Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Էկվադոր
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ Բրունո անունով մի երիտասարդ եղբայր ճնշումների էր ենթարկվել։ Նա նոր էր ավարտել միջնակարգ դպրոցը՝ ստանալով իր դասարանում ամենաբարձր գնահատականները։ Հարազատներն ու ուսուցիչները հորդորում էին նրան բարձրագույն կրթություն ստանալ։ Սակայն մի քանի տարի առաջ Բրունոն նվիրվել էր Եհովային՝ խոստանալով նրա կամքն իր կյանքում առաջին տեղում դնել։ Ի՞նչ ընտրեց նա։ Բրունոն պատմում է. «Աղոթքում Եհովային ասացի, որ ապրելու եմ իմ նվիրման համաձայն ու նրա շահերը առաջին տեղում եմ դնելու։ Բայց նաև անկեղծորեն ասացի, որ ձանձրալի կյանք չեմ ուզում, այլ ուզում եմ ծառայության մեջ բազմազան գործունեությամբ զբաղվել»։
Մի քանի տարի անց Բրունոն մեկնեց Էկվադոր (Հարավային Ամերիկա)։ Նա ասում է. «Եհովան պատասխանեց աղոթքիս՝ անելով իմ ակնկալածից ավելին»։ Ի զարմանս եղբոր՝ երբ նա եկավ Էկվադոր, բազմաթիվ այլ երիտասարդների հանդիպեց, որոնք նույնպես տեղափոխվել էին այդ երկիր՝ ընդլայնելու իրենց ծառայությունը։
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ՈՎՔԵՐ «ՍՏՈՒԳԵՑԻՆ» ԵՀՈՎԱՅԻՆ
Բրունոն, ամբողջ աշխարհում եղող հազարավոր երիտասարդների պես, ընդունեց Եհովայի հետևյալ հրավերը. «Ստուգեք ինձ, խնդրեմ.... արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի» (Մաղ. 3։10)։ Աստծու հանդեպ սիրուց մղված՝ նրանք որոշեցին «ստուգել» նրան՝ պատրաստակամորեն տրամադրելով իրենց ժամանակը, ուժն ու միջոցները, որ առաջ տանեն նրա շահերը այն երկրներում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։
Այս անձնազոհ ծառայողները, գալով իրենց նոր նշանակման վայր, շուտով անձամբ համոզվեցին, որ «հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ» (Մատթ. 9։37)։ Օրինակ՝ Յակլինը, որը Գերմանիայից է, ոգևորությամբ գրեց Էկվադորի մասնաճյուղին. «Ընդամենը երկու տարի եմ ծառայում Էկվադորում, բայց արդեն 13 աստվածաշնչյան ուսումնասիրություն ունեմ, որոնցից 4-ը կանոնավորաբար հաճախում են ժողովի հանդիպումներին։ Մի՞թե դա հրաշալի չէ»։ Իսկ Շանթելը, որը Կանադայից է, պատմում է. «2008թ.-ին տեղափոխվեցի Էկվադորի ափամերձ մի տարածք, որտեղ ընդամենը մեկ ժողով կար։ Հիմա այստեղ երեք ժողով կա և ավելի քան 30 ընդհանուր ռահվիրա։ Ոչինչ այնքան ուրախություն չի պատճառում, որքան նորեկների առաջադիմությունը տեսնելը»։ Նա ավելացնում է. «Վերջերս տեղափոխվեցի մի քաղաք, որը գտնվում է Անդերում՝ 2743 մետր բարձրության վրա։ Բնակչությունը 75000-ից ավել է, բայց ընդամենը մեկ ժողով կա։ Շատ «պտղաբեր» տարածք է։ Մեծ հաճույք եմ ստանում իմ ծառայությունից»։
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչ խոսք, օտար երկրում ծառայելը մեծ դժվարությունների հետ է կապված։ Որոշ երիտասարդներ նույնիսկ մինչև տեղափոխվելն են խոչընդոտների բախվել։ Քեյլան, որը Միացյալ Նահանգներից է, նշում է. «Լավ մղումներ ունեցող որոշ եղբայրների բացասական արձագանքը վհատեցնում էր ինձ։ Նրանք չէին հասկանում, թե ինչու եմ ուզում տեղափոխվել օտար երկիր՝ ռահվիրա ծառայելու։ Երբեմն մտածում էի, թե արդյոք ճիշտ որոշում եմ կայացնում»։ Այդուհանդերձ, Քեյլան որոշեց տեղափոխվել։ Նա ասում է. «Շատ աղոթեցի Եհովային ու երկար զրույցներ ունեցա հասուն քույրերի ու եղբայրների հետ։ Այդ ամենն օգնեց ինձ հասկանալու, որ Եհովան օրհնում է պատրաստակամ ու անձնազոհ ոգին»։
Շատերի համար դժվարություն է նոր լեզու սովորելը։ Շեյբոնը, որը Իռլանդիայից է, հիշում է. «Ինձ համար դժվար էր, որ չէի կարողանում արտահայտել մտքերս։ Սովորում էի լինել համբերատար, ջանասիրաբար ուսանել լեզուն ու ծիծաղել սխալներիս վրա»։ Իսկ Աննան, որը Էստոնիայից է, ավելացնում է. «Այնտեղի պայմաններին ընտելանալը՝ արևադարձային շոգ, փոշի և տաք ցնցուղ ընդունելու հնարավորության բացակայություն, ոչինչ էր՝ համեմատած իսպաներեն սովորելու հետ։ Երբեմն քիչ էր մնում՝ հանձնվեի։ Սովորում էի կենտրոնանալ իմ առաջադիմության և ոչ թե սխալներիս վրա»։
Կարոտն էլ իր հերթին է դժվարություն ստեղծում։ Ջոնաթանը, որը Միացյալ Նահանգներից է, պատմում է. «Այստեղ գալուց կարճ ժամանակ անց սկսեցի վհատվել ընտանիքիցս ու ընկերներիցս հեռու լինելու պատճառով։ Սակայն կենտրոնանալով անձնական ուսումնասիրության ու ծառայության վրա՝ հաղթահարեցի այդ զգացումը։ Շատ չանցած՝ քարոզչական ծառայության մեջ տեղի ունեցող ոգևորիչ դեպքերի ու ժողովում ձեռք բերած նոր ընկերների շնորհիվ վերագտա ուրախությունս»։
Մեկ այլ դժվարություն է կենսապայմաններին հարմարվելը։ Հավանաբար, դրանք շատ կտարբերվեն այն պայմաններից, որոնց սովոր ես։ Բոն, որը Կանադայից է, ասում է. «Քո երկրում էլեկտրականություն ու հոսող ջուր ունենալը սովորական բան է։ Բայց այստեղ նման բաները երբ ուզում են, տալիս են, երբ ուզում են, անջատում են»։ Աղքատությունը, անհարմար տրանսպորտային միջոցները և գրագիտության պակասը նույնպես հատուկ են բազմաթիվ զարգացող երկրներին։ Ինեսը, որը Ավստրիայից է, դիմանում է այդ պայմաններին՝ կենտրոնանալով տեղացիների դրական հատկությունների վրա։ «Նրանք շատ հյուրասեր են, մեղմ, օգնության հասնող ու խոնարհ,— ասում է նա։— Բայց որ ամենակարևորն է, շատ են ուզում սովորել Աստծու մասին»։
ԱՅՆՔԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ, «ՄԻՆՉԵՎ ՈՐ ԷԼ ՏԵՂ ՉԼԻՆԻ»
Ճիշտ է, Էկվադորում ծառայող այս բոլոր երիտասարդները զոհողություններ են արել, սակայն տեսնում են, որ Եհովան տալիս է «շատ ավելին», քան ակնկալել են (Եփես. 3։20)։ Իսկապես, նրանք զգում են, որ այնքան օրհնություն են ստացել, «մինչև որ էլ տեղ չկա» (Մաղ. 3։10)։ Ահա թե ինչ են ասում այդ քույրերն ու եղբայրները իրենց ծառայության մասին.
Բրունո. «Այստեղ՝ Էկվադորում, ծառայությունս սկսեցի հետաքրքիր ու գերող Ամազոնի շրջանում։ Ավելի ուշ մասնակցեցի Էկվադորի մասնաճյուղի ընդլայնման աշխատանքներին։ Այժմ Բեթելում եմ ծառայում։ Իտալիայում որոշում կայացրի Եհովայի շահերը առաջին տեղում դնել, և նա իսկապես իրականացնում է հետաքրքիր կյանքով ապրելու և ծառայության մեջ բազմազան գործունեությամբ զբաղվելու իմ ցանկությունը»։
Բո. «Ես շատ մտերիմ փոխհարաբերություններ եմ զարգացրել Եհովայի հետ, քանի որ այստեղ՝ Էկվադորում, իմ ողջ ժամանակը կարողանում եմ տրամադրել հոգևոր գործերին։ Միևնույն ժամանակ մեկ այլ օրհնություն եմ ստացել. ճանապարհորդում եմ գեղատեսիլ վայրեր՝ մի բան, որը միշտ ցանկացել եմ անել»։
Աննա. «Մտքովս չէր անցնի, որ ես՝ ամուրի քույրս, հնարավորություն կունենամ ապրել այնպես, ինչպես միսիոներները։ Բայց հիմա գիտեմ, որ դա իսկապես հնարավոր է։ Այնքա՜ն երջանիկ եմ, որ Եհովայի օրհնության շնորհիվ աշակերտներ եմ պատրաստում, Թագավորության սրահների շինարարությանն եմ մասնակցում ու նոր ընկերներ ձեռք բերում»։
Էլկա. «Իմ հայրենիքում՝ Ավստրիայում, հաճախ աղոթում էի Եհովային, որ գոնե մեկ աստվածաշնչյան ուսումնասիրություն ունենամ։ Իսկ այստեղ 15 ուսումնասիրություն ունեմ։ Մեծ բավարարվածությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ առաջադիմող անհատների ուրախությունից փայլող աչքերը»։
Ջոել. «Աննկարագրելի ապրումներ ես ունենում, երբ անծանոթ վայրում ծառայում ես Եհովային։ Սովորում ես ավելի շատ ապավինել նրան ու մեծ ուրախություն ես ապրում՝ տեսնելով, թե ինչպես է նա օրհնում ջանքերդ։ Միացյալ Նահանգներից այստեղ գալուց հետո այն խումբը, որտեղ ծառայում եմ, մեկ տարվա ընթացքում մեծացավ, և քարոզիչների թիվը 6-ից հասավ 21-ի։ Իսկ Հիշատակի երեկոյին ներկա էր 110 հոգի»։
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ՔՈ ՄԱՍԻՆ
Երիտասա՛րդ եղբայրներ ու քույրեր, ձեր հանգամանքները թույլ տալի՞ս են ծառայել այնպիսի երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Իհարկե, նման կարևոր որոշում կայացնելու համար հարկավոր է ամեն ինչ լավ ծրագրել։ Սակայն այլ տարածք տեղափոխվելու համար նախևառաջ անհրաժեշտ է մեծ սեր ունենալ Եհովայի ու մերձավորի հանդեպ։ Եթե ունես այդպիսի սեր և համապատասխանում ես մյուս բոլոր առումներով, ապա ջերմեռանդորեն աղոթիր Եհովային քո երկրից դուրս ծառայելու վերաբերյալ։ Այնուհետև քո ցանկության մասին խոսիր քրիստոնյա ծնողներիդ և ժողովի երեցների հետ։ Թերևս եզրակացնես, որ դու էլ կարող ես մասնակցել սուրբ ծառայության այս հետաքրքիր ու գոհացուցիչ ձևին։
[մեջբերում 3-րդ էջի վրա]
«Շատ աղոթեցի Եհովային ու երկար զրույցներ ունեցա հասուն քույրերի ու եղբայրների հետ։ Այդ ամենն օգնեց ինձ հասկանալու, որ Եհովան օրհնում է պատրաստակամ ու անձնազոհ ոգին» (Քեյլա, Միացյալ Նահանգներ)։
[շրջանակ/նկար 6-րդ էջի վրա]
Ինչպես պատրաստվել օտար երկրում ծառայելուն
• Զարգացրու խոր անձնական ուսումնասիրություն անելու սովորություն
• Վերանայիր օգոստոս 2011թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը (էջ 4–6)
• Խոսիր օտար երկրում ծառայած անհատների հետ
• Ուսումնասիրիր տվյալ երկրի մշակույթն ու պատմությունը
• Լեզվի դասընթացներ անցիր
[շրջանակ/նկար 6-րդ էջի վրա]
Ոմանք, ովքեր ծառայում են արտերկրում, իրենց ֆինանսական կարիքները հոգում են հետևյալ կերպերով՝
• տարվա մեջ մի քանի ամիս աշխատում են իրենց երկրում
• վարձով են տալիս իրենց տունը, բնակարանը կամ բիզնեսը
• աշխատում են ինտերնետի միջոցով
[նկարներ 4-րդ և 5–րդ էջերի վրա]
1 Յակլին՝ Գերմանիայից
2 Բրունո՝ Իտալիայից
3 Բո՝ Կանադայից
4 Շեյբոն՝ Իռլանդիայից
5 Ջոել՝ Միացյալ Նահանգներից
6 Ջոնաթան՝ Միացյալ Նահանգներից
7 Աննա՝ Էստոնիայից
8 Էլկա՝ Ավստրիայից
9 Շանթել՝ Կանադայից
10 Ինես՝ Ավստրիայից