Ջանքեր ներդնո՞ւմ ես քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնելու համար
«Երբ միասին հավաքվում եք.... թող որ ամեն ինչ կերտման համար լինի» (1 ԿՈՐՆԹ. 14։26)։
1. 1 Կորնթացիներ 14-րդ գլխի համաձայն՝ ո՞րն է քրիստոնեական հանդիպումների կարևոր նպատակը։
«Ի՜ՆՉ քաջալերիչ ժողով էր»։ Երբևէ այսպես արտահայտվե՞լ ես ժողովի հանդիպմանը մասնակցելուց հետո։ Անկասկած։ Իսկապես, քրիստոնեական հանդիպումները քաջալերանքի աղբյուր են, և դա զարմանալի չէ։ Քանի որ ինչպես վաղ քրիստոնյաների օրերում էր, այնպես էլ մեր օրերում այդ հանդիպումների կարևոր նպատակը բոլոր ներկաներին քաջալերելն է։ Ուշադրություն դարձրու, թե Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում ինչպես է ընդգծում այդ միտքը։ 14-րդ գլխում նա բազմիցս նշում է, որ ժողովի հանդիպումների յուրաքանչյուր մաս, որ ներկայացվում է, պետք է ունենա նույն նպատակը՝ նպաստել «ժողովի կերտմանը»a (կարդա՛ 1 Կորնթացիներ 14։3, 12, 26)։
2. ա) Ինչի՞ շնորհիվ են հանդիպումները կերտիչ։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու։
2 Մենք գիտակցում ենք, որ ժողովները կերտիչ կամ շինիչ են առաջին հերթին Աստծու ոգու ազդեցության շնորհիվ։ Այդ պատճառով յուրաքանչյուր հանդիպում սկսում ենք սրտաբուխ աղոթքով, որով խնդրում ենք Եհովային՝ մեր երկնային Հորը, օրհնել այն իր սուրբ ոգու միջոցով։ Այնուհանդերձ, մենք գիտենք, որ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է նպաստել ծրագիրը հնարավորինս կերտիչ դարձնելուն։ Ուստի որո՞նք են այն մի քանի քայլերը, որ կարող ենք անձամբ կիրառել, որպեսզի շաբաթական հանդիպումները միշտ լինեն հոգևոր թարմության և քաջալերանքի աղբյուր։
3. Որքա՞ն կարևոր են քրիստոնեական հանդիպումները։
3 Այս հարցին պատասխանելու համար կքննենք հանդիպումների վերաբերյալ որոշ գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնի հանդիպումն անցկացնող եղբայրը։ Նաև կքննենք, թե ներկաները ինչպես կարող են նպաստել, որ ժողովները բոլորի համար քաջալերիչ լինեն։ Այս ամենը մեզ պետք է մեծապես հետաքրքրի, քանի որ մեր հանդիպումները սուրբ են։ Ինչ խոսք, ժողովներին հաճախելն ու մասնակցելը կարևոր են Եհովային մատուցվող երկրպագության մեջ (Սաղ. 26։12; 111։1; Ես. 66։22, 23)։
Աստվածաշունչն ուսումնասիրելու համար նախատեսված հանդիպում
4, 5. Ո՞րն է «Դիտարանի» ուսումնասիրության նպատակը։
4 Բոլորս ցանկանում ենք լիարժեք օգուտներ քաղել «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությունից։ Ուստի որպեսզի հստակ հասկանանք այս հանդիպման գլխավոր նպատակը, եկեք նկատի առնենք որոշ փոփոխություններ, որոնք արվել են «Դիտարան» պարբերագրում և ուսումնասիրության հոդվածներում։
5 Սկսած 2008թ. հունվարի 15-ի «Դիտարանի» առաջին ուսումնասիրության թողարկումից՝ կարևոր մի բան է ավելացվել կազմի վրա։ Նկատե՞լ ես։ Ուշադիր նայիր ձեռքիդ տակ եղող օրինակին։ Աշտարակի ներքևում դու կնկատես բացված Աստվածաշունչ։ Սա ընդգծում է «Դիտարանի» ուսումնասիրության պատճառը, այն է՝ ուսումնասիրել Աստվածաշունչը այս պարբերագրի օգնությամբ։ Այո՛, «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրության ժամանակ «բացատրվում» է Աստծու Խոսքը և ինչպես որ Նեեմիայի օրերում էր, «պարզաբանվում է դրա իմաստը» (Նեեմ. 8։8; Ես. 54։13)։
6. ա) Ի՞նչ փոփոխություն է արվել «Դիտարանի» ուսումնասիրության մեջ։ բ) Ի՞նչ չպետք է մոռանանք այն սուրբգրային համարների առնչությամբ, որոնց կողքին նշված է՝ «կարդա՛»։
6 Քանի որ Աստվածաշունչը մեր գլխավոր դասագիրքն է, փոփոխություն է կատարվել «Դիտարանի» ուսումնասիրության մեջ։ Ուսումնասիրության հոդվածներում որոշ մեջբերված աստվածաշնչյան համարների կողքին նշված է՝ «կարդա՛»։ Մեզանից յուրաքանչյուրը քաջալերվում է ժողովի հանդիպման ժամանակ հետևել այս համարների ընթերցանությանը՝ օգտագործելով անձնական Աստվածաշունչը (Գործ. 17։11)։ Ինչո՞ւ։ Երբ տեսնում ենք Աստծու խորհուրդը մեր Աստվածաշնչերում, այն ավելի խոր ազդեցություն է թողնում մեզ վրա (Եբր. 4։12)։ Ուստի նախքան այսպիսի համարները բարձրաձայն կընթերցվեն, հանդիպումն անցկացնողը պետք է բավարար ժամանակ տրամադրի, որ բոլոր ներկաները հետևեն դրանց ընթերցանությանը։
Ավելի շատ ժամանակ ունենք արտահայտելու մեր հավատը
7. Ի՞նչ հնարավորություն ունենք «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ։
7 «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածների մեջ մեկ ուրիշ փոփոխություն է կատարվել։ Վերջին տարիների հոդվածներն ավելի կարճ են։ Հետևաբար, «Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում ավելի քիչ ժամանակ է տրամադրվում պարբերությունների ընթերցանությանը, և ավելի շատ ժամանակ է մնում մեկնաբանություններ տալուն։ Այսօր ավելի շատ անհատներ հնարավորություն ունեն հանրորեն արտահայտելու իրենց հավատը՝ պատասխանելով տպագրված հարցին, ցույց տալով սուրբգրային համարի կիրառությունը, պատմելով կարճ մի դեպք, որը մատնանշում է, թե որքան իմաստուն է Աստվածաշնչի սկզբունքներին հետևելը, և այլ կերպերով։ Պետք է նաև որոշ ժամանակ հատկացվի նկարները քննարկելուն (կարդա՛ Սաղմոս 22։22; 35։18; 40։9)։
8, 9. Ո՞րն է «Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնողի դերը։
8 Սակայն տարբեր մեկնաբանություններ տալու համար լրացուցիչ ժամանակ կմնա միայն այն դեպքում, եթե մասնակիցները կարճ մեկնաբանություններ տան և հանդիպումն անցկացնողը խուսափի «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ հաճախ մեկնաբանություններ տալուց։ Ուստի ի՞նչը կօգնի նրան հավասարակշռել թե՛ իր և թե՛ ժողովի անդամների մեկնաբանությունները, որ հանդիպումը կերտիչ լինի բոլորի համար։
9 Այս հարցին պատասխանելու նպատակով մի օրինակ բերենք։ «Դիտարանի» ուսումնասիրությունը, որը լավ է անցկացվում, նման է ծաղկեփնջի, որը աչք է շոյում։ Ինչպես որ մեծ ծաղկեփունջն է պատրաստված առանձին ծաղիկներից, այնպես էլ «Դիտարանի» ուսումնասիրությունն է կազմված տարբեր մեկնաբանություններից։ Ինչպես որ ծաղկեփնջի ծաղիկներն են տարբեր չափերի ու գույների, այնպես էլ հանդիպումներին տրվող մեկնաբանությունները կարող են տարբեր երկարություն ունենալ և ներկայացվել տարբեր ձևերով։ Իսկ ո՞րն է հանդիպումն անցկացնողի դերը։ Ժամանակ առ ժամանակ հնչող նրա մեկնաբանությունները նման են ծաղկեփնջին ավելացված դեկորատիվ տերևների։ Դրանք չեն գերակշռում, այլ գեղեցիկ տեսք են տալիս և ամբողջացնում են ծաղկեփունջը։ Նմանապես, հանդիպումն անցկացնողը պետք է հիշի, որ իր մեկնաբանությունները չպետք է գերակշռեն, այլ պիտի լրացնեն փառաբանության խոսքերին, որ տալիս են ժողովի անդամները։ Այո՛, երբ տարբեր մեկնաբանությունները և վարողի մի քանի տեղին ակնարկները հմտորեն միահյուսվում են, դրանք ձևավորում են խոսքերի գեղեցիկ մի փունջ, որը հաճույք է պատճառում բոլոր ներկաներին։
«Եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք»
10. Վաղ քրիստոնյաները ժողովի հանդիպումները ի՞նչ էին համարում։
10 Քրիստոնեական ժողովների վերաբերյալ Պողոսի նկարագրությունը, արձանագրված 1 Կորնթացիներ 14։ 26–33 համարներում, օգնում է լավ հասկանալու, թե ինչպես են դրանք անցկացվել առաջին դարում։ Այս համարների մասին մի աստվածաշնչագետ հետևյալն է ասում. «Վաղ քրիստոնյաների հանդիպումների մեջ ուշագրավը հավանաբար այն էր, որ գրեթե յուրաքանչյուր անդամ գիտակցում էր, որ ունի և՛ առանձնաշնորհում, և՛ պարտականություն որևէ կերպով դրանց նպաստելու։ Անհատը այնտեղ պասիվ ունկնդիր չէր. նա գալիս էր ոչ միայն ստանալու, այլև տալու համար»։ Իսկապես, վաղ քրիստոնյաները ժողովի հանդիպումները իրենց հավատն արտահայտելու լավ հնարավորություն էին համարում (Հռոմ. 10։10)։
11. ա) Ի՞նչն է մեծապես նպաստում այն բանին, որ ժողովները կերտիչ լինեն, և ինչո՞ւ։ բ) Ո՞ր առաջարկները կօգնեն մեզ բարելավելու մեր մեկնաբանությունները (տե՛ս ծանոթագրությունը)։
11 Երբ հանդիպումների ժամանակ արտահայտում ենք մեր հավատը, մեծապես նպաստում ենք «ժողովի կերտմանը»։ Անկասկած, կհամաձայնես, որ անկախ նրանից, թե քանի տարի ենք հաճախում ժողովի հանդիպումներին, միշտ հաճելի է լսել մեր եղբայրների ու քույրերի մեկնաբանությունները։ Անչափ հուզիչ են տարեցների՝ մեր հավատարիմ հավատակիցների պատասխանները, քաջալերիչ են նաև հոգատար երեցների լավ պատրաստված մեկնաբանությունները։ Իսկ երբ փոքրիկներն են թոթով լեզվով իրենց անկեղծ սերն արտահայտում Եհովայի հանդեպ, ակամայից բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում։ Հստակ է ուրեմն, որ մեկնաբանություններ տալով՝ բոլորս նպաստում ենք այն բանին, որ քրիստոնեական ժողովները կերտիչ լինենb։
12. ա) Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի և Երեմիայի օրինակներից։ բ) Ի՞նչ դեր է խաղում աղոթքը մեկնաբանություններ տալու հարցում։
12 Նրանց համար, սակայն, ովքեր ամաչկոտ են, մեկնաբանություններ տալը կարող է լուրջ դժվարություն լինել։ Եթե դու էլ ես այդպիսին, ապա քեզ համար օգտակար կլինի հիշել, որ դա լուծելի խնդիր է։ Իրականում, Մովսեսի ու Երեմիայի նման ծառաները նույնպես արտահայտեցին իրենց անվստահությունը այն մասին, որ չեն կարող խոսել հանրության առաջ (Ելք 4։10; Երեմ. 1։6)։ Եհովան ինչպես որ օգնեց այդ ծառաներին, այնպես էլ քեզ կօգնի գովաբանության զոհ մատուցելու (կարդա՛ Եբրայեցիներ 13։15)։ Ինչպե՞ս կարող ես ստանալ Եհովայի օգնությունը՝ մեկնաբանություն տալու վախը հաղթահարելու համար։ Նախ՝ լավ պատրաստվիր հանդիպմանը։ Ապա՝ նախքան Թագավորության սրահ գնալը աղոթիր Եհովային և հատկապես խնդրիր, որ քեզ մեկնաբանություն տալու համարձակություն տա (Փիլիպ. 4։6)։ Քո խնդրանքը «նրա կամքի համաձայն» է, ուստի կարող ես վստահ լինել, որ Եհովան կպատասխանի աղոթքիդ (1 Հովհ. 5։14; Առակ. 15։29)։
Հանդիպումների նպատակն է «կերտել, քաջալերել ու մխիթարել»
13. ա) Ի՞նչ ազդեցություն պետք է թողնեն հանդիպումները ներկաների վրա։ բ) Ո՞ր հարցն է հատկապես կարևոր երեցների համար։
13 Պողոսը նշում է, որ ժողովի հանդիպումների կարևոր նպատակներից է «կերտել, քաջալերել ու մխիթարել» ներկաներինc (1 Կորնթ. 14։3)։ Ինչպե՞ս կարող են քրիստոնյա երեցներն այսօր հավաստիանալ, որ հանդիպումների տարբեր մասերն իսկապես ոգևորում և մխիթարում են եղբայրներին ու քույրերին։ Այս հարցին պատասխանելու համար եկեք քննենք, թե ինչպես Հիսուսն անցկացրեց ժողովի հանդիպումը հարությունից կարճ ժամանակ անց։
14. ա) Ի՞նչ էր եղել Հիսուսի կազմակերպած հանդիպումից առաջ։ բ) Թերևս ինչո՞ւ առաքյալները թեթևացում զգացին, երբ «Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ»։
14 Առաջին հերթին ուշադրություն դարձրու, թե ինչ էր եղել այդ հանդիպումից առաջ։ Նախքան Հիսուսը մահվան կմատնվեր, առաքյալները «լքեցին նրան ու փախան», և ինչպես նախագուշակվել էր, նրանք «ցրվեցին՝ ամեն մեկն իր տունը» (Մարկ. 14։50; Հովհ. 16։32)։ Հարությունից հետո Հիսուսը հրավիրեց իր վհատված առաքյալներին, որ ներկա գտնվեն հատուկ հանդիպմանըd։ Ի պատասխան՝ «տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա՝ դեպի այն սարը, որտեղ Հիսուսը որոշել էր հանդիպել նրանց հետ»։ Երբ նրանք եկան, «Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ» (Մատթ. 28։10, 16, 18)։ Պատկերացրու, թե ի՜նչ թեթևացում թերևս առաքյալները զգացին, երբ Հիսուսը նախաձեռնություն վերցրեց։ Իսկ ինչի՞ մասին խոսեց նա։
15. ա) Ինչի՞ մասին խոսեց Հիսուսը և ի՞նչ չարեց։ բ) Ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ հանդիպումը առաքյալների վրա։
15 Հիսուսը իր խոսքը սկսեց՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Ապա հավաքվածներին մի հանձնարարություն տվեց. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»։ Ի վերջո, նա ջերմորեն հավաստիացրեց նրանց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մատթ. 28։18–20)։ Նկատեցի՞ր, թե ինչ չարեց Հիսուսը։ Նա չհանդիմանեց իր առաքյալներին, ոչ էլ հանդիպումը որպես առիթ օգտագործեց՝ կասկածի տակ դնելու նրանց մղումները կամ խորացնելու մեղավորության զգացումը՝ նորից անդրադառնալով այն բանին, որ մի պահ նրանց հավատը թուլացել էր։ Փոխարենը՝ Հիսուսը հավաստիացրեց, որ ինքն ու իր Հայրը սիրում են նրանց՝ վստահելով մի լուրջ հանձնարարություն։ Ինչպե՞ս նրա մոտեցումը ազդեց առաքյալների վրա։ Դա նրանց համար այնքան կերտիչ, քաջալերիչ ու մխիթարական էր, որ հանդիպումից մի որոշ ժամանակ անց կրկին «սովորեցնում ու.... բարի լուրն էին հռչակում» (Գործ. 5։42)։
16. Ինչպե՞ս են այսօր երեցներն ընդօրինակում Հիսուսին ժողովի հանդիպումներն անցկացնելիս, որոնք թարմության աղբյուր են։
16 Այսօր էլ երեցները, ընդօրինակելով Հիսուսին, հանդիպումները համարում են առիթ, որ վստահեցնեն հավատակիցներին Եհովայի անփոփոխ սիրո մեջ, որը նա տածում է իր ժողովրդի հանդեպ (Հռոմ. 8։38, 39)։ Ուստի հանդիպումներին ելույթ ունենալիս կենտրոնանում են եղբայրների ուժեղ և ոչ թե թույլ կողմերի վրա։ Նրանք կասկածի չեն ենթարկում իրենց եղբայրների մղումները։ Հակառակը՝ երեցների խոսքերը բացահայտում են այն, որ հավատակիցներին նրանք դիտում են որպես այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են Եհովային ու ցանկանում են ճիշտ կերպով վարվել (1 Թեսաղ. 4։1, 9–12)։ Իհարկե, երեցները երբեմն գուցե ընդհանուր ժողովին շտկելու համար խորհուրդ տան, սակայն եթե ուղղվելու կարիք ունեն միայն մի քանի անհատներ, լավ կլինի, որ նրանց առանձին խորհուրդ տրվի (Գաղ. 6։1; 2 Տիմոթ. 2։24–26)։ Երբ երեցները դիմում են ամբողջ ժողովին, նրանց նպատակը տեղին գովելն է (Ես. 32։2)։ Նրանք ձգտում են այնպես խոսել, որ հանդիպման վերջում բոլոր ներկաները թարմացած ու զորացած լինեն (Մատթ. 11։28; Գործ. 15։32)։
Ապահով հանգրվան
17. ա) Ինչո՞ւ ավելի քան երբևէ կարևոր է, որ մեր հանդիպումները ապահով հանգրվան լինեն։ բ) Ի՞նչ կարող ես անձամբ անել, որ հանդիպումները կերտիչ լինեն (տե՛ս «Հանդիպումները քեզ և ուրիշների համար կերտիչ դարձնելու տասը միջոց» շրջանակը)։
17 Քանի որ Սատանայի աշխարհն ավելի ճնշող է դառնում, մենք պետք է հավաստիանանք, որ քրիստոնեական հանդիպումները ապահով հանգրվան՝ մխիթարության աղբյուր են բոլորի համար (1 Թեսաղ. 5։11)։ Մի քույր, որն իր ամուսնու հետ տարիներ առաջ դաժան փորձության էր բախվել, հիշում է. «Թագավորության սրահում լինելը նման էր Եհովայի գրկում լինելուն։ Այն ժամերին, որ այնտեղ էինք՝ շրջապատված մեր քրիստոնյա քույրերով ու եղբայրներով, զգում էինք, որ մեր բեռը գցել ենք Եհովայի վրա, և ներքին մեծ խաղաղություն էինք ապրում» (Սաղ. 55։22)։ Թող որ բոլոր նրանք, ովքեր ժողով են հաճախում, նույնպես քաջալերվեն ու մխիթարվեն։ Եկեք, ուրեմն, շարունակենք ջանքեր ներդնել քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնելու համար։
[ծանոթագրություններ]
a Կանխագուշակվել էր, որ առաջին դարի քրիստոնեական հանդիպումների որոշ առանձնահատկություններ այլևս չեն լինելու, օրինակ՝ «լեզուներով խոսելը» կամ «մարգարեանալը» (1 Կորնթ. 13։8; 14։5)։ Թեև դա այդպես է, Պողոսի հրահանգները օգնում են ավելի լավ հասկանալու, թե ինչպես պետք է քրիստոնեական հանդիպումները անցկացվեն այսօր։
b Մեկնաբանությունները բարելավելու համար առաջարկներ կարող ես գտնել 2003թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում», էջ 19–22։
c Ինչ վերաբերում է «քաջալերել» և «մխիթարել» բառերի տարբերությանը, «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանը» (անգլ.) բացատրում է, որ հունարեն «մխիթարել» թարգմանված բառը մատնանշում է «ավելի շատ քնքշություն, քան [քաջալերանք]» (համեմատի՛ր Հովհաննես 11։19)։
d Գուցե սա այն դեպքն էր, որի մասին ավելի ուշ խոսեց Պողոսը, երբ ասաց, որ Հիսուսը «երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների» (1 Կորնթ. 15։6)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Որքա՞ն կարևոր են քրիստոնեական հանդիպումները։
• Հանդիպումներին տրվող մեկնաբանությունները ինչո՞ւ են նպաստում «ժողովի կերտմանը»։
• Ի՞նչ ենք սովորում այն հանդիպումից, որը անցկացրեց Հիսուսը իր հետևորդների հետ։
[շրջանակ/նկարներ 22-րդ և 23 էջերի վրա]
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՔԵԶ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՐՏԻՉ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՏԱՍԸ ՄԻՋՈՑ
Նախօրոք պատրաստվիր։ Եթե նախօրոք ուսումնասիրես այն նյութը, որը պետք է քննարկվի Թագավորության սրահում, հանդիպումները ավելի հետաքրքիր կանցնեն և մեծ տպավորություն կթողնեն քեզ վրա։
Կանոնավորաբար հաճախիր։ Քանի որ կանոնավորաբար ժողովներին հաճախելը քաջալերիչ է բոլոր ներկաների համար, քո ներկայությունը նույնպես մեծ ազդեցություն կարող է թողնել։
Ժամանակին արի։ Եթե զբաղեցնես քո տեղը նախքան ծրագրի սկսելը, կկարողանաս մասնակցել բացման երգին ու աղոթքին, որոնք մեր երկրպագության մասն են կազմում։
Բեր անհրաժեշտ իրերը։ Բեր Աստվածաշունչդ ու հանդիպման ժամանակ օգտագործվող հրատարակություն(ներ)ը, որպեսզի կարողանաս հետևել և ավելի լավ հասկանալ այն, ինչ քննարկվում է։
Մի՛ շեղվիր։ Անձնական գործերով զբաղվիր պատեհ ժամի։ Օրինակ՝ բջջային հաղորդագրությունները կարդա ոչ թե ժողովի ընթացքում, այլ հետո։
Մասնակցիր։ Որքան շատ մարդիկ են մեկնաբանություններ տալիս, այնքան ավելի շատ մարդ է քաջալերվում և կերտվում։
Կարճ մեկնաբանություններ տուր։ Այդպիսով ավելի շատ մարդ հնարավորություն կունենա մեկնաբանություն տալու։
Կատարիր հանձնարարություններդ։ Որպես Աստվածապետական ծառայության դպրոցի ուսանող կամ Ծառայողական հանդիպման մասնակից՝ լավ նախապատրաստվիր, նախօրոք փորձիր և ամեն ջանք թափիր քո հանձնարարությունները կատարելու համար։
Գովիր մասնակիցներին։ Ասա ելույթ ունեցողներին կամ մեկնաբանություն տվողներին, թե որքան ես գնահատում նրանց ջանքերը։
Շփվիր։ Սիրալիր ողջույններն ու կերտիչ զրույցները հանդիպումից առաջ և հետո ավելի մեծ հաճույք են պատճառում և օգուտներ բերում։