Եհովային համարո՞ւմ ես քո Հայրը
«ՏԵ՛Ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել»։ Այս խնդրանքն ուղղեց Հիսուսին իր աշակերտներից մեկը։ Հիսուսն էլ պատասխանեց. «Երբ աղոթելու լինեք, ասացեք. «Հա՛յր, թող սրբացվի՛ քո անունը»» (Ղուկ. 11։1, 2)։ Եհովային դիմելիս նա կարող էր օգտագործել այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են՝ «Ամենակարող», «Մեծ Ուսուցիչ», «Արարիչ», «Հինավուրց», «հավիտենության Թագավոր» (Ծննդ. 49։25; Ես. 30։20; 40։28; Դան. 7։9; 1 Տիմոթ. 1։17)։ Սակայն Հիսուսը օգտագործեց «Հայր» բառը։ Ինչո՞ւ։ Աստծու Որդին ուզում էր, որ մենք տիեզերքի ամենաբարձր Անձնավորությանը մոտենանք այնպես, ինչպես փոքր երեխան է մոտենում իր սիրող հորը։
Ոմանք, սակայն, դժվարանում են ընդունել, որ Աստված կարող է իրենց Հայրը լինել։ Ատսուկոa անունով մի քրիստոնյա կին խոստովանում է. «Իմ մկրտությունից հետո տարիներ շարունակ դժվար է եղել ինձ համար մոտենալ Եհովային և աղոթել նրան որպես իմ Հոր»։ Ատսուկոն նշում է, թե որն էր պատճառը. «Չեմ հիշում, որ հայրս երբևէ իմ հանդեպ սեր ու ջերմություն դրսևորած լինի»։
Այս չափազանց դժվար ժամանակներում շատ հայրեր «բնական կապվածություն» չունեն իրենց երեխաների հանդեպ (2 Տիմոթ. 3։1, 3)։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Ատսուկոյի պես բազմաթիվ անհատներ նման զգացում են ունենում։ Այդուհանդերձ, մխիթարական է իմանալ, որ մենք հիմնավոր պատճառներ ունենք Եհովային մեր Հայրը համարելու։
Եհովան հոգատար Հայր է
Հարկավոր է լավ ճանաչել Եհովային, որպեսզի նրան մեր Հայրը համարենք։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն, այլ միայն Հայրը, և ոչ էլ որևէ մեկը լիովին ճանաչում է Հորը, այլ միայն Որդին, և նա, ում Որդին կամենում է հայտնել» (Մատթ. 11։27)։ Եհովային ճանաչելու լավագույն ձևն այն է, որ խորհրդածենք այն ամենի շուրջ, ինչ Հիսուսը հայտնել է ճշմարիտ Աստծու մասին։ Ուրեմն եկեք տեսնենք, թե ինչ է ասել Հիսուսը Հոր մասին։
Հասկանալով, որ կյանքի Աղբյուրը Եհովան է՝ Հիսուսն ասաց. «Ես ապրում եմ Հոր շնորհիվ» (Հովհ. 6։57)։ Մենք նույնպես մեր կյանքի համար պարտական ենք Հորը (Սաղ. 36։9; Գործ. 17։28)։ Իսկ ի՞նչը մղեց Եհովային կյանք շնորհելու մեզ։ Իհա՛րկե սերը։ Այսպիսի պարգևի համար, անշուշտ, մենք էլ, ի պատասխան, պետք է մեր երկնային Հորը սիրենք։
Սակայն մարդկության հանդեպ Աստծու սիրո ամենամեծ դրսևորումը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն է։ Փրկանքի շնորհիվ մեղավոր մարդիկ կարող են մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ նրա սիրելի Որդու միջոցով (Հռոմ. 5։12; 1 Հովհ. 4։9, 10)։ Քանի որ մեր երկնային Հայրը միշտ իրագործում է իր խոստումները, մենք կարող ենք համոզված լինել, որ բոլոր նրանք, ովքեր սիրում և հնազանդվում են նրան, ի վերջո կունենան «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։
Մեր երկնային Հայրը նաև ամեն օր «իր արևը ծագեցնում է» մեզ համար (Մատթ. 5։45)։ Դժվար թե մեզնից շատերը մտածեն, որ անհրաժեշտ է աղոթել, որ արևը ծագի։ Սակայն որքա՜ն շատ ենք զգում նրա ջերմացնող ճառագայթների կարիքը և հաճույք ստանում այդ ջերմությունից։ Եհովան այնպիսի Հայր է, որը նախքան նրան աղոթելը գիտի, թե ինչի կարիք ունենք մենք։ Ուստի չպե՞տք է արդյոք ժամանակ տրամադրենք և խորհրդածենք այն մասին, թե ինչպես է մեր երկնային Հայրը հոգ տանում մեզ (Մատթ. 6։8, 26)։
Մեր Հայրը Մեծ Պաշտպան է
Եսայիայի մարգարեության մեջ Աստծու ժողովրդին հետևյալ հավաստիացումն է տրվում. «Սարերը կ’քաշուին, եւ բլուրները կ’սասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողողմող Տէրը (մի թարգմանության համաձայն՝ «քեզ քնքշորեն պաշտպանող Աստվածը»)» (Ես. 54։10)։ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերվա աղոթքը նույնպես ցույց է տալիս, որ Եհովան իրոք իր ծառաներին «քնքշորեն պաշտպանող» Աստված է։ Իր աշակերտների մասին Հիսուսը աղոթեց. «Նրանք աշխարհում են, և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահպանի՛ր նրանց քո անվան համար» (Հովհ. 17։11, 14)։ Այդպես էլ եղավ, Եհովան պաշտպանեց Հիսուսի հետևորդներին։
Իսկ ինչպե՞ս է Եհովան այսօր պաշտպանում մեզ։ Սատանայի ծուղակներից նա պաշտպանում է մեզ՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր մատակարարելով (Մատթ. 24։45)։ Հետևաբար որպեսզի «Աստծու ամբողջ սպառազինությունը» հագնենք, շատ կարևոր է օգտվել այդ կերակուրից։ Նկատի առնենք, օրինակ, «հավատի մեծ վահանը, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը» (Եփես. 6։11, 16)։ Մեր հավատը պաշտպանում է մեզ հոգևոր վնասներից։ Եթե հավատ ենք դրսևորում մեր երկնային Հոր հանդեպ, նշանակում է վստահ ենք, որ նա զորություն ունի մեզ պաշտպանելու։
Մեր երկնային Հոր մասին ավելի շատ բան կարող ենք սովորել, եթե ուշադրությամբ ուսումնասիրենք նրա Որդու երկրային կյանքը։ Կարդանք Մարկոս 10։13–16 համարները։ Հիսուսն իր աշակերտներին ասում է. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան»։ Երբ երեխաները մոտեցան Հիսուսին, նա քնքշորեն գրկեց նրանց ու օրհնեց։ Հավանաբար որքա՜ն շատ էին այդ փոքրիկները ուրախացել։ Հիսուսի այս վերաբերմունքից հասկանում ենք, որ ճշմարիտ Աստվածը ուզում է, որ մոտենանք իրեն։ Որտեղի՞ց գիտենք։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։
Եհովա Աստված սիրո անսպառ Աղբյուր է։ Նա հոգատար հայր է և Մեծ Պաշտպան, որը ուզում է, որ մենք մոտենանք իրեն (Հակ. 4։8)։ Անկասկած, Եհովան ամենալավ Հայրն է։
Կատարյալ վստահություն Հոր հանդեպ
Մենք, Հիսուսի նման, պետք է ամբողջովին վստահենք մեր երկնային Հորը (Առակ. 3։5, 6)։ «Ես մենակ չեմ,— ասաց Հիսուսը,— այլ ինձ հետ է Հայրը» (Հովհ. 8։16)։ Նա միշտ համոզված էր, որ Եհովան կօգնի իրեն։ Օրինակ՝ Հիսուսի մկրտության ժամանակ Եհովան հավաստիացրեց նրան իր սիրո մեջ՝ ասելով. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։15–17)։ Իսկ մահից մի քանի րոպե առաջ Հիսուսը իր Հորը կանչեց. «Հա՛յր, քո ձեռքն եմ վստահում իմ ոգին» (Ղուկ. 23։46)։ Այո՛, Հիսուսը կատարելապես վստահում էր իր Հորը։
Եհովան կարող է մեզ էլ աջակցել ու օրհնել։ Իրականում մենք կարիք չունենք ինչ–որ բանից վախենալու (Սաղ. 118։6)։ Ատսուկոն, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, դժվարությունների բախվելիս սովորություն ուներ ի՛ր ուժերին վստահելու, ոչ թե Եհովային։ Սակայն երբ սկսեց խորապես ուսումնասիրել Հիսուսի երկրային կյանքը և ծառայությունը, հասկացավ, թե ինչ մտերիմ փոխհարաբերություններ ունի վերջինս իր երկնային Հոր հետ։ Նա ասում է. «Ես հասկացա, թե ինչ է նշանակում ունենալ Հայր և վստահել նրան։ Այժմ ձեռք եմ բերել ներքին խաղաղություն և շատ երջանիկ եմ։ Իսկապես, մենք մտահոգվելու ոչ մի հիմնավոր պատճառ չունենք»։
Սովորաբար երեխաները սիրում են իրենց ծնողներին և ուզում են հաճելի լինել նրանց։ Սիրուց մղված՝ Աստծու Որդին «միշտ [Հորը] հաճելի բաներն էր անում» (Հովհ. 8։29)։ Մեր երկնային Հոր հանդեպ սերը մեզ էլ պետք է մղի խելամտորեն վարվելու և «հանրապես գովաբանելու» նրան (Մատթ. 11։25; Հովհ. 5։19)։
Մեր Հայրը «զորացնում է մեր աջը»
Մեր երկնային Հայրը կարող է նաև «օգնական» ուղարկել մեզ։ Հիսուսն ասաց, որ սուրբ ոգին «կառաջնորդի մեզ ողջ ճշմարտության մեջ» (Հովհ. 14։15–17; 16։12, 13)։ Աստծու սուրբ ոգու օգնությամբ մենք ավելի լավ կարող ենք ճանաչել մեր Հորը։ Այն նաև կարող է օգնել մեզ քանդելու «ցանկացած ամրություն», այսինքն՝ կանխակալ կարծիք, սխալ գաղափարներ, աղավաղված տեսակետներ՝ «գերի դարձնելով ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (2 Կորնթ. 10։4, 5)։ Ուստի լավ կլինի աղոթել Եհովային «օգնականի» համար՝ վստահ լինելով, որ «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Տեղին կլինի աղոթել նաև, որ սուրբ ոգին օգնի մեզ ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։
Սովորաբար փոքրիկ երեխան իրեն ապահով է զգում, երբ քայլում է հոր ձեռքը բռնած։ Եթե Եհովային քո Հայրն ես համարում, ապա քեզ համար շատ մխիթարական կլինեն այս խոսքերը. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Ես. 41։13)։ Այո՛, դու կարող ես հավիտյան «քայլել» Աստծու հետ (Միք. 6։8)։ Ուստի շարունակի՛ր կատարել նրա կամքը և կզգաս, որ դու ուրախ ես, ապահով և սիրված, քանի որ Եհովային համարում ես քո Հայրը։
[Ծանոթագրություն]
a Անունը փոխված է։