Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
1. Ի՞նչ հոգևոր նպատակներ են դնում իրենց առջև երիտասարդ քրիստոնյաները։
1 Որպես երիտասարդ քրիստոնյա՝ դու հոգևոր նպատակներ ես դնում քո առջև՝ անշուշտ Եհովայի հանդեպ սիրուց մղված։ Քո առջև հոգեվոր նպատակներ ես դնում նաև այն պատճառով, որ ցանկանում ես հետևել Հիսուսի խոսքերին, որոնք նա ուղղեց բոլոր քրիստոնյաներին՝ «առաջ Աստուծոյ արքայութիւնը» փնտրել (Մատթ. 6։33)։ Հնարավոր է նպատակ ունես ընդարձակելու ծառայությունդ՝ որպես ռահվիրա ծառայելով կամ տեղափոխվելով այնպիսի տարածք, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ պահանջ կա։ Ոմանք գուցե մտածում են մասնաճյուղում ծառայելու, Թագավորության սրահների շինարարությանը մասնակցելու կամ որպես միսիոներ ծառայելու մասին։ Այս նպատակներն իսկապես գովասանքի են արժանի և մեծ բավականություն են պատճառում։
2. Ինչը՞ կարող է օգնել քեզ հասնելու հոգևոր նպատակներիդ։
2 Նպատակները գրի առնելը կարող է օգնել իրականացնելու դրանք։ Ահա թե ինչ է գրվել «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 15–ի համարում. «Վերացական գաղափարը դառնում է պարզ ու հստակ, երբ .... բացատրում [ես] այն։ Գուցե .... ցանկանա[ս] գրի առնել նպատակներ[դ] և դրանց հասնելու եղանակները»։ Բացի այդ, քեզ կարող են օգնել միջանկյալ նպատակները, որոնց միջոցով դու կարող ես գնահատել առաջադիմությունդ և չշեղվել քո հեռակա նպատակներից։
3. Որո՞նք են միջանկյալ նպատակներից մի քանիսը, որ կարող են օգնել քեզ համապատասխանելու մկրտության պահանջներին։
3 Միջանկյալ նպատակներ։ Եթե դեռ մկրտված չես, մտածիր, թե ինչ է հարկավոր անել մկրտվելու համար։ Հնարավոր է կարիք ունենաս ավելի խորը հասկանալու Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Այդ դեպքում նպատակ դիր մանրամասնորեն ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ քննելով նշված բոլոր սուրբգրային համարները (Ա Տիմոթ. 4։15)։ Նաև նպատակ դիր կարդալ ամբողջ Աստվածաշունչը՝ «Ծննդոցից» մինչև «Յայտնութիւն», ինչը պահանջվում է Բեթելում ծառայողներից և «Գաղաադի» ուսանողներից։ Այդ նպատակն իրականացնելուց հետո Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության գրաֆիկի հետևիր (Սաղ. 1։2, 3)։ Պատկերացրու, թե որքան կառաջադիմես հոգևորապես, եթե այդպես վարվես։ Ընթերցիր տվյալ օրվա համար հատկացված բոլոր գլուխները, աղոթքով ուսումնասիրիր դրանք և միշտ ձգտիր կիրառել սովորածդ։
4. Ի՞նչ միջանկյալ նպատակների կարող է ձգտել այն քրիստոնյան, որը ցանկանում է ծառայել Բեթելում կամ միսիոներ դառնալ։
4 Եթե մկրտված ես, ապա ի՞նչ նպատակների կարող ես ձգտել։ Քարոզչական հմտություններդ բարելավելու կարիք ունե՞ս։ Օրինակ՝ կարո՞ղ ես նպատակ դնել ծառայության ժամանակ ավելի հմտորեն գործածել Աստծու Խոսքը (Բ Տիմոթ. 2։15)։ Իսկ ինչպե՞ս կարող ես ընդլայնել ծառայությունդ։ Միջանկյալ նպատակներ դիր քո առջև՝ հաշվի առնելով տարիքդ և հանգամանքներդ։ Դա կնպաստի հեռակա նպատակներիդ իրականացմանը։
5. Ինչպե՞ս միջանկյալ նպատակները օգնեցին մի եղբոր հասնելու Բեթելում ծառայելու իր նպատակին։
5 Լավ արդյունքներ։ Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկն այցելելուց հետո 19–ամյա Տոնիի սրտում ցանկություն առաջացավ Բեթելում ծառայելու։ Սակայն նա ապրում էր այնպես, ինչպես ուզում էր, և նույնիսկ չէր նվիրվել Աստծուն։ Տոնին որոշեց ներդաշնակեցնել իր կյանքը Եհովայի չափանիշներին ու նպատակ դրեց համապատասխանել մկրտության պահանջներին։ Այնուհետև նա նպատակ դրեց ծառայել որպես ենթառահվիրա, իսկ հետո ընդհանուր ռահվիրա՝ օրացույցում ծառայության այդ ձևերը սկսելու համար կոնկրետ ամսաթվեր նշելով։ Պատկերացրու նրա ուրախությունը, երբ որոշ ժամանակ ռահվիրա ծառայելուց հետո նրան հրավիրեցին Բեթել։
6. Ի՞նչը կարող է օգնել քեզ հասնելու հոգևոր նպատակներիդ։
6 Դու նույնպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին, եթե նախևառաջ փնտրես Թագավորության շահերը։ Աղոթիր Եհովային ‘քո գործերի’ մասին և եռանդորեն ձգտիր իրականացնել դրանք (Առակ. 16։3; 21։5)։