Մի՞թե կորցրել ենք մեղքի զգացումը
ՏԱՐԻՆԵՐ առաջ եկեղեցում հնչող քարոզները հաճախ էին նախազգուշացնում «յոթ ծանր մեղքերից» խուսափելու մասին։ Դրանք էին՝ կիրքը, որկրամոլությունը, ագահությունը, ծուլությունը, զայրույթը, նախանձը և հպարտությունը։ Քահանան հաճախ էր նշում, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող են ունենալ այդ մեղքերը, և հորդորում էր հավատացյալներին զղջալ։ «Իսկ այսօր եկեղեցիները նախընտրում են չխոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնք դուր չեն գալիս իրենց լսողներին։ Նրանք իրենց ունկնդիրների ականջին հաճելի բաներ են ասում միայն»,— նշում է մի գրող։
Շատ լրագրողներ նույնպես նկատել են այս փոփոխությունը։ Ահա մի քանի մեջբերում մամուլից։
▪ «Զղջալն ու թողություն խնդրելը հնացած հասկացություններ են դարձել, իսկ արժանապատվություն և ինքնասիրություն ունենալու վերաբերյալ «մեղմ» քարոզները համարվում են առաջադեմ և ողջունելի» («Սթար բիկոն» լրագիր, ԱՄՆ, Օհայո)։
▪ «Մեղքի զգացողությունը և մեղք գործելու վախը գրեթե վերացել են» («Նյուսուիկ» հանդես)։
▪ «Մենք այլևս չենք հարցնում Աստծուն. «Ինչպե՞ս վարվեմ»։ Փոխարենը՝ ասում ենք. «Տո՛ւր»» («Չիկագո սան թայմս» լրագիր)։
Այսօրվա բազմազան և ամենաթող հասարակության մեջ մարդիկ չեն ուզում բարոյական հարցերի վերաբերյալ դատողություններ անել։ Ուրիշի ապրելակերպը քննադատելը անքաղաքավարություն է համարվում։ Թվում է, թե ամենամեծ մեղքն այն է, որ դատում ես ուրիշին։ Հետևաբար մարդիկ այսպես են տրամաբանում. «Այն, թե ինչին ես հավատում, գուցե լավ է քեզ համար, բայց դա չի նշանակում, որ կարող ես քո տեսակետները պարտադրել ուրիշին։ Այսօր մարդիկ տարբեր արժեքներ ունեն կյանքում։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչն է բարոյական, և ինչը՝ ոչ։ Դու ունես քո տեսակետը, մյուսն ունի իրենը»։
Այս մտածելակերպը փոփոխություն է մտցրել մարդկանց վերաբերմունքի մեջ։ Այսօր «մեղք» բառը հազվադեպ է օգտագործվում։ Շատերը կատակներ են անում այդ բառի հետ կապված։ Առանց զագսավորվելու միասին ապրելը, անբարոյությունը և համասեռամոլությունը այլևս լուրջ մեղքեր չեն համարվում։
Ակնհայտ է, որ ներկայումս ընդունելի է այն, ինչ նախկինում մեղք էր համարվում։ Ինչո՞ւ են փոխվել տեսակետները։ Ո՞ւր է կորել մեղքի զգացումը։ Որքանո՞վ է էական քո՛ կարծիքը։