Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 5/1 էջ 26–29
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 5/1 էջ 26–29

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ի՞ՆՉ քայլեր ձեռնարկեց բանդայի նախկին անդամը և թմրամոլը, որպեսզի հաղթահարի վատ սովորությունները։ Ինչո՞ւ թրեշ մետալիստների խմբի անդամը կտրեց իր երկար մազերը և փոխեց վերաբերմունքը սիրած երաժշտության հանդեպ։ Ի՞նչը մղեց մի մարդու, որը մերժում էր կրոններն ու պետական իշխանությունները, դառնալու կրոնական ծառայող։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Հաղթահարեցի վատ սովորություններս» (ՊԻՏԵՐ ԿԱՈՒՍԱՆԳԱ)

ՏԱՐԻՔԸ՝ 32

ԵՐԿԻՐԸ՝ ՆԱՄԻԲԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄ ԵՎ ԹՄՐԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Ռունտու քաղաքի չորս մեծ բնակավայրերից մեկում՝ Կեհեմուում։ Այնտեղ մարդիկ ապրում էին հիմնականում վաճառելով կորեկ, փայտ և փայտածուխ։

Երբ երկու տարեկան էի, մայրս մահացավ, և ինձ մեծացրեց տատիկս։ Մենք պարզ կյանքով էինք ապրում։ Բնույթով ըմբոստ չէի, բայց հասակակիցներիս ճնշման պատճառով բազում խնդիրների առաջ կանգնեցի։ Դպրոցական տարիներին դարձա բանդայի անդամ։ Այդ պատճառով կռիվների մեջ էի ընկնում, խուլիգանություն և գողություն էի անում, ադամանդների մաքսանենգությամբ էի զբաղվում, ոգելից խմիչքներ և թմրանյութ էի օգտագործում։ Երկու անգամ ինձ ձերբակալեցին ու բանտարկեցին գողության և խարդախության համար։

10–րդ դասարանում թողեցի դպրոցը և հեռացա հայրենի քաղաքից, ինչպես նաև բանդայից։ Ուզում էի նոր կյանք սկսել, սակայն դեռ շարունակում էի մարիխուանա օգտագործել։ Երբեմն կիլոմետրեր էի անցնում, որ մարիխուանայի գեթ մի ծխախոտ գտնեմ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1999 թ. սկզբին հանդիպեցի Եհովայի վկաներին, ովքեր իրենց հրատարակություններն էին առաջարկում փողոցում։ Նրանք շատ հարգանքով ու արժանապատվորեն ինձ հետ խոսեցին, և դա խորապես տպավորեց ինձ։ Այն տեղեկությունը, որ կարդացի նրանց գրականության մեջ, համոզեց ինձ, որ գտել եմ ճշմարիտ կրոնը։ Սկսեցի ջանասիրաբար Աստվածաշունչ ուսումնասիրել և շուտով հասկացա, որ պետք է փոփոխություններ մտցնեմ իմ կյանքում, եթե ուզում եմ հաճեցնել Եհովա Աստծուն։

Ես օր որոշեցի, որ դրանից հետո այլևս չծխեմ, և ոչնչացրի ծխախոտի հետ կապված ամեն բան։ Նաև ասացի ընկերներիս, որ ինձ ծխախոտ չառաջարկեն և ոչ էլ ծխեն իմ ներկայությամբ։ Այնուհանդերձ, երկու անգամ տրվեցի ծխելու և թմրանյութ օգտագործելու ցանկությանը, բայց չվհատվեցի։ Մտքումս պահում էի Առակաց 24։16–ի խոսքերը. «Եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ»։ Ի վերջո, կարողացա ձերբազատվել այդ վատ սովորությունից։

Որքան շատ էի սովորում Եհովայի մասին, այնքան շատ էի ուզում, որ նա իմ մտերիմ ընկերը դառնա։ Ինձ անչափ դուր էր գալիս աստվածաշնչյան մի համար՝ Սաղմոս 27։10–ը. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»։ Աստվածաշնչի խոր ուսումնասիրության շնորհիվ ամեն անգամ համոզվում էի այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Զգում էի, որ Եհովան ինձ համար դարձել է իրական ու հոգատար Հայր։

Ես սկսեցի կանոնավորաբար շփվել Եհովայի վկաների հետ։ Նրանք միմյանց հանդեպ անկեղծ եղբայրասիրություն և ջերմ սեր էին դրսևորում։ Երբեք նման բան չէի տեսել։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Եհովայի և նրա ծառաների օգնությամբ կարգի բերեցի արտաքին տեսքս, հագուկապս, փոխեցի վարքս և խոսելաձևս։ Երբ հետադարձ հայացք եմ նետում, զգում եմ, որ կյանքս այնպես է փոխվել, ասես տգեղ թրթուրից գեղեցիկ մի թիթեռ եմ դարձել։ Հարազատներս ուրախ են այս փոփոխության համար, իսկ ես կրկին շահել եմ նրանց վստահությունը։ Այսօր ամուսնացած եմ և ձգտում եմ լինել լավ ամուսին և հայր։

«Գտել եմ կյանքի իսկական իմաստը» (ՄԱՐԿՈՍ ՊԱՈՒԼՈ ԴԵ ՍՈՈՒԶԱ)

ՏԱՐԻՔԸ՝ 29

ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՐԵՇ ՄԵՏԱԼԻՍՏՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ընտանիքս ապրում էր Սան Պաուլոյի Ջագուարիունա քաղաքում։ Ծնողներս եռանդուն կաթոլիկներ էին։ Երբ երիտասարդ էի, ծառայություններ էի մատուցում եկեղեցում, ու այդ պատճառով դպրոցում մականունս «տեր հայր» էին դրել։ 15 տարեկանում, սակայն, տարվեցի հեվի մետալ ռոքով և սկսեցի ընկերակցել ռոք երգիչների հետ։ Մազերս երկարացրի։ 1996 թ.−ին հորս աջակցությամբ գնեցի իմ առաջին հարվածային գործիքները։

1998 թ.–ին դարձա թրեշ մետալիստների խմբի անդամ։ Մեր նվագած երաժշտությունը սատանիստական էր ու անպարկեշտ։ Այն փառաբանում էր բռնությունը։ Այդ երաժշտությունը մեծ ազդեցություն թողեց իմ մտածելակերպի, վարքի և շրջապատի մարդկանց նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքի վրա։ Գնալով դառնում էի անբարյացակամ ու ագրեսիվ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Եհովայի վկաներին առաջին անգամ հանդիպեցի 1999 թ.–ին։ Նրանք ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ Ես համաձայնվեցի, թեև իրականում այդքան էլ հետաքրքրված չէի։ Սակայն այն, ինչ իմացա Աստվածաշնչից, փոխեց կյանքի հանդեպ ունեցած իմ տեսակետը։

Ինձ կոչում էին «երկար մազերով տղա», «ռոք աստղ» կամ «թմբկահար»։ Խմբում նվագելը ինձ դարձրել էր եսակենտրոն և մրցակցող մարդ։ Իմ ունեցած համբավը այլևս դուր չէր գալիս ինձ։ Ես հասկացա, որ այն երգիչները, որոնց երկրպագում էի, չունեն կյանքում իրական նպատակ։ Աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ եթե ուզում եմ հաճեցնել Եհովա Աստծուն, պետք է հրաժարվեմ հեվի մետալից և մերժեմ դրա հետ կապված կռապաշտությունն ու անբարո ապրելակերպը։

Ես սիրում էի իմ երաժշտությունը և երկար մազերս։ Ու չէի պատկերացնում՝ կկարողանա՞մ ապրել առանց դրանց։ Կոպիտ բնավորություն ունեի և հասկանում էի, որ պիտի սովորեմ կառավարել ինքս ինձ։ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ իմացա Աստծու սիրո, համբերատարության և ողորմության մասին ու սկսեցի ավելի շատ սիրել Եհովային։ Աղոթեցի նրան, որ օգնի ինձ փոխելու կյանքս, և նա օգնեց ինձ։ Անձամբ զգացի Եբրայեցիներ 4։12–ի խոսքերի ուժը. «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ»։

Երբ սկսեցի ընկերակցել Եհովայի վկաների հետ, նկատեցի, որ նրանք շատ են տարբերվում մյուսներից։ Կյանքումս առաջին անգամ տեսա, թե ինչ է իսկական սերը։ Այդ սերը հատկապես երևում էր Վկաների մեծ համաժողովների ժամանակ։ Ինձ շատ տպավորել էր այն, թե ինչպես են կամավորները եռանդորեն համագործակցում, որպեսզի հավաքույթներն անցնեն հարմարավետ պայմաններում։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Եհովայի օգնությամբ հիմա կարողանում եմ կառավարել ինձ և այլևս եսակենտրոն ու հպարտ չեմ։

Խոստովանեմ, որ մի ժամանակ կարոտում էի հին ապրելակերպս, սակայն հիմա չեմ կարոտում, քանի որ գտել եմ կյանքի իսկական իմաստը։ Ուրախ եմ, որ սովորում եմ հետաքրքրվել ուրիշների բարօրությամբ։

«Ուրախություն եմ ստանում ուրիշներին օգնելուց» (ՋԵՖՐԻ ՆՈԲԼ)

ՏԱՐԻՔԸ՝ 59

ԵՐԿԻՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺՈՂ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Իպսվիչ (Մասաչուսեթս) ծովափնյա քաղաքում, որտեղ հիմնականում բանվորներ էին ապրում։ Երբ չափահաս դարձա, որոշեցի ապրել Վերմոնտում։ Ես ու ընկերուհիս, հյուսիսամերիկյան չափանիշների համաձայն, պարզ կյանքով էինք ապրում՝ չունեինք էլեկտրականություն, տունը տաքացնում էինք անտառից բերած փայտով և դրա վրա ուտելիք էինք պատրաստում։ Զուգարանը դրսում էր գտնվում, տարվա մեծ մասը հոսող ջուր չունեինք։ Մենք մերժել էինք այն հասարակությունը, որում ապրում էինք, և դա ցույց էինք տալիս մեր արտաքին տեսքով։ Նույնիսկ հպարտանում էի, որ մազերս արդեն վեց ամիս է չեմ սանրել։

Այդ ընթացքում Միացյալ Նահանգները պատերազմ սկսեց Վիետնամի հետ։ Այդ պատերազմը փոխեց իմ վերաբերմունքը իշխանության հանդեպ։ Պարզ տեսա իշխանավորների ու կրոնական առաջնորդների կեղծավորությունը։ Զգացի, որ նրանք չեն կարողանում պատասխանել իմ հարցերին, ուրեմն յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ ինչն է սխալ, և ինչը՝ ճիշտ։ Ուստի սխալ չէի համարում գողանալ այն, ինչի կարիքը ունեի։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Ես ու ընկերուհիս սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել, բայց ոչինչ չէինք հասկանում։ Թմրանյութեր էի օգտագործում, բայց ջանում էի ձերբազատվել այդ սովորությունից։ Ընկերուհիս ուզում էր, որ ամուսնանանք ու երեխաներ ունենանք։ Շուտով մի Եհովայի վկա այցելեց մեզ և սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել մեզ հետ։

Ժամանակի ընթացքում ինձ հաջողվեց թողնել վատ սովորություններս։ Սակայն չէի կարողանում փոխել վերաբերմունքս իշխանության հանդեպ։ Ամեն ինչ կասկածի տակ էի դնում։ Մինչ այդ ոչ ոք իմ առաջ գրեթե ոչ մի սահմանափակում չէր դրել, այդ պատճառով ինձ համար դժվար էր ընդունել այն միտքը, որ պետք է ապրեմ ինչ–որ մեկի սահմանած կանոններով։

Ես միշտ հավատացել եմ Ստեղծչին, սակայն անորոշ պատկերացում եմ ունեցել նրա մասին։ Իսկ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ Եհովա Աստված իրական դարձավ ինձ համար։ Նա հստակ ասում էր, թե ինչ է ակնկալում ինձանից։ Նրա պահանջները անորոշ չեն, և նա հստակ նպատակ ունի՝ երկիրը դրախտի վերածելու (2 Պետրոս 3։13)։ Այս և այլ ճշմարտություններն իմանալը իմ մեջ ցանկություն առաջացրեց ծառայելու Աստծուն, իսկ դրա համար պետք է փոխեի կյանքս։

Ինձ անչափ տպավորեց այն, որ Եհովայի վկաները հրաժարվում են պատերազմներին մասնակցելուց։ Ինձ ծանոթ ուրիշ ոչ մի համաշխարհային կրոն չի առաջնորդվում Աստվածաշնչի վրա հիմնված այսպիսի սկզբունքով։

Գիտեի, որ եթե ուզում եմ ծառայել Եհովային, պետք է փոխեմ արտաքին տեսքս։ Սկզբում ինձ համար դժվար էր Վկաների պես հագնվել։ Ո՛չ ես, ո՛չ ընկերներս չունեինք համապատասխան վերնաշապիկ, տաբատ կամ կոշիկներ։ Պարզ է, որ փողկապ էլ չէի ունենա։ Սակայն շուտով մազերս կտրեցի և կարգի բերեցի ինձ։ Հիշում եմ, որ երբ առաջին անգամ գնացի տնից տուն, պատահաբար իմ արտացոլանքը տեսա պատուհանի ապակու մեջ։ «Այս ի՜նչ եմ արել»,— մտածեցի ես։ Սակայն ժամանակի ընթացքում արտաքինս սովորական դարձավ ինձ համար։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես ամուսնացա ընկերուհուս հետ ու մինչ այժմ երջանիկ ապրում ենք։ Ունենք երեք երեխա։ Կարողացել ենք մեծացնել նրանց այնպես, որ սիրեն ու ծառայեն Եհովային։ Օգնում եմ նաև ուրիշներին սովորելու աստվածաշնչյան այն նույն ճշմարտությունները, որոնք փոխեցին կյանքս։

Մի ժամանակ հպարտանում էի, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իմ մասին ուրիշները։ Սակայն այժմ մեծ ուրախություն եմ ստանում այն բանից, որ հոգ եմ տանում ուրիշներին, և որ ուրիշներն էլ մտահոգված են իմ բարօրությամբ։ Եվ այս ամենի համար անչափ երախտապարտ եմ Աստծուն։

[մեջբերում 26–րդ էջի վրա]

«Կիլոմետրեր էի անցնում, որ մարիխուանայի գեթ մի ծխախոտ գտնեմ»

[մեջբերում 28–րդ էջի վրա]

«Այն, ինչ իմացա Աստվածաշնչից, փոխեց կյանքի հանդեպ ունեցած իմ տեսակետը»

[մեջբերում 29–րդ էջի վրա]

«Սկզբում ինձ համար դժվար էր Վկաների պես հագնվել»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը