Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/15 էջ 12–16
  • Պատանինե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատանինե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ նպատակներ կարող ես դնել
  • Հասնել մկրտվելու նպատակին
  • Ինչպե՞ս կարող ես հասնել նպատակներիդ
  • Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին
    2004 Դիտարան
  • 12 Նպատակներ
    2018 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս կարող եմ հասնել նպատակներիս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
2010 Դիտարան
w10 11/15 էջ 12–16

Պատանինե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում

«Այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ» (1 ԿՈՐՆԹ. 9։26)։

1, 2. Չափահաս դառնալու ճանապարհին ինչի՞ կարիք ունես, որպեսզի հաջողակ լինես։

ԵԹԵ ճամփորդեիր անծանոթ ճանապարհով, հավանաբար հետդ քարտեզ կամ կողմնացույց կվերցնեիր։ Քարտեզի շնորհիվ կիմանայիր, թե որտեղ ես գտնվում, և այն կօգներ քեզ ընտրելու ճիշտ ուղին, իսկ կողմնացույցը կօգներ չշեղվելու ճիշտ ուղուց։ Սակայն թե՛ քարտեզը և թե՛ կողմնացույցը օգուտ չէին տա, եթե չիմանայիր՝ ուր ես գնում։ Ուստի աննպատակ չճամփորդելու համար հարկավոր է կոնկրետ նպատակակետ ունենալ։

2 Կարելի է ասել, որ նույն իրավիճակում ես հայտնվում, երբ չափահաս դառնալու ճանապարհին ես։ Քո ձեռքի տակ ունես և՛ վստահելի քարտեզ, և՛ կողմնացույց։ Քարտեզը Աստվածաշունչն է, որն օգնում է քեզ իմանալու, թե ինչ ուղի ընտրես (Առակ. 3։5, 6)։ Իսկ լավ մարզված խիղճդ կարող է ծառայել որպես կողմնացույց՝ մեծապես օգնելով, որ չշեղվես ճիշտ ուղուց (Հռոմ. 2։15)։ Սակայն որպեսզի կյանքդ հաջողակ լինի, դու նաև պետք է իմանաս, թե ուր ես գնում։ Ուրեմն անհրաժեշտ է, որ հստակ նպատակներ դնես։

3. Նպատակներ դնելու առնչությամբ ո՞ր օգուտների մասին է խոսում Պողոսը 1 Կորնթացիներ 9։26-ում։

3 Պողոս առաքյալը ամփոփեց նպատակներ դնելու և դրանց հասնելու համար ջանքեր ներդնելու օգուտները, երբ գրեց. «Ես աննպատակ չեմ վազում և այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ» (1 Կորնթ. 9։26)։ Եթե ունես նպատակներ, աննպատակ չես վազի։ Շուտով կանգնելու ես երկրպագության, աշխատանքի, ամուսնության, ընտանիքի և այլ բաների հետ կապված կարևոր որոշումների առաջ։ Երբեմն գուցե տարբեր շփոթեցնող առաջարկներ լինեն։ Սակայն եթե նախօրոք ծրագրես կյանքիդ ընթացքը, որոշումներդ հիմնելով Աստծու Խոսքի ճշմարտությունների և սկզբունքների վրա, ապա սխալ ուղղությամբ ընթանալու գայթակղության առաջ չես կանգնի (2 Տիմոթ. 4։4, 5)։

4, 5. ա) Ի՞նչ կարող է պատահել, եթե նպատակներ չդնես քո առաջ։ բ) Ընտրություն կատարելիս ինչո՞ւ պետք է առաջնորդվես Աստծուն հաճեցնելու ցանկությամբ։

4 Իսկ եթե նպատակներ չունենաս, հասակակիցներդ և ուսուցիչներդ շատ հավանական է՝ կազդեն քեզ վրա, որ անես այն, ինչ իրենց կարծիքով՝ լավ կլինի քեզ համար։ Անշուշտ, նույնիսկ եթե ունենաս հստակ նպատակներ, ուրիշները թերևս շարունակեն խորհուրդներ տալ։ Նման դեպքերում հարցրու ինքդ քեզ. «Նրանց առաջարկած նպատակները կօգնե՞ն ինձ հիշելու իմ Արարչին երիտասարդ ժամանակ, թե՞ ոչ» (կարդա՛ Ժողովող 12։1)։

5 Ընտրություն կատարելիս ինչո՞ւ պետք է առաջնորդվես Աստծուն հաճեցնելու ցանկությամբ։ Պատճառներից մեկն այն է, որ մեր ունեցած բոլոր լավ բաները Եհովան է տվել (Հակ. 1։17)։ Իսկապես, յուրաքանչյուր մարդ պետք է երախտապարտ լինի նրան (Հայտն. 4։11)։ Իսկ կա՞ գնահատանքդ ցույց տալու ավելի լավ միջոց, քան այն, որ նպատակներ դնելիս հիշես Եհովային։ Եկ քննենք, թե ինչ նպատակներ արժե ունենալ և ինչ պետք է անել դրանց հասնելու համար։

Ի՞նչ նպատակներ կարող ես դնել

6. Ի՞նչ կարևոր նպատակ պետք է դնես և ինչո՞ւ։

6 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, կարևոր նպատակը, որ կարող ես դնել, հետևյալն է՝ ինքդ քեզ ապացուցիր, որ այն, ինչ ասում է Աստվածաշունչը, ճիշտ է (Հռոմ. 12։2; 2 Կորնթ. 13։5)։ Հասակակիցներդ գուցե հավատում են էվոլյուցիային կամ տարբեր կեղծ կրոնական հավատալիքների, քանի որ ուրիշները ասել են նրանց, որ դա հենց այն է, ինչին պիտի հավատան։ Սակայն դու չպետք է հավատաս ինչ-որ բանի միայն այն պատճառով, որ ուրիշներն ուզում են, որ հավատաս դրան։ Հիշի՛ր, Եհովան ուզում է, որ իրեն ծառայես քո ամբողջ մտքով (կարդա՛ Մատթեոս 22։36, 37)։ Մեր երկնային Հայրը ցանկանում է, որ հավատդ ապացույցների վրա հիմնված լինի (Եբր. 11։1)։

7, 8. ա) Ո՞ր նպատակները, որոնց կարող ես հասնել կարճ ժամանակում, կօգնեն քեզ ամրացնելու հավատդ։ բ) Ի՞նչ կզգաս, երբ հասնես այդպիսի նպատակներից մի քանիսին։

7 Հավատդ ամրացնելու համար դիր նպատակներ, որոնց կարող ես հասնել համեմատաբար կարճ ժամանակում։ Օրինակ՝ կարող ես նպատակ դնել աղոթել ամեն օր։ Որպեսզի աղոթքներդ չկրկնվեն և լինեն կոնկրետ, կարող ես հիշել կամ գրի առնել օրվա մեջ տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, որոնց մասին կցանկանաս նշել աղոթքներիդ մեջ։ Ուշադիր եղիր, որ չխոսես միայն դժվարությունների մասին, որոնք դիմագրավում ես, այլև նշիր այն բաների մասին, որոնք քեզ հաճելի են եղել (Փիլիպ. 4։6)։ Մեկ այլ նպատակ է Աստվածաշունչը ամեն օր կարդալը։ Գիտե՞ս, որ եթե ամեն օր ընթերցես մոտ չորս էջ, ամբողջ Աստվածաշունչը կկարդաս մեկ տարումa։ «Երջանիկ է այն մարդը.... [ում] ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է,— ասվում է Սաղմոս 1։1, 2-ում,— և գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում»։

8 Երրորդ այդպիսի նպատակը, որ կարող ես դնել, ժողովի յուրաքանչյուր հանդիպման համար մեկ պատասխան պատրաստելն է։ Սկզբնական շրջանում գուցե ցանկանաս կարդալ պատասխանը կամ աստվածաշնչյան համարը։ Հետագայում կարող ես նպատակ դնել քո բառերով պատասխանել։ Իրականում, ամեն անգամ պատասխանելիս Եհովային ընծա ես մատուցում (Եբր. 13։15)։ Երբ հասնես այս նպատակներից մի քանիսին, վստահությունդ ու Եհովայի հանդեպ գնահատանքդ կավելանան, և դու պատրաստ կլինես այնպիսի նպատակներ դնելու, որոնց կհասնես ապագայում։

9. Եթե դեռ Թագավորության քարոզիչ չես, ի՞նչ նպատակներ կարող ես դնել, որոնց հնարավոր է հասնել ապագայում։

9 Իսկ որո՞նք են այն նպատակները, որոնց կարող ես հասնել ապագայում։ Եթե դեռ չես սկսել հռչակել բարի լուրը, կարող ես դառնալ Թագավորության քարոզիչ։ Երբ հասնես այդ պատվավոր նպատակին, կցանկանաս լինել կանոնավոր և արդյունավետ քարոզիչ ու կքարոզես բարի լուրը՝ առանց մեկ ամիս էլ դադար տալու։ Դու նաև կցանկանաս սովորել գործածել Աստվածաշունչը ծառայության մեջ։ Այդպես վարվելով՝ կզգաս, որ ավելի ու ավելի ես սիրում քարոզչական գործը։ Այնուհետև կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել տնետուն ծառայությանը և նույնիսկ ջանքեր ներդնել, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Որպես չմկրտված քարոզիչ՝ քեզ համար հրաշալի նպատակ կլինի մկրտվելը։ Մի՞թե չարժե դառնալ նվիրված ու մկրտված Եհովայի վկա։

10, 11. Ապագայի հետ կապված՝ ի՞նչ նպատակներ կարող են մկրտված պատանիները դնել իրենց առաջ։

10 Եթե արդեն մկրտված Եհովայի ծառա ես, ահա մի քանի նպատակներ, որոնց կարող ես հասնել ապագայում։ Գուցե երբեմն ցանկանաս օգնել ժողովներին քարոզելու հազվադեպ մշակվող տարածքում։ Նաև թերևս ուզենաս քո երիտասարդական ուժն ու եռանդը ներդնել ենթառահվիրա կամ ռահվիրա ծառայելու մեջ։ Տասնյակ հազարավոր երջանիկ ռահվիրաներ կարող են պատմել քեզ, որ լիաժամ ծառայությունը հիանալի միջոց է հիշելու քո Արարչին երիտասարդության տարիներին։ Ահա այն նպատակները, որոնց կարող ես հասնել, մինչ ապրում ես ծնողներիդ հետ։ Քո ժողովը նույնպես օգուտներ կստանա, երբ հասնես այդ նպատակներին։

11 Ապագայի հետ կապված մյուս նպատակներին էլ կհասնես՝ ծառայելով քո ժողովի տարածքից դուրս։ Օրինակ՝ կարող ես ծրագրել մեկ ուրիշ տարածքում կամ երկրում ծառայել, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Գուցե ցանկանաս աջակցել օտար երկրներում Թագավորության սրահների կամ մասնաճյուղերի շինարարությանը։ Կարող ես նույնիսկ ծառայել Բեթելում կամ դառնալ միսիոներ։ Անշուշտ, առաջին կարևոր նպատակը, որին պետք է հասնես մինչև վերոհիշյալ նպատակներից շատերին հասնելը, մկրտվելն է։ Եթե դեռ մկրտված չես, նկատի առ, թե ինչ է հարկավոր անել կյանքիդ ամենակարևոր նպատակին հասնելու համար։

Հասնել մկրտվելու նպատակին

12. Ի՞նչ պատճառներից ելնելով են որոշ անհատներ մկրտվում, և ինչո՞ւ դրանք բավարար չեն։

12 Ըստ քեզ՝ ի՞նչ պատճառներից ելնելով են մկրտվում։ Որոշ անհատների կարծիքով՝ մկրտությունը պաշտպանում է մեղք գործելուց։ Մյուսներն էլ գուցե մտածեն, թե պետք է մկրտվեն, որովհետև իրենց հասակակիցները մկրտվել են։ Ուրիշներն էլ հնարավոր է՝ մկրտվեն իրենց ծնողներին հաճեցնելու համար։ Սակայն հիշիր, որ մկրտությունը պայմանագիր չէ, որը հետ է պահում քեզ այնպիսի բաներ անելուց, որոնք դու կուզեիր թաքուն անել։ Ոչ էլ պետք է մկրտվես միայն այն պատճառով, որ ուրիշները ճնշում են բանեցնում քեզ վրա։ Դու պետք է մկրտվես միայն այն ժամանակ, երբ լիարժեքորեն գիտակցես, թե ինչ է նշանակում Եհովայի վկա լինել, և երբ վստահ լինես, որ պատրաստ ես ու ցանկանում ես կրել այդ պատասխանատվությունը (Ժող. 5։4, 5)։

13. Ինչո՞ւ պետք է մկրտվես։

13 Մկրտվելու պատճառներից մեկն այն է, որ Հիսուսն իր հետևորդներին հանձնարարել է «աշակերտներ պատրաստել՝ նրանց մկրտելով»։ Նա ինքն էլ է մկրտվել և այդպիսով օրինակ է թողել մեզ (կարդա՛ Մատթեոս 28։19, 20; Մարկոս 1։9)։ Ավելին, մկրտությունը կարևոր քայլ է նրանց համար, ովքեր ուզում են փրկվել։ Այն բանից հետո, երբ Պետրոս առաքյալը նշեց, որ Նոյը տապան էր կառուցել, որի մեջ լինելու շնորհիվ թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքը փրկվել էին Ջրհեղեղից, ասաց. «Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում Հիսուս Քրիստոսի հարության միջոցով» (1 Պետ. 3։20, 21)։ Սակայն դա չի նշանակում, որ մկրտությունը նման է ապահովագրի, որը ձեռք ես բերում վնասի դեպքում փոխհատուցում ստանալու համար։ Ընդհակառակը՝ մկրտվում ես, քանի որ սիրում ես Եհովային ու ցանկանում ես ծառայել նրան քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկ. 12։29, 30)։

14. Ինչո՞ւ են թերևս ոմանք վարանում մկրտվել, սակայն ի՞նչ վստահեցում է տրվում քեզ։

14 Ոմանք գուցե վարանեն մկրտվել, քանի որ վախենում են, որ հետագայում հնարավոր է՝ վտարվեն։ Դու է՞լ ես վախենում։ Եթե այո, ապա դա միշտ չէ, որ վատ է։ Դա կարող է նշանակել, որ հասկանում ես, թե ինչ լուրջ պատասխանատվություն է Եհովայի վկա լինելը։ Կա՞ ուրիշ պատճառ։ Թերևս դեռ չես համոզվել, որ Աստծու չափանիշներով ապրելը կյանքի լավագույն ուղին է։ Այդ դեպքում խորհիր, թե ինչ հետևանքների են բախվում նրանք, ովքեր արհամարհում են աստվածաշնչյան չափանիշները, որ կարողանաս որոշում կայացնել։ Մյուս կողմից՝ հնարավոր է՝ սիրում ես Աստծու չափանիշները, բայց վստահ չես, որ կարող ես պահել դրանք։ Իրականում, դա հավանաբար այն բանի նշանն է, որ դու խոնարհ ես։ Աստծու Խոսքն ասում է, որ բոլոր անկատար մարդկանց սրտերը նենգավոր են (Երեմ. 17։9)։ Սակայն դու կարող ես հաջողությունների հասնել, եթե միշտ Աստծու «խոսքի համաձայն» քեզ հսկես (կարդա՛ Սաղմոս 119։9)։ Ինչ պատճառով էլ վարանես մկրտվել, պետք է փարատես կասկածներդ և ձերբազատվես մտահոգություններիցb։

15, 16. Ինչպե՞ս կարող ես պարզել՝ պատրա՞ստ ես մկրտվելու։

15 Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ, որ պատրաստ ես մկրտվելու։ Օրինակ՝ հարցրու քեզ. «Կարո՞ղ եմ ուրիշներին բացատրել աստվածաշնչյան հիմնական ուսմունքները։ Գնո՞ւմ եմ ծառայության, նույնիսկ երբ ծնողներս չեն գնում։ Ջանք թափո՞ւմ եմ, որ հաճախեմ քրիստոնեական բոլոր հանդիպումներին։ Կարո՞ղ եմ հիշել դեպքեր, երբ դիմադրել եմ հասակակիցներիս ճնշմանը։ Այն օրերին, երբ ծնողներս ու ընկերներս չեն ծրագրել ծառայել, կգնա՞մ ծառայության։ Աղոթե՞լ եմ Աստծուն իր հետ ունեցած իմ փոխհարաբերությունների մասին։ Աղոթքի միջոցով անմնացորդ նվիրվե՞լ եմ Եհովային»։

16 Մկրտությունը շրջադարձային իրադարձություն է, որին չպետք է թեթևամտորեն վերաբերվենք։ Բավականին հասո՞ւն ես, որ լրջորեն խորհես այդ հարցի մասին։ Հասունությունը ավելին է, քան բեմից լավ ելույթներ ներկայացնելը կամ ժողովի ժամանակ տպավորիչ պատասխաններ տալը։ Հասուն անհատը հասկանում է աստվածաշնչյան սկզբունքներն ու իր որոշումները հիմնում դրանց վրա (կարդա՛ Եբրայեցիներ 5։14)։ Եթե կարծում ես, որ պատրաստ ես մկրտվելու, ապա իմացիր, որ կարող ես ունենալ ամենապատվավոր առանձնաշնորհումը՝ ամբողջ սրտով ծառայել Եհովային և ապրել այնպիսի կյանքով, որը կփաստի, որ իսկապես նվիրված ես իրեն։

17. Ի՞նչը կօգնի քեզ հաղթահարելու այն փորձությունները, որոնց թերևս բախվես մկրտությունից հետո։

17 Մկրտությունից անմիջապես հետո հավանաբար մեծ խանդավառությամբ կծառայես Աստծուն։ Սակայն շատ չանցած՝ թերևս բախվես փորձությունների, որոնց պատճառով կփորձվեն հավատդ և դիմացկունությունդ (2 Տիմոթ. 3։12)։ Բայց մի՛ մտածիր, որ մենակ ես դիմագրավելու այդ փորձությունները։ Խորհուրդ հարցրու ծնողներիցդ։ Օգնության համար դիմիր ժողովի հասուն անդամներին։ Ընկերություն արա նրանց հետ, ովքեր կաջակցեն քեզ։ Երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան հոգ է տանում քո մասին և կտա անհրաժեշտ զորությունը՝ հաղթահարելու ցանկացած խնդիր (1 Պետ. 5։6, 7)։

Ինչպե՞ս կարող ես հասնել նպատակներիդ

18, 19. Առաջնահերթություններդ քննելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։

18 Չնայած քո ներդրած լավագույն ջանքերին՝ երբեմն թվո՞ւմ է քեզ, թե ժամանակը չի հերիքում անելու այն, ինչ ուզում ես, և այն, ինչ պետք է անես։ Եթե այո, պետք է քննես, թե ինչին ես առաջնահերթություն տալիս։ Օրինակ՝ վերցրու պլաստմասսայե մի դույլ և մեջը մի քանի մեծ քար դիր։ Հետո այն ավազով լցրու. դույլդ լցված է քարերով ու ավազով։ Այնուհետև դատարկիր դույլը և այս անգամ սկզբում լցրու նույն ավազը և հետո փորձիր տեղավորել քարերը։ Տեղ չկա՞։ Դե իհարկե, քանի որ սկզբում լցրել ես ավազը։

19 Նույն իրավիճակում ես հայտնվում ժամանակդ բաշխելիս։ Եթե առաջին տեղում դնում ես այնպիսի բաներ, ինչպիսին հանգիստն է, երբեք բավականաչափ ժամանակ չես ունենա մեծ՝ հոգևոր գործերի համար։ Իսկ եթե հետևես աստվածաշնչյան հորդորին՝ «հավաստիանալու, թե ինչն է ավելի կարևոր», կտեսնես, որ ժամանակ ունես թե՛ Թագավորության շահերի, թե՛ հանգստի համար (Փիլիպ. 1։10)։

20. Եթե մտահոգություններ ու կասկածներ ունես, մինչ ձգտում ես հասնել նպատակներիդ, ի՞նչ պետք է անես։

20 Մինչ ձգտում ես հասնել նպատակներիդ, օրինակ՝ մկրտվելու նպատակիդ, գուցե երբեմն մտահոգություններ ու կասկածներ ունենաս։ Նման պահերին «քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղ. 55։22)։ Հիմա դու հնարավորություն ունես մասնակցելու մարդկության պատմության ամենահուզիչ և ամենակարևոր գործին՝ համաշխարհային քարոզչության և ուսուցանելու գործին (Գործ. 1։8)։ Դու կա՛մ կարող ես լինել դիտորդ և հետևել, թե ինչպես են ուրիշները անում այդ գործը, կա՛մ կարող ես ինքդ մասնակցել այդ գործին։ Մի՛ վարանիր ունակություններդ օգտագործել Թագավորության շահերը առաջ տանելու համար։ Երբեք չես ափսոսա, որ ծառայել ես քո «Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժող. 12։1)։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս 2009​թ. օգոստոսի 1-ի «Դիտարանը», էջ 15–18։

b Այս հարցում օգնություն ստանալու համար տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը, հատոր 2, գլուխ 34 (ռուս.)։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչո՞ւ պետք է նպատակներ դնես։

• Ի՞նչ նպատակների արժե հասնել։

• Ի՞նչ է նշանակում հասնել մկրտվելու նպատակին։

• Առաջնահերթություններդ քննելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ հասնես նպատակներիդ։

[նկար 13-րդ էջի վրա]

Նպատակ ունե՞ս ամեն օր կարդալու Աստվածաշունչը

[նկար 15-րդ էջի վրա]

Ի՞նչը կօգնի քեզ հասնելու մկրտվելու նպատակին

[նկար 16-րդ էջի վրա]

Ի՞նչ դաս ես սովորում այս օրինակից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը