Մեղք. ինչպե՞ս է փոխվել մարդկանց տեսակետը
«ԱՅՍՕՐ մարդիկ չեն ընդունում այն տեսակետը, որ իրենք մեղավոր են դարձել հազարավոր տարիներ առաջ մեր նախածնողների գործած մեղքի պատճառով։ Չէ՞ որ այն ժամանակ մեղք գործելու գաղափար անգամ չկար։.... Գուցե այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ադոլֆ Հիտլերը և Իոսիֆ Ստալինը մեղք են գործել, սակայն մյուսները պարզապես հանգամանքների և սխալ իրավիճակների զոհ են» («Ուոլ սթրիթ ջորնլ»)։
Այս թերթից մեջբերված խոսքերը ցույց են տալիս, որ մեր օրերում մեղքի գաղափարը «խոր ճգնաժամ» է ապրում։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Ո՞րն է պատճառը, որ մարդկանց համար մեղքի գաղափարը անընդունելի է դարձել։
Նախ նշենք, որ գոյություն ունի երկու հասկացություն՝ ժառանգած մեղք և մեղք, որ գործում է մարդն ինքը։ Առաջին մեղքը մենք արդեն ունենք՝ անկախ մեր կամքից, մինչդեռ երկրորդ մեղքը գիտակցաբար ենք գործում։ Այժմ եկեք քննենք այս հասկացություններից յուրաքանչյուրը առանձին-առանձին։
Մեր նախածնողները մեծ ազդեցություն են թողել
Աստվածաշունչը նշում է, որ մեր նախածնողների գործած մեղքը փոխանցվել է ողջ մարդկությանը։ Հետևաբար բոլորս ի ծնե արատավոր ենք՝ անկատար ենք։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, «ամեն անարդարություն մեղք է» (1 Հովհաննես 5։17)։
Սակայն եկեղեցի հաճախող շատ մարդկանց համար անհասկանալի և անընդունելի է այն միտքը, որ բոլոր մարդիկ մեղավոր են ու անկատար իրենց նախածնողների սխալ արարքի պատճառով, այն դեպքում, երբ իրենք ոչ մասնակցություն են ունեցել, ոչ էլ որևէ պատասխանատվություն են կրում դրա համար։ Աստվածաբանության պրոֆեսոր էդվարդ Օկսը նշում է. «[Այս գաղափարի պատճառով] մարդիկ կա՛մ շփոթության մեջ են ընկնում՝ չհասկանալով, թե ինչպես կարելի է հավատալ մեղքի գաղափարին, կա՛մ բացարձակապես մերժում են այդ գաղափարը, կա՛մ էլ թեպետ չեն հերքում, սակայն չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարող է «մեղքը» տեղ ունենալ իրենց բարեպաշտ կյանքում»։
Սկզբնական մեղքի գաղափարը դժվար է ընդունել նաև այն պատճառով, որ եկեղեցիներն են սխալ բաներ սովորեցրել այդ մասին։ Օրինակ՝ Տրիդենտի եկեղեցաժողովին (1545–1563) եկեղեցին դատապարտեց նրանց, ովքեր չէին ընդունում, որ նորածինը պետք է կնքվի՝ ի նշան մեղքերի թողության։ Աստվածաբաններն ասում էին, որ եթե նորածինը կնքված չլիներ ու մահանար, ապա չմաքրված մեղքերի պատճառով նա հավիտյան չէր կարող երկինք գնալ։ Ավելին, Կալվինը սովորեցնում էր, որ նորածինները «մոր արգանդից լույս աշխարհ են գալիս արդեն անիծված»։ Նա նաև ասում էր. «Նորածինների բնածին մեղքը այնքան մեծ է, որ նրանց ատելի ու զզվելի է դարձնում Աստծու աչքին»։
Սակայն շատ մարդիկ մտածում են, որ նորածին երեխաները անմեղ արարածներ են և մարդու խղճին դեմ կլինի կարծել, թե նրանք պետք է տառապեն ժառանգած մեղքի պատճառով։ Այժմ պարզ է դառնում, թե ինչու եկեղեցական ուսմունքները փոխեցին մարդկանց տեսակետը մեղքի վերաբերյալ։ Իրականում որոշ կրոնական առաջնորդների համար անընդունելի է եղել չկնքված նորածիններին դատապարտել դժոխքի կրակներին։ Նրանց կարծիքով՝ այդ վերջնական ճակատագիրը աստվածաբանական դիլեմա է։ Թեև այս գաղափարը այդպես էլ չդարձավ եկեղեցական ուսմունք, սակայն դարեր շարունակ կաթոլիկ եկեղեցին սովորեցրեց, որ չկնքված երեխաների հոգիները ապրում են լիմպոսումa։
Մեկ այլ պատճառ, որը դրդեց մարդկանց չհավատալու սկզբնական մեղքին, այն է, որ 19-րդ դարում փիլիսոփաները, գիտնականները և աստվածաբանները սկսեցին կասկածի տակ դնել, թե արդյոք Աստվածաշնչի արձանագրությունները պատմական ճշգրիտ տեղեկություններ են։ Իսկ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը շատերին դրդեց հավատալու, որ Ադամի ու Եվայի մասին պատմությունը առասպել է։ Արդյունքը եղավ այն, որ այսօր շատ մարդիկ Սուրբ գիրքը համարում են ոչ թե աստվածային հայտնություն, այլ հասարակ մարդկանց սովորույթների և խորհրդածությունների արտացոլում։
Այդ դեպքում ո՞ւր մնաց սկզբնական մեղքի մասին ուսմունքը։ Եթե եկեղեցի հաճախողներին սովորեցնում են, որ Ադամն ու Եվան իրական անձնավորություններ չեն, ապա տրամաբանական է եզրակացնել, որ երբևէ մեղք չի գործվել։ Անգամ նրանք, ովքեր ընդունում են, որ մարդիկ անկատար են, սկզբնական մեղքի գաղափարը իրենց համար ընդամենը մեկ այլ ձև է բացատրելու, թե ինչու են մարդիկ մեղք գործում։
Ուստի եթե մեղք չի գործվել, ի՞նչ կարելի է ասել մարդկանց գործած մեղքերի մասին։ Դրանք անդրադառնո՞ւմ են Աստծու հետ ունեցած նրանց փոխհարաբերությունների վրա։
Արդյոք դա մե՞ղք է
Երբ մարդկանց հարցնում են, թե ինչն են մեղք համարում, շատերը անմիջապես մտաբերում են Տասը պատվիրանները. մի՛ սպանիր, մի՛ շնացիր, ագահ մի՛ եղիր, մի՛ գողացիր և այլն։ Եկեղեցիները սովորեցնում են, որ ցանկացած մարդ, ով այսպիսի մեղքեր է գործում և չի զղջում, մահանալուց հետո հավիտյան կտանջվի կրակե դժոխքումb։
Որպեսզի անհատը չարժանանա այսպիսի ճակատագրի, կաթոլիկ եկեղեցին պահանջում է մեղքերի թողություն անել քահանայի առաջ, որը, ինչպես պնդում են նրանք, մեղքեր ներելու իշխանություն ունի։ Սակայն շատ կաթոլիկների համար մեղքերը խոստովանելը, ապաշխարելը և ներում ստանալը հնացած բաներ են համարվում։ Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ իտալացի կաթոլիկների ավելի քան 60 տոկոսը այլևս չի գնում եկեղեցի՝ խոստովանության։
Պարզ է, որ սխալներ գործելու գաղափարը, ինչպես մեկնաբանում են եկեղեցիները, հետ չի պահում մարդկանց մեղքեր գործելուց։ Եկեղեցի հաճախողներից շատերը այլևս չեն հավատում, որ Տասը պատվիրաններին չհետևելը մեղք է։ Օրինակ՝ ոմանք մտածում են, որ եթե երկու չափահաս մարդիկ իրենց կամքով սեռական հարաբերություն են ունենում և ոչ մեկին վնաս չեն պատճառում, ապա դրա մեջ ոչ մի սխալ բան չկա։
Մարդիկ այսպես են տրամաբանում, քանի որ չեն վստահում այն ամենին, ինչ նրանց սովորեցրել են մեղքի մասին։ Իրականում շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարող է սիրող Աստվածը հավիտյան տանջել մեղավորներին դժոխքի կրակներում։ Կարելի է ասել, որ հենց այսպիսի թերահավատությունն է մասամբ պատճառը, որ «մեղքը» կորցրել է իր լրջությունը։ Սակայն այլ գործոններ էլ են նպաստել դրան։
Ավանդական արժեքները մերժվել են
Վերջին մի քանի դարերի ընթացքում հասարակության և մարդկանց մտածելակերպի մեջ զգալի փոփոխություններ են եղել։ Երկու համաշխարհային պատերազմները, անթիվ-անհամար հակամարտությունները և ցեղասպանությունները պատճառ են դարձել, որ մարդիկ թերագնահատեն ավանդական արժեքները։ «Ճի՞շտ է արդյոք այս զարգացած դարաշրջանում ապրել անցած դարերի չափանիշներով»,— մտածում են նրանք։ Շատ ռացիոնալիստներ ու բարոյագետներ եկել են այն եզրահանգման, որ հասարակությունը պետք է իր վրայից թոթափի հին հավատալիքները և կրթության միջոցով հասնի նոր բարձունքների։
Նման մտածելակերպը հեռացրել է մարդկությանը Աստծուց։ Եվրոպական երկրներում քչերն են հաճախում եկեղեցի։ Շատերը ընդհանրապես ոչ մի բանի չեն հավատում, շատերն էլ ատելությամբ են լցված եկեղեցիների ուսմունքների հանդեպ՝ դրանք համարելով անհեթեթություն։ Նրանք մտածում են, որ եթե մարդ արարածը պարզապես բնության և բնական ընտրության արդյունք է ու Աստված գոյություն չունի, ապա ի՞նչ մեղքի մասին է խոսքը, ինչո՞ւ ապրել բարոյական չափանիշների համաձայն։
20-րդ դարում Արևմտյան երկրներում բարոյական չափանիշների հանդեպ նման վերաբերմունքը և մի շարք այլ գործոններ հանգեցրին այսպես կոչված սեքսուալ հեղափոխության։ Ուսանողների ընդդիմությունը, ավանդական արժեքների ոտնահարումը, ինչպես նաև բժշկության կողմից հակաբեղմնավորիչների ընդունված լինելը իրենց հերթին ազդեցին բարոյականության վերաբերյալ մարդկանց վերաբերմունքի վրա։ Արդյունքում մերժվեցին նաև հոգևոր արժեքները։ Նոր սերունդը ընդունեց նոր բարոյականություն և մեղքի վերաբերյալ նոր տեսակետ։ Մի գրող ասում է. «Ռոմանտիկ սերը դարձավ չափանիշ՝ որոշելու, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, որի պատճառով ոչ օրինական սեքսը ընդունելի դարձավ»։
Կրոն, որը սփոփում է, սակայն չի դատապարտում
Միացյալ Նահանգներում տիրող «հոգևոր» վիճակի մասին «Նյուսուիկ» թերթում նշվում է. «Շատ հոգևորականներ մրցակցության մեջ են. նրանք պետք է քարոզեն այն, ինչ հաճելի է մարդկանց, այլապես վերջիններս ուրիշ տեղ կգնան»։ Հոգևորականները կարծում են, որ եթե շատ բարձր բարոյական չափանիշներ պահանջեն իրենց «հաճախորդներից», ապա կկորցնեն նրանց։ Մարդիկ չեն ուզում լսել քարոզներ խոնարհություն զարգացնելու, ինքնատիրապետում ունենալու և պարկեշտ լինելու մասին, քարոզներ, որոնք հորդորում են լսել խղճի ձայնին և ապաշխարել։ Ուստի շատ եկեղեցիներ որդեգրել են այն, ինչ «Չիկագո սան-թայմս» լրագիրը անվանում է «ուտիլիտարիզմով և նարցիսիզմով համեմված թերապևտիկ քրիստոնեական քարոզ, որը կենտրոնացած է միայն մարդու «ես»-ի վրա և անտեսում է Ավետարանը»։
Այս ամենի պատճառն այն է, որ եկեղեցիները Աստծուն ներկայացնում են իրենց տեսանկյունից և կենտրոնանում են ոչ թե Աստծու և այն բանի վրա, թե ինչ է նա մեզնից պահանջում, այլ մարդու և այն բանի վրա, թե ինչն է անհատին ավելի արժանապատիվ դարձնում։ Այսինքն՝ նրանց նպատակն է բավարարել մարդկանց պահանջները։ Արդյունքում ձևավորվել է մի կրոն, որը որևէ ուսմունք չունի։ «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում հարց է տրվում. «Ինչո՞վ կարող ենք լցնել այս բացը, որտե՞ղ են քրիստոնեական բարոյական արժեքները»։ Այնուհետև տրվում է պատասխանը. «Միակ բարոյական արժեքը շատ կարեկից լինելն է, և «լավ մարդ լինելը» արդարացնում է ամեն բան»։
Տրամաբանական է, որ այս ամենի արդյունքում այնպիսի վերաբերմունք է ձևավորվել, որ ցանկացած այդպիսի կրոն լավն է։ Ինչպես նշում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթը, նա, ով այդպիսի մտածելակերպ ունի, «կարող է ընդունել ցանկացած հավատ, քանի դեռ այդ կրոնը իր հետևորդից ոչինչ չի պահանջում, այսինքն՝ սփոփում է, սակայն չի դատապարտում»։ Իրենց հերթին եկեղեցիները նույնպես ուզում են մարդկանց ընդունել «հենց այնպես, ինչպիսին որ նրանք կան»՝ առանց որևէ բան պահանջելու։
Սա մեզ հիշեցնում է այն մարգարեությունը, որ գրի է առել Պողոս առաքյալը առաջին դարում։ Նա գրել է. «Կգա մի ժամանակ, երբ նրանք չեն հանդուրժի առողջ ուսմունքը, այլ սեփական ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար և իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից» (2 Տիմոթեոս 4։3, 4)։
Արդարացնելով մեղքը՝ կրոնական առաջնորդները մերժում են դրա գոյությունը և մարդկանց սովորեցնում են այնպիսի բաներ, որ նրանց ականջներին է հաճելի և ոչ թե այն, ինչ գրված է Աստվածաշնչում, նրանք մահացու վնաս են հասցնում վերջիններիս։ Նրանց սովորեցրածը ոչ միայն սուտ է, այլև վտանգավոր։ Իրականում այդպիսով նրանք աղավաղում են քրիստոնեության հիմնական ուսմունքներից մեկը, որն առանցքային դեր ուներ Հիսուսի և նրա առաքյալների վարդապետության մեջ՝ մեղք և ներում։ Այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
[Ծանոթագրություններ]
a Լիմպոսը ոչ սուրբգրային ուսմունք է և մարդկանց շփոթության մեջ է գցում։ Հավանաբար այս պատճառով է, որ վերջերս այն հանվել է կաթոլիկական շատ գրքերից։ Տե՛ս «Շրջադարձային փոփոխություն աստվածաբանության մեջ» շրջանակը, էջ 10։
b Կրակե դժոխքում հավիտյան տանջվելու մասին ուսմունքը աստվածաշնչյան չէ։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի վեցերորդ գլուխը՝ «Որտե՞ղ են գտնվում մահացածները»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
Այն կրոնը, որը «ազատություն» է տալիս, վատ պտուղներ է բերում
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
Մե՞ղք։ Դա այլևս մեզ չի վերաբերում»
▪ «Այսօր եկեղեցու ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա է։ Մենք այլևս «մեղավորներ» չենք համարում մեզ, և թողություն ստանալու կարիք չունենք։ Գուցե մեղքը մի ժամանակ խնդիր էր, սակայն հիմա այդ խնդիրը այլևս մեզ չի վերաբերում։ Եկեղեցին գտել է մեղքի հետ կապված խնդրի լուծումը։ Իսկ շատ ամերիկացիների համար դա երբևէ խնդիր չի էլ եղել, համենայն դեպս լուրջ խնդիր» (Ջոն Ստյուդիբակեր, կրոնագետ)։
▪ «Մարդիկ ասում են. «Ես թե՛ ինձնից, թե՛ ուրիշներից ակնկալում եմ ապրել բարձր բարոյական չափանիշներով, սակայն գիտեմ նաև, որ մենք մարդ արարած ենք, ուստի ուզում եմ անել այնքան, որքան կարող եմ»։ Մենք բարոյականության մեջ գտել ենք այսպես կոչված մխիթարության ինչ-որ գոտի՝ միջին մակարդակ, ու մտածում ենք, որ ճիշտ ենք վարվում։ Մենք ձգտում ենք լավ հարևան լինել։ Բայց անտեսում ենք մեղքի ավելի մեծ դրսևորումները» (Ալբերտ Մոլեր, բապտիստական եկեղեցու աստվածաբանական սեմինարիայի նախագահ)։
▪ «Այսօր մարդիկ ողջունում են այն, ինչ մի ժամանակ անամոթություն էին համարում (օրինակ՝ յոթ ծանր մեղքերը). ծնողները քաջալերում են երեխաներին հպարտ լինել՝ կարծելով, թե դա շատ կարևոր է ինքնահարգանք ունենալու համար, մի խումբ ֆրանսիացի խոհարարներ խնդրագիր են ներկայացրել Վատիկան՝ նշելով, որ որկրամոլությունը մեղք չէ։ Նախանձը դրդում է մարդկանց հետաքրքրվել ուրիշների կյանքով՝ հետևելով մամուլի և հեռուստատեսության միջոցով տրվող տեղեկություններին։ Գովազդների միջոցով մարդկանց մեջ ուժգին ցանկություն են առաջացնում գնելու տարբեր իրեր, բարկությունը նորմալ երևույթ է համարվում։ Ի վերջո բոլորս էլ երբեմն ուզում ենք պարզապես ծույլ լինել ու ոչինչ չանել» (Նենսի Գիբս, «Թայմ» հանդեսից)։
[Նկար 5–րդ էջի վրա]
Այսօր շատերը Ադամի ու Եվայի մասին պատմությունը առասպել են համարում