Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 9/15 էջ 30–32
  • Հատուկ քարոզարշավ Բուլղարիայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հատուկ քարոզարշավ Բուլղարիայում
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հրավերը մեծ արձագանք է գտնում
  • Ինչ արդյունքների հասան
  • Զոհողություն անողները առատ օրհնություններ են ստանում
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Բուլղարիա
    Դեպքեր ծառայությունից
  • «Երազում էի ապրել անիվների վրա»
    2011 Դիտարան
  • Հրավեր
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզարշավ, որն արդյունքներ է բերում
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2010 Դիտարան
w10 9/15 էջ 30–32

Հատուկ քարոզարշավ Բուլղարիայում

«Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (ՄԱՏԹ. 9։37, 38)։

ՀԻՍՈՒՍԻ այս խոսքերը ճշգրտորեն նկարագրում են այն իրավիճակը, որ տիրում է Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող բալկանյան գեղեցիկ երկրներից մեկում՝ Բուլղարիայում։ Այնտեղ բազմաթիվ «աշխատողների» կարիք կա, որպեսզի բարի լուրը հասնի երկրի ավելի քան յոթ միլիոն բնակիչներին։ Բուլղարիան մոտավորապես 1700 քարոզիչ ունի, բայց նրանք չեն կարողանում բարի լուրը տարածել ողջ երկրով մեկ։ Ուստի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց հրավիրել Եվրոպայի մյուս երկրներում բնակվող բուլղարախոս Վկաներին, որպեսզի գան և մասնակցեն 2009​թ. հատուկ քարոզարշավին։ Քարոզարշավը կազմակերպվելու էր ամռանը և տևելու էր յոթ շաբաթ, իսկ վերջում (օգոստոսի 14–16-ը) Սոֆիայում անցկացվելու էր «Արթո՛ւն մնացեք» մարզային համաժողովը։

Հրավերը մեծ արձագանք է գտնում

Սոֆիայում գտնվող մասնաճյուղում ծառայող եղբայրները մտածում էին՝ տեսնես քանի հոգի կարձագանքի հրավերին և կգա Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Լեհաստանից և Իսպանիայից։ Ընդունել այդ հրավերը նշանակում էր սեփական ծախսերով մեկնել Բուլղարիա և արձակուրդն անցկացնել քարոզելով։ Որքա՜ն ոգևորվեցին այդ եղբայրները, երբ տեսան, որ ամեն շաբաթ ցանկացողների թիվը գնալով ավելանում է, մինչև որ այն հասավ 292-ի։ Հրավերն, իրոք որ, մեծ արձագանք գտավ։ Դա հնարավորություն տվեց կամավորներ ուղարկել Բուլղարիայի տարբեր քաղաքներ՝ Կազանլիկ, Սանդանսկի և Սիլիստրա։ Շրջանային վերակացուները Բուլղարիայում ծառայող ռահվիրաներին և քարոզիչներին նույնպես քաջալերեցին մասնակցել քարոզարշավին։ Վերջին հաշվով 382 կամավորներ եռանդորեն քարոզեցին երկրի չմշակված տարածքներում։

Նախօրոք մոտակա ժողովներից եղբայրներ ուղարկվեցին այդ տարածքներ, որպեսզի կամավորների համար կացարան գտնեն։ Նրանք բնակարաններ վարձեցին և հյուրանոցներում ոչ թանկ սենյակներ պատվիրեցին։ Երբ կամավորները ժամանեցին, այդ եղբայրներն օգնեցին նրանց տեղավորվելու և ապահովեցին ամեն անհրաժեշտ բանով։ Իսկ ժողովի հանդիպումներն անցկացնելու համար սրահներ վարձվեցին։ Կամավորների միջից մի քանի եղբայրներ նշանակվեցին՝ անցկացնելու ժողովի հանդիպումները։ Քաջալերական էր տեսնել, որ այն քաղաքներում, որտեղ չկար նույնիսկ մեկ վկա, 50 քարոզիչ ներկա էր լինում հանդիպումներին՝ փառաբանելու Եհովային։

Տարբեր երկրներից ժամանած քույրերի ու եղբայրների եռանդն այնքան մեծ էր, որ նույնիսկ այրող տապը նրանց չկանգնեցրեց։ Ամռանը Բուլղարիայում այնքան շոգ է լինում, որ ջերմաստիճանը երբեմն հասնում է 40°C-ի։ Առաջին երեք շաբաթների ընթացքում հիմնովին վկայություն տրվեց Դանուբ գետի ափին գտնվող Սիլիստրա քաղաքում, որն ունի ավելի քան 50000 բնակիչ։ Եղբայրները սկսեցին քարոզել նաև այդ քաղաքի շրջակա գյուղերում՝ հասնելով մինչև Տուտրական քաղաքը, որը Սիլիստրայից դեպի արևմուտք 55 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Նրանք իրենց ծառայությունը սկսում էին առավոտյան մոտավորապես ժամը 9։30 և ավարտում ժամը 19։00-ին կամ ավելի ուշ։ Ընթացքում ճաշելու համար ընդմիջում էին անում։ Շնորհիվ այսպիսի եռանդի Կազանլիկ և Սանդանսկի քաղաքներում ծառայողները նույնպես քարոզեցին շրջակա գյուղերում ու քաղաքներում։

Ինչ արդյունքների հասան

Այդ յոթ շաբաթների ընթացքում հրաշալի վկայություն տրվեց։ Առաքյալների օրերում ապրող մարդկանց պես՝ այս քաղաքների բնակիչները կարող էին ասել. «Մեր քաղաքը լցրել եք ձեր ուսմունքով» (Գործ. 5։28)։ Քարոզարշավի ընթացքում կամավորները բաժանեցին մոտավորապես 50000 պարբերագիր և 482 անհատների հետ սկսեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն։ 2009​թ. սեպտեմբերի 1-ին Սիլիստրայում ժողով կազմավորվեց, իսկ Կազանլիկում և Սանդանսկիում այժմ խմբեր կան։ Քաջալերական է տեսնել, թե ինչպես են այդ քարոզարշավի ժամանակ բարի լուրը առաջին անգամ լսած մարդիկ հոգևորապես առաջադիմում։

Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում Իսպանիայից եկած բուլղարախոս մի հատուկ ռահվիրա Սիլիստրայում քարոզեց Կարինա անունով մի կնոջ, որը փողոցում լրագրեր էր վաճառում։ Կարինան հետաքրքրություն ցույց տվեց և այցելեց ժողովի հանդիպմանը։ Նա սիրով համաձայնվեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն, բայց քանի որ նրա ամուսինը աթեիստ է, խնդրեց, որ այգում հանդիպեն։ Նրան միացան նաև իր երկու աղջիկները։ Մեծ աղջիկը՝ Դանիելան, առանձնահատուկ գնահատանք ցույց տվեց Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ։ Նա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կարդաց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և իսկույն կիրառեց այն պատվերը, որը վերաբերում է երկրպագության մեջ պատկերներ չօգտագործելուն։ Հետո սկսեց իր սովորած ճշմարտությունները հայտնել իր ընկերներին, իսկ ժողովի հանդիպմանը այցելելուց ընդամենը երեք շաբաթ անց իր հետ ուսումնասիրություն անցկացնող քրոջն ասաց. «Ես իսկապես իմ տեղը գտել եմ։ Ի՞նչ պիտի անեմ, որպեսզի կարողանամ քարոզել»։ Դանիելան իր մոր և կրտսեր քրոջ հետ շարունակում է հոգևորապես առաջադիմել։

Կազանլիկում Օռլին անունով մի բուլղարացի եղբայր, որ եկել էր Իտալիայից, օրվա վերջում ծառայությունից վերադառնալիս այգում վկայություն տվեց երկու երիտասարդ տղաների։ Օռլինը նրանց տվեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և պայմանավորվեց հանդիպել հաջորդ օրը։ Երբ հանդիպեցին, նա նրանցից մեկի՝ Սվետոմիրի հետ ուսումնասիրություն սկսեց։ Անմիջապես հաջորդ օրը նրանք նորից հանդիպեցին և շարունակեցին ուսումնասիրությունը։ Այդպես ինը օրերի ընթացքում Օռլինը նրա հետ ութ անգամ ուսումնասիրություն անցկացրեց։ Սվետոմիրը ասաց. «Քեզ հանդիպելուց երկու օր առաջ ես աղոթել էի Աստծուն, որ օգնի ինձ ճանաչելու իրեն։ Ես խոստացել էի, որ եթե օգնի, կյանքս նրան կնվիրեմ»։ Երբ Օռլինը վերադարձավ Իտալիա, տեղի եղբայրները շարունակեցին ուսումնասիրել Սվետոմիրի հետ, և նա շարունակում է յուրացնել Աստվածաշնչի ճշմարտությունը։

Զոհողություն անողները առատ օրհնություններ են ստանում

Ի՞նչ օրհնություններ ստացան այն քույրերն ու եղբայրները, ովքեր իրենց իսկ ֆինանսական միջոցներով եկան Բուլղարիա և իրենց արձակուրդն անցկացրին բարի լուրը քարոզելով։ Մի երեց, որը ծառայում է Իսպանիայում, գրում է. «Այս քարոզարշավի շնորհիվ Իսպանիայի բուլղարական դաշտում ծառայող քույրերն ու եղբայրները ավելի մտերմացան։ Այն դրական ազդեցություն ունեցավ նրանց վրա»։ Իսկ Իտալիայում ծառայող մի ամուսնական զույգ գրում է. «Այդ ամիսն անմոռանալի է։ Քարոզարշավը փոխեց մեր կյանքը։ Այժմ ասես ուրիշ մարդիկ լինենք»։ Նրանց մեջ ցանկություն առաջացավ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ուստի սկսեցին մտածել Բուլղարիա տեղափոխվելու մասին։ Իսպանիայում բնակվող Կարինա անունով մի ամուրի քույր, որը ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա, քարոզարշավին մասնակցեց Սիլիստրա քաղաքում։ Վերադառնալով Իսպանիա՝ նա թողեց իր աշխատանքը և տեղափոխվեց Բուլղարիա՝ աջակցելու Սիլիստրայի նորաստեղծ ժողովին։ Նրա խնայած գումարը բավական էր, որ այնտեղ ապրեր մեկ տարի։ Իր կայացրած որոշման մասին նա ասում է. «Ես անչափ ուրախ եմ, որ Եհովան ինձ թույլ է տալիս ծառայել այստեղ՝ Բուլղարիայում, և հուսով եմ՝ կկարողանամ երկար ժամանակ այստեղ մնալ։ Արդեն հինգ հոգու հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, որոնցից երեքը հաճախում են ժողովի հանդիպումներին»։

Իտալացի մի քույր ուզում էր մասնակցել քարոզարշավին, սակայն նոր էր ընդունվել աշխատանքի, ուստի արձակուրդի օրեր չուներ։ Սակայն նա չհանձնվեց։ Նա որոշեց խնդրել, որ իր հաշվին իրեն մեկ ամիս արձակուրդ տան։ Եթե գործատերը չհամաձայնվեր, նա պատրաստ էր թողնելու իր աշխատանքը։ Սակայն, ի զարմանս իրեն, գործատերն ասաց. «Գնա՛, բայց մի պայմանով։ Այնտեղից ինձ պետք է բացիկ ուղարկես»։ Քույրը վստահ էր, որ դա իր աղոթքի պատասխանն էր։

Ստանիսլավա անունով մի երիտասարդ քույր, որն ապրում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում, լավ վարձատրվող աշխատանք ուներ և աշխատում էր լրիվ դրույքով։ Նա արձակուրդ վերցրեց, որպեսզի մասնակցի քարոզարշավին Սիլիստրա քաղաքում։ Երբ տեսավ, թե որքան մեծ է այն ռահվիրա քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր երկար ճանապարհ էին կտրել, որպեսզի իր երկրում բարի լուրը քարոզեն, նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Նա սկսեց մտածել, թե կարիերա ստեղծելու փոխարեն ինչ նպատակներ կարող է դնել իր առաջ։ Քարոզարշավին երկու շաբաթ մասնակցելուց հետո նա վերադարձավ տուն, թողեց իր աշխատանքը և սկսեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Այժմ նա երջանիկ է, որ իր Արարչին «հիշում է իր երիտասարդության օրերում» (Ժող. 12։1)։

Իսկապես մեծ օրհնություն է լինել Եհովայի ժրաջան ծառա։ Բարի լուրը քարոզելու և ուսուցանելու գործից ավելի կարևոր գործ չկա, որին արժե նվիրել մեր ժամանակը և ուժերը։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես ավելի շատ մասնակցել կյանքեր փրկող այս ծառայությանը։ Քո երկրում հավանաբար կան տարածքներ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Կարո՞ղ ես տեղափոխվել այդպիսի տարածք։ Կամ կարո՞ղ ես սովորել մեկ այլ լեզու, որպեսզի քո բնակավայրում օգնես օտարախոս մարդկանց, որոնք Աստծու Խոսքի ճշմարտության ծարավ են։ Ինչ փոփոխություններ էլ որ անես՝ ընդլայնելու քո ծառայությունը, վստահ եղիր, որ Եհովան առատորեն կօրհնի քեզ (Առակ. 10։22)։

[Շրջանակ/​Նկար 32–րդ էջի վրա]

Հիշարժան օր

[Նկար 32–րդ էջի վրա]

Քարոզարշավին մասնակցելու նպատակով եվրոպական երկրներից Բուլղարիա ժամանած քարոզիչներից շատերը ծրագրել էին նաև ներկա լինել «Արթո՛ւն մնացեք» մարզային համաժողովին, որն անցկացվելու էր Սոֆիայում։ Այդ համաժողովին ներկա էին 2039 հոգի։ Բուլղարիայում բնակվող քույրերի և եղբայրների համար անչափ քաջալերական էր տեսնել տարբեր երկրներից եկած այդքան շատ այցելուների։ Որքա՜ն հուզվեցին ներկաները, երբ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց բուլղարերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ օրը բոլոր ներկաները իրենց երախտագիտությունը հայտնեցին խանդավառ ու երկարատև ծափահարություններով։ Շատերը նույնիսկ արտասվում էին ուրախությունից։ Վստահ ենք, որ հասկանալի լեզվով գրված այս ճշգրիտ թարգմանությունը կօգնի անկեղծ սիրտ ունեցող բազում բուլղարացիների՝ ճանաչելու Եհովային։

[Քարտեզ 30–րդ և 31–րդ էջերի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ԲՈՒԼՂԱՐԻԱ

Սիլիստրա

Կազանլիկ

Սանդանսկի

ՍՈՖԻԱ

[Նկարներ 31–րդ էջի վրա]

Յոթ շաբաթվա ընթացքում Բուլղարիայում հրաշալի վկայություն տրվեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը