Ի՞նչ է սուրբ ոգին
ՄԻ ԱՆԳԱՄ Հիսուսը իր աշակերտներին հարցրեց. «Ձեր միջից ո՞ր հայրն է, որ եթե նրա որդին ձուկ խնդրի, օձ կտա նրան ձկան փոխարեն։ Կամ եթե նա ձու խնդրի, կարի՞ճ կտա նրան» (Ղուկաս 11։11, 12)։ Գալիլեացի երեխաները ձու և ձուկ շատ էին սիրում և ծնողներից այդպիսի ուտելիքներ էին խնդրում։
Հիսուսն ասաց, որ պետք է հաստատակամորեն խնդրել սուրբ ոգին, ինչպես քաղցած երեխան ուտելու բան կուզի ծնողից (Ղուկաս 11։9, 13)։ Ուստի եթե իմանանք, թե ինչ է սուրբ ոգին, կհասկանանք նրա կարևոր դերը մեր կյանքում։ Նախ տեսնենք, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում սուրբ ոգու մասին։
«Բարձրյալի զորությունը»
Գրություններից հստակ տեսնում ենք, որ սուրբ ոգին ուժ է, որի միջոցով Աստված իրականացնում է իր կամքը։ Երբ Գաբրիել հրեշտակը երևաց կույս Մարիամին ու հայտնեց, որ նա որդի է ունենալու, ասաց. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։35)։ Փաստորեն, կապ գոյություն ունի սուրբ ոգու և «Բարձրյալի զորության» միջև։
Նման միտք կա նաև Աստվածաշնչի այլ համարներում։ Միքիա մարգարեն գրել է. «Ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը» (Միքիա 3։8)։ Իսկ Հիսուսը խոստացավ իր աշակերտներին. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա» (Գործեր 1։8)։ Պողոս առաքյալը նույնպես խոսել է «սուրբ ոգու զորության» մասին (Հռոմեացիներ 15։13, 19)։
Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։ Սերտ կապ գոյություն ունի սուրբ ոգու և Աստծու զորության միջև։ Սուրբ ոգով Եհովան դրսևորում է իր ուժը։ Այլ կերպ ասած՝ սուրբ ոգին Աստծու զորությունն է, կամ՝ գործուն ուժը։ Ինչ խոսք, մենք չենք կարող լիովին պատկերացնել, թե ինչպես է Աստված այդ զորությամբ ստեղծել տիեզերքը։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հորդորում է մեզ խորհրդածել։ Նա ասում է. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Ի՜նչ մեծ զորություն։
Փաստորեն, Ամենակարող Աստծու «սաստիկ զորության» շնորհիվ է ստեղծվել տիեզերքը, որում կարգուկանոն ու ներդաշնակություն է տիրում։ Աստծու գործուն ուժը անսահման է, և մեր կյանքը կախված է հենց այդ զորությունից (տե՛ս «Սուրբ ոգու ազդեցությունը» շրջանակը)։
Եհովան սուրբ ոգին օգտագործում է մեծ մասշտաբով, օրինակ՝ նա ստեղծել է տիեզերքը։ Սակայն նա կարող է գործի դնել իր ուժը նաև հօգուտ մեզ։ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են Աստծու հավատարիմ ծառաները զորացել սուրբ ոգով։
«Եհովայի ոգին ինձ վրա է»
Այն, թե ինչպես սուրբ ոգին կարող է զորացնել մեզ, երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից, որոնք նա ասաց Նազարեթում ապրող մարդկանց։ «Եհովայի ոգին ինձ վրա է» (Ղուկաս 4։18)։ Իսկ ի՞նչ արեց Հիսուսը «ոգու զորությամբ» (Ղուկաս 4։14)։ Նա բուժեց հիվանդներին, հանդարտեցրեց մոլեգնած ծովի կատաղի ալիքները, ընդամենը մի քանի հացով և ձկով կերակրեց հազարավոր մարդկանց, անգամ հարություն տվեց մահացածներին։ Այդ պատճառով էլ Պետրոս առաքյալը Հիսուսին նկարագրում է որպես մեկը, որին «Աստված հայտնապես ներկայացրեց զորավոր գործերի, զարմանալի բաների ու նշանների միջոցով, որոնք Աստված նրա միջոցով կատարեց» (Գործեր 2։22)։
Այսօր, սակայն, սուրբ ոգու միջոցով նման հրաշքներ չեն լինում։ Այնուհանդերձ, այն կարող է զարմանալի բաներ անել մեզ համար։ Եհովան սուրբ ոգին տալիս է իր երկրպագուներին, ինչպեսև խոստացել էր Հիսուսը իր աշակերտներին (Ղուկաս 11։13)։ Դա է պատճառը, որ Պողոս առաքյալն ասաց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Կարո՞ղ է արդյոք սուրբ ոգին զորացնել նաև քեզ։ Այս հարցի պատասխանը տրվում է հաջորդ հոդվածում։
[շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
Սուրբ ոգին անձ չէ
Աստվածաշունչը սուրբ ոգին համեմատում է ջրի հետ։ Երբ Աստված խոստացավ ապագայում օրհնել իր ժողովրդին, ասաց. «Ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ» (Եսայիա 44։3)։
Իսկ երբ Եհովան սուրբ ոգին թափեց առաջին դարի քրիստոնյաների վրա, նրանք «սուրբ ոգով լցվեցին»։ Աստծու Խոսքում գրված է նաև, որ Հիսուսը, Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Պողոսը, Բառնաբասը և մ.թ. 33 թ. Պենտեկոստեին հավաքված աշակերտները նույնպես սուրբ ոգով լցվեցին (Ղուկաս 1։15; 4։1; Գործեր 4։8; 9։17; 11։22, 24; 13։9)։
Իսկ այժմ տրամաբանենք. կարո՞ղ էր արդյոք անձնավորությունը «թափվել» այս մարդկանց վրա։ Կարո՞ղ էին մի խումբ մարդիկ «լցվել» մեկ անձնավորությամբ։ Ինչ խոսք, նման բան չի կարող լինել։ Աստվածաշնչում բազմիցս նշվում է, որ մարդիկ կարող են լցվել իմաստությամբ, հասկացողությամբ, անգամ ճշգրիտ գիտությամբ, սակայն երբեք չի ասվում, որ ինչ–որ մեկը կարող է լցվել մեկ ուրիշ անձնավորությամբ (Ելից 28։3; Գ Թագաւորաց 7։14; Ղուկաս 2։40; Կողոսացիներ 1։9)։
«Ոգի» թարգմանված հունարեն արտահայտությունը պնև՛մա բառն է, որը նշանակում է նաև անտեսանելի զորություն։ Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանի» համաձայն՝ պնև՛մա բառը «նախ նշանակում է քամի ...., նաև շունչ, ունի նաև ոգի իմաստը, որը, ինչպեսև քամին, անտեսանելի է, չունի մարմին և զորեղ է» (Vine’s Expository Dictionary of New Testament Words)։
Հստակ է ուրեմն, որ սուրբ ոգին անձ չէa։
[ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հավելվածը, որի վերնագիրն է՝ «Ճշմարտությունը Հոր, Որդու և սուրբ ոգու մասին» (էջ 201–204)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[թույլտվությամբ]
Photodisc/SuperStock