Ինչ ենք սովորում Հիսուսից
Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա
«Նախքան աշխարհի լինելը» Հիսուսն իր Հոր հետ ապրել է ոգեղեն ոլորտում (Հովհաննես 17։5)։ Ուստի կարող ենք վստահել նրա խոսքերին, որոնք օգնում են գտնելու հետևյալ հարցերի պատասխանները.
Հրեշտակները հետաքրքրվա՞ծ են մեզնով
▪ Մի առիթով Հիսուսն ասաց. «Աստծու հրեշտակները ուրախանում են զղջացող մեկ մեղավորի համար» (Ղուկաս 15։10)։ Նրա խոսքերից հասկանում ենք, որ հրեշտակները խորապես հետաքրքրված են մարդկանցով։
Հիսուսը ցույց տվեց, որ հրեշտակների պարտականությունն է հոգ տանել Աստծու ծառաների հոգևոր բարօրության մասին։ Ուրիշներին չգայթակղեցնելու վերաբերյալ նախազգուշացումներ տալով՝ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը» (Մատթեոս 18։10)։ Այս խոսքերից ելնելով՝ չենք կարող համոզվածությամբ ասել, որ Հիսուսի հետևորդներից յուրաքանչյուրը ունի պահապան հրեշտակ, սակայն հստակ է, որ Աստծու հավատարիմ հրեշտակները հետաքրքրված են քրիստոնեական ժողովի անդամներով։
Ինչպե՞ս կարող է Սատանան վնասել մեզ
▪ Հիսուսը զգուշացրեց իր հետևորդներին, որ Սատանան փորձում է խանգարել մարդկանց իմանալու Աստծու մասին ճշմարտությունը։ Նա ասաց. «Երբ մեկը լսում է թագավորության խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը» (Մատթեոս 13։19)։
Սատանայի խաբելու կերպերից մեկը Հիսուսը բացատրեց առակի միջոցով։ Նա պատմեց մի մարդու մասին, որն իր արտում ցորեն ցանեց։ Այդ մարդը ներկայացնում է Հիսուսին, իսկ ցորենը՝ ճշմարիտ քրիստոնյաներին, ովքեր Հիսուսի հետ թագավորելու են երկնքում։ Հիսուսը շարունակեց իր առակն՝ ասելով. «Թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ»։ Որոմը ներկայացնում է կեղծ քրիստոնյաներին, իսկ «թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է» (Մատթեոս 13։25, 39)։ Ինչպես որ դժվար է որոմի ծիլերը տարբերել ցորենի ծիլերից, այնպես էլ գուցե դժվար լինի կեղծ քրիստոնյաներին տարբերել ճշմարիտ քրիստոնյաներից։ Այն կրոնները, որոնք կեղծ ուսմունքներ են սովորեցնում, իրականում մոլորեցնում են մարդկանց և հետ են պահում Աստծուն հնազանդվելուց։ Սատանան կեղծ կրոնի միջոցով մարդկանցից խլում է Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու հնարավորությունը։
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել Սատանայից
▪ Հիսուսը Սատանային անվանեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 14։30)։ Հիսուսի աղոթքը՝ արձանագրված Հովհաննես 17։15–17 համարներում, ցույց է տալիս, թե ինչպես կարող են իր հետևորդները պաշտպանվել Սատանայից։ Նա դիմեց իր երկնային Հորն՝ ասելով. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ։ Սրբացրու նրանց ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է»։ Այո՛, եթե լավ իմանանք Աստծու Խոսքը, կկարողանանք պաշտպանել մեզ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի ազդեցությունից։
Ինչպե՞ս են հրեշտակները օգնում մեզ
▪ «Աշխարհի վախճանին,— ասաց Հիսուսը,— հրեշտակները դուրս կգան, արդարների միջից կառանձնացնեն չարերին» (Մատթեոս 13։49)։ Այսօր մենք ապրում ենք հենց այդ ժամանակներում։ Միլիոնավոր մարդիկ դրականորեն են արձագանքում Աստծու Թագավորության բարի լուրին և սկսում են ուսումնասիրել Աստվածաշունչը (Մատթեոս 24։3, 14)։
Սակայն նրանցից ոչ բոլորն են ձեռք բերում Աստծու հավանությունը։ Հրեշտակներն առաջնորդում են Եհովայի ծառաների գործը և առանձնացնում են Աստծու հանդեպ անկեղծ սեր ունեցողներին նրանցից, ովքեր չեն ուզում կիրառել իրենց սովորածը։ Աստծու հավանությանն արժանացող մարդկանց նկարագրելով՝ Հիսուսն ասաց. «Լավ հողի մեջ ընկածները.... խոսքը լսելուց հետո պահում են այն ու տոկունություն դրսևորելով պտուղ բերում» (Ղուկաս 8։15)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 10-րդ գլուխը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[նկար 16-րդ էջի վրա]
Հրեշտակները մեծ դեր են խաղում անկեղծ մարդկանց քրիստոնեական ժողով առաջնորդելու հարցում