«Երբ որ աղոթք անեք, ասացեք. «Հա՛յր»»
«Հայր»։ Ինչպիսի՞ մարդու պատկեր է ստեղծում այս բառը քո մտքում։ Սիրող ու կարեկցո՞ղ, որը խորապես մտահոգված է իր ընտանիքի բարօրության համար, թե՞ անտարբեր և նույնիսկ կոպիտ։ Ինչ խոսք, շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին է եղել քո հայրը։
ԱՍՏԾՈՒ մասին խոսելիս կամ նրան դիմելիս Հիսուսը հաճախ էր գործածում «Հայր» բառըa։ Սովորեցնելով իր հետևորդներին աղոթել՝ նա ասաց. «Երբ որ աղոթք անեք, ասացեք. «Հա՛յր»» (Ղուկաս 11։2)։ Իսկ ինչպիսի՞ հայր է Եհովան։ Այս հարցի պատասխանն իմանալը անչափ կարևոր է, քանի որ, եթե լավ հասկանանք, թե ինչպիսի հայր է Եհովան, դա կմղի մեզ ավելի շատ մտերմանալու նրա հետ և սիրելու նրան։
Հիսուսից լավ ուրիշ ոչ ոք չի կարող պատմել մեզ մեր երկնային Հոր մասին։ Նա մտերիմ փոխհարաբերություններ էր վայելում իր Հոր հետ։ Մի անգամ Հիսուսն ասաց. «Ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ էլ որևէ մեկը լիովին ճանաչում է Հորը, բացի Որդուց և նրանից, ում Որդին կամենում է հայտնել» (Մատթեոս 11։27)։ Ուստի Որդու միջոցով է, որ կարող ենք լավագույնս ճանաչել Հորը։
Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից մեր երկնային Հոր մասին։ Նկատի առնենք նրա հետևյալ խոսքերը. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Հիսուսի այս խոսքերը ցույց են տալիս մեր երկնային Հոր սերը՝ նրա գլխավոր հատկությունը (1 Հովհաննես 4։8)։ Եհովան տարբեր կերպերով է դրսևորում իր սերը. տալիս է մեզ իր հավանությունը, կարեկցում է, պաշտպանում, խրատում և հոգում մեր ֆիզիկական կարիքները։
Հայրը հավանում է մեզ
Երեխան վստահություն ու քաջություն է ձեռք բերում, երբ ստանում է իր ծնողների հավանությունը։ Պատկերացրու, թե որքա՜ն քաջալերական էին Հիսուսի համար իր Հոր խոսքերը. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17)։ Հիսուսն էլ իր հերթին վստահեցնում է, որ Հայրը սիրում ու հավանում է մեզ։ Նա ասաց. «Ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից» (Հովհաննես 14։21)։ Ինչպիսի՜ ոգևորիչ խոսքեր։ Սակայն կա մեկը, ով փորձում է մեզ հակառակը ապացուցել։
Սատանան ուզում է կասկածներ սերմանել մեր մտքում՝ փորձելով համոզել, թե մեր երկնային Հայրը մեզ չի հավանում և մենք արժանի չենք նրա սիրուն։ Նա հաճախ այս մեթոդին է դիմում, հատկապես երբ խոցելի ենք՝ ծեր ենք, հիվանդ, տկար, ընկճված կամ հիասթափված։ Քննենք Լուկաս անունով երիտասարդի օրինակը, որը մտածում էր, թե արժանի չէ Աստծու սիրուն։ Լուկասը պատմում է, որ պատանեկան տարիքում նրա ծնողները կտրուկ փոխվեցին, սկսեցին այնպիսի վարք դրսևորել, որը մի ժամանակ դատապարտում էին։ Թերևս դա էր պատճառը, որ Լուկասի համար դժվար էր փոխհարաբերություններ զարգացնել իր երկնային Հոր հետ։ Բացի այդ, լինելով բռնկվող անձնավորություն՝ Լուկասը հաճախ էր խնդիրների բախվում, հատկապես ուրիշների հետ շփվելիս։ Սակայն աստիճանաբար նրա աջակցող ու համբերատար կինը, որին Լուկասը համարում է «օրհնություն, Աստծու պարգև», օգնեց նրան ինքնատիրապետում զարգացնելու։ Ժամանակի ընթացքում Լուկասը հասկացավ, որ «Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու» (1 Տիմոթեոս 1։15)։ Նա ասում է, որ խորհրդածելով Աստծու սիրո ու նրա հավանությունն ունենալու մասին, ուրախության ու բավարարվածության զգացումով լցվեց։
Եթե ժամանակ առ ժամանակ դու էլ ես կասկածում, որ Եհովան կարող է սիրել կամ հավանել քեզ, թերևս մխիթարական լինի Հռոմեացիներ 8։31–39 խոսքերի շուրջ խորհրդածելը։ Պողոս առաքյալը վստահեցնում է, որ ոչինչ չի կարող «բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է»b։
Հայրը խորապես կարեկցում է մեզ
Մեր երկնային Հայրը անտարբեր չէ մեր տառապանքի նկատմամբ։ Նա խորապես կարեկցում է մեզ (Ղուկաս 1։78)։ Հիսուսն էլ, իր Հոր նման, նույն զգացումներն ուներ անկատար մարդկանց հանդեպ (Մարկոս 1։40–42; 6։30–34)։ Ճշմարիտ քրիստոնյաները նույնպես ընդօրինակում են իրենց երկնային Հորը։ Նրանք հետևում են աստվածաշնչյան հետևյալ հորդորին՝ «իրար հանդեպ եղեք բարի և կարեկից» (Եփեսացիներ 4։32)։
Նկատի առնենք Ֆելիպեի օրինակը։ Մի օր աշխատանքի գնալիս նա թիկունքում սուր ծակոց զգաց, ասես մեկը դանակով հարվածեր։ Ֆելիպեին անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին։ Ութ ժամ հետազոտելուց հետո բժիշկները վերջապես եզրակացրին, որ աորտայի ներքին շերտը պատռվել է։ Բժիշկներն ասացին, որ իմաստ չունի վիրահատել, քանի որ նրան ընդամենը 25 րոպե է մնացել ապրելու։
Ֆելիպեի հավատակիցներից ոմանք այդ պահին նրա կողքին էին և կարեկցանքից մղված իսկույն գործի անցան։ Նրանք Ֆելիպեին շտապ տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրան վիրահատեցին։ Հավատակիցները սպասեցին մինչև վիրահատության ավարտը։ Ամեն ինչ բարեհաջող անցավ։ Ֆելիպեն անչափ երախտապարտ է իր հավատակիցների դրսևորած կարեկցանքի համար։ Նա այդ ամենի հետևում իր երկնային Հորն է տեսնում։ Ֆելիպեն պատմում է. «Կարծես Աստված սիրող հոր նման կանգնած լիներ կողքիս ու զորացներ ինձ»։ Այո՛, Եհովան հաճախ դրսևորում է իր կարեկցանքը՝ մղելով իր ծառաներին արտացոլելու այդ հատկությունը։
Հայրը պաշտպանում է մեզ
Երբ փոքրիկ երեխան վտանգ է զգում, պաշտպանվելու համար անմիջապես վազում է իր հայրիկի մոտ։ Հոր ջերմ գրկում նա իրեն ապահով է զգում։ Հիսուսը լիովին վստահում էր Եհովային որպես իր պաշտպանի (Մատթեոս 26։53; Հովհաննես 17։15)։ Մենք նույնպես կարող ենք պաշտպանություն գտնել մեր երկնային Հոր ձեռքերում։ Սակայն այսօր Եհովան հիմնականում պաշտպանում է հոգևորապես՝ տալով անհրաժեշտ օգնությունը, որպեսզի կարողանանք խուսափել մեր հոգևորին սպառնացող վտանգներից և պահպանել նրա հետ ունեցած փոխհարաբերությունները։ Պաշտպանություն տալու կերպերից մեկը Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդն է։ Երբ այդպիսի խորհուրդ ենք ստանում, ասես Եհովան քայլում է մեր հետևից և ասում. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (Եսայիա 30։21)։
Քննենք Տիագոյի ու նրա եղբայրների՝ Ֆերնանդուի և Ռաֆայելի օրինակը։ Տղաները ռոք-ն-ռոլլ նվագախմբի անդամներ էին։ Նրանք անչափ ուրախացան, երբ հրավեր ստացան նվագելու Սան Պաուլուի (Բրազիլիա) հայտնի համերգասրահներից մեկում։ Նրանց խոստումնալից ապագա էր սպասում։ Սակայն հավատակիցներից մեկը նախազգուշացրեց այն վտանգների մասին, որոնք կարող են լինել Աստծու չափանիշներն արհամարհող մարդկանց հետ սերտորեն շփվելու դեպքում (Առակներ 13։20)։ Նա այս սկզբունքի գործնական արժեքը ցույց տվեց՝ բերելով իր եղբոր օրինակը, որը վատ ընկերակցության պատճառով սկսել էր անմաքուր վարք դրսևորել։ Տիագոն և նրա եղբայրները որոշեցին թողնել երաժշտական կարիերան։ Այսօր երեքն էլ լիաժամ ծառայում են Աստծուն։ Նրանք վստահ են, որ Աստվածաշնչի խորհրդին հետևելը հոգևորապես պաշտպանել է իրենց։
Հայրը խրատում է մեզ
Սիրող հայրը խրատում է իր երեխային, քանի որ մտահոգվում է, թե ինչպիսի մարդ կդառնա նա (Եփեսացիներ 6։4)։ Այսպիսի հայրը խրատելիս թերևս հաստատակամ լինի, բայց ոչ կոպիտ։ Նմանապես մեր երկնային Հայրը գուցե երբեմն հարկ համարի խրատել մեզ։ Բայց նա միշտ սիրալիր կերպով է դա անում։ Իր Հոր նման՝ Հիսուսը երբեք կոպտորեն չէր վարվում իր աշակերտների հետ, նույնիսկ երբ վերջիններս անմիջապես չէին արձագանքում տրված խրատին (Մատթեոս 20։20–28; Ղուկաս 22։24–30)։
Ռիկարդու անունով մի երիտասարդ հասկացավ, որ Եհովան սիրուց մղված է խրատում։ Նա ընդամենը յոթ ամսական էր, երբ հայրը լքեց նրան։ Պատանի տարիքում Ռիկարդուն շատ էր զգում հոր պակասը։ Նա վատ սովորություններ ձեռք բերեց, և խիղճը սկսեց տանջել նրան։ Հասկանալով, որ իր կյանքը ներդաշնակ չէ Աստծու չափանիշներին՝ նա որոշեց խոսել ժողովի երեցների հետ։ Երեցները Աստվածաշնչի հիման վրա սիրալիր կերպով, բայց լուրջ խորհուրդ տվեցին։ Ռիկարդուն ընդունեց խորհուրդը, սակայն կրեց իր արարքների դառը հետևանքները. անքուն գիշերներ, արցունքներ, դեպրեսիա։ Ի վերջո նա հասկացավ, որ իրեն տրված խրատը ապացույցն է այն բանի, որ Եհովան դեռ սիրում է իրեն։ Ռիկարդուն հիշեց Եբրայեցիներ 12։6-ում գրված խոսքերը. «Ում Եհովան սիրում է, նրան խրատում է»։
Մենք չպետք է մոռանանք, որ խրատը ավելին է, քան պատիժը կամ հանդիմանությունը։ Աստվածաշնչում օգտագործվող «խրատել» բառը նշանակում է նաև սովորեցնել։ Մեր երկնային Հայրը թերևս խրատի մեզ՝ թույլ տալով, որ քաղենք մեր կատարած սխալների հետևանքները։ Աստվածաշունչը նշում է, որ այդպիսով Եհովան սովորեցնում է մեզ կյանքի ճիշտ ուղով ընթանալ (Եբրայեցիներ 12։7, 11)։ Այո՛, մեր Հայրը խորապես մտահոգված է մեր բարօրությամբ, այդ պատճառով էլ խրատում է մեզ։
Հայրը հոգում է մեր ֆիզիկական կարիքները
Սիրող հայրը հոգում է իր ընտանիքի ֆիզիկական կարիքները։ Նույնը անում է Եհովան։ Հիսուսն ասաց. «Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթեոս 6։25–34)։ Եհովան խոստանում է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)։
Նիսե անունով մի կին հասկացավ այս խոսքերի ճշմարտացիությունը, երբ նրա ամուսինը զրկվեց աշխատանքից։ Նիսեն վերջերս էր թողել իր լավ վարձատրվող աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի Աստծուն ծառայելուն և իր երկու աղջիկներին։ Ինչպե՞ս պետք է հիմա ապրեին։ Նիսեն այդ մասին աղոթեց Եհովային։ Հաջորդ օրը նրա ամուսինը գնաց աշխատանքի վայր՝ իրերը վերցնելու։ Ի զարմանս նրա՝ գործատերն ասաց, որ նոր աշխատատեղ կա, և առաջարկեց նրան այդ աշխատանքը։ Ստացվում է՝ Նիսեի ամուսնուն հեռացրին աշխատանքից, որ հաջորդ օրը նորից ընդունեն աշխատանքի։ Նիսեն և նրա ամուսինը շնորհակալ էին Եհովային աղոթքին պատասխանելու համար։ Նրանց օրինակը ցույց է տալիս, որ Եհովան՝ որպես հոգատար Հայր, երբեք չի մոռանում իր հավատարիմ ծառաներին։
Երախտագետ ենք, որ Հայրը սիրում է մեզ
Ինչ խոսք, բառերը չեն բավականացնի նկարագրելու այն հիասքանչ սերը, որ ցուցաբերում է մեր երկնային Հայրը։ Երբ քննում ենք, թե ինչպես է Եհովան դրսևորում իր հայրական սերը՝ տալիս է մեզ իր հավանությունը, կարեկցում է, պաշտպանում, խրատում և հոգում մեր կարիքները, համոզվում ենք, որ նրա նման հայր չկա։
Ինչպե՞ս կարող ենք գնահատանք ցույց տալ մեր երկնային Հոր դրսևորած սիրո համար։ Մենք կարող ենք ձգտել ավելին սովորել նրա և նրա նպատակների մասին (Հովհաննես 17։3), մեր կյանքը ներդաշնակեցնել նրա կամքին (1 Հովհաննես 5։3) և, ընդօրինակելով մեր Հորը, սեր դրսևորել ուրիշների հանդեպ (1 Հովհաննես 4։11)։ Այդպիսով ցույց կտանք, որ Եհովան մեր Հայրն է և մեզ համար մեծ պատիվ է, որ նրա զավակներն ենք։
[ծանոթագրություններ]
a «Հայր» բառը Եհովայի առնչությամբ հաճախ է օգտագործվում Աստվածաշնչում։ Այն 65 անգամ հանդիպում է առաջին երեք Ավետարաններում և ավելի քան 100 անգամ՝ Հովհաննեսի Ավետարանում։ Պողոսը նույնպես խոսում է Աստծու մասին որպես «Հոր»՝ իր նամակներում օգտագործելով այդ բառը ավելի քան 40 անգամ։ Եհովան մեր Հայրն է այն իմաստով, որ նա է մեր կյանքի Աղբյուրը։
b Տե՛ս «Մոտեցիր Եհովային» գրքի 24-րդ գլուխը՝ «Ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց»»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 19-րդ էջի վրա]
Եթե լավ հասկանանք, թե ինչպիսի հայր է Եհովան, դա կմղի մեզ ավելի շատ մտերմանալու նրա հետ և սիրելու նրան
[մեջբերում 22-րդ էջի վրա]
Մենք կարող ենք ցույց տալ, որ Եհովան մեր Հայրն է և մեզ համար մեծ պատիվ է, որ նրա զավակներն ենք
[շրջանակ/նկար 21-րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊԵՐՈՎ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԸ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵԿՑԱՆՔ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՐԱՏ
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ