Ընթերցողների հարցերը
Պե՞տք է արդյոք քույրը ծածկի իր գլուխը, երբ ժողովի կամ համաժողովի ժամանակ ելույթներ է թարգմանում ժեստերի լեզվով։
Քրիստոնյա կինը պետք է ծածկի իր գլուխը, երբ կատարում է այնպիսի պարտականություններ, որոնք սովորաբար վստահված են ամուսնուն կամ ժողովի եղբորը։ Սա ներդաշնակ է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Ամեն կին, որ աղոթում կամ մարգարեանում է՝ առանց գլուխը ծածկելու, անպատիվ է անում իր գլուխը»։ Ինչո՞ւ։ Որովհետև «կնոջ գլուխը տղամարդն է» (1 Կորնթ. 11։3–10)։ Երբ քույրը կրում է համեստ և համապատասխան գլխաշոր, ցույց է տալիս իր հնազանդությունը ժողովի աստվածապետական կարգինa (1 Տիմոթ. 2։11, 12)։
Իսկ ինչպե՞ս պետք է վարվի քույրը, երբ ելույթ է թարգմանում ժեստերի լեզվով։ Այդ ժամանակ նա պարզապես հռետորի ասած ինֆորմացիան փոխանցում է ունկնդիրներին։ Փաստորեն, սովորեցնում է ոչ թե քույրը, այլ ելույթ ունեցող եղբայրը։ Սակայն մեծ տարբերություն կա ժեստերի և այլ լեզուներով թարգմանելու միջև։ Երբ այլ լեզուներով ելույթ է ներկայացվում, ունկնդիրները նայում են հռետորին ու միևնույն ժամանակ լսում թարգմանող քրոջը։ Այս դեպքում նա չի հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում։ Երբեմն քույրը կարող է նստած թարգմանել, երբեմն էլ՝ կանգնած՝ դեմքով դեպի հռետորը։ Այդ դեպքում կարիք չկա ծածկելու գլուխը։
Սակայն քանի որ այսօր ժողովների և համաժողովների ժամանակ նոր տեխնիկա է օգտագործվում, ժեստերի լեզվով թարգմանող քույրը խոշոր պլանով հայտնվում է էկրանին՝ բոլորի ուշադրության կենտրոնում։ Իսկ ելույթ ներկայացնող եղբորը կարող են նույնիսկ չնկատել։ Ուստի տեղին է, որ քույրը ծածկի գլուխը՝ գիտակցելով, որ նա՝ որպես թարգմանիչ, երկրորդական դեր է կատարում։
Ըստ այս վերանայված առաջնորդության՝ ինչպե՞ս պետք է վարվի քույրը, երբ ժեստերի լեզվով թարգմանում է Աստվածապետական ծառայության դպրոցի ցուցադրումները կամ ներկաների մեկնաբանությունները։ Այս և որոշ այլ դեպքերում կարիք չկա ծածկելու գլուխը։ Սակայն բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ ժողովն անցկացնողը քույրը չէ։ Բայց երբ նա թարգմանում է եղբայրներին, ովքեր ժողովի հանդիպումների ժամանակ ելույթներ են ներկայացնում, անցկացնում են «Դիտարանի» ուսումնասիրությունը կամ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը, կամ թարգմանում է երգերը, պետք է գլուխը ծածկի։ Փաստորեն՝ քանի որ քույրը ամբողջ ժողովի ընթացքում թարգմանում է եղբայրներին, քույրերին, երեխաներին և երեցներին, ավելի հարմար կլինի գլխաշորը չհանել։
[ծանոթագրություն]
a Այս թեման մանրամասնորեն քննարկվում է «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի 209–212-րդ էջերում։