Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ
«Անզուգական բարությունը արդարությամբ կթագավորի հավիտենական կյանք բերելու նպատակով» (ՀՌՈՄ. 5։21)։
1, 2. Ո՞ւմ թողած ժառանգությունն են շատերը գնահատում, սակայն ո՞րն է իրականում ամենաարժեքավոր պարգևը, որ ստացել է մարդկությունը։
«ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ թողած ամենամեծ.... ժառանգությունը իրենց օրենքն էր և այն վերաբերմունքը, որ պետք է ապրել այդ օրենքի համաձայն»,— ասել է Աստվածաշնչի թարգմանիչ և Մելբուրնի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Դեյվիդ Ուիլյամսը (Ավստրալիա)։ Որքան էլ ճշմարիտ լինեն այս խոսքերը, այդուհանդերձ կա մեկ այլ ժառանգություն, որն իրականում պարգև է և առավել արժեքավոր է։ Այդ պարգևը այն հնարավորությունն է, որ շնորհվել է մարդկանց. ունենալ Աստծու հավանությունը և արդար համարվել նրա առաջ, ինչպես նաև փրկության և հավիտենական կյանքի հեռանկար ունենալ։
2 Այն, թե Աստված ինչպես հնարավոր դարձրեց այդ պարգևը ստանալը, իրավական հիմքեր ունի։ Հռոմեացիներ 5-րդ գլխում Պողոս առաքյալը դրանք չի ներկայացնում որպես չոր իրավական չափանիշներ, այլ սկսում է իր ասելիքը հետևյալ ջերմացնող խոսքերով. «Հիմա, որ արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ, եկեք խաղաղություն վայելենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Ովքեր ստանում են Աստծու պարգևը, մղվում են ի պատասխան սիրելու նրան։ Պողոսը նրանցից մեկն էր։ Նա գրեց. «Աստծու սերը հորդել է մեր սրտերի մեջ սուրբ ոգու միջոցով» (Հռոմ. 5։1, 5)։
3. Ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
3 Սակայն ինչո՞ւ էր այդ պարգևը անհրաժեշտ։ Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստված շնորհեց այն արդար ու անաչառ կերպով։ Ի՞նչ պետք է անեն մարդիկ, որ արժանի համարվեն այդ պարգևին։ Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները և տեսնենք, թե ինչպես են դրանք ընդգծում Աստծու սերը։
Աստծու սերն՝ ընդդեմ մեղքի
4, 5. ա) Ո՞րն է Եհովայի մեծագույն սիրո դրսևորումը։ բ) Ի՞նչն է օգնում հասկանալու Հռոմեացիներ 5։12 համարը։
4 Մեծագույն սեր դրսևորելով՝ Եհովան ուղարկեց իր միածին Որդուն, որպեսզի օգնի մարդկանց։ Պողոսը այս միտքն արտահայտեց հետևյալ խոսքերով. «Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։ Ուշադրություն դարձրու նշված փաստի վրա՝ «մենք դեռ մեղավորներ էինք»։ Իսկ թե ինչպես դարձանք մեղավորներ, յուրաքանչյուր ոք պետք է հասկանա։
5 Պողոսը բացատրում է. «Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմ. 5։12)։ Մենք կարող ենք հասկանալ նրա խոսքերը, քանի որ Աստված գրել է տվել մարդկության ծագման պատմությունը։ Եհովան ստեղծեց առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային։ Ստեղծիչը կատարյալ էր, կատարյալ էին նաև նրա ստեղծած մարդիկ՝ մեր նախածնողները։ Աստված ընդամենը մեկ բան էր արգելել նրանց և զգուշացրել էր, որ այդ «օրենքին» չհնազանդվելու դեպքում մահվան դատապարտություն կբերեն իրենց վրա (Ծննդ. 2։17)։ Այդուհանդերձ նրանք ընտրեցին կործանարար ուղին՝ չհնազանդվեցին Աստծու խելամիտ պահանջին և այդպիսով մերժեցին նրան որպես Օրենսդրի ու Գերիշխանի (2 Օրենք 32։4, 5)։
6. ա) Ինչո՞ւ էին Ադամի ժառանգները մահանում թե՛ մինչև Մովսիսական օրենքը, թե՛ դրանից հետո։ բ) Ինչպե՞ս է մեղքը համեմատվում ժառանգական հիվանդության հետ։
6 Ադամը երեխաներ ունեցավ միայն մեղք գործելուց հետո, ուստի մեղքը և դրա հետևանքները փոխանցեց իր ժառանգներին։ Ինչ խոսք, նրանք չէին խախտել Աստծու տված օրենքը, ինչպես Ադամը։ Ուստի նրանք չէին մեղադրվում այդ մեղքի համար, և ոչ էլ այդ ժամանակ որևէ օրենք էր տրվել նրանց (Ծննդ. 2։17)։ Այնուամենայնիվ Ադամի սերունդները մեղք ժառանգեցին։ Այդպես մեղքն ու մահը թագավորեցին մարդկության վրա։ Միայն այն ժամանակ, երբ Աստված իսրայելացիներին տվեց Օրենքը, պարզ դարձավ, որ նրանք մեղավորներ են (կարդա՛ Հռոմեացիներ 5։13, 14)։ Ժառանգած մեղքը կարելի է համեմատել ժառանգական հիվանդության հետ, ինչպիսիք են օրինակ՝ միջերկրածովյան անեմիան կամ հեմոֆիլիան։ Հավանաբար կարդացել եք այն մասին, որ Ռուսաստանի ցար Նիկոլայ II-ի և նրա կնոջ՝ Ալեքսանդրայի որդին՝ Ալեքսեյը, տառապում էր հեմոֆիլիայով։ Նման ընտանիքներում թեև ոչ բոլոր երեխաներն են տառապում նույն հիվանդությամբ, բայց բոլորն էլ կարող են այդ հիվանդությունը կրողներ լինել և փոխանցել իրենց սերունդներին։ Սակայն այս առումով մեղքը տարբերվում է ժառանգական հիվանդությունից։ Ադամից ժառանգած մեղքի հետևանքները անխուսափելի են։ Նրա բոլոր ժառանգներն էլ տառապում են դրա պատճառով։ Բոլորի դեպքում էլ այն մահացու է։ Ոչ ոք չի կարող խուսափել դրանից։ Հնարավո՞ր է արդյոք երբևէ ազատվել մեղքի ճիրաններից։
Աստված ի՞նչ հնարավոր դարձրեց Քրիստոսի միջոցով
7, 8. Երկու կատարյալ մարդկանց բռնած ընթացքը ի՞նչ հակառակ արդյունքներ բերեց։
7 Սիրուց մղված՝ Եհովան միջոցներ ձեռք առավ, որպեսզի մարդիկ ազատվեն ժառանգած մեղքից։ Պողոսը բացատրեց, որ դա հնարավոր դարձավ մեկ այլ՝ վերջին կատարյալ մարդու միջոցով, որը կոչվում է նաև երկրորդ Ադամ (1 Կորնթ. 15։45)։ Ի տարբերություն առաջին կատարյալ մարդու՝ երկրորդ կատարյալ մարդու բռնած ընթացքը բոլորովին այլ արդյունքի հանգեցրեց (կարդա՛ Հռոմեացիներ 5։15, 16)։
8 Պողոսը գրեց. «Պարգևի դեպքում պարագան նույնը չէ, ինչպիսին որ հանցանքի դեպքում էր»։ Ադամը մեղավոր էր իր գործած հանցանքի պատճառով, ուստի արդարացիորեն կրեց իր պատիժը՝ մահացավ։ Սակայն միայն նա չէր, որ պետք է մահանար։ Առաքյալը գրում է. «Մեկ մարդու հանցանքով շատերը մահացան»։ Ադամի բոլոր ժառանգները, որոնց թվում ենք նաև մենք, արժանացան այն նույն արդար դատաստանին, որին արժանացել էր Ադամը։ Սակայն մխիթարական է իմանալ, որ կատարյալ մարդ Հիսուսը հակառակ ազդեցությունը թողեց մարդկության վրա։ Իսկ ո՞րն է դա։ Պողոսի խոսքերում գտնում ենք պատասխանը, այն է՝ «ամեն տեսակ մարդիկ արդար են հայտարարվում կյանքի համար» (Հռոմ. 5։18)։
9. Ի՞նչ է անում Աստված որպես Դատավոր։
9 Ի՞նչ իմաստ է կրում Հռոմեացիներ 5։16, 18 համարներում գրված «արդար հայտարարվել» թարգմանված հունարեն արտահայտությունը։ Դոկտոր Ուիլյամսը գրում է. «Այս արտահայտությունը իրավաբանական երանգ է կրում։ Այն ցույց է տալիս, որ ոչ թե մարդու ներսում է փոփոխություն եղել, այլ նրա կարգավիճակն է փոխվել Աստծու առաջ.... Այս արտահայտությունը ներկայացնում է Աստծուն որպես դատավորի, որը անարդարության մեջ մեղադրվող մարդու օգտին վճիռ է կայացնում. Աստված արդար է համարում մեղավորին»։
10. Ի՞նչ արեց Հիսուսը, որպեսզի հիմք լիներ մարդկանց արդար հայտարարելու համար։
10 Ինչի՞ հիման վրա է «ողջ երկրի [արդար] Դատավորը» մեղավոր մարդուն արդար հայտարարում (Ծննդ. 18։25)։ Աստված, որպեսզի այդպես վարվելու համար հիմքեր ունենար, իր միածին Որդուն երկիր ուղարկեց։ Հիսուսն էլ կատարելապես հնազանդվեց իր Հոր կամքին՝ չնայած փորձություններին, նախատինքին և ծաղրուծանակին։ Նա իր անարատությունը պահեց նույնիսկ մինչև մահ տանջանքի ցցի վրա (Եբր. 2։10)։ Իր մարդկային կատարյալ կյանքը զոհաբերելով՝ Հիսուսը փրկանք տվեց, որի միջոցով հնարավոր դարձավ ազատել Ադամի ժառանգներին մեղքից ու մահից (Մատթ. 20։28; Հռոմ. 5։6–8)։
11. Ինչպե՞ս է փրկանքը համապատասխան։
11 Մեկ այլ գրքում Պողոսը Հիսուսի տված փրկանքը անվանում է «համապատասխան փրկանք» (1 Տիմոթ. 2։6)։ Ինչպե՞ս է այն համապատասխան։ Ադամը անկատարություն և մահ է փոխանցել իր ժառանգներին՝ միլիարդավոր մարդկանց։ Իսկ Հիսուսը՝ որպես կատարյալ մարդ, կարող էր միլիարդավոր կատարյալ ժառանգներ առաջ բերելa։ Դրանից ելնելով՝ նախկինում բացատրվել է, որ Հիսուսի և նրա կատարյալ սերնդի (որ կարող էր ծնվել) կյանքը հավասար էր Ադամի և նրա անկատար ժառանգների կյանքին։ Սակայն Աստվածաշունչը չի ասում, թե Հիսուսի չծնված զավակները փրկանքի մաս են կազմում։ Հռոմեացիներ 5։15–19 համարները պարզ ցույց են տալիս, որ ընդամենը «մեկ մարդու» մահը կարող էր ազատել ողջ մարդկությանը։ Այո՛, Հիսուսի կատարյալ կյանքը հավասար էր Ադամի կատարյալ կյանքին։ Ուստի միայն ու միայն Հիսուսն էր, որ կարող էր տալ ու տվեց փրկանքը։ Նրա՝ «արդարություն բերող մեկ արարքի»՝ հնազանդության և մինչև մահ հավատարիմ մնալու շնորհիվ ամեն տեսակ մարդկանց համար հնարավոր դարձավ ստանալ ձրի պարգևը և ունենալ հավիտենական կյանքի հեռանկարը (2 Կորնթ. 5։14, 15; 1 Պետ. 3։18)։ Իսկ ինչպե՞ս է գործում փրկանքը։
Արդարացում՝ փրկանքի հիման վրա
12, 13. Արդար հայտարարվելու համար ինչո՞ւ Աստծու ողորմության ու սիրո կարիքը կա։
12 Եհովա Աստված ընդունեց իր Որդու տված քավիչ զոհը (Եբր. 9։24; 10։10, 12)։ Սակայն Հիսուսի աշակերտներն ու նրա հավատարիմ առաքյալները, որոնք ապրում էին երկրի վրա, շարունակեցին մնալ անկատար։ Թեև նրանք ձգտում էին սխալներ չանել, սակայն միշտ չէր, որ դա նրանց հաջողվում էր։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք ժառանգել էին մեղքը (Հռոմ. 7։18–20)։ Բայց Աստված կարող էր նրանց ի նպաստ գործել և այդպես էլ արեց։ Եհովան ընդունեց «համապատասխան փրկանքը» և պատրաստ էր այն կիրառելու իր ծառաների օգտին։
13 Աստված փրկանքը կիրառեց առաքյալների և իր մյուս ծառաների օգտին ոչ թե այն պատճառով, որ նրանք լավ գործեր էին արել և ինքը պարտական էր նրանց, այլ դա արեց նրանց հանդեպ ողորմություն և մեծ սեր դրսևորելու ցանկությունից մղված։ Եհովան ազատեց նրանց դատաստանից՝ ներված համարելով ժառանգած մեղքը։ Պողոսն այդ մասին գրում է. «Դուք այս անզուգական բարության միջոցով փրկվեցիք, քանի որ հավատացիք։ Դա ձեր վաստակը չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես. 2։8)։
14, 15. Ի՞նչ վարձատրություն է սպասում նրանց, ում Աստված արդար է հայտարարել, սակայն ի՞նչ պետք է շարունակեն անել նրանք։
14 Ի՜նչ անգին պարգև է Ամենակարողի կողմից այն թողությունը, որը նա շնորհում է մարդուն թե՛ նրա ժառանգած մեղքի և թե՛ թույլ տված սխալների համար։ Անհնար է հաշվել այն բոլոր մեղքերը, որ մարդը գործում է նախքան քրիստոնյա դառնալը, սակայն փրկանքի հիման վրա Աստված կարող է ներել բոլոր մեղքերը։ Պողոսը գրում է. «Պարգևը, որը եկավ շատ հանցանքների արդյունքում, արդար հայտարարվելուն հանգեցրեց» (Հռոմ. 5։16)։ Հիսուսի առաքյալները և մյուս հավատարիմ ծառաները, ստանալով այս սիրառատ պարգևը (այսինքն՝ արդար հայտարարվելով), պետք է շարունակեին երկրպագել ճշմարիտ Աստծուն հավատով։ Իսկ ի՞նչ վարձատրություն էր սպասում նրանց։ «Ովքեր կստանան Աստծու անզուգական բարության և արդարության ձրի պարգևի առատությունը, կապրեն ու կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Այսպիսով՝ հակառակ Ադամի հանցանքին՝ արդարության պարգևը կյանքի է առաջնորդում (Հռոմ. 5։17; կարդա՛ Ղուկաս 22։28–30)։
15 Այդ պարգևը ստացողները՝ արդար հայտարարվողները, դառնում են Աստծու հոգևոր որդիները։ Որպես Քրիստոսի հետ ժառանգակիցներ՝ նրանք երկնային կյանքի հարության հեռանկար ունեն՝ Հիսուսի հետ թագավորելու որպես ոգեղեն որդիներ (կարդա՛ Հռոմեացիներ 8։15–17, 23)։
Աստծու սերը մյուսների հանդեպ
16. Ինչպե՞ս են երկրային կյանքի հեռանկար ունեցողները այսօր ստանում Աստծու պարգևը։
16 Սակայն Աստծուն ծառայող և հավատ դրսևորող հավատարիմ քրիստոնյաներից ոչ բոլորն են Հիսուսի հետ թագավորելու երկնքում։ Նրանցից շատերը ունեն աստվածաշնչյան այն հույսը, որն ունեին Աստծու նախաքրիստոնեական ժամանակների ծառաները՝ երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը։ Կարո՞ղ են արդյոք նրանք այսօր ստանալ Աստծու սիրառատ պարգևը, այսինքն՝ արդար համարվել և ունենալ երկրի վրա ապրելու հույս։ Հիմնվելով հռոմեացիներին ուղղված Պողոսի խոսքերի վրա՝ կարող ենք համոզվածությամբ ասել՝ այո՛։
17, 18. ա) Ի՞նչ նշանակություն ունեցավ Աբրահամի համար իր հավատը։ բ) Ինչի՞ հիման վրա էր Եհովան Աբրահամին արդար համարում։
17 Պողոսը որպես օրինակ բերում է Աբրահամին, որը մեծ հավատ ուներ և ապրել է շատ առաջ այն ժամանակներից, երբ Աստված Օրենքը տվեց իսրայելացիներին և երբ Հիսուսը բացեց երկնային կյանքի ճանապարհը (Եբր. 10։19, 20)։ Հռոմեացիներ 4։13-ում կարդում ենք. «Օրենքի միջոցով չէր, որ Աբրահամը կամ նրա սերունդը ստացան խոստումը, թե նա պետք է աշխարհի ժառանգ լիներ, այլ արդարության միջոցով, որը հավատից է» (Հակ. 2։23, 24)։ Ուստի Աստված հավատարիմ Աբրահամին արդար համարեց (կարդա՛ Հռոմեացիներ 4։20–22)։
18 Սա չի նշանակում, որ տասնամյակներ շարունակ ծառայելով Աստծուն՝ Աբրահամը ոչ մի մեղք չէր գործել։ Այս առումով չէր, որ նա արդար էր համարվում (Հռոմ. 3։10, 23)։ Աստված, ունենալով անսահման իմաստություն, հաշվի էր առնում Աբրահամի բացառիկ հավատը և այն գործերը, որ նա կատարում էր հավատից մղված։ Այո՛, Աբրահամը հավատաց խոստացյալ «սերնդին», որն իր շառավղից էր առաջ գալու։ Այդ Սերունդն էր, որ դարձավ Մեսիան, կամ՝ Քրիստոսը (Ծննդ. 15։6; 22։15–18)։ Նրա «վճարած փրկանքի» հիման վրա է, որ Երկնային Դատավորը ներում է նաև անցյալում ապրած մարդկանց մեղքերը։ Դրա շնորհիվ է, որ Աբրահամը և նախաքրիստոնեական ժամանակներում ապրած Աստծու մյուս հավատարիմ ծառաները հարություն են առնելու (կարդա՛ Հռոմեացիներ 3։24, 25; Սաղ. 32։1, 2)։
Աստծու առաջ արդար համարվիր այսօր
19. Ինչո՞ւ է Աստծու կողմից Աբրահամի արդար համարվելը ջերմացնում շատերի սրտերը։
19 Այն փաստը, որ սիրո Աստվածը Աբրահամին արդար համարեց, այսօր ջերմացնում է ճշմարիտ քրիստոնյաների սրտերը։ Եհովան նրան արդար հայտարարեց ոչ այն առումով, ինչ առումով որ արդար է հայտարարում սուրբ ոգով օծված «Քրիստոսի ժառանգակիցներին». սահմանափակ թվով այդ խմբի մեջ մտնողները «կանչված են սուրբ լինելու համար» և համարվում են «Աստծու որդիներ» (Հռոմ. 1։7; 8։14, 17, 33)։ Աբրահամը դարձավ «Եհովայի ընկերը», և դա եղավ նախքան փրկանքի վճարելը (Հակ. 2։23; Ես. 41։8)։ Ուրեմն ի՞նչ կարգավիճակ ունեն այն ճշմարիտ քրիստոնյաները, որոնք հույս ունեն ապրելու դրախտ երկրի վրա։
20. Աստված ի՞նչ է ակնկալում նրանցից, ում արդար է համարում այնպես, ինչպես համարում էր Աբրահամին։
20 Նրանք «արդարության ձրի պարգևը» չեն ստացել երկնային կյանքի հեռանկարով, որը հնարավոր է դարձել «այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» (Հռոմ. 3։24; 5։15, 17)։ Այդուհանդերձ, նրանք մեծ հավատ են դրսևորում Աստծու և տրված փրկանքի հանդեպ ու իրենց հավատը ցույց են տալիս գործերով։ Այդ գործերից է, օրինակ, Աստծու թագավորությունը քարոզելը և Տեր Հիսուս Քրիստոսի մասին սովորեցնելը (Գործ. 28։31)։ Այդպես Եհովան կարող է նրանց համարել արդար այն առումով, ինչ առումով որ Աբրահամին էր համարում։ Այն պարգևը, որ ստանում են նրանք, Աստծու ընկերը լինելու առանձնաշնորհումն է։ Ու թեև այս պարգևը տարբերվում է այն «ձրի պարգևից», որ ստանում են օծյալները, այնուամենայնիվ սա նույնպես անգին է, և նրանք երախտագիտությամբ են ընդունում այն։
21. Ի՞նչ հնարավորություն է բացված մեր առջև Եհովայի սիրո և արդարության շնորհիվ։
21 Եթե երկրի վրա հավիտյան կյանքը վայելելու հեռանկար ունես, ապա պետք է գիտակցես, որ այդ հույսը ձեռք ես բերել ոչ թե մարդկային որևէ կառավարչի տված խոստումների հիման վրա, այլ անհուն իմաստություն ունեցող Տիեզերքի Գերիշխանի նպատակի։ Եհովան ժամանակի ընթացքում քայլեր է կատարել իր նպատակը իրագործելու համար։ Այդ քայլերը համապատասխանում են ճշմարիտ արդարության սկզբունքներին։ Դեռ ավելին, դրանք բացահայտում են Աստծու մեծ սերը։ Պողոսի խոսքերը, իրոք որ, ճշմարիտ են. «Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։
[ծանոթագրություն]
a Փրկանքի մասին այսպիսի բացատրություն տպագրվել է, օրինակ, «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (2-րդ հատոր, էջ 736, պ. 4, 5, անգլ.)։
Հիշո՞ւմ ես
• Ադամն ի՞նչ ժառանգություն թողեց իր սերնդին։
• Ինչպե՞ս տրվեց համապատասխան փրկանքը, և ի՞նչ առումով է այն համապատասխան։
• Արդար հայտարարվելու պարգևը ի՞նչ հեռանկար է բացել քո առաջ։
[նկար 13-րդ էջի վրա]
Կատարյալ մարդ Ադամը մեղք գործեց։ Կատարյալ մարդ Հիսուսը տվեց «համապատասխան փրկանք»
[նկար 15-րդ էջի վրա]
Իսկապես բարի լուր է այն, որ Հիսուսի միջոցով կարող ենք արդար հայտարարվել