Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 4/15 էջ 20–24
  • Թող ժողովը գովաբանի Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թող ժողովը գովաբանի Եհովային
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու օծված ժողովը
  • «Ժողով» բառի այլ իմաստները
  • Ժողովները գովաբանում են Եհովային
  • Թող որ ժողովը կերտվի
    2007 Դիտարան
  • Ինչպես է կազմակերպված ժողովը, և ինչպես է այն ղեկավարվում
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Դու քո տեղն ունես Եհովայի ժողովում
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գնահատիր ժողովում ունեցած քո դերը
    2009 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 4/15 էջ 20–24

Թող ժողովը գովաբանի Եհովային

«Ես կհռչակեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովի մեջ քեզ կգովաբանեմ երգով» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 2:12)։

1, 2. Ինչո՞ւ է ժողովն այդքան կարևոր, և ո՞րն է նրա գլխավոր նպատակը։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում մարդիկ ջերմ փոխհարաբերություններ և ապահովություն են ունեցել ընտանեկան կառույցում։ Սակայն Աստվածաշնչում խոսվում է մեկ այլ կառույցի մասին, որտեղ ամբողջ աշխարհում ապրող բազմաթիվ անհատներ այսօր վայելում են առանձնահատուկ փոխհարաբերություններ և ապահովություն։ Դա քրիստոնեական ժողովն է։ Անկախ նրանից՝ ունես մտերիմ և աջակցող ընտանիք, թե ոչ՝ դու կարող ես և պետք է գնահատես այն, ինչ Աստված տալիս է ժողովի միջոցով։ Իհարկե, եթե դու արդեն համագործակցում ես Եհովայի վկաների ժողովներից մեկի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, վայելում ես ջերմ ընկերակցություն և ունես ապահովության զգացում։

2 Ժողովը պարզապես ինչ–որ հասարակական խումբ չէ։ Այն համայնք կամ ակումբ չէ, որտեղ հավաքվում են միևնույն ծագում, սպորտի ասպարեզում միևնույն հետաքրքրություններ կամ միևնույն հոբբի ունեցող մարդիկ։ Ժողովի առաջնային նպատակը Եհովային գովաբանելն է։ Ինչպես ընդգծում է «Սաղմոսներ» գիրքը, դա այդպես էր դեռ վաղուց։ Սաղմոս 35:18–ում կարդում ենք. «Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ»։ Իսկ Սաղմոս 107:31, 32–ում մեզ համանման հորդոր է տրվում. «Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար, որ արաւ մարդկանց որդիներին: Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը»։

3. Պողոսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ պետք է լիներ ժողովը։

3 Քրիստոնյա Պողոս առաքյալն ընդգծեց, որ ժողովը մեկ այլ կարևոր դեր ունի, երբ խոսեց դրա մասին որպես «Աստծու տան», «որը կենդանի Աստծու ժողովն է՝ ճշմարտության սյունն ու հենարանը» (1 Տիմոթեոս 3:15)։ Ո՞ր ժողովի մասին էր խոսում Պողոսը։ Ի՞նչ իմաստներով է Աստվածաշունչն օգտագործում «ժողով» բառը։ Եվ ի՞նչ ազդեցություն այն պետք է ունենա մեր կյանքի և նպատակների վրա։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար եկեք նախ քննենք այն, թե ինչպես է Աստծու Խոսքում օգտագործվում «ժողով» բառը։

4. Ինչպե՞ս է Եբրայերեն Գրություններում սովորաբար օգտագործվում «ժողով» բառը։

4 Եբրայերեն բառը, որը հաճախ թարգմանվել է որպես «ժողով», առաջ է եկել մի արմատից, որը նշանակում է «հավաքել» կամ «ժողովել» (Բ Օրինաց 4:10; 9:10)։ Սաղմոսերգուն «ժողով» բառն օգտագործեց երկնային հրեշտակների առնչությամբ։ Այն կարող է նաև գործածվել մի խումբ չար մարդկանց նկարագրելու համար (Սաղմոս 26:5; 89:5–7)։ Սակայն ավելի հաճախ Եբրայերեն Գրություններում այն օգտագործվում է իսրայելացիների առնչությամբ։ Աստված ասաց, որ Հակոբը պետք է «ժողովուրդների ժողով լիներ», և այդպես էլ եղավ (Ծննդոց 28:3; 35:11; 48:4)։ Իսրայելացիները կանչվել, կամ՝ ընտրվել էին, որպեսզի լինեին «Եհովայի ժողովուրդը [«ժողովը», ՆԱ]», «Աստուծոյ ժողովքը» (Թուոց 20:4; Նէեմիա 13:1; Յեսու 8:35; Ա Թագաւորաց 17:47; Միքիա 2:5)։

5. Ո՞ր հունարեն բառն է սովորաբար թարգմանվել որպես «ժողով», և ի՞նչ իմաստներով կարող է այն գործածվել։

5 Եբրայերենին համապատասխան հունարեն բառը «էքլեսիա»–ն է, որը կազմված է երկու հունարեն բառերից, որոնք նշանակում են «դուրս» և «կանչել»։ Այն կարող է վերաբերել մի խմբի, որը հավաքվել է ոչ կրոնական նպատակներով, ինչպես օրինակ՝ այն «ժողովը», որ Դեմետրիոսը Եփեսոսում հավաքեց Պողոսի դեմ (Գործեր 19:32, 39, 41)։ Սակայն Աստվածաշունչն այն հիմնականում օգտագործում է քրիստոնեական ժողովի առնչությամբ։ Որոշ թարգմանություններում այդ բառը փոխանցվում է որպես «եկեղեցի», բայց ինչպես նշվում է մի բառարանում, Հունարեն Գրություններում այն «ոչ մի տեղ.... չի մատնանշում բառացի շինություն, որտեղ քրիստոնյաները հավաքվում էին երկրպագության համար» («The Imperial Bible-Dictionary»)։ Հետաքրքրական է, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «ժողով» բառը օգտագործվում է առնվազն չորս տարբեր իմաստներով։

Աստծու օծված ժողովը

6. Ի՞նչ էին անում ժողովում ինչպես Դավիթը, այնպես էլ Հիսուսը։

6 Սաղմոս 22։22–ի խոսքերը կիրառելով Հիսուսի նկատմամբ՝ Պողոս առաքյալը գրեց. ««Ես կհռչակեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովի մեջ քեզ կգովաբանեմ երգով»։ Ուստի պետք էր, որ [Հիսուսը] բոլոր առումներով իր եղբայրների նման դառնար, որ Աստծուն պատկանող բաներում դառնար ողորմած ու հավատարիմ քահանայապետ» (Եբրայեցիներ 2:12, 17)։ Դավիթը գովաբանում էր Աստծուն հին Իսրայելի ժողովի մեջ (Սաղմոս 40:9, ՆԱ)։ Սակայն ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով, որ Հիսուսը գովաբանեց Աստծուն «ժողովի մեջ»։ Ո՞ր ժողովի մասին էր նա խոսում։

7. Հունարեն Գրություններում «ժողով» բառը գլխավորապես ի՞նչ իմաստով է գործածվում։

7 Այն, ինչ կարդացինք Եբրայեցիներ 2:12, 17 համարներում, շատ կարևոր է։ Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոսը հանդիսանում էր այն ժողովի անդամը, որտեղ նա հռչակում էր Աստծու անունը իր եղբայրներին։ Ովքե՞ր էին այդ եղբայրները։ Նրանք կազմում էին «Աբրահամի սերունդը»՝ Քրիստոսի՝ ոգով օծված եղբայրները, որոնք «երկնային կոչմա՛ն մասնակիցներ» էին (Եբրայեցիներ 2:16–3:1; Մատթեոս 25:40)։ Այո, Հունարեն Գրություններում «ժողով» բառը գլխավորապես նշանակում է խումբ, որը բաղկացած է Քրիստոսի՝ ոգով օծված հետևորդներից։ Այս 144 000 օծված անհատները կազմում են «անդրանիկների ժողովը, որոնք գրանցվել են երկնքում» (Եբրայեցիներ 12:23)։

8. Ինչպե՞ս Հիսուսը նախապես նշեց քրիստոնեական ժողովի ձևավորման մասին։

8 Հիսուսը նշեց, որ քրիստոնեական այս «ժողովը» դեռ պետք է ձևավորվեր։ Իր մահվանից մոտ մեկ տարի առաջ նա առաքյալներից մեկին ասաց. «Դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի դռները չեն կարողանա հաղթել նրան» (Մատթեոս 16:18)։ Թե՛ Պետրոսը և թե՛ Պողոսը լավ հասկանում էին, որ Հիսուսն ինքն էր այդ նախագուշակված ժայռը։ Պետրոսը գրեց, որ այն անհատները, որոնք կառուցվում են որպես հոգևոր տան «կենդանի քարեր» ժայռի՝ Քրիստոսի վրա, «մի ժողովուրդ [են]՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեն գերազանց հատկությունները» այն Մեկի, որ կանչեց իրենց (1 Պետրոս 2:4–9; Սաղմոս 118:22; Եսայիա 8:14; 1 Կորնթացիներ 10:1–4)։

9. Ե՞րբ սկսվեց ձևավորվել Աստծու ժողովը։

9 Ե՞րբ սկսեց այս ժողովուրդը, որ «հատուկ սեփականություն [էր] լինելու», ձևավորվել որպես քրիստոնեական ժողով։ Դա տեղի ունեցավ մ.թ. 33 թ.–ին, երբ Աստված Երուսաղեմում հավաքված աշակերտների վրա թափեց իր սուրբ ոգին։ Այդ օրը՝ ավելի ուշ, Պետրոսը մի խումբ հրեաներին և պրոզելիտներին ազդեցիկ ելույթ ներկայացրեց։ Այն, ինչ շատերը լսեցին Հիսուսի մահվան մասին, ցնցեց իրենց մինչև սրտի խորքը։ Նրանք զղջացին և մկրտվեցին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդ անհատների թիվը կազմեց երեք հազար, և մկրտությունից անմիջապես հետո նրանք դարձան Աստծու աճող նոր ժողովի մի մասը (Գործեր 2:1–4, 14, 37–47)։ Այն աճում էր, քանի որ ավելի ու ավելի շատ հրեաներ ու պրոզելիտներ ընդունում էին այն փաստը, որ մարմնավոր Իսրայելը այլևս չէր հանդիսանում Աստծու ժողովը։ Փոխարենը՝ օծյալ քրիստոնյաները, որոնք կազմում էին հոգևոր Իսրայելը՝ «Աստծու Իսրայելը», դարձան Աստծու ճշմարիտ ժողովը (Գաղատացիներ 6:16; Գործեր 20:28)։

10. Ինչպիսի՞ հարաբերություններ ունի Հիսուսը Աստծու ժողովի հետ։

10 Աստվածաշնչում հաճախ տարբերություն է դրվում Հիսուսի և օծյալների միջև, ինչպես երևում է, օրինակ, «Քրիստոսի և ժողովի մասին» արտահայտությունից։ Հիսուսը օծյալ քրիստոնյաների այս ժողովի Գլուխն է։ Պողոսը գրեց, որ Աստված «[Հիսուսին] իբրև գլուխ կարգեց ամեն բաների վրա ժողովի օգտի համար, որը նրա մարմինն է» (Եփեսացիներ 1:22, 23; 5:23, 32; Կողոսացիներ 1:18, 24)։ Այսօր երկրի վրա մնացել է այդ ժողովի օծյալ անդամների միայն մնացորդը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նրանց Գլուխը՝ Հիսուս Քրիստոսը, սիրում է նրանց։ Հիսուսի զգացումներն այդ անհատների նկատմամբ նկարագրված են Եփեսացիներ 5։25–ում. «Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար»։ Նա սիրում է օծյալներին, քանի որ նրանք ջերմեռանդորեն «Աստծուն գովաբանության զոհ [են] մատուցում, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը», ինչպես անում էր Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ (Եբրայեցիներ 13:15)։

«Ժողով» բառի այլ իմաստները

11. Ո՞ր երկրորդ իմաստով է «ժողով» բառը օգտագործվում Քրիստոնեական Հունարեն Գրություններում։

11 Աստվածաշնչում «ժողով» բառը երբեմն գործածվում է ավելի նեղ կամ որոշակի իմաստով և չի վերաբերում 144 000 օծյալների խմբին, որոնք կազմում են «Աստծու ժողովը»։ Օրինակ՝ Պողոսը քրիստոնյաների մի խմբի գրեց. «Գայթակղության պատճառ մի՛ եղեք հրեաների համար, նաև հույների և Աստծու ժողովի համար» (1 Կորնթացիներ 10:32)։ Ակներևաբար, եթե հին Կորնթոսում քրիստոնյան ոչ պատշաճ վարք էր դրսևորում, դա կարող էր գայթակղության պատճառ լինել մի քանիսի համար։ Սակայն մի՞թե այդ սխալ արարքը կարող էր գայթակղեցնել բոլոր հույներին, հրեաներին կամ այդ ժամանակվանից մինչև այսօր եղող օծյալներին։ Դժվար թե։ Այս համարից երևում է, որ «Աստծու ժողով» արտահայտությունը վերաբերում է որոշակի ժամանակահատվածում ապրող քրիստոնյաներին։ Նմանապես, որևէ մեկը կարող է խոսել այն մասին, որ Աստված պաշտպանում, օգնում կամ օրհնում է ժողովը՝ ի նկատի ունենալով որոշակի ժամանակահատվածում ապրող բոլոր քրիստոնյաներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Կամ խոսելով ներկայումս Աստծու ժողովում տիրող ուրախության և խաղաղության մասին՝ կարող ենք նկատի ունենալ ամբողջ քրիստոնեական եղբայրությունը։

12. Ո՞րն է Աստվածաշնչում գործածվող «ժողով» բառի երրորդ իմաստը։

12 Երրորդ իմաստը, որով «ժողով» բառը գործածվում է Աստվածաշնչում, վերաբերում է որոշակի աշխարհագրական վայրում ապրող բոլոր քրիստոնյաներին։ Կարդում ենք. «Ժողովի համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան» (Գործեր 9:31)։ Այդ մեծ տարածքում մեկից ավելի քրիստոնեական խմբեր կային, բայց Հրեաստանում, Գալիլեայում և Սամարիայում գտնվող բոլոր այդ խմբերի մասին խոսվեց որպես «ժողովի»։ Հաշվի առնելով այն, թե քանի մարդ մկրտվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին և դրանից կարճ ժամանակ անց՝ կարելի է ասել, որ Երուսաղեմի տարածքում կանոնավորաբար հավաքվում էր ավելի քան մեկ խումբ (Գործեր 2:41, 46, 47; 4:4; 6:1, 7)։ Հերովդես Ագրիպպաս I կառավարեց Հրեաստանում մինչև իր մահը՝ մ.թ. 44 թ., և ինչպես պարզ երևում է 1 Թեսաղոնիկեցիներ 2։14–ից, մոտավորապես մ.թ. 50 թ.–ին Հրեաստանում մի քանի ժողովներ կային։ Այսպիսով՝ այն, որ Հերովդեսը «միջոցներ ձեռնարկեց, որ ժողովից մի քանիսին վնաս հասցնի», կարող է վերաբերել Երուսաղեմում հավաքվող ավելի քան մեկ խմբի (Գործեր 12:1)։

13. Ո՞րն է «ժողով» բառի չորրորդ և ավելի հաճախ գործածվող իմաստը։

13 «Ժողով» բառի չորրորդ իմաստն ավելի նեղ է և ավելի հաճախ վերաբերում է քրիստոնյաների միայն մեկ ժողովին, որն, օրինակ, անցկացվում է տան մեջ։ Պողոսը հիշատակեց «Գաղատիայի ժողովները»։ Հռոմեական այդ մեծ պրովինցիայում մեկից ավելի ժողովներ կային։ Գաղատիայի առնչությամբ, որտեղ գտնվում էին Անտիոքի, Դերբեյի, Լյուստրայի և Իկոնիոնի ժողովները, Պողոսը «ժողով» բառը երկու անգամ գործածեց հոգնակի թվով։ Այս ժողովներում նշանակված էին փորձառու երեցներ, կամ՝ վերակացուներ (1 Կորնթացիներ 16:1; Գաղատացիներ 1:2; Գործեր 14:19–23)։ Գրությունների համաձայն՝ նրանք բոլորը կազմում էին «Աստծու ժողովները» (1 Կորնթացիներ 11:16; 2 Թեսաղոնիկեցիներ 1:4)։

14. Ի՞նչ կարող ենք եզրակացնել այն բանից, թե ինչպես է մի քանի համարներում գործածվում «ժողով» բառը։

14 Որոշ դեպքերում քրիստոնեական հանդիպումներ անցկացնելու համար հավաքվող խմբերը ըստ երևույթին փոքր են եղել և կարող էին տեղավորվել տներում։ Այնուամենայնիվ, «ժողով» բառը կիրառվում էր այս փոքր խմբերի նկատմամբ։ Դրանցից էին մեզ հայտնի՝ Ակյուղասի, Պրիսկիղայի, Նիմֆայի և Փիլիմոնի տան մեջ անցկացվող ժողովները (Հռոմեացիներ 16:3–5; Կողոսացիներ 4:15; Փիլիմոն 2)։ Սա կարող է քաջալերության աղբյուր լինել այսօրվա այն ժողովների համար, որոնք բավականին փոքր են և որոնց անդամները թերևս կանոնավորաբար հավաքվում են տնային պայմաններում։ Առաջին դարում Եհովան ընդունում էր այսպիսի փոքր ժողովները և, անշուշտ, ընդունում է այսօր՝ իր սուրբ ոգու միջոցով օրհնելով նրանց։

Ժողովները գովաբանում են Եհովային

15. Ինչպե՞ս էր սուրբ ոգին դրսևորվում առաջին դարի ժողովներից մի քանիսում։

15 Ինչպես արդեն նշվեց, ի կատարումն Սաղմոս 22։22–ի խոսքերի՝ Հիսուսը գովաբանում էր Աստծուն ժողովի մեջ (Եբրայեցիներ 2:12)։ Նրա հավատարիմ հետևորդները նույնը պետք է անեին։ Առաջին դարում, երբ ճշմարիտ քրիստոնյաները օծվեցին սուրբ ոգով և դարձան Աստծու որդիներ և այդպիսով՝ Քրիստոսի եղբայրներ, նրանցից մի քանիսի վրա ոգին սկսեց ներգործել առանձնահատուկ կերպով։ Նրանք սուրբ ոգու գերբնական պարգևներ ստացան։ Ոգու դրսևորումներից էին՝ առանձնահատուկ իմաստությամբ, գիտությամբ խոսելը, զորավոր բուժումներ անելը, մարգարեանալը և նույնիսկ օտար լեզուներով խոսելը (1 Կորնթացիներ 12:4–11)։

16. Ո՞րն էր ոգու գերբնական պարգևների նպատակը։

16 Լեզուներով խոսելու առնչությամբ Պողոսը գրեց. «Ես գովաբանության երգ կերգեմ ոգու պարգևով, սակայն գովաբանության երգ կերգեմ նաև իմ մտքով» (1 Կորնթացիներ 14:15)։ Նա գիտակցում էր, թե որքան կարևոր էր այն, որ ուրիշները հասկանան իր խոսքերը և այդպիսով կարողանան կրթվել։ Պողոսի նպատակը Եհովային ժողովում գովաբանելն էր։ Ոգու պարգևներ ունեցողներին նա հորդորեց. «Ձգտեք առատանալ դրանցով ժողովի կերտման համար»՝ նկատի ունենալով տեղի ժողովը, որտեղ նրանք դրսևորում էին այդ պարգևը (1 Կորնթացիներ 14:4, 5, 12, 23)։ Անշուշտ, Պողոսը հետաքրքրություն էր ցույց տալիս տեղի ժողովների նկատմամբ՝ հասկանալով, որ նրանցից յուրաքանչյուրում քրիստոնյաները հնարավորություններ ունեին գովաբանելու Աստծուն։

17. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել՝ այսօրվա տեղի ժողովների հետ կապված։

17 Եհովան շարունակում է օգտագործել իր ժողովը և թիկունք կանգնել նրան։ Այսօր նա օրհնում է Քրիստոսի՝ օծյալ հետևորդներից բաղկացած խումբը, որը գտնվում է երկրի վրա։ Դա երևում է այն բանից, որ Աստծու ժողովուրդը առատ հոգևոր սնունդ է ստանում (Ղուկաս 12:42)։ Եհովան օրհնում է ամբողջ համաշխարհային եղբայրությունը։ Նա նաև օրհնում է տեղի ժողովները, որտեղ մենք գովաբանում ենք մեր Ստեղծիչին մեր գործերով և քաջալերական մեկնաբանություններով։ Այնտեղ մենք ստանում ենք կրթություն և ուսուցում, որպեսզի կարողանանք գովաբանել Աստծուն նաև այն ժամանակ, երբ չենք գտնվում ժողովում։

18, 19. Ի՞նչ են ցանկանում անել յուրաքանչյուր ժողովում ծառայող նվիրված քրիստոնյաները։

18 Հիշիր, թե ինչ հորդոր տվեց Պողոս առաքյալը Փիլիպպեի (Մակեդոնիա) ժողովի քրիստոնյաներին. «Ահա սա եմ շարունակ աղոթում, որ [դուք] լցվեք արդարության պտղով, որը Հիսուս Քրիստոսի միջոցով է՝ Աստծու փառքի ու գովաբանության համար»։ Դա նշանակում էր, որ նրանք պետք է խոսեին ուրիշների հետ Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի և իրենց հրաշալի հույսի մասին (Փիլիպպեցիներ 1:9–11; 3:8–11)։ Ուստի Պողոսը խրախուսեց իր հավատակիցներին. «[Հիսուսի] միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբրայեցիներ 13:15)։

19 Հիսուսի նման՝ քեզ ուրախություն պատճառո՞ւմ է «ժողովի մեջ» Աստծուն գովաբանելը։ Ուրախություն ստանո՞ւմ ես շուրթերովդ Եհովային գովաբանելուց այն մարդկանց առջև, ովքեր դեռ չեն ճանաչում և չեն գովաբանում նրան (Եբրայեցիներ 2:12; Հռոմեացիներ 15:9–11)։ Ինչ–որ չափով մեր պատասխանը կարող է կախված լինել նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք այն դերի նկատմամբ, որ ունի մեր ժողովը Աստծու նպատակի մեջ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես է Եհովան առաջնորդում և օգտագործում մեր ժողովը, և ինչ դեր պետք է այն ունենա մեր կյանքում։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս առաջ եկավ օծյալ քրիստոնյաներից բաղկացած «Աստծու ժողովը»։

• Որո՞նք են Աստվածաշնչում գործածվող «ժողով» բառի մյուս երեք իմաստները։

• Ի՞նչ էին ցանկանում ժողովում անել Դավիթը, Հիսուսը և առաջին դարի քրիստոնյաները, և ի՞նչ ազդեցություն պետք է դա ունենա մեզ վրա։

[նկար 21–րդ էջի վրա]

Ո՞ր ժողովի հիմքն էր Հիսուսը

[նկար 23–րդ էջի վրա]

Քրիստոնյաների խմբերը հավաքվում էին որպես «Աստծու ժողովներ»

[նկար 24–րդ էջի վրա]

Բենինի քրիստոնյաների նման՝ մենք կարող ենք միասին գովաբանել Եհովային բազմության մեջ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը