Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 3/15 էջ 10–14
  • Մկրտություն Հոր, Որդու և սուրբ ոգու անունով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մկրտություն Հոր, Որդու և սուրբ ոգու անունով
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հոր անունով
  • Որդու անունով
  • Սուրբ ոգու անունով
  • Առաջնորդվիր սուրբ ոգով և ապրիր նվիրմանդ համաձայն
    2010 Դիտարան
  • Քո մկրտության իմաստը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Պատրա՞ստ ես մկրտվելու
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ է մկրտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2010 Դիտարան
w10 3/15 էջ 10–14

Մկրտություն Հոր, Որդու և սուրբ ոգու անունով

«Ուրեմն գնացե՛ք և .... աշակերտնե՛ր դարձրեք՝ մկրտելով նրանց Հոր և Որդու և սուրբ ոգու անունով» (ՄԱՏԹ. 28։19)։

1, 2. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Երուսաղեմում մ.թ. 33–ի Պենտեկոստեին։ բ) Ինչո՞ւ շատերը ցանկացան մկրտվել։

ՄԵՐ թվարկության 33 թվականի Պենտեկոստեին Երուսաղեմում իրարանցում էր։ Տարբեր վայրերից բազմաթիվ մարդիկ էին եկել մասնակցելու այս կարևոր տոնակատարությանը։ Այդ ընթացքում արտասովոր երևույթ տեղի ունեցավ, որից հետո Պետրոս առաքյալը մի հուզիչ ելույթ ներկայացրեց։ Ելույթից տպավորված՝ մոտ 3000 հրեաներ ու պրոզելիտներ զղջացին, մկրտվեցին ու միացան քրիստոնեական նորաստեղծ ժողովին (Գործ. 2։41)։ Այս իրադարձությունը իսկական խառնաշփոթ առաջացրեց քաղաքում, քանի որ այնտեղ գտնվող շատ ավազաններ ու ջրամբարներ լցվեցին մկրտվող մարդկանցով։

2 Իսկ ի՞նչը մղեց նրանց մկրտվելու։ Այդ օրը «երկնքից աղմուկ լսվեց, սաստիկ հողմից եկող ձայնի նման»։ 120 աշակերտներ, որոնք հավաքվել էին վերնատանը, սուրբ ոգով լցվեցին։ Այս ձայնը լսելով՝ բազմաթիվ աստվածավախ տղամարդիկ ու կանայք հավաքվեցին, որոնք շփոթված նայում էին, թե ինչպես են աշակերտները «տարբեր լեզուներով խոսում»։ Առաքյալի խոսքերը, ինչպես նաև Հիսուսի մահվան մասին մանրամասնությունները շատերին «մինչև սրտի խորքը ցնցեցին»։ Իսկ ի՞նչ էր ակնկալվում նրանցից։ Պետրոսը պատասխանեց. «Զղջացե՛ք, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով.... և դուք սուրբ ոգու ձրի պարգևը կստանաք» (Գործ. 2։1–4, 36–38)։

3. Ի՞նչ պետք է անեին զղջացող հրեաներն ու պրոզելիտները Պենտեկոստեի օրը։

3 Խորհենք այն մասին, թե ինչ հավատ ունեին հրեաներն ու պրոզելիտները, որոնք լսում էին Պետրոսին։ Նրանք արդեն երկրպագում էին Եհովային։ Ինչպես նաև Եբրայերեն Գրություններից տեղեկացել էին, որ սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, որը նա օգտագործել է արարչագործության ժամանակ և դրանից հետո (Ծննդ. 1։2; Դատ. 14։5, 6; Ա Թագ. 10։6; Սաղ. 33։6)։ Սակայն նրանցից ավելին էր պահանջվում. ընդունել Աստծու տված փրկության միջոցը՝ Մեսիային։ Առաքյալը հորդորեց. «Մկրտվե՛ք Հիսուս Քրիստոսի անունով»։ Ինչո՞ւ։ Որովհետև օրեր առաջ հարություն առած Հիսուսը պատվիրել էր Պետրոսին և իր մյուս աշակերտներին մկրտվել «Հոր և Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթ. 28։19, 20)։ Այս հորդորը մեծ նշանակություն ուներ ինչպես առաջին դարում, այնպես էլ մեր օրերում։

Հոր անունով

4. Ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ Աստծու ընտրյալ ազգի հետ։

4 Հրեաներն ու պրոզելիտները, ովքեր արձագանքեցին Պետրոսի հորդորին, արդեն ծառայում էին Եհովային։ Նրանք նաև հետևում էին Աստծու Օրենքին, և դա էր պատճառը, որ այդ օրը տարբեր վայրերից եկել էին Երուսաղեմ (Գործ. 2։5–11)։ Սակայն, չնայած այդ ամենին, Եհովայի համար հրեաները այլևս ընտրված ժողովուրդ չէին, և Օրենքը պահելով՝ նրանք չէին կարող ստանալ Աստծու հավանությունը (Մատթ. 21։43; Կող. 2։14)։ Ուստի եթե մարդիկ ցանկանում էին մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ հավիտյան, պետք է այլ քայլեր ձեռնարկեին։

5, 6. Ի՞նչ արեցին առաջին դարի հրեաներն ու պրոզելիտները՝ Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալու համար։

5 Նախ՝ մարդիկ պետք է ամբողջ սրտով ընդունեին իրենց Արարչին՝ Եհովային (Գործ. 4։24)։ Նրանք, ովքեր արձագանքեցին Պետրոսի հորդորին, ավելի հստակ տեսան, թե ինչ բարեսիրտ Աստված է Եհովան։ Նա մարդկանց փրկելու համար երկիր ուղարկեց Մեսիային, և նույնիսկ պատրաստ եղավ ներելու նրանց, ում մասին Պետրոսը ասաց. «Թող որ Իսրայելի ամբողջ տունը հաստատ իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Քրիստոս արեց, այս Հիսուսին, որին դուք ցցին գամեցիք»։ Իրականում այն անհատները, ովքեր հետևեցին առաքյալի հորդորին, ավելի մեծ հիմք ունեին երախտագետ լինելու Եհովային այն ամենի համար, ինչ որ նա արել էր (կարդա՛ Գործեր 2։30–36)։

6 Հրեաներն ու պրոզելիտները հասկացան, որ եթե ուզում են ամուր փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ, պետք է ընդունեն, որ նա է տվել փրկության միջոցը՝ Հիսուսին, և զղջան իրենց կատարած մեղքերի համար։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք այս կամ այն կերպ պատասխանատու էին Հիսուսի մահվան համար։ Ուստի «շարունակում էին իրենց անձերը նվիրել առաքյալների ուսուցմանը» (Գործ. 2։42)։ Նրանք ցանկանում էին «խոսելու ազատությամբ մոտենալ անարժան բարության գահին» (Եբր. 4։16)։

7. Ինչպե՞ս են այսօր շատերը փոխել իրենց տեսակետը Աստծու վերաբերյալ, որպեսզի մկրտվեն Հոր անունով։

7 Այսօր տարբեր ծագում ունեցող միլիոնավոր մարդիկ Աստվածաշնչի միջոցով իմացել են ճշմարտությունը Արարչի մասին (Ես. 2։2, 3)։ Նրանցից ոմանք գուցե եղել են աթեիստներ կամ դեիստներa, սակայն հետագայում համոզվել են, որ գոյություն ունի Ստեղծիչ, որի հետ կարող են ամուր փոխհարաբերություններ ունենալ։ Ուրիշներն էլ թերևս պաշտել են Երրորդությանը կամ կուռքերին, սակայն հասկացել են, որ միայն Եհովան է Ամենակալ Աստվածը, որին այժմ դիմում են անունով։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ հենց այս ճշմարտությունը պետք է ընդունեին Հոր անունով մկրտվողները։

8. Ի՞նչ պետք է գիտակցեն նրանք, ովքեր չեն իմացել Ադամից ժառանգած մեղքի մասին։

8 Այդ մարդիկ նաև հասկացել են, որ Ադամից մեղք են ժառանգել (Հռոմ. 5։12)։ Նրանց համար դա մի նոր գաղափար էր, որը պետք է ընդունեին։ Այդպիսի անհատներին կարելի է համեմատել մի մարդու հետ, որն առողջական խնդիրներ ունի և չգիտի այդ մասին։ Թեև նա ժամանակ առ ժամանակ ցավեր է ունենում, սակայն քանի դեռ հիվանդությունը չի ախտորոշվել, կարծում է, թե առողջ է։ Բայց հետազոտության արդյունքները հակառակն են ցույց տալիս (համեմատի՛ր 1 Կորնթացիներ 4։4)։ Հիվանդության հստակ ախտորոշումից հետո ամեն բան փոխվում է։ Անհատը սկսում է բուժման մեթոդներ փնտրել։ Նա իմաստնորեն կվարվի, եթե ընտրի այն մեթոդը, որի արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է։ Նմանապես նրանք, ովքեր Աստվածաշնչից իմացել են իրենց «հիվանդության»՝ ժառանգած մեղքի մասին, ընդունել են այն «բուժման մեթոդը», որն առաջարկում է Աստված։ Իրականում, բոլոր մարդիկ, ովքեր օտարացել են իրենց երկնային Հորից, պետք է մտերմանան նրա հետ, որովհետև միայն նա կարող է «բուժել» իրենց «հիվանդությունը» (Եփես. 4։17–19)։

9. Ի՞նչ արեց Եհովան, որպեսզի մարդիկ կարողանան մտերիմ փոխհարաբերություններ ունենալ իր հետ։

9 Եթե նվիրված ու մկրտված քրիստոնյա ես, ուրեմն գիտես, թե որքա՜ն հիանալի է Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը։ Նաև հասկացել ես, թե ինչ սիրառատ Աստված է Եհովան (կարդա՛ Հռոմեացիներ 5։8)։ Թեև Ադամն ու Եվան մեղք գործեցին, նա քայլեր ձեռնարկեց, որ նրանց ժառանգները, այդ թվում նաև մենք կարողանանք լավ փոխհարաբերություններ ունենալ իր հետ։ Աստված երկիր ուղարկեց Հիսուսին և աննկարագրելի ցավ ապրեց՝ տեսնելով իր Որդու տանջանքներն ու մահը։ Այդ ամենն իմանալը մղո՞ւմ է քեզ արդյոք սիրով հնազանդվելու նրան։ Անկասկած։ Եթե դեռ չես նվիրվել և մկրտվել, ապա բոլոր հիմքերն ունես դա անելու։

Որդու անունով

10, 11. ա) Ինչո՞ւ պետք է անչափ երախտապարտ լինենք Հիսուսին։ բ) Ի՞նչ զգացումներ են առաջանում քո մեջ, երբ մտածում ես Հիսուսի զոհաբերության մասին։

10 Նորից հիշենք, թե ինչ ասաց Պետրոս առաքյալը հավաքված բազմությանը։ Նա շեշտեց, որ հարկավոր է ընդունել Հիսուսին, մի քայլ, որն ուղղակիորեն կապված է «Որդու անունով» մկրտվելու հետ։ Ինչո՞ւ էր դա կարևոր այն ժամանակ, և ինչո՞ւ է դա կարևոր այժմ։ Նախ նշենք, որ ընդունել Հիսուսին և մկրտվել նրա անունով նշանակում է հասկանալ, թե ինչ դեր ունի նա Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերություններում։ Քրիստոսը մահացավ տանջանքի ցցի վրա, որպեսզի Օրենքի անեծքից ազատի հրեաներին (Գաղ. 3։13)։ Բայց նրա մահը օգուտ բերեց ոչ միայն այդ ժողովրդին, այլև ողջ մարդկությանը (Եփես. 2։15, 16; Կող. 1։20; 1 Հովհ. 2։1, 2)։ Հիսուսն անցավ սարսափելի դժվարությունների միջով. բախվեց անարդարության, ենթարկվեց անարգանքի, տանջանքի ու մահվան։ Իսկ դու կհայտնե՞ս արդյոք երախտագիտությունդ նրա կատարած այդ մեծ զոհողության համար։ Եկեք մի օրինակով պարզաբանենք, թե ինչու պիտի շնորհակալ լինենք։ Պատկերացրու՝ 1912 թվականն է։ Դու ընդամենը 12 տարեկան ես և բազմաթիվ այլ մարդկանց հետ ճանապարհորդում ես «Տիտանիկ» նավով։ Միանգամայն անսպասելիորեն նավը բախվում է մի սառցալեռան և սկսում է խորտակվել։ Դու փորձում ես թռչել փրկարար մակույկի մեջ, բայց, ավա՜ղ, այն արդեն լիքն է մարդկանցով։ Հուսալքված նկատում ես, թե ինչպես է մի մարդ հրաժեշտի համբույր տալիս իր կնոջն ու ցատկում նավի տախտակամածին։ Նա իր գիրկն է առնում քեզ և իջեցնում մակույկի մեջ։ Ի՞նչ կզգայիր դու։ Անշուշտ, երախտագիտությամբ կլցվեիր քեզ փրկողի հանդեպ։ Վստահաբար նույն զգացումն ունեցավ այն տղան, որի հետ իրականում կատարվել է այս դեպքըb։ Հիսուսն ավելին արեց։ Նա մահացավ, որպեսզի դու ապրես ոչ թե ընդամենը մի քանի տասնամյակ, այլ հավերժ։

11 Ի՞նչ զգացիր, երբ իմացար, թե Աստծու Որդին ինչ է արել քեզ համար (կարդա՛ 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Ամենայն հավանականությամբ խոր երախտագիտությամբ լցվեցիր նրա հանդեպ։ Այն մղեց քեզ կյանքդ նվիրելու Աստծուն և «այլևս ոչ թե քեզ համար ապրելու, այլ նրա համար, ով մահացավ քեզ համար»։ Որդու անունով մկրտվելով՝ դու ցույց տվեցիր, որ երախտապարտ ես Հիսուսին իր արած բոլոր գործերի համար, և ընդունում ես նրան որպես «կյանքի Գլխավոր Առաջնորդի» (Գործ. 3։15; 5։31)։ Կար ժամանակ, երբ դու չէիր ճանաչում Աստծուն և չունեիր հաստատուն հույս։ Բայց հավատ ընծայելով Հիսուսի թափած արյանը ու մկրտվելով՝ դու մտերիմ փոխհարաբերություններ զարգացրիր քո երկնային Հոր հետ (Եփես. 2։12, 13)։ Պողոս առաքյալը գրեց. «Ձեզ, որ մի ժամանակ օտարացած էիք և թշնամիներ էիք, քանի որ չար գործերի մասին էիք մտածում, այժմ [Աստված] հաշտեցրեց ձեզ [Հիսուսի] մսեղեն մարմնի միջոցով, նրա մահով, որպեսզի ձեզ իր առջև ներկայացնի սուրբ, անարատ և առանց մեղադրանքի» (Կող. 1։21, 22)։

12, 13. ա) Ինչպե՞ս կվարվի Որդու անունով մկրտված անհատը, երբ որևէ մեկը նեղացնի իրեն։ բ) Ի՞նչ պետք է անի Որդու անունով մկրտված անհատը։

12 Մկրտվելով Որդու անունով՝ դու, անշուշտ, չես ձերբազատվում մեղավոր հակումներից։ Դա հարկավոր է միշտ գիտակցել։ Օրինակ՝ եթե որևէ մեկը նեղացնում է քեզ, հիշո՞ւմ ես, որ երկուսդ էլ անկատար եք։ Ե՛վ դու, և՛ քեզ նեղացնող անհատը Աստծուց ներում ստանալու կարիք ունեք, ուստի ինքներդ պետք է ներողամիտ լինեք (Մարկ. 11։25)։ Այդ միտքն ընդգծելու համար Հիսուսը պատմեց հետևյալ առակը։ Մի թագավոր ներեց իր ծառայի պարտքը, որը կազմում էր տասը հազար տաղանդ (60 միլիոն դինար)։ Սակայն վերջինս չցանկացավ ներել իր ծառայակցին, որը պարտք էր իրեն ընդամենը 100 դինար։ Ավարտելով իր առակը՝ Քրիստոսն ասաց, որ Եհովան չի ների այն մարդուն, ով չի ներում իր եղբորը (Մատթ. 18։23–35)։ Ուստի Որդու անունով մկրտվողները պետք է ընդունեն Հիսուսի դիրքը, ձգտեն ընդօրինակել նրան ու ապրել նրա սովորեցրածի համաձայն։ Դրա մեջ մտնում է նաև ուրիշներին ներելը (1 Պետ. 2։21; 1 Հովհ. 2։6)։

13 Անկատարության պատճառով ոչ ոք չի կարող կատարելապես ընդօրինակել Հիսուսին։ Բայց քանի որ ամբողջ սրտով նվիրվել ենք Աստծուն, ցանկանում ենք մեր լավագույնն անել Հիսուսին ընդօրինակելու հարցում։ Դրա համար պետք է շարունակ ջանքեր թափենք հին անձնավորությունը հանելու և նորը հագնելու համար (կարդա՛ Եփեսացիներ 4։20–24)։ Ի՞նչը կօգնի մեզ։ Հարգանքը Հիսուսի հանդեպ։ Օրինակ՝ եթե դու ունես ընկեր, որին շատ ես հարգում, փորձում ես ընդօրինակել նրան։ Նույնն է պարագան նաև Քրիստոսի դեպքում։

14. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հետևում ես երկնային Թագավորի առաջնորդությանը։

14 Կա ևս մեկ միջոց, որով կարող ես ցույց տալ, թե ինչ է նշանակում մկրտված լինել Որդու անունով։ Աստված «ամեն բան հնազանդեցրեց [Հիսուսի] ոտքերի տակ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն բաների վրա ժողովի օգտի համար» (Եփես. 1։22)։ Ուստի Եհովային նվիրված բոլոր անհատները պետք է հարգանք դրսևորեն Հիսուսի սահմանած կառույցի հանդեպ։ Նա առաջնորդում է հիմնականում ժողովի երեցների միջոցով, որոնք թեև անկատար են, սակայն հոգևորապես հասուն են։ Այս տղամարդիկ նշանակվել են «սրբերին ուղղելու...., Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփես. 4։11, 12)։ Երբ նույնիսկ որևէ անհատ սխալ արարք է գործում, Հիսուսը՝ երկնային Թագավորության Թագավորը, ճիշտ ժամանակին և իր որոշած ձևով կարող է լուծել բոլոր խնդիրները։ Հավատո՞ւմ ես, որ դա այդպես է։

15. Ի՞նչ օրհնություններ կստանաս մկրտությունից հետո։

15 Ինչ խոսք, շատերը դեռ չեն նվիրվել Եհովային ու չեն մկտրվել։ Եթե դու էլ ես նրանց թվում, ապա խորհիր վերը նշված մտքերի շուրջ։ Արդյոք խելամիտ չի՞ լինի ընդունել Հիսուսին՝ ցույց տալով երախտագիտությունդ նրա հանդեպ։ Ավելին, մկրտվելով Որդու անունով՝ կհամալրես այն մարդկանց շարքերը, ովքեր առատ օրհնություններ են վայելելու (կարդա՛ Հովհաննես 10։9–11)։

Սուրբ ոգու անունով

16, 17. Ի՞նչ է նշանակում մկրտվել սուրբ ոգու անունով։

16 Իսկ ի՞նչ է նշանակում մկրտվել սուրբ ոգու անունով։ Ինչպես արդեն նշվեց, այն մարդիկ ովքեր Պենտեկոստեի օրը լսեցին Պետրոսի խոսքերը, գիտեին սուրբ ոգու մասին։ Նրանք իրենց աչքերով տեսան, թե ինչպես է Աստված շարունակում օգտագործել այդ ոգին։ Առաքյալը նույնպես այն մարդկանց մեջ էր, ովքեր այդ օրը «սուրբ ոգով լցվեցին ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել» (Գործ. 2։4, 8)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «անունով» արտահայտության մասին։ Օրինակ՝ այսօր հաճախ մարդիկ ասում են, որ կառավարության անունից այսինչ կամ այնինչ գործն է կատարվել։ Կարելի՞ է ասել, որ կառավարությունը անձ է։ Իհարկե ոչ։ Իրականում այդ գործերը կատարվում են կառավարության ղեկավարության կողմից։ Ուստի անհատը, ով մկրտվում է սուրբ ոգու անունով, գիտակցում է, որ այն անձ չէ, այլ Եհովայի գործուն ուժն է։ Նա նաև հասկանում է սուրբ ոգու դերը Աստծու նպատակների մեջ։

17 Իսկ Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնել քեզ ավելի շատ բան իմանալու սուրբ ոգու մասին։ Ընթերցելով այն՝ դու ըմբռնել ես, որ Աստծու խոսքը ներշնչված է ոգուց (2 Տիմոթ. 3։16)։ Ինչպես նաև հոգևորապես աճելով՝ խորությամբ հասկացել ես՝ «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Անշուշտ, կյանքում տեսել ես, թե ինչպես է ոգին օգնել քեզ։ Սակայն, եթե դեռ չես մկրտվել, ապա Հիսուսի այն խոսքերը, որ «Հայրը իր ոգին կտա», նշանակում են, որ դու իսկական օրհնություններ կվայելես, երբ ստանաս այդ ոգին։

18. Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր մկրտվում են սուրբ ոգու անունով։

18 Ակնհայտ է, որ այսօր նույնպես քրիստոնեական ժողովը առաջնորդվում է սուրբ ոգու միջոցով։ Այդ ոգին օգնում է մեզ նաև առօրյա գործերում։ Ինչպես տեսանք, մկրտվել սուրբ ոգու անունով նշանակում է ընդունել ոգու դերը մեր կյանքում և ջանադրաբար համագործակցել նրա հետ։ Սակայն ոմանք գուցե մտածեն. «Ինչպե՞ս կարող եմ ապրել նվիրմանս համաձայն», «ի՞նչ դեր է խաղում սուրբ ոգին իմ կյանքում»։ Դրա մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

[Ծանոթագրություններ]

a Դեիստները հավատում են Աստծու գոյությանը, բայց այն կարծիքին են, որ նա չի հետաքրքրվում մարդկանցով։

b Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1981 թ. հոկտեմբերի 22–ի համարը (էջ 3–8, անգլ.)։

Հիշո՞ւմ ես

• Ի՞նչ է նշանակում մկրտվել Հոր անունով։

• Ի՞նչ է նշանակում մկրտվել Որդու անունով։

• Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ քեզ համար մեծ նշանակություն ունի Հոր և Որդու անունով մկրտվելը։

• Ի՞նչ է նշանակում մկրտվել սուրբ ոգու անունով։

[Նկար 10–րդ էջի վրա]

Նոր աշակերտները ի՞նչ փոխհարաբերություններ հաստատեցին Հոր հետ մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո

[Թույլտվությամբ]

By permission of the Israel Museum, Jerusalem

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը