Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 6/15 էջ 6–10
  • Պաշտպանություն գտիր Աստծու ժողովրդի մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պաշտպանություն գտիր Աստծու ժողովրդի մեջ
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին»
  • Իմաստությամբ ընտրիր ընկերներիդ
  • «Դուք լվացվեցիք»
  • Դինային դժբախտություն է պատահում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Թող ժողովը գովաբանի Եհովային
    2007 Դիտարան
  • Փախի՛ր պոռնկությունից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Գնահատիր ժողովում ունեցած քո դերը
    2009 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 6/15 էջ 6–10

Պաշտպանություն գտիր Աստծու ժողովրդի մեջ

«Մեծ ժողովին մէջ քեզ պիտի գովեմ» (ՍԱՂ. 35։18, ԱԱ)։

1–3. ա) Ինչպե՞ս քրիստոնյաները կարող են հոգևոր առումով վտանգավոր գոտում հայտնվել։ բ) Որտե՞ղ կարող է Աստծու ժողովուրդը ապաստան գտնել։

ՋՈՅՆ ու իր կինը արձակուրդի մեջ էին։ Մի օր որոշեցին լողալ կորալային խութերի շրջակայքում։ Վճիտ ջրերը վխտում էին գույնզգույն, մեծ ու փոքր ձկներով։ Ամուսինները լողալով մի քիչ հեռու գնացին, որ հիանան ներքևում գտնվող խութերով։ Երբ հասան մի տեղ, որտեղ ջուրը կտրուկ խորանում էր, Ջոյի կինն ասաց. «Կարծում եմ՝ շատ ենք հեռացել»։ «Հանգիստ եղիր,— պատասխանեց Ջոյը,— ես գիտեմ՝ ինչ եմ անում»։ Բայց հանկարծ նկատեց, որ բոլոր ձկներն անհետացել են, և սարսափահար եղավ՝ հասկանալով, թե որն է պատճառը. ճեղքելով կապույտ ջրերը՝ հեռվից նրա ուղղությամբ մի շնաձուկ էր գալիս։ Կապրեր Ջոյը, թե ոչ, «որոշելու էր» այդ սարսափազդու կենդանին։ Գրեթե մի մետր էր մնացել, որ շնաձուկը հասներ Ջոյին... բայց անսպասելիորեն շրջվեց ու հեռացավ։

2 Քրիստոնյան նույնպես անգիտակցաբար կարող է կամաց–կամաց ընկղմվել «վտանգավոր ջրերի մեջ», եթե տարվի այն ամենով, ինչ առաջարկում է Սատանայի աշխարհը, օրինակ՝ զվարճություններով, կարիերայով, նյութական իրերով։ «Մեզ հետ պատահածը մղեց մտածելու, թե ում հետ ենք ընկերակցում,— ասում է Ջոյը, որը ծառայում է որպես երեց։— Լողա ապահով և հաճելի տեղում՝ ժողովում»։ Մի՛ լողա խոր, վտանգավոր ջրերում, որտեղ հոգևորապես մենակ կմնաս։ Բայց եթե երբևէ հայտնվես այդ խոր ջրերում, անմիջապես վերադարձիր դեպի «ապահով ջրերը»։ Հակառակ դեպքում՝ հոգևոր առումով կուլ կգնաս։

3 Քրիստոնյաներն այսօր ապրում են մի վտանգավոր վայրում՝ աշխարհում (2 Տիմոթ. 3։1–5)։ Սատանան գիտի, որ իրեն հաշված օրեր են մնացել, այդ պատճառով նա պատրաստ է կուլ տալու բոլոր նրանց, ովքեր զգոն չեն (1 Պետ. 5։8; Հայտն. 12։12, 17)։ Սակայն մենք անպաշտպան չենք։ Եհովան իր ժողովրդին ապահով հոգևոր ապաստան է տվել՝ քրիստոնեական ժողովը։

4, 5. Ինչո՞ւ են մարդիկ գերադասում շատ չմտածել ապագայի մասին։

4 Այս աշխարհում մարդը չի կարող լիովին պաշտպանված լինել։ Հանցագործության, բռնության, թանկ գների և նույնիսկ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով շատերն իրենց ֆիզիկապես անապահով են զգում։ Բացի այդ, ոչ ոք չի կարող խուսափել ծերության և հիվանդության բերած խնդիրներից։ Իսկ ովքեր էլ աշխատանք, տուն, կայուն եկամուտ և լավ առողջություն ունեն, վախենում են, որ ամեն րոպե կարող են կորցնել այդ ամենը։

5 Զգացական առումով նույնպես շատերն իրենց անպաշտպան են զգում։ Օրինակ՝ բազմաթիվ մարդիկ հույս են փայփայել, որ խաղաղություն և բավարարվածություն կգտնեն ամուսնության մեջ, ընտանիքում, սակայն հուսախաբ են եղել, քանի որ իրենց ակնկալիքները չեն իրականացել։ Իսկ նրանք, ովքեր եկեղեցի են հաճախում հոգևոր պաշտպանություն գտնելու նպատակով, տեսնելով իրենց հոգևոր առաջնորդների կասկածելի վարքը և լսելով աստվածաշնչյան հիմք չունեցող ուսմունքները՝ շփոթության ու տարակուսանքի մեջ են ընկնում՝ արդյոք ճիշտ առաջնորդություն են ստանում այնտեղ։ Այդ պատճառով շատերը իրենց հույսը միայն կապում են գիտության կամ բարեգործությամբ զբաղվող մարդկանց հետ։ Ուստի զարմանալի չէ, որ մեր շուրջը գտնվող մարդիկ իրենց անապահով են զգում ու գերադասում են շատ չմտածել ապագայի մասին։

6, 7. ա) Ինչո՞ւ են Աստծու ծառաները այլ կերպ արձագանքում խնդիրներին։ բ) Ի՞նչ ենք քննելու։

6 Ի՜նչ մեծ տարբերություն կա քրիստոնեական ժողովի անդամների և այս աշխարհի մարդկանց միջև։ Թեև մենք՝ Եհովայի ծառաներս, ունենք նույն խնդիրները, ինչ որ ուրիշները, սակայն այլ կերպ ենք արձագանքում դրանց (կարդա՛ Եսայիա 65։13, 14; Մաղաքիա 3։18)։ Պատճառն այն է, որ Աստվածաշնչից հստակ տեղեկացել ենք, թե ինչու է մարդկությունն այսպիսի իրավիճակում գտնվում, և պատրաստված ենք դիմագրավելու կյանքի դժվարությունները։ Ուստի չափազանց չենք մտահոգվում ապագայի մասին։ Նաև քանի որ երկրպագում ենք Եհովային, պաշտպանված ենք աշխարհին հատուկ անառողջ մտածելակերպից, անբարո գործերից և դրանց հետևանքներից։ Քրիստոնեական ժողովի անդամները վայելում են այնպիսի հանգստություն, որը չունեն այս աշխարհի մարդիկ (Ես. 48։17, 18; Փիլիպ. 4։6, 7)։

7 Ստորև կբերվեն աստվածաշնչյան օրինակներ, որոնք կօգնեն մեզ խորհելու այն պաշտպանության մասին, որն ունեն Եհովայի ծառաները։ Այս օրինակների շնորհիվ մենք կկարողանանք քննել մեր մտածելակերպն ու արարքները և տեսնել, թե արդյոք կարող ենք լիարժեք կերպով կիրառել Աստծու տված խորհուրդները, որոնք կպաշտպանեն մեզ (Ես. 30։21)։

«Քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին»

8. Ինչի՞ց են միշտ ձգտել խուսափել Եհովայի ծառաները։

8 Մարդկության պատմության հենց սկզբից Եհովային ծառայողներն ու հնազանդվողները խուսափել են մտերիմ փոխհարաբերություններ ունենալուց նրանց հետ, ովքեր չեն երկրպագել Աստծուն։ Եհովան ասել էր, որ թշնամություն է լինելու իր երկրպագուների և Սատանայի համախոհների միջև (Ծննդ. 3։15)։ Աստծու տված սկզբունքներից կառչած լինելու շնորհիվ Աստծու ժողովուրդը չի վարվել իրեն շրջապատող մարդկանց նման (Հովհ. 17։15, 16; 1 Հովհ. 2։15–17)։ Անշուշտ, այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է եղել։ Այդ պատճառով Եհովայի ծառաներից ոմանք երբեմն կասկածել են, թե արդյոք արժե ապրել անձնազոհ կյանքով։

9. Ի՞նչ էր մտահոգում 73–րդ սաղմոսը գրողին։

9 Եհովայի ծառաներից մեկը, ով գրել է 73–րդ սաղմոսը, մի պահ տարակուսեց, թե արդյոք արժե աստվածահաճո կյանքով ապրել։ Նա, հավանաբար, Ասափի հետնորդներից մեկն էր։ Սաղմոսերգուն հարցնում է, թե ինչու են ամբարիշտները հաջողակ, երջանիկ և ունևոր, մինչդեռ Աստծու ծառաներից ոմանք բախվում են փորձությունների ու դժվարությունների (կարդա՛ Սաղմոս 73։1–13)։

10. Ինչո՞ւ են սաղմոսերգուի բարձրացրած հարցերը առնչվում նաև քեզ։

10 Դու նո՞ւյնպես այսպիսի հարցեր ես տվել։ Եթե այո, ապա քեզ մեղավոր մի՛ զգա կամ մի՛ մտածիր, որ հավատդ թուլացել է։ Եհովայի ծառաներից շատերին, այդ թվում նաև Աստվածաշունչը գրի առնողներից ոմանց հուզել են նմանատիպ հարցեր (Յոբ 21։7–13; Սաղ. 37։1; Երեմ. 12։1; Ամբ. 1։1–4, 13)։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային, նախևառաջ պետք է լրջորեն մտածեն հետևյալի շուրջ. «Արդյոք Աստծուն ծառայելն ու հնազանդվելը լավագո՞ւյն բանն է, որ պետք է անեմ»։ Սա առնչվում է Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած գերիշխանության հարցին (Ծննդ. 3։4, 5)։ Ուստի պետք է բոլորս խորհենք սաղմոսերգուին անհանգստացնող խնդրի շուրջ։ Արդյոք պե՞տք է նախանձենք ամբարիշտներին, որոնք թվում է, թե անհոգ կյանքով են ապրում։ Պե՞տք է «ծռուէնք» Եհովային ծառայելուց և որդեգրենք նրանց ընթացքը։ Անշուշտ, Սատանան հենց սա է ակնկալում մեզնից։

11, 12. ա) Ինչպե՞ս սաղմոսերգուն փարատեց իր կասկածները, և ի՞նչ ենք սովորում դրանից։ բ) Ի՞նչն է օգնել քեզ գալու այն նույն եզրակացությանը, որին հանգեց սաղմոսերգուն։

11 Ի՞նչը օգնեց սաղմոսերգուին փարատելու իր կասկածները։ Թեև նա ընդունեց, որ քիչ էր մնացել շեղվեր արդար ընթացքից, նրա տեսակետը փոխվեց, երբ մտավ «Աստուծոյ սրբութեան տեղը», այսինքն՝ երբ Աստծու խորանում՝ տաճարում, շփվեց հոգևոր մարդկանց հետ ու խորհեց Եհովայի նպատակի շուրջ։ Այդ ժամանակ սաղմոսերգուն հասկացավ, որ չի ցանկանում արժանանալ չարագործների պատժին։ Նա տեսավ, որ այդ մարդիկ իրենց ապրելակերպի ու կատարած ընտրության պատճառով «հեշտ սահելու տեղում» են գտնվում։ Սաղմոսերգուն հասկացավ, որ բոլոր նրանք, ովքեր թողնում են Եհովային, անպատճառ «զարհուրանքով» կգան իրենց վախճանին, իսկ Աստծուն ծառայողները կստանան նրա աջակցությունը (կարդա՛ Սաղմոս 73։16–19, 27, 28)։ Անկասկած, դու նույնպես համոզվել ես, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Շատերը եսակենտրոն կյանքով են ապրում, ուշադրություն չեն դարձնում Աստծու օրենքներին և չեն գիտակցում, որ այդպիսի ապրելակերպի վատ հետևանքներն անխուսափելի են (Գաղ. 6։7–9)։

12 Ուրիշ ի՞նչ ենք սովորում սաղմոսերգուի խոսքերից։ Նա պաշտպանություն գտավ Աստծու ժողովրդի մեջ ու հասկացավ, որ նրանք են իմաստուն կյանքով ապրում։ Նաև սկսեց առողջ դատել և տրամաբանել, երբ գնաց այն վայրը, որտեղ երկրպագում են Եհովային։ Այսօր մենք ժողովի հանդիպումների ժամանակ ենք իմաստուն խորհուրդներ ստանում և առողջ հոգևոր սնունդ վայելում։ Այդ պատճառով է Եհովան մեզ պատվիրել հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Այնտեղ քաջալերվում ենք և լցվում իմաստուն կերպով վարվելու վճռականությամբ (Ես. 32։1, 2; Եբր. 10։24, 25)։

Իմաստությամբ ընտրիր ընկերներիդ

13-15. ա) Ի՞նչ պատահեց Դինայի հետ, և ի՞նչ է դա ցույց տալիս։ բ) Ինչո՞ւ է քրիստոնյաների հետ ընկերակցելը պաշտպանություն։

13 Հակոբի աղջիկ Դինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ լուրջ հետևանքներ է ունենում Աստծուն չծառայողների հետ ընկերակցելը։ «Ծննդոց» գրքում ասվում է, որ Դինան սովորություն ուներ ընկերակցելու երիտասարդ քանանացի աղջիկների հետ, որոնք ապրում էին այն նույն վայրում, որտեղ իր ընտանիքն էր բնակվում։ Քանանացիները չէին ապրում Եհովայի երկրպագուների բարոյական բարձր չափանիշներով։ Այն, ինչ գտել են հնագետները, փաստում է, որ քանանացիների վարքն էր հանգեցրել նրան, որ երկիրը լցվել էր կռապաշտությամբ, անբարոյությամբ, զազրելի սեռական հարաբերություններով ընթացող երկրպագությամբ և բռնությամբ (Ելից 23։23; Ղեւտ. 18։2–25; Բ Օրին. 18։9–12)։ Եկեք հիշենք, թե ինչ դժբախտություն պատահեց Դինայի կատարած սխալ ընտրության պատճառով։

14 Սյուքեմ անունով մի քանանացի, որն «իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր», տեսավ Դինային «եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան» (Ծննդ. 34։1, 2, 19)։ Ի՜նչ ողբերգություն։ Ի՞նչ ես կարծում, մի՞թե Դինան երբևէ կպատկերացներ, որ իր հետ նման բան կարող է պատահել։ Հավանաբար, նա պարզապես ցանկանում էր ընկերություն անել երիտասարդ տղամարդկանց հետ և կարծում էր, որ նրանք ոչ մի վնաս չեն հասցնի իրեն։ Սակայն Դինան չարաչար սխալվում էր։

15 Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Մենք չենք կարող ընկերակցել աշխարհի մարդկանց հետ և զերծ մնալ վատ հետևանքներից։ Աստվածաշունչն ասում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։ Իսկ եթե ընկերակցես այն մարդկանց հետ, ովքեր նույն հավատալիքներն ունեն, ինչ դու, ապրում են բարոյական բարձր չափանիշներով և սիրում են Եհովային, պաշտպանված կլինես։ Միայն լավ ընկերակցությունը կմղի քեզ իմաստուն կերպով վարվելու (Առակ. 13։20)։

«Դուք լվացվեցիք»

16. Ի՞նչ ասաց Պողոսը Կորնթոսի ժողովի որոշ անդամների մասին։

16 Քրիստոնեական ժողովը շատերին է օգնել, որ մաքրվեն պիղծ գործերից։ Երբ Պողոս առաքյալը գրեց իր առաջին նամակը Կորնթոսի ժողովին, նշեց, որ այնտեղի քրիստոնյաները փոխել են իրենց կյանքը և համապատասխանեցրել Աստծու չափանիշներին։ Նրանցից ոմանք եղել էին պոռնիկներ, կռապաշտներ, շնացողներ, համասեռամոլներ, գողեր, հարբեցողներ և այլն։ «Բայց,— ասաց Պողոսը,— դուք լվացվեցիք» (կարդա՛ 1 Կորնթացիներ 6։9–11)։

17. Ինչպե՞ս է աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը փոխել շատերի կյանքը։

17 Այս աշխարհի մարդիկ չունեն ողջամիտ սկզբունքներ, որոնցով կարող են առաջնորդվել։ Նրանք ապրում են այնպես, ինչպես ուզում են, կամ էլ շատերի պես տրվում են անբարո ապրելակերպին։ Հենց այդպիսի կյանքով էին ապրում կորնթացիները մինչև քրիստոնյա դառնալը (Եփես. 4։14)։ Բանն այն է, որ Աստծու Խոսքի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու և Եհովայի նպատակների մասին իմանալու շնորհիվ բոլոր նրանք, ովքեր կիրառում են աստվածաշնչյան խորհուրդները, կարողանում են փոխել իրենց կյանքը (Կող. 3։5–10; Եբր. 4։12)։ Եթե հարցնես, ժողովի անդամներից շատերը կպատմեն քեզ, որ մինչև Եհովայի արդար չափանիշների մասին իմանալը և դրանց հետևելը, նրանք ապրել են առանց բարոյական բարձր չափանիշների, սակայն երջանիկ չեն եղել և չեն ունեցել բավարարվածության զգացում։ Այդ մարդիկ հոգեկան անդորր գտել են միայն այն ժամանակ, երբ սկսել են շփվել Աստծու ժողովրդի հետ և ապրել են աստվածաշնչյան սկզբունքներով։

18. Ի՞նչ է պատմում մի քույր իր անձնական փորձից։

18 Ոմանք, ովքեր անցյալում հեռացել են քրիստոնեական ժողովի «ապահով ջրերից», այսօր խորապես զղջում են։ Մի քույր, ում մենք կանվանենք Տանյա, պատմում է, որ փոքր տարիքում «իմացել է ճշմարտությունը», բայց 16 տարեկանում թողել է ժողովը՝ «տրվելով աշխարհիկ հաճույքներին»։ Նրա այդ քայլը վատ հետևանքներ էր ունեցել։ Դրանցից մեկն այն էր, որ նա հղիացել էր և դիմել արհեստական վիժման։ Այժմ Տանյան ասում է. «Երեք տարի ժողովից հեռու լինելը անջնջելի հետք է թողել հոգուս վրա։ Ինձ անվերջ տանջում է այն միտքը, որ սպանել եմ չծնված երեխայիս... Երիտասարդներին, որոնց մեջ ցանկություն է առաջանում թեկուզ կարճ ժամանակով «ճաշակելու» աշխարհը, ուզում եմ ասել՝ մի՛ փորձեք։ Սկզբում այն քաղցր է թվում, բայց հետևանքները դառն են։ Այս աշխարհը միայն ցավ է պատճառում։ Ես իմ անձնական փորձից դա գիտեմ։ Մնա՛ Եհովայի կազմակերպության մեջ։ Սա կյանքի միակ ուղին է, որ երջանկություն է բերում»։

19, 20. Ինչի՞ց է մեզ պաշտպանում ժողովը և ինչպե՞ս։

19 Մտածիր, թե ինչ կլիներ քեզ հետ, եթե թողնեիր քրիստոնեական ժողովի ապահով հանգրվանը։ Շատերը, ովքեր մինչև ճշմարտությունն ընդունելը ունայն կյանքով են ապրել, չեն էլ ուզում հիշել այդ տարիները (Հովհ. 6։68, 69)։ Հավատակիցներիդ հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շնորհիվ կարող ես ապահով և պաշտպանված լինել Սատանայի աշխարհի բերած ցավից ու տառապանքից։ Եթե ընկերակցես նրանց հետ ու կանոնավորաբար հաճախես ժողովներին, երբեք չես մոռանա, որ Եհովայի արդար սկզբունքներով ապրելը խելամիտ է, և կառաջնորդվես դրանցով։ Դու բոլոր պատճառները կունենաս սաղմոսերգուի պես ասելու. «Մեծ ժողովին մէջ քեզ պիտի գովեմ» (Սաղ. 35։18, ԱԱ)։

20 Անշուշտ, քրիստոնյաների հավատարմությունը ժամանակ առ ժամանակ կարող է փորձության ենթարկվել։ Այդ դժվարին պահերին նրանք գուցե կարիք ունենան, որ ինչ–որ մեկը ճիշտ ուղղություն տա իրենց։ Ի՞նչ կարող ես անել հավատակիցներիդ օգնելու համար։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչպես կարող ես «շարունակել մխիթարել.... և կերտել» եղբայրներիդ (1 Թեսաղ. 5։11)։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչ ենք սովորում 73–րդ սաղմոսը գրողից։

• Ի՞նչ ենք սովորում Դինայի օրինակից։

• Ինչո՞ւ է քրիստոնեական ժողովում լինելը պաշտպանություն։

[Նկար 7–րդ էջի վրա]

Լողա այնտեղ, որտեղ ապահով է. մնա՛ ժողովում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը