Աստվածաշնչի ընթերցանությունը զորության աղբյուր է եղել իմ ողջ կյանքում
Պատմում է Մարսո Լեռուան
«ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»,— սկսեցի իմ ընթերցանությունը, երբ մենակ էի սենյակում։ Ինչո՞ւ էի թաքուն կարդում։ Քանի որ հորս, որը մոլի աթեիստ էր, դուր չէր գա, որ Աստվածաշունչ եմ կարդում։
Նախկինում երբեք Աստվածաշունչ չէի կարդացել, և «Ծննդոցի» առաջին խոսքերը շանթահարեցին ինձ։ Մտածեցի. «Հենց սա է բացատրությունը ֆիզիկական օրենքներում տիրող ներդաշնակության, որը միշտ զարմացրել է ինձ»։ Հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ երեկոյան ութից մինչև առավոտյան ժամը չորսը չկարողացա այդ գրքից կտրվել։ Այսպես սկիզբ դրվեց Աստծու Խոսքի ընթերցանության իմ սովորությանը, որը երբեք չեմ խախտել։ Թույլ տվեք բացատրել, թե ինչպես է Աստվածաշնչի ընթերցանությունը զորության աղբյուր եղել իմ ողջ կյանքում։
«Ստիպված կլինես այն ամեն օր կարդալ»
Ծնվել եմ 1926թ.-ին Վերմելում՝ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ածխարդյունաբերական գյուղում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ածուխը երկրի համար մեծ կարևորություն ունեցող ռեսուրս էր, և քանի որ ես հանքափոր էի, ազատված էի զինվորական ծառայությունից։ Սակայն որպեսզի բարելավեմ կյանքս, սկսեցի ռադիոէլեկտրոնիկա սովորել, և ինձ տպավորեց, թե որքան ներդաշնակ են ֆիզիկական օրենքները։ 21 տարեկանում դասընկերս Աստվածաշունչ տվեց ինձ։ Դա իմ առաջին Աստվածաշունչն էր։ Նա ասաց. «Այս գիրքն արժե՛ կարդալ»։ Երբ ավարտեցի այն ընթերցելը, արդեն լիովին համոզվել էի, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է՝ հայտնություն մարդկության համար։
Կարծելով, որ հարևաններս նույնպես ուրախությամբ կկարդան Աստվածաշունչը՝ ես ձեռք բերեցի ութ օրինակ։ Ի զարմանս ինձ՝ նրանք ծաղրեցին ու հակառակվեցին ինձ։ Սնոտիապաշտ հարազատներս զգուշացրին. «Եթե սկսես կարդալ այդ գիրքը, ստիպված կլինես այն ամեն օր կարդալ»։ Ես, անշուշտ, կարդացի այն ու երբեք չեմ փոշմանել դրա համար։ Այն սովորություն դարձավ իմ ողջ կյանքում։
Տեսնելով Աստվածաշնչի հանդեպ իմ հետաքրքրությունը՝ մի քանի հարևաններ ինձ տվեցին իրենց մոտ եղած Եհովայի վկաների գրականությունից։ Այնպիսի գրքույկներում, ինչպիսին «Մեկ աշխարհ, մեկ կառավարություն» գրքույկն էa (ցույց է տրված ֆրանսերենով), բացատրվում էր, թե ինչու է Աստվածաշունչը մատնանշում, որ Աստծու Թագավորությունն է մարդկության միակ հույսը (Մատթ. 6։10)։ Ես ավելի քան երբևէ վճռականությամբ լցվեցի այդ հույսի մասին պատմել ուրիշներին։
Մանկությանս ընկերը՝ Նոելը, առաջիններից էր, ով ինձնից Աստվածաշունչ վերցրեց։ Նա ակտիվ կաթոլիկ էր և հանդիպում կազմակերպեց մի մարդու հետ, որը պատրաստվում էր քահանա դառնալ։ Ես վախով էի լցվել, բայց Սաղմոս 115։4–8 ու Մատթեոս 23։9, 10 համարներից գիտեի, որ Աստծուն ընդունելի չեն երկրպագության մեջ կուռքերի գործածությունը և հոգևորականներին կրոնական տիտղոսներով դիմելը։ Դա ինձ խիզախությամբ լցրեց, որ կարողանամ պաշտպանել իմ նոր հավատը։ Արդյունքում՝ Նոելն ընդունեց ճշմարտությունը ու մինչև օրս հավատարմորեն ծառայում է Եհովային։
Ես նաև այցելեցի քրոջս։ Նրա ամուսինը ոգեհարցության վերաբերյալ գրքեր ուներ, և դևերը անհանգստացնում էին նրան։ Թեև սկզբում ինձ անվստահ էի զգում, սակայն այնպիսի համարներ, ինչպիսին Եբրայեցիներ 1։14-ն է, վստահեցրին ինձ, որ ունեմ Եհովայի հրեշտակների աջակցությունը։ Երբ փեսաս կիրառեց աստվածաշնչյան սկզբունքները և ձերբազատվեց ոգեհարցության հետ կապված ամեն բանից, ազատվեց դիվային ազդեցությունից։ Թե՛ նա և թե՛ քույրս եռանդուն Վկաներ դարձան։
1947-ին ինձ այցելեց ամերիկացի Վկա Արթուր Էմիոթը։ Ես շատ ուրախացա ու հարցրի, թե որտեղ են Վկաները անցկացնում իրենց հանդիպումները։ Նա ասաց, որ Լյեվիում (10 կիլոմետր հեռու) Վկաների մի խումբ կա։ Այդ օրերին շատ դժվար էր հեծանիվ ձեռք բերել, ուստի մի քանի ամիս ոտքով էի գնում հանդիպումներին։ Ութ տարի էր, ինչ Ֆրանսիայում Եհովայի վկաների գործունեությունն արգելքի տակ էր։ Ընդամենը 2380 Վկա կար ողջ երկրում, և շատերը լեհ ներգաղթյալներ էին։ Սակայն 1947թ. սեպտեմբերի 1-ին մեր գործունեությունը Ֆրանսիայում կրկին օրինականացվեց։ Փարիզում՝ Վիլլա Ժիբերում, վերականգնվեց մասնաճյուղի գործունեությունը։ Քանի որ Ֆրանսիայում չկար նույնիսկ մեկ ռահվիրա, 1947թ. դեկտեմբերի «Տեղեկատու» թերթիկում (այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը») կոչ էր արվում ռահվիրայական ծառայություն սկսել՝ ամեն ամիս 150 ժամ տրամադրելով քարոզչությանը (1949թ.-ին այդ ժամաքանակը կրճատվեց և դարձավ 100)։ Ամբողջովին համաձայն լինելով Հովհաննես 17։17-ում արձանագրված Հիսուսի խոսքերին՝ «[Աստծու] խոսքը ճշմարտություն է»՝ 1948 թ.-ին մկրտվեցի, իսկ 1949թ. դեկտեմբերին դարձա ռահվիրա։
Բանտից վերադառնում եմ Դյունկերք
Իմ առաջին նշանակումը Աժենն էր, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում։ Սակայն այդ նշանակումը կարճ տևեց։ Քանի որ այլևս չէի աշխատում որպես հանքափոր, զինապարտ էի դարձել։ Զինծառայությունից հրաժարվելու համար ինձ բանտարկեցին։ Թեև թույլ չէր տրվում Աստվածաշունչ ունենալ, կարողացա «Սաղմոսներ» գրքից մի քանի էջ ձեռք բերել։ Դրանք ընթերցելը քաջալերեց ինձ։ Երբ ազատ արձակվեցի, կանգնեցի որոշման առաջ՝ թողնե՞մ լիաժամ ծառայությունը, որ տուն-տեղ դնեմ, թե՞ շարունակեմ այն։ Այս անգամ էլ Աստվածաշնչի ընթերցանությունն օգնեց ինձ։ Խորհեցի Փիլիպպեցիներ 4։11–13-ում արձանագրված Պողոսի խոսքերի շուրջ. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։ Վճռեցի շարունակել ռահվիրայությունը։ 1950-ին նոր նշանակում ստացա։ Պետք է ծառայեի Դյունկերքում, այն քաղաքում, որտեղ նախկինում քարոզել էի։
Երբ գնացի Դյունկերք, ոչինչ չունեի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ավերվել էր, ու շատ դժվար էր կացարան գտնել։ Որոշեցի հյուր գնալ մի ընտանիքի, որին նախկինում այցելում էի։ Տանտիրուհին ուրախությունից բացականչեց. «Օ՜, պարո՛ն Լեռուա, ի՜նչ լավ է, որ ազատվել եք։ Ամուսինս ասում է, որ եթե շատերը ձեզ նման լինեին, երբեք պատերազմ չէր լինի»։ Նրանք սենյակներ ունեին՝ նախատեսված հյուրերի համար, և առաջարկեցին ինձ մնալ այնտեղ մինչև տուրիստական սեզոնի սկսվելը։ Նույն օրը Արթուր Էմիոթի եղբայր Էվանսը ինձ աշխատանք առաջարկեցb։ Նավահանգստում նա աշխատում էր որպես թարգմանիչ։ Այնտեղ գիշերային պահակի կարիք կար։ Էվանսը ինձ ներկայացրեց նավապետի օգնականներից մեկին։ Բանտում այնքան էի նիհարել, որ չոփ էի դարձել։ Երբ Էվանսը նավապետի օգնականին բացատրեց պատճառը, նա ասաց, որ կարող եմ օգտվել սառնարանում եղող կերակուրից։ Այդ օրը ես գտա և՛ կացարան, և՛ աշխատանք, և՛ սնունդ։ Իմ վստահությունը մեծացավ Մատթեոս 6։25–33-ում արձանագրված Հիսուսի խոսքերի հանդեպ։
Երբ տուրիստական սեզոնը սկսվեց, ես ու ռահվիրայության մեջ իմ համագործակիցը՝ Սիմոն Ապոլինարսկին, ստիպված էինք ուրիշ կացարան գտնել։ Մենք վճռել էինք մնալ մեր նշանակման մեջ։ Մեզ առաջարկեցին մնալ մի հին ախոռում, որտեղ քնում էինք ծղոտե ներքնակների վրա։ Ամբողջ օրը ծառայում էինք։ Մենք քարոզեցինք ախոռի տիրոջը, և նա դարձավ այն բազում անհատներից մեկը, որոնք ընդունեցին ճշմարտությունը։ Կարճ ժամանակ անց մամուլում մի հոդված լույս տեսավ, որը Դյունկերքի բնակիչներին զգուշացնում էր, որ «այդ տարածքում Եհովայի վկաների գործունեությունը մեծ թափ է առել»։ Սակայն այնտեղ ընդամենը մի քանի Վկա կար՝ ես, Սիմոնը ու մի քանի հոգի։ Դժվարությունների բախվելիս մեզ համար քաջալերանքի աղբյուր էր մեր հույսի, նաև այն բանի շուրջ խորհելը, թե ինչպես է Եհովան հոգ տարել մեր մասին։ 1952-ին, երբ իմ նշանակումը փոխվեց, Դյունկերքում մոտ 30 քարոզիչ կար։
Զորանում եմ՝ ստանձնելու նոր պատասխանատվություններ
Կարճ ժամանակ Ամիեն քաղաքում մնալուց հետո նշանակվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա Բուլոն-Բիանկուրում՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Աստվածաշնչյան շատ ուսումնասիրություններ ունեի, և նրանցից ոմանք հետագայում դարձան լիաժամ ծառայողներ ու միսիոներներ։ Գայ Մաբիլա անունով մի երիտասարդ ընդունեց ճշմարտությունը։ Հետագայում նա ծառայեց որպես շրջանային, իսկ հետո որպես մարզային վերակացու։ Ավելի ուշ նա վերահսկում էր այսօր Լուվիեում գտնվող Բեթելի տպարանի շինարարությունը (Փարիզից քիչ հեռու)։ Շնորհիվ այն բանի, որ ծառայության ժամանակ հաճախ էի Աստվածաշնչի հիման վրա քննարկումներ ունենում, Աստծու Խոսքն ավելի խորը դաջվեց իմ մտքում՝ լցնելով ինձ ուրախությամբ ու օգնելով բարելավելու իմ ուսուցողական հմտությունները։
1953-ին լիովին անսպասելի նշանակվեցի ծառայելու որպես շրջանային վերակացու Էլզաս-Լոթարինգիայում, տարածաշրջան, որը 1871–1945թթ. երկու անգամ եղել է Գերմանիայի տիրապետության տակ։ Այդ պատճառով ստիպված էի գերմաներեն սովորել։ Երբ սկսեցի շրջանային ծառայությունը, այնտեղ քչերը ունեին մեքենաներ, հեռուստացույցներ ու տպագրամեքենաներ, իսկ ռադիոընդունիչներ ու համակարգիչներ ընդհանրապես չկային։ Սակայն ես չէի ապրում տխուր կամ ճգնավորի կյանքով։ Իրականում, այնտեղ անցկացրած տարիները ուրախ ժամանակներ էին ինձ համար։ Այդ օրերին ավելի հեշտ էր հետևել «աչքը պարզ» պահելու վերաբերյալ աստվածաշնչյան խորհրդին, քանի որ ի տարբերություն ներկայիս ժամանակների՝ քիչ բաներ կարող էին շեղել Եհովային ծառայելուց (Մատթ. 6։19–22)։
1955-ին Փարիզում տեղի ունեցավ «Հաղթական Թագավորությունը» խորագրով համաժողովը, որը հիշարժան իրադարձություն էր ինձ համար։ Այնտեղ հանդիպեցի իմ ապագա կնոջը՝ Իռեն Կոլանսկիին, որը լիաժամ ծառայություն էր սկսել ինձնից մեկ տարի առաջ։ Նրա ծնողները լեհ էին և երկար տարիների նախանձախնդիր Վկաներ։ Ֆրանսիայում նրանց այցելել էր Ադոլֆ Վեբերը, որը եղել էր եղբայր Ռասելի այգեպանը ու եկել էր Եվրոպա՝ հռչակելու բարի լուրը։ 1956-ին ես ու Իռենն ամուսնացանք, և նա միացավ ինձ շրջանային ծառայության մեջ։ Ի՜նչ մեծ աջակցություն է նա եղել ինձ համար տարիներ շարունակ։
Երկու տարի անց մեկ այլ անակնկալ էր սպասում ինձ. ես նշանակվեցի ծառայելու որպես մարզային վերակացու։ Այդուհանդերձ, շարունակում էի որոշ ժողովներ այցելել որպես շրջանային վերակացու, քանի որ չկային բավականաչափ փորձառու եղբայրներ։ Շատ զբաղված ժամանակներ էին։ Բացի նրանից, որ ամեն ամիս պետք է քարոզեի 100 ժամ, հարկավոր էր նաև ամեն շաբաթ ելույթներ ներկայացնել, այցելել Գրքի ուսումնասիրության երեք խմբեր, ստուգել հաշվետվությունները և հաշվետվություն ներկայացնել մասնաճյուղ։ Ինչպե՞ս էի կարողանալու գնել ժամանակը՝ Աստծու Խոսքը կարդալու համար։ Միայն մեկ լուծում էի տեսնում. որոշեցի հին Աստվածաշնչից պոկել էջերը ու պահել մոտս։ Երբ ստիպված էի լինում սպասել ինչ-որ մեկին, հանում ու կարդում էի դրանք։ Հոգևոր թարմության այս կարճ պահերը զորացնում էին նշանակմանս մեջ մնալու իմ վճռականությունը։
1967-ին ինձ ու Իռենին հրավիրեցին ծառայելու Բուլոն-Բիանկուրում գտնվող Բեթելում։ Նշանակվեցի ծառայողական բաժին և ավելի քան 40 տարի վայելում եմ այդ առանձնաշնորհումը։ Իմ աշխատանքի մեջ է մտնում աստվածաշնչյան հարց ուղղած նամակներին պատասխանելը, ինչը մեծ հաճույք է պատճառում ինձ։ Որքա՜ն մեծ ուրախություն է բերում Աստծու Խոսքի խոր ուսումնասիրությունն ու «բարի լուրը պաշտպանելը» (Փիլիպ. 1։7)։ Ինձ համար հաճելի է նաև նախաճաշից առաջ առավոտյան երկրպագություն անցկացնելը, որի ժամանակ քննարկվում է Աստվածաշունչը։ 1976-ին նշանակվեցի մասնաճյուղի կոմիտեի անդամ։
Կյանքի լավագույն ուղին
Թեև շատ դժվարություններ եմ ունեցել, բայց կյանքիս ամենադժվար ժամանակը հիմա է, երբ տարիքի ու առողջական խնդիրների պատճառով ես ու Իռենը չենք կարողանում շատ բան անել։ Այդուհանդերձ, Աստծու Խոսքի ընթերցանության և ուսումնասիրության շնորհիվ մեր հույսը վառ ենք պահում։ Մենք ավտոբուսով գնում ենք մեր տարածք և ուրիշներին պատմում այդ հույսի մասին։ Միասին ավելի քան 120 տարի անց ենք կացրել լիաժամ ծառայության մեջ և սրտանց խորհուրդ ենք տալիս բոլորին, ովքեր ցանկանում են ուրախ, հաճելի և իմաստալից կյանք վարել, ստանձնել այդ ծառայությունը։ Դավիթ թագավորը «ծերացել» էր, երբ գրեց Սաղմոս 37։25-ի խոսքերը։ Նրա նման՝ ես էլ «չեմ տեսել արդարին լքված»։
Ողջ կյանքիս ընթացքում Եհովան իր Խոսքի միջոցով զորացրել է ինձ։ Ավելի քան 60 տարի առաջ հարազատներս ասացին, որ Աստվածաշնչի ընթերցանությունը սովորություն կդառնա իմ ողջ կյանքում։ Եվ նրանք ճիշտ էին։ Այն ամեն օր կարդալը սովորություն է դարձել, սովորություն, որի համար երբեք չեմ ափսոսել։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է 1944թ.-ին, այժմ չի տպագրվում։
b Էվանս Էմիոթի մասին ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել «Դիտարանի» 1999թ. հունվարի 1-ի համարում, էջ 22, 23 (ռուս.)։
[նկար 5-րդ էջի վրա]
Ես ու Սիմոնը
[նկար 5-րդ էջի վրա]
Երբ ծառայում էի որպես մարզային վերակացու
[նկար 5-րդ էջի վրա]
Իմ ստացած առաջին Աստվածաշունչը նման էր այս մեկին
[նկար 6-րդ էջի վրա]
Մեր հարսանիքի օրը
[նկար 6-րդ էջի վրա]
Ես ու Իռենը հաճույք ենք ստանում Աստծու Խոսքի ընթերցանությունից և ուսումնասիրությունից