացուները պետք է ձգտեն կերտել և օգնել «ամբողջ հոտին»։
Կառչած մնա ժողովին
13. Երբեմն ի՞նչ կարող է առաջանալ ժողովում և ինչո՞ւ։
13 Երեցները, ինչպես նաև ժողովի բոլոր անդամները, անկատար են, ուստի ժամանակ առ ժամանակ անհասկացողություններ կամ խնդիրներ են առաջանում։ Այդպես էր նաև առաջին դարում, երբ առաքյալներից ոմանք դեռևս ողջ էին (Փիլիպպեցիներ 4:2, 3)։ Գուցե վերակացուն կամ որևէ մեկը ասի մի բան, ինչը թերևս կոպիտ, անարդար կամ ոչ այդքան ճիշտ թվա։ Կամ գուցե մտածենք, թե Աստվածաշնչին հակառակ ինչ–որ բան է տեղի ունենում, ու թեև երեցները տեղյակ են դրանից, բայց ոչինչ չեն անում խնդիրը շտկելու համար։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը լուծվել կամ լուծվում է Սուրբ Գրությունների հիման վրա, և հաշվի են առնվում փաստեր, որոնցից մենք տեղյակ չենք։ Սակայն նույնիսկ եթե իրոք Գրություններին հակասող ինչ–որ բան է տեղի ունենում, նկատի առ հետևյալը. Կորնթոսի ժողովում միառժամանակ լուրջ մեղք էր գործվում, ժողով, որի մասին հոգ էր տանում Եհովան։ Ժամանակի ընթացքում նա այնպես արեց, որ այդ խնդիրը լուծվեց ճիշտ կերպով ու մեկընդմիշտ (1 Կորնթացիներ 5:1, 5, 9–11)։ Կարող ենք հարց տալ ինքներս մեզ. «Եթե ես այդ ժամանակ ապրեի Կորնթոսում, ապա ինչպիսի՞ն կլիներ իմ արձագանքը»։
14, 15. Ինչո՞ւ ոմանք դադարեցին Հիսուսին հետևելուց, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից։
14 Նկատի առնենք մեկ ուրիշ բան, ինչ կարող է տեղի ունենալ ժողովում։ Ենթադրենք, ինչ–որ մեկը դժվարանում է հասկանալ և ընդունել որևէ սուրբգրային ուսմունք։ Նա գուցե փնտրտուքներ է կատարել Աստվածաշնչում ու հրատարակություններում և օգնություն է փնտրել ժողովի հասուն անդամների ու նույնիսկ երեցների մոտ։ Այդուհանդերձ, նա դժվարանում է ըմբռնել կամ ընդունել այդ ուսմունքը։ Ի՞նչ կարող է նա անել։ Նման բան տեղի ունեցավ Հիսուսի մահից մոտ մեկ տարի առաջ։ Նա ասաց, որ ինքը «կյանքի հացն» է, և որ հավիտյան ապրելու համար անհատը պետք է «ուտի մարդու Որդու մարմինը և խմի նրա արյունը»։ Դա ցնցեց նրա աշակերտներից ոմանց։ Բացատրություն փնտրելու կամ պարզապես հավատով սպասելու փոխարեն՝ շատ աշակերտներ «այլևս չէին շրջում [Հիսուսի] հետ» (Հովհաննես 6:35, 41–66)։ Կրկին հարցնենք ինքներս մեզ. «Եթե այնտեղ լինեինք, ի՞նչ կանեինք»։
15 Մեր օրերում ոմանք դադարել են ընկերակցել ժողովի հետ, քանի որ ցանկանում են Աստծուն ինքնուրույն ծառայել։ Նրանք գուցե պատճառաբանում են, որ վիրավորվել են, կամ նրանց կարծիքով՝ սխալը չի ուղղվում, կամ էլ չեն կարողանում ընդունել ինչ–որ ուսմունք։ Որքանո՞վ է խելամիտ նրանց վարվելակերպը։ Ճիշտ է, որ թեև յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անձնական փոխհարաբերություններ ունենա Աստծու հետ, սակայն մենք չենք կարող ժխտել այն փաստը, որ ինչպես առաքյալների, այնպես էլ մեր օրերում Աստված մի համաշխարհային ժողով է օգտագործում։ Ավելին, Եհովան օրհնում էր առաջին դարի ժողովները՝ տալով համապատասխան որակներ ունեցող երեցներ ու ծառայող օգնականներ, որոնք օգուտ էին բերում ժողովներին։ Նա այդպես է վարվում նաև այսօր։
16. Եթե անհատը ցանկանում է թողնել ժողովը, ինչի՞ մասին պետք է մտածի։
16 Եթե որևէ քրիստոնյա կարծում է, թե կարող է Աստծու հետ փոխհարաբերություններ ունենալ առանց ժողովի հետ համագործակցելու, ապա նա մերժում է Աստծու հիմնած կառույցը՝ համաշխարհային ժողովը և Աստծու ժողովրդի ժողովները։ Անհատը կարող է բոլորից անկախ երկրպագել Աստծուն կամ ընկերակցել միայն մի քանի քրիստոնյաների հետ։ Սակայն այդ դեպքում ինչո՞ւ է Եհովան երեցներ և ծառայող օգնականներ նշանակել։ Հատկանշական է, որ երբ Պողոսը գրեց Կողոսայի ժողովին ու պատվիրեց, որ իր նամակը կարդացվի նաև Լավոդիկեում, նա խոսեց «[Քրիստոսի] մեջ արմատացած, նրա վրա կառուցված» լինելու մասին։ Դրանից օգուտներ կարող էին քաղել ժողովում եղողները և ոչ թե ժողովից առանձնացած անհատները (Կողոսացիներ 2:6, 7; 4:16)։
Ճշմարտության սյուն ու հենարան
17. Ի՞նչ են 1 Տիմոթեոս 3:15–ի խոսքերը սովորեցնում ժողովի մասին։
17 Քրիստոնյա երեց Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակում Պողոս առաքյալն ընդգծեց, թե ինչ հատկություններ պետք է ունենան ժողովում ծառայող երեցներն ու ծառայող օգնականները։ Դրանից անմիջապես հետո նա նշեց «կենդանի Աստծու ժողովը»՝ ասելով, որ այն «ճշմարտության սյունն ու հենարանն է» (1 Տիմոթեոս 3:15)։ Օծյալ քրիստոնյաների ամբողջ ժողովը, անշուշտ, սյուն էր առաջին դարում, և անժխտելի է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճշմարտությունը կարող էր գտնել ժողովում։ Այնտեղ էր ուսուցանվում և պաշտպանվում ճշմարտությունը, և այնտեղ քրիստոնյաները կարող էին կերտվել։
18. Ինչո՞ւ ժողովի հանդիպումները կենսական նշանակություն ունեն մեզ համար։
18 Նմանապես, համաշխարհային քրիստոնեական ժողովը Աստծու տունն է, «ճշմարտության սյունն ու հենարանը»։ Ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը և մասնակցելը այն կարևորագույն միջոցն է, որը կօգնի մեզ կերտվել, զորացնել Աստծու հետ մեր փոխհարաբերությունները և պատրաստվել նրա կամքը կատարելու համար։ Կորնթոսի ժողովին գրելով՝ Պողոսը կենտրոնացավ այն բանի վրա, թե ինչ էր այնտեղ ուսուցանվում։ Նա ցանկանում էր, որ այն, ինչ ասվում էր նրանց հանդիպումների ժամանակ, լիներ պարզ ու հասկանալի, որպեսզի ներկաները կարողանային «կերտվել» (1 Կորնթացիներ 14:12, 17–19)։ Մենք էլ այսօր կարող ենք նման ձևով կերտվել, եթե ընդունենք, որ Եհովա Աստված է հաստատել ժողովը և աջակցում է նրան։
19. Ինչո՞ւ ես երախտապարտ ժողովին։
19 Այո՛, եթե ցանկանում ենք կերտվել որպես քրիստոնյաներ, մենք պետք է մեր տեղն ունենանք ժողովում։ Այն երկար ժամանակ պաշտպանություն է եղել կեղծ ուսմունքներից, և Աստված Մեսիական Թագավորության պատգամը ժողովի միջոցով է տարածել ողջ աշխարհով մեկ։ Կասկած չկա, որ Եհովան շատ բան է իրագործել՝ օգտագործելով քրիստոնեական ժողովը (Եփեսացիներ 3:9, 10)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզը մեկնաբանում է, որ «ժողովին ասելու» մասին Հիսուսի հրահանգը կարող էր վերաբերել «նրանց, ովքեր լիազորված են քննելու նման հարցերը, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս որպես եկեղեցու ներկայացուցիչներ։ Հրեական ժողովարանում կային որպես դատավորներ ծառայող երեցներ, որոնց ուշադրությանն էին հանձնվում նման խնդիրները»։
Կարո՞ղ եք հիշել
• Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Աստված երկրի վրա ժողովներ է օգտագործում։
• Անկատար լինելով հանդերձ՝ երեցներն ի՞նչ են անում ժողովի համար։
• Ինչպե՞ս ես դու կերտվում ժողովում։
[նկար 26–րդ էջի վրա]
Երուսաղեմի առաքյալներն ու երեցները ծառայում էին որպես կառավարիչ մարմին
[նկար 28–րդ էջի վրա]
Երեցներն ու ծառայող օգնականները հրահանգներ են ստանում, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները ժողովում