Քրիստոնյա՛ ընտանիքներ, «պատրա՛ստ եղեք»
«Պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում» (ՂՈՒԿ. 12։40)։
1, 2. Ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվենք Հիսուսի հորդորին։
«ԵՐԲ մարդու Որդին գա իր փառքով» և «մարդկանց զատի իրարից», ի՞նչ կպատահի քեզ և քո ընտանիքին (Մատթ. 25։31, 32)։ Քանի որ դա տեղի է ունենալու այն ժամին, որ մենք «չենք կարծում», անչափ կարևոր է լուրջ վերաբերվել Հիսուսի հետևյալ հորդորին. «Պատրաստ եղեք» (Ղուկ. 12։40)։
2 Նախորդ հոդվածում քննարկեցինք, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ինչպես կարող է իր պարտականությունները կատարելով նպաստել, որ ողջ ընտանիքը հոգևորապես արթուն մնա։ Իսկ այժմ կքննարկենք, թե ուրիշ ինչ կերպերով կարող ենք նպաստել ընտանիքի հոգևոր բարօրությանը։
Ձեր աչքը «պարզ» պահեք
3, 4. ա) Քրիստոնյա ընտանիքները ո՞ր հարցում պետք է աչալուրջ լինեն։ բ) Ի՞նչ է նշանակում աչքը «պարզ» պահել։
3 Քրիստոսի գալստին պատրաստ լինելու համար ընտանիքները պետք է զգույշ և աչալուրջ լինեն, որ չշեղվեն ճշմարիտ երկրպագությունից։ Քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնք նյութապաշտության ծուղակն են ընկել, նկատի առնենք, թե ինչ ասաց Հիսուսը աչքը «պարզ» պահելու մասին (կարդա՛ Մատթեոս 6։22, 23)։ Ինչպես որ ճրագն է լուսավորում ճանապարհը և օգնում, որ չընկնենք, այնպես էլ մեր «սրտի աչքերը» կարող են օգնել մեզ, որ մեղքի մեջ չընկնենք (Եփես. 1։18)։
4 Որպեսզի աչքը պարզ տեսնի, այն պետք է ճիշտ կատարի իր ֆունկցիան և կարողանա ֆոկուսը կենտրոնացնել այն բանի վրա, ինչին ուղղված է։ Նույնն է պարագան «սրտի աչքերի» դեպքում։ Ուստի «պարզ աչք» ունենալ նշանակում է կենտրոնացած լինել մեկ նպատակի վրա։ Կյանքում նյութականի վրա կենտրոնանալու և միայն ընտանիքի նյութական կարիքները հոգալու մասին մտածելու փոխարեն՝ մենք մեր աչքը կենտրոնացած ենք պահում հոգևորի վրա (Մատթ. 6։33)։ Սա նշանակում է, որ մենք բավարարվում ենք մեր ունեցածով և Աստծուն ծառայելը առաջին տեղում ենք դնում մեր կյանքում (Եբր. 13։5)։
5. Եթովպիայում ապրող մի աղջիկ ինչպե՞ս ցույց տվեց, որ իր աչքը կենտրոնացրել էր Աստծուն ծառայելու վրա։
5 Ի՞նչ արդյունքի կհասնեն այն ծնողները, որոնք իրենց երեխաներին սովորեցնում են պարզ աչք ունենալ։ Ուշադրության է արժանի Եթովպիայում ապրող մի աղջկա օրինակը։ Նա դպրոցում շատ լավ էր սովորում։ Այդ պատճառով այն ավարտելուց հետո նրան առաջարկեցին կրթաթոշակ ստանալ և շարունակել կրթությունը։ Սակայն քանի որ նա իր աչքը կենտրոնացրել էր Եհովային ծառայելու նպատակի վրա, մերժեց այդ առաջարկը։ Դրանից շատ չանցած՝ նրան աշխատանք առաջարկեցին՝ ամսական 3000 եվրո աշխատավարձով, որն այդ երկրում միջին աշխատավարձից բավականին բարձր է։ Բայց քանի որ աղջիկն իր «աչքը» հառել էր ռահվիրայական ծառայությանը, այդ առաջարկը նույնպես մերժեց, և դրա համար նույնիսկ կարիք չեղավ, որ իր ծնողների հետ խորհրդակցեր։ Որքա՜ն ուրախացան ծնողները, երբ իմացան նրա որոշման մասին։ Նրանք ասացին իրենց աղջկան, որ հպարտանում են նրանով։
6, 7. Ո՞ր վտանգից պետք է զգուշանանք և ինչո՞ւ պետք է աչալուրջ լինենք։
6 Մատթեոս 6։22, 23-ում գրված Հիսուսի խոսքերում նախազգուշացում է տրվում ագահության դեմ։ Հետաքրքիր է, որ Հիսուսն այստեղ «պարզ» բառը հակադրում է ոչ թե «բարդ» բառի, այլ «չար» բառի հետ։ «Չար» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել նաև «ագահ»։ Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ագահությանը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց» (Եփես. 5։3)։
7 Ագահությունը սովորաբար ավելի հեշտ է տեսնել դիմացինի մեջ, քան մեր մեջ։ Այդ պատճառով իմաստուն կլինենք, եթե հետևենք Հիսուսի խորհրդին. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ. 12։15)։ Դրա համար անհրաժեշտ է ինքնաքննություն անել, որպեսզի տեսնենք, թե ինչի վրա է կենտրոնացած մեր սիրտը։ Քրիստոնյա ընտանիքները պետք է լրջորեն մտածեն, թե որքան ժամանակ և որքան փող են ծախսում ժամանցի և զվարճությունների, ինչպես նաև որոշ իրեր ձեռք բերելու համար։
8. Գնումներ կատարելու հարցում ինչպե՞ս կարող ենք «աչալուրջ» լինել։
8 Որևէ բան գնելուց առաջ բավական չէ միայն մտածել, թե արդյոք ունենք անհրաժեշտ գումարը։ Հարկավոր է նաև հաշվի առնել հետևյալը. «Ժամանակ կունենա՞մ այն օգտագործելու կամ դրան խնամք տանելու համար։ Որքա՞ն ժամանակ պետք է տրամադրեմ, որպեսզի սովորեմ ճիշտ օգտագործել այն»։ Երիտասարդնե՛ր, մի՛ հավատացեք բոլոր խոսքերին, որ ասվում են գովազդների ժամանակ, որոնցով ուզում են ձեզ համոզել, որ ձեռք բերեք թանկարժեք և ֆիրմային հագուստ կամ որևէ այլ ապրանք։ Ջանացեք ինքնատիրապետում դրսևորել։ Նաև ինչ-որ ապրանք ձեռք բերելուց առաջ մտածեք, թե այն ինչպես կանդրադառնա ձեր ընտանիքի վրա. կնպաստի՞ արդյոք այն բանին, որ նրանք պատրաստ լինեն մարդու Որդու գալուն։ Վստահ եղեք, որ Եհովան կկատարի իր խոստումը. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։
Հոգևոր նպատակներ դրեք
9. Հոգևոր նպատակներ ունենալը ինչո՞ւմ կարող է օգնել ընտանիքին։
9 Որպեսզի ընտանիքը հոգևոր լավ վիճակում լինի և բոլորը ամուր հավատ զարգացնեն, յուրաքանչյուրը պետք է հոգևոր նպատակներ դնի իր առաջ և ձգտի հասնել դրանց։ Այդպես վարվելը կօգնի, որ ընտանիքի անդամները տեսնեն, թե Եհովային հաճեցնելու հարցում որքան են առաջադիմել և թե որքանով են ճիշտ իրենց դրած առաջնահերթությունները (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։10)։
10, 11. Որպես ընտանիք՝ ի՞նչ հոգևոր նպատակներ ունեք և ուրիշ ի՞նչ նպատակներ կցանկանաք դնել ձեր առաջ ապագայում։
10 Նույնիսկ փոքր նպատակները, որ կարող են իրականացնել ընտանիքի բոլոր անդամները, մեծ օգուտներ կբերեն։ Այդպիսի նպատակներից է, օրինակ, ամեն օր միասին օրվա խոսքի քննարկումը։ Յուրաքանչյուրի տված մեկնաբանություններից ընտանիքի գլուխը կտեսնի, թե ինչ հոգևոր վիճակում են նրանք։ Իսկ միասին կանոնավորաբար Աստվածաշունչ ընթերցելը լավ հնարավորություն է տալիս երեխաներին սովորելու վարժ կարդալ, ինչպես նաև լավ հասկանալու Աստվածաշունչը (Սաղ. 1։1, 2)։ Կարող ենք նաև նպատակ դնել բարելավելու մեր աղոթքները։ Մեկ այլ հիանալի նպատակ կարող է լինել հոգու պտղի հատկությունները ավելի խորությամբ զարգացնելը (Գաղ. 5։22, 23)։ Կարելի է նաև առիթներ փնտրել՝ կարեկցանք դրսևորելու այն մարդկանց հանդեպ, որոնց հանդիպում ենք ծառայության ժամանակ։ Եթե ընտանիքը ձգտում է այդպես վարվել, ապա դա կօգնի, որ երեխաները սովորեն լինել կարեկից, իսկ հետագայում ցանկություն ունենան ռահվիրա կամ միսիոներ դառնալու։
11 Կարող ես ընտանիքիդ հետ քննարկել, թե ինչ նպատակներ կարող եք դու և քո ընտանիքը դնել ձեր առաջ։ Օրինակ՝ կարո՞ղ եք նպատակ դնել ընտանիքով ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։ Կարո՞ղ եք ջանքեր թափել հաղթահարելու այն զգացումը, որը գուցե հետ է պահում ձեզ հեռախոսով վկայություն տալուց, փողոցում կամ գործարար տարածքում ծառայելուց։ Կարո՞ղ եք ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Կարո՞ղ է ձեր ընտանիքի անդամներից մեկը օտար լեզու սովորել այդ լեզվով խոսողներին քարոզելու համար։
12. Ի՞նչ կարող է անել ընտանիքի գլուխը, որպեսզի իր ընտանիքը հոգևորապես առաջադիմի։
12 Եթե ընտանիքի գլուխ ես, պարզիր այն ոլորտները, որտեղ կարիք կա, որ ընտանիքդ հոգևորապես հասունանա։ Այնուհետև կոնկրետ նպատակներ դիր։ Հիշիր, սակայն, որ դրանք պետք է լինեն իրագործելի ընտանիքի բոլոր անդամների համար (Առակ. 13։12)։ Ինչ խոսք, դրանց հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ ժամանակը կարող եք «գնել»՝ նվազեցնելով այն ժամանակը, որը անցկացնում եք հեռուստացույցի առաջ (Եփես. 5։15, 16)։ Ջանք մի՛ խնայեք այդ նպատակներին հասնելու համար (Գաղ. 6։9)։ Այն ընտանիքը, որը հոգևոր նպատակներ ունի, իր առաջադիմությունը հայտնի կդարձնի բոլորին (1 Տիմոթ. 4։15)։
Կարևորեք ընտանեկան երկրպագությունը
13. Ի՞նչ փոփոխություն է արվել ժողովի հանդիպումների գրաֆիկում, և ի՞նչ հարցերի մասին պետք է մտածենք։
13 Երբ 2009թ. հունվարի 1-ին ժողովի շաբաթական հանդիպումների գրաֆիկում զգալի փոփոխություն եղավ, հրաշալի հնարավորություն բացվեց ընտանիքների համար։ Դրա նպատակն է օգնել նրանց «պատրաստ լինելու» մարդու Որդու գալու օրվան։ Փոփոխության համաձայն՝ ժողովի Գրքի ուսումնասիրությունը այլևս չի անցկացվում առանձին օր, այլ միացել է Աստվածապետական ծառայության դպրոցին և Ծառայողական հանդիպմանը։ Այս փոփոխությունն արվեց, որպեսզի ընտանիքները կարողանան ամրացնել իրենց հոգևոր վիճակը՝ ամեն շաբաթ առանձին երեկո տրամադրելով ընտանեկան երկրպագությանը։ Քանի որ արդեն բավական ժամանակ է անցել, կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Օգտագործո՞ւմ եմ այդ ժամանակը ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության համար։ Իրականացնո՞ւմ եմ այն նպատակը, ինչի համար նախատեսված է այդ երեկոն»։
14. ա) Ո՞րն է ընտանեկան երկրպագության երեկոյի և անձնական ուսումնասիրության գլխավոր նպատակը։ բ) Ինչո՞ւ է այդ երեկոն կենսական։
14 Ընտանեկան երկրպագության երեկոյի և անձնական ուսումնասիրության գլխավոր նպատակը Աստծու հետ ավելի մտերմանալն է (Հակ. 4։8)։ Երբ ժամանակ ենք հատկացնում կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրելուն և ավելի լավ ենք ճանաչում մեր Ստեղծչին, մեր փոխհարաբերությունները նրա հետ է՛լ ավելի են ամրանում։ Որքան շատ ենք մոտենում Եհովային, այնքան ավելի շատ ենք մղվում սիրելու նրան «ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Ինչ խոսք, բոլորս էլ ուզում ենք հնազանդվել Աստծուն և նրան ընդօրինակել (Եփես. 5։1)։ Կանոնավորաբար ընտանեկան երկրպագության երեկո ունենալը կենսական է ընտանիքի բոլոր անդամների համար, քանի որ այն կօգնի հոգևորապես պատրաստ լինելու «մեծ նեղությանը» (Մատթ. 24։21)։ Այն անհրաժեշտ է վերապրելու համար։
15. Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ընտանեկան երկրպագության երեկոն ընտանիքի անդամների փոխհարաբերությունների վրա։
15 Ընտանեկան երկրպագությունը ծառայում է նաև մեկ այլ նպատակի. այն նպաստում է ընտանիքի անդամների մտերմությանը։ Ամեն շաբաթ հոգևոր թեմաներ քննարկելը դրական ազդեցություն է թողնում ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների վրա։ Օրինակ՝ ամուսինները ավելի են մտերմանում, երբ միասին հոգևոր գանձեր են գտնում և արտահայտում են իրենց դուր եկած մտքերը (կարդա՛ Ժողովող 4։12)։ Ծնողներն ու երեխաները, ովքեր միասին են երկրպագում Աստծուն, միավորվում են սիրո «կատարյալ կապով» (Կող. 3։14)։
16. Ի՞նչ օգուտներ քաղեցին երեք քույրերը՝ Աստվածաշնչի ուսումնասիրությանը շաբաթական մեկ երեկո հատկացնելով։
16 Տեսնենք, թե երեք տարեց քույրեր ինչ օգուտներ քաղեցին՝ շաբաթական մի երեկո տրամադրելով միասին Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Այս երեք քույրերը այրի են և ապրում են նույն քաղաքում։ Արդեն մի քանի տարի է՝ նրանք մոտիկ ընկերուհիներ են։ Իրար հետ ավելի շատ շփվելու և միաժամանակ այդ շփումը հոգևորապես կերտիչ դարձնելու համար նրանք որոշեցին շաբաթական մեկ երեկո հանդիպել, որպեսզի միասին ուսումնասիրեն Աստվածաշունչը։ Նրանք սկսեցին իրենց ուսումնասիրությունը ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքով։ Քույրերից մեկն ասում է. «Մեզ համար այնքան հաճելի է այդ քննարկումը, որ այն տևում է մի ժամից ավել։ Մենք փորձում ենք պատկերացնել առաջին դարի մեր եղբայրների իրավիճակը և մտածում ենք, թե ինչ կանեինք մենք նման իրավիճակում։ Հետո ձգտում ենք կիրառել մեր սովորածը ծառայության մեջ։ Դրա շնորհիվ քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը ավելի արդյունավետ և հաճելի է դառնում մեզ համար»։ Հոգևորապես ամրապնդվելուց բացի, այս երեք ընկերուհիները ավելի մտերմացան իրար հետ։ «Այդ երեկոները անփոխարինելի են մեզ համար»,— ասում են նրանք։
17. Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ընտանեկան երկրպագության երեկոն արդյունավետ լինի։
17 Իսկ ի՞նչ օգուտներ եք քաղում դուք ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության երեկոյից։ Եթե այն անցկացնես երբ և ինչպես պատահի, ապա չես հասնի այն արդյունքին, ինչի համար նախատեսված է այդ երեկոն։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է նշանակված ժամին պատրաստ լինեն ուսումնասիրությանը։ Չպետք է թույլ տալ, որ անկարևոր բաները խանգարեն ձեզ։ Ուսումնասիրության նյութը պետք է ընտրվի այնպես, որ դրանից օգուտ քաղեն ընտանիքի բոլոր անդամները։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր լինի։ Գործի դիր ուսուցանելու արդյունավետ մեթոդներ և ստեղծիր հանգիստ մթնոլորտ, որպեսզի բոլորը հարգալից լինեն իրար հանդեպa (Հակ. 3։18)։
«Արթուն մնացեք» և «պատրաստ եղեք»
18, 19. Ինչպե՞ս պետք է ազդի քեզ ու քո ընտանիքի վրա այն փաստը, որ մարդու Որդու գալուստը մոտ է։
18 Աշխարհի՝ գնալով վատացող պայմանները կասկած չեն թողնում, որ 1914-ից սկսած՝ Սատանայի չար աշխարհը իր վերջին օրերն է ապրում։ Արմագեդոն պատերազմի շունչն արդեն զգացվում է։ Շուտով կգա այն ժամանակը, երբ մարդու Որդին կիրագործի Եհովայի դատաստանները ամբարիշտների նկատմամբ (Սաղ. 37։10; Առակ. 2։21, 22)։ Ինչպե՞ս է այս փաստի գիտակցումը ազդում քեզ և քո ընտանիքի վրա։
19 Հետևո՞ւմ ես աչքը պարզ պահելու մասին Հիսուսի տված խորհրդին։ Ի տարբերություն այս աշխարհի մարդկանց, որոնք ձգտում են հարստության, ճանաչման և իշխանության՝ քո ընտանիքը ձգտո՞ւմ է հոգևոր նպատակների։ Հետևո՞ւմ ես ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության երեկո ունենալու կարգադրությանը։ Կարողանո՞ւմ ես իրականացնել այն նպատակները, ինչի համար նախատեսված է այդ երեկոն։ Եվ ինչպես նախորդ հոդվածում քննարկեցինք, կատարո՞ւմ ես որպես ամուսին, կին կամ երեխա քո ունեցած սուրբգրային պարտականությունները՝ օգնելով ընտանիքիդ «արթուն մնալու» (1 Թեսաղ. 5։6)։ Այդպես վարվելով՝ դու «պատրաստ կլինես» մարդու Որդու գալուն։
[ծանոթագրություն]
a Ընտանեկան երկրպագության երեկոյին ինչ ուսումնասիրելու և ինչպես այն արդյունավետ ու հաճելի դարձնելու համար տե՛ս «Դիտարանի» 2009թ. 15 հոկտեմբերի համարում բերված առաջարկները (էջ 29–31)։
Ի՞նչ սովորեցիր
• «Պատրաստ լինելու» համար քրիստոնյա ընտանիքներին ինչպե՞ս կարող է օգնել...
պարզ աչք ունենալը։
հոգևոր նպատակներ դնելն ու դրանց հասնելը։
ընտանեկան երկրպագության երեկոն կարևորելը։
[նկար 13-րդ էջի վրա]
«Պարզ» աչքը կօգնի մեզ դիմադրելու աշխարհի հրապույրներին