Աստված ունի՞ կազմակերպություն
ԱՍՏԾՈՒ բոլոր ստեղծագործությունների մեջ ակնհայտ կարգուկանոն է տիրում։ Օրինակ՝ դա երևում է «հասարակ» խմորասնկային բջջի զարմանահրաշ կառուցվածքից։ Այն ունի մոտավորապես այնքան բաղադրիչ մաս, որքան «Բոինգ-777» ռեակտիվ օդանավը։ Այդուհանդերձ, խմորասնկային բջջի յուրաքանչյուր բաղադրիչ գտնվում է իր տեղում՝ ընդամենը հինգ միկրոնa տրամագծի սահմաններում։ Ի տարբերություն ռեակտիվ օդանավերի՝ խմորասնկային բջիջները ինքնավերարտադրվում են։ Ի՜նչ ապշեցուցիչ կարգուկանոն ու կազմակերպվածություն (1 Կորնթացիներ 14։33)։
Կազմակերպվածությունը պարզ երևում է ոչ միայն տեսանելի ստեղծագործության մեջ, այլև, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, ոգեղեն ոլորտում, որտեղ ամեն բան կազմակերպված է և գործում է Ստեղծչի նպատակի համաձայն։ Դանիել մարգարեն տեսիլքում տեսավ հրեշտակների մի մեծ բազմություն, որ կանգնած էր Աստծու երկնային ատյանի առաջ. «Հազար հազարներ ծառայում էին նրան, և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ» (Դանիել 7։9, 10)։ Միշտ պետք է հենց այսպիսի կարգուկանոն տիրի, որպեսզի հարյուր միլիոնավոր հրեշտակներ կարողանան անմիջապես արձագանքել Աստծու տված հրահանգներին և կատարել դրանք (Սաղմոս 91։11)։
Չնայած Ստեղծիչը՝ Եհովա Աստված, լավագույն կազմակերպիչն է, սակայն նա կանոններից խիստ կառչած և սառնասիրտ անձնավորություն չէ։ Ընդհակառակը՝ նա ջերմ զգացմունքներ ունեցող երջանիկ Աստված է, որը հետաքրքրված է իր բոլոր արարածների բարօրությամբ (1 Տիմոթեոս 1։11; 1 Պետրոս 5։7)։ Սա հստակ երևում է այն բանից, թե ինչպես էր Եհովան վերաբերվում հին Իսրայել ազգին և առաջին դարի քրիստոնյաներին։
Հին Իսրայել. լավ կազմակերպված ազգ
Եհովա Աստված Մովսեսի միջոցով պատրաստեց իսրայելացիներին՝ կազմակերպված ձևով ճշմարիտ երկրպագություն մատուցելու։ Եկեք տեսնենք, թե ինչպես են նրանք ժամանակավոր բնակություն հաստատել Սինայի անապատում։ Եթե յուրաքանչյուր ընտանիքի թույլ տրվեր կանգնեցնել իր վրանը ցանկացած տեղում, անշուշտ, քաոս կտիրեր։ Այդ պատճառով էլ Եհովան այս ազգին հատուկ հրահանգներ տվեց, թե ամեն մի ցեղ որտեղ պետք է դնի իր ճամբարը (Թվեր 2։1–34)։ Մովսիսական օրենքը նաև առողջության և հիգիենայի հետ կապված հստակ կանոններ էր պարունակում, օրինակ՝ արտաթորանքը ծածկելու վերաբերյալ (2 Օրենք 23։12, 13)։
Ավետյաց երկիր մտնելուց առաջ իսրայելացիները արդեն լավ կազմակերպված էին։ Ազգը բաժանված էր 12 ցեղի. յուրաքանչյուրն ուներ իրեն բաժին ընկած հողատարածքը։ Մովսեսի միջոցով այս ազգին տրված Եհովայի Օրենքը առնչվում էր կյանքի տարբեր ոլորտներին, օրինակ՝ երկրպագությանը, ամուսնությանը, ընտանիքին, կրթությանը, աշխատանքին, սննդակարգին, հողագործությանը, անասնաբուծությանը և այլնb։ Թեև որոշ օրենքներ հատուկ էին ու մանրամասն կերպով էին շարադրված, սակայն բոլորն էլ ցույց էին տալիս, թե որքան հոգատար է Եհովան իր ժողովրդի հանդեպ, և թե ինչպես էին այդ օրենքները նպաստում նրանց երջանկությանը։ Հետևելով սիրով տրված այս կանոններին՝ իսրայելացիները վայելում էին Եհովայի բարեհաճությունը (Սաղմոս 147։19, 20)։
Ճիշտ է, Մովսեսը տաղանդավոր առաջնորդ էր, սակայն նրա հաջողությունները կամ անհաջողությունները կախված էին ոչ թե իր ունակություններից, այլ այն բանից, թե որքանով էր նա նվիրված Աստծու կազմակերպությանը։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր Մովսեսը անապատում գտնել ճիշտ ճանապարհը։ Եհովան էր, որ ցերեկը առաջնորդում էր ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակե սյունով (Ելք 13։21, 22)։ Չնայած Աստված մարդկանց միջոցով էր գործում, սակայն հենց ինքն էր կազմակերպողը և իր ժողովրդին առաջնորդողը։ Նույնն էր պարագան նաև առաջին դարում։
Վաղ քրիստոնյաներ. լավ կազմակերպված ժողովուրդ
Առաքյալների ու աշակերտների նախանձախնդիր քարոզչության շնորհիվ առաջին դարում Ասիայի և Եվրոպայի տարբեր մասերում քրիստոնեական ժողովներ էին հիմնվել։ Թեև այս ժողովները ցրված էին, սակայն դրանք մեկուսի ու անկախ խմբեր չէին։ Ընդհակառակը՝ դրանք լավ կազմակերպված էին, և այն վերահսկողությունը, որը կատարում էին առաքյալները սիրուց մղված, մեծ օգուտներ էր բերում ժողովներին։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Տիտոսին նշանակել էր ծառայելու Կրետե կղզում, «որպեսզի ամեն ինչ կազմակերպի այնտեղ» (Տիտոս 1։5, The Jerusalem Bible)։ Բացի այդ, նա Կորնթոսի ժողովին գրեց, որ որոշ եղբայրներ «ղեկավարելու կարողություն» ունեն, կամ՝ «կազմակերպիչներ» են (1 Կորնթացիներ 12։28, The Bible in Contemporary Language)։ Սակայն ո՞վ էր կանգնած այս կարգուկանոնի հետևում։ Պողոսն ասաց, որ «Աստված կազմեց», կամ՝ «կազմակերպեց» ժողովը (1 Կորնթացիներ 12։24, The Riverside New Testament)։
Ժողովում նշանակված վերակացուները չէին իշխում իրենց հավատակիցների վրա։ Ընդհակառակը՝ նրանք «համագործակիցներ» էին, ովքեր հետևում էին Աստծու ոգու առաջնորդությանը, և նրանցից ակնկալվում էր «հոտին օրինակ լինել» (2 Կորնթացիներ 1։24; 1 Պետրոս 5։2, 3)։ «Ժողովի գլուխը» հարություն առած Հիսուս Քրիստոսն է և ոչ թե որևէ մարդ կամ անկատար մարդկանց մի խումբ (Եփեսացիներ 5։23)։
Երբ Կորնթոսի ժողովը սկսեց իր գործերով խիստ տարբերվել մյուս ժողովներից, Պողոսը գրեց. «Մի՞թե Աստծու խոսքը ձեզանից ելավ կամ միայն ձեզ հասավ» (1 Կորնթացիներ 14։36)։ Առաքյալն այս հռետորական հարցը ուղղեց կորնթացիներին, որպեսզի շտկի նրանց մտածելակերպը և օգնի հասկանալու, որ չպետք է անկախ գործեն։ Ժողովները աճում ու առաջադիմում էին այն դեպքում, երբ հետևում էին առաքյալների առաջնորդությանը (Գործեր 16։4, 5)։
Աստծու սիրո դրսևորումը
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Թեև ոմանք չեն ցանկանում միանալ որևէ կրոնական կազմակերպության, սակայն Աստվածաշունչը վկայում է, որ Աստված իր նպատակներն իրագործելիս միշտ օգտագործել է իր կազմակերպությունը։ Նա իր երկրպագուներին՝ թե՛ իսրայելացիներին և թե՛ վաղ քրիստոնյաներին առաջնորդել է, որ կազմակերպված ձևով երկրպագեն իրեն։
Մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ Եհովա Աստված ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակում է առաջնորդել իր ժողովրդին։ Այո՛, այն, որ Եհովան կազմավորեց ու միավորեց իր ժողովրդին, սիրո դրսևորում է։ Այսօր Եհովան օգտագործում է իր կազմակերպությունը, որպեսզի իրականացնի իր նպատակը մարդկության առնչությամբ։ Իսկ ինչպե՞ս իմանալ, թե որն է իր կազմակերպությունը։ Եկեք քննենք հետևյալ առանձնահատկությունները։
▪ Ճշմարիտ քրիստոնյաները կազմակերպված են՝ կատարելու իրենց գործը (Մատթեոս 24։14; 1 Տիմոթեոս 2։3, 4)։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին քարոզել Թագավորության բարի լուրը բոլոր ազգերին, մի առաջադրանք, որն անհնար կլիներ իրականացնել առանց համաշխարհային կազմակերպության։ Օրինակ՝ մեկ մարդու կերակրելը հեշտ է, բայց հազարավոր, առավել ևս միլիոնավոր մարդկանց կերակրելու համար պետք է լավ կազմակերպված մի խումբ ունենալ, որի անդամները համագործակցում են միմյանց հետ։ Իրենց գործը կատարելու համար ճշմարիտ քրիստոնյաները «ուս ուսի» ծառայում են, կամ՝ «համագործակցում են [Աստծու] ծառայության մեջ» (Սոփոնիա 3։9; Byington)։ Մի՞թե բազմազգ, բազմալեզու և տարբեր ռասաների պատկանող ժողովուրդը կկարողանար կատարել այդ գործը, եթե չլիներ միասնական ու ներդաշնակ կազմակերպության մեջ։ Պատասխանն ակնհայտ է։
▪ Ճշմարիտ քրիստոնյաները կազմակերպված են՝ աջակցելու և քաջալերելու իրար։ Եթե ալպինիստը մենակ է, նա ինքն է որոշում, թե ուր բարձրանա, և ստիպված չի լինում ուշադիր հետևել անփորձ ալպինիստներին։ Սակայն եթե նա որևէ խնդրի բախվի կամ նրա հետ դժբախտ պատահար տեղի ունենա, ապա լուրջ վտանգի առաջ կկանգնի, քանի որ ոչ ոք չի լինի նրա կողքին, որ օգնի իրեն։ Մեկուսանալը իրոք անմտություն է (Առակներ 18։1)։ Որպեսզի քրիստոնյաները կարողանան կատարել Հիսուսի պատվերը, պետք է օգնեն ու թիկունք կանգնեն իրար (Մատթեոս 28։19, 20)։ Ուստի քրիստոնեական ժողովը տալիս է անհրաժեշտ աստվածաշնչյան հրահանգներ, կրթություն և քաջալերություն, որպեսզի շարունակենք մեր գործը ու չհանձնվենք։ Ուրիշ որտե՞ղ անհատը կկրթվեր Եհովայի ճանապարհներով, եթե չլինեին քրիստոնեական հանդիպումները, որտեղ մարդիկ ուսուցանվում են ու երկրպագում են Աստծուն (Եբրայեցիներ 10։24, 25)։
▪ Ճշմարիտ քրիստոնյաները կազմակերպված են՝ միասնաբար ծառայելու Աստծուն։ Հիսուսի ոչխարները լսում են նրա ձայնը և նրա առաջնորդության ներքո դառնում են «մեկ հոտ» (Հովհաննես 10։16)։ Նրանք ցրված չեն տարբեր եկեղեցիների և խմբերի մեջ, ոչ էլ տարակարծիք են իրենց հավատալիքների հարցում։ Ընդհակառակը՝ ճշմարիտ քրիստոնյաները «խոսքերի մեջ միասնական են» (1 Կորնթացիներ 1։10)։ Միասնության մեջ բնակվելու համար մենք պետք է հետևենք կարգուկանոնի, իսկ դրա համար կազմակերպություն է անհրաժեշտ։ Աստծու օրհնությունը կարող է վայելել միայն միասնական եղբայրությունը (Սաղմոս 133։1, 3)։
Աստծու և աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ ունեցած անկեղծ սերը մղել է միլիոնավորների միանալու մի կազմակերպության, որը համապատասխանում է աստվածաշնչյան չափանիշներին։ Որպես կազմակերպված ու միասնական ժողովուրդ՝ Եհովայի վկաները ամբողջ աշխարհում ջանում են կատարել Աստծու կամքը։ Նրանք վստահ են, որ Աստված կիրականացնի իր հետևյալ խոստումը. «Ես կբնակվեմ նրանց մեջ և կքայլեմ նրանց մեջ, ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն» (2 Կորնթացիներ 6։16)։ Դու նույնպես կարող ես վայելել այս հրաշալի օրհնությունները, եթե երկրպագես Եհովա Աստծուն իր կազմակերպության հետ միասին։
[ծանոթագրություններ]
a Միկրոնը, կամ՝ միկրոմետրը մետրի մեկ միլիոներորդ մասն է։
b Տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 2, էջ 214–220 (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 13-րդ էջի վրա]
Իսրայելը լավ կազմակերպված ազգ էր
[նկարներ 14–րդ և 15-րդ էջի վրա]
Կազմակերպություն է անհրաժեշտ համաշխարհային քարոզչական գործը կատարելու համար
Տնետուն ծառայություն
Օգնություն աղետից տուժածներին
Համաժողովներ
Երկրպագության վայրերի շինարարություն