Հետևենք Քրիստոսին՝ կատարյալ Առաջնորդին
ՄԱՐԴԿԱՅԻՆ ղեկավարներին հետևող մարդիկ հաճախ հիասթափվում են։ Սակայն Քրիստոսի առաջնորդությանը հնազանդվելը բոլորովին այլ ազդեցություն է ունենում մարդկանց վրա։ Հիսուսն ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29)։ Հիսուսի առաջնորդությունը թարմացնում և երջանկացնում է։ Նա խորապես հետաքրքրված է խեղճ ու հարստահարված մարդկանցով և հրավիրում է նրանց իր լուծն իրենց վրա առնել։ Իսկ ի՞նչ է նշանակում հետևել Աստծու Որդու առաջնորդությանը։
«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար,— գրեց Պետրոս առաքյալը,— օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետ. 2։21)։ Որքա՞ն կարևոր է հետևել Հիսուսի հետքերին։ Պատկերացրու՝ խմբով անցնում եք ականապատ դաշտով։ Ձեզնից, սակայն, միայն մեկը գիտի, թե ինչպես կարող եք ապահով անցնել այդտեղով։ Սերտորեն չե՞ս հետևի արդյոք նրան, անգամ քայլելով նրա ոտնահետքերով։ Նմանապես, մեր ապահովությունը կախված է Հիսուսի օրինակին սերտորեն հետևելուց։ Դա նշանակում է, որ պետք է լսենք, հնազանդվենք նրան և համագործակցենք նրա ներկայացուցիչների հետ։
Լսիր և հնազանդվիր
Լեռան քարոզի վերջում Հիսուսն ասաց. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված» (Մատթ. 7։24, 25)։
Փաստորեն, Հիսուսը այն մարդուն, որը լսում ու հնազանդվում է, «խոհեմ» անվանեց։ Մեր սրտանց հնազանդությամբ ցույց տալի՞ս ենք, որ կարևորում ու գնահատում ենք Քրիստոսի օրինակը, թե՞ հակված ենք ընտրողաբար հնազանդվելու նրա հրահանգներին՝ կատարելով նրանք, որոնք հեշտ են և ջանքեր չեն պահանջում։ Հիսուսն ասաց. «Ես միշտ [Աստծուն] հաճելի բաներն եմ անում» (Հովհ. 8։29)։ Եկեք ձգտենք ընդօրինակել նրան։
Առաջին դարում առաքյալները հրաշալի օրինակ հանդիսացան Քրիստոսի առաջնորդությանը հնազանդվելու հարցում։ Մի առիթով Պետրոս առաքյալն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք» (Մարկ. 10։ 28)։ Իսկապես, առաքյալները Հիսուսի առաջնորդությունն այնքան բարձր էին գնահատում, որ պատրաստակամորեն թողեցին իրենց գործերը՝ նրան հետևելու համար (Մատթ. 4։18–22)։
Համագործակցենք Քրիստոսի ներկայացուցիչների հետ
Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը մի այլ միջոց էլ նշեց, որով կարող ենք հետևել իր առաջնորդությանը։ Նա ասաց. «Ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում» (Հովհ. 13։20)։ Քրիստոսը իր օծյալ ներկայացուցիչներին անվանեց «եղբայրներ» (Մատթ. 25։40)։ Այն բանից հետո, երբ Հիսուսը համբարձվեց երկինք, նրա «եղբայրները» նշանակվեցին նրա փոխարեն գործելու և որպես «Քրիստոսին փոխարինող» դեսպաններ՝ հրավիրում են ուրիշներին հաշտվել Եհովա Աստծու հետ (2 Կորնթ. 5։18–20)։ Ընդունել Քրիստոսի առաջնորդությունը նշանակում է ենթարկվել նրա «եղբայրներին»։
Լավ կլինի, որ քննենք, թե ինչպես ենք արձագանքում ժամանակին տրվող սուրբգրային խորհուրդներին, որ ստանում ենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունների միջոցով։ Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը և ժողովի հանդիպումներին մասնակցելով՝ վերհիշում ենք Քրիստոսի ասածները (2 Պետ. 3։1, 2)։ Մենք դրսևորում ենք մեր սրտանց երախտագիտությունը այս հոգևոր սննդի համար՝ կանոնավորաբար այն ընդունելով։ Ինչպիսի՞ն կլինի, սակայն, մեր արձագանքը, եթե նույն խորհուրդը ժամանակ առ ժամանակ կրկնվի։ Օրինակ՝ Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս քրիստոնյաներին ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթ. 7։39)։ Այս թեման մեկ դարից ավել պարբերաբար քննարկվում է «Դիտարանում»։ Անշուշտ, Քրիստոսի եղբայրները իրենց սիրառատ հոգատարությունն են դրսևորում մեր հանդեպ՝ հրատարակելով հոդվածներ, որոնցում տրվում են այս և ուրիշ սուրբգրային խորհուրդներ։ Դրանց հնազանդվելը միջոցներից մեկն է, որով ցույց ենք տալիս, որ հետևում ենք մեր կատարյալ Առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին։
«Արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»,— ասվում է Առակներ 4։18-ում։ Այո՛, Հիսուսը այնպես է ղեկավարում, որ իր ժողովը շարունակում է առաջ ընթանալ և մի տեղում կանգնած չի մնում։ Քրիստոսի «եղբայրների» հետ համագործակցելու միջոցներից մեկն այն է, որ ճիշտ արձագանքենք, երբ «հավատարիմ և իմաստուն ծառան» ճշգրտումներ է անում աստվածաշնչյան ճշմարտությունների մեր հասկացողության մեջ (Մատթ. 24։45)։
Մենք նաև ենթարկվում ենք Քրիստոսի «եղբայրներին»՝ համագործակցելով քրիստոնեական ժողովի վերակացուների հետ։ Պողոս առաքյալն ասաց. «Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին» (Եբր. 13։17)։ Օրինակ՝ երեցը կարող է հորդորել մեզ կանոնավորաբար ընտանեկան երկրպագության երեկո անցկացնել կամ որոշ առաջարկներ անել մեր ծառայության հետ կապված։ Շրջագայող վերակացուն գուցե սուրբգրային խորհուրդ տա քրիստոնեական մեր ապրելակերպի առնչությամբ։ Եթե պատրաստակամորեն կիրառենք այս խորհուրդները, ցույց կտանք, որ հետևում ենք Հիսուսին որպես մեր Առաջնորդի։
Ցավոք, աշխարհն այսօր լավ առաջնորդություն չունի։ Մինչդեռ որքա՜ն թարմացնող է Քրիստոսի սիրալիր առաջնորդությանը հետևելը։ Եկեք հնազանդվենք մեր Առաջնորդին և համագործակցենք նրանց հետ, ում միջոցով նա առաջնորդություն է տալիս այսօր։
[նկարներ 27-րդ էջի վրա]
Ընդունո՞ւմ ես աստվածաշնչյան խորհուրդը՝ լծակից չլինել անհավատի հետ