Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/11 էջ 4–6
  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»
    2009 Դիտարան
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Տեղափոխվիր այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 8/11 էջ 4–6

Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»

1. Ո՞րն էր պատճառը, որ Պողոսը և իր ծառայակիցները գնացին Մակեդոնիա։

1 Մ.թ. մոտ 49թ.-ին Պողոս առաքյալը կատարեց իր երկրորդ միսիոներական ճանապարհորդությունը դեպի Ասորիքի Անտիոք։ Նրա նպատակն էր այցելել Եփեսոս և Փոքր Ասիայի այլ քաղաքներ։ Սակայն ոգու առաջնորդությամբ նա «անցնում է Մակեդոնիա»։ Նրան և իր ծառայակիցներին ուրախությամբ ընդունեցին, և նրանք առանձնաշնորհում ունեցան այդ շրջանում հիմնելու առաջին ժողովը (Գործ. 16։9, 10; 17։1, 2, 4)։ Այսօր աշխարհի որոշ մասերում հնձի համար ավելի շատ աշխատողների կարիք կա (Մատթ. 9։37, 38)։ Կարո՞ղ ես օգնել։

2. Ինչո՞ւ ոմանք չեն մտածում օտար երկիր տեղափոխվելու մասին։

2 Գուցե դու էլ ունես Պողոսի միսիոներական ոգին, բայց լրջորեն չես խորհել օտար երկիր տեղափոխվելու մասին։ Թերևս տարիքիդ, ամուրի լինելու կամ փոքր երեխաներ ունենալու պատճառով հնարավորություն չունես «Գաղաադ» դպրոցում սովորելու։ Հնարավոր է՝ չես խորհել օտար երկիր տեղափոխվելու մասին, քանի որ վստահ չես, որ կկարողանաս օտար լեզու սովորել։ Կամ գուցե տնտեսական պայմանների պատճառով այն երկրում, որտեղ ապրում ես, ժամանակավոր բնակություն ունես և երկմտում ես տեղափոխվել ուրիշ վայր։ Աղոթքով խորհրդածելուց հետո թերևս տեսնես, որ վերը նշված հանգամանքները չեն խանգարում քեզ, որ տեղափոխվես այնտեղ, որտեղ բարի լուրը քարոզելու կարիք կա։

3. Ինչո՞ւ միսիոներական կրթությունը պարտադիր չէ օտար երկրում արդյունավետորեն քարոզելու համար։

3 Միսիոներական կրթությունը պարտադի՞ր է։ Ի՞նչը Պողոսին ու իր ծառայակիցներին հնարավորություն տվեց հաջողության հասնելու։ Նրանք վստահում էին Եհովային և նրա սուրբ ոգուն (2 Կորնթ. 3։1–5)։ Ուստի եթե նույնիսկ հանգամանքներդ հնարավորություն չեն տալիս հատուկ կրթություն ստանալու, դու կարող ես հաջողությամբ քարոզել օտար երկրում։ Հիշիր, որ դու շարունակաբար կրթություն ես ստանում Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման միջոցով։ Եվ եթե նպատակ ունես սովորելու «Գաղաադ» կամ այլ տեսակի դպրոցում, տեղափոխվելով մեկ ուրիշ երկիր՝ կճաշակես միսիոներական ծառայության համը, որը արժեքավոր փորձ կլինի քեզ համար հետագայում, եթե հատուկ կրթություն ստանալու հրավեր ստանաս։

4. Ինչո՞ւ պետք է տարեցները չբացառեն այն միտքը, որ իրենք էլ կարող են քարոզել օտար երկրում։

4 Տարեցներ։ Հոգևոր հասուն տարեցները, ովքեր համեմատաբար լավ առողջություն ունեն, կարող են մեծ ներդրում ունենալ այն երկրում, որտեղ կարիք կա։ Դու թոշակի՞ ես անցել։ Նույնիսկ այն տարեցները, ովքեր համեստ թոշակ են ստանում, տեղափոխվելով ուրիշ երկիր, կարողանում են նորմալ կյանքով ապրել ու հոգալ իրենց ծախսերը, այդ թվում նաև բժշկական ծախսերը, ինչն ավելի մատչելի է, քան իրենց երկրում։

5. Պատմիր մի դեպք թոշակի անցած եղբոր մասին, որը տեղափոխվել էր օտար երկիր։

5 Անգլիախոս երկրից թոշակառու մի եղբայր, որը ծառայում էր երեց և ռահվիրա, տեղափոխվեց Հարավարևելյան Ասիայի զբոսաշրջությամբ հայտնի մի քաղաք՝ օգնելու ինը քարոզիչներից բաղկացած անգլիախոս խմբի։ Խումբը քարոզում էր այդ շրջանում ապրող 30000 օտարերկրացիների։ Երկու տարի անց 50 մարդ էր հաճախում ժողովի հանդիպումներին։ Եղբայրը գրում է. «Այստեղ տեղափոխվելով՝ ես ստացել եմ ամենամեծ օրհնությունները, որ երբևէ ունեցել եմ։ Ժամանակը չի բավականացնի, որ պատմեմ գոնե դրանցից մի քանիսի մասին»։

6. Պատմիր մի դեպք ամուրի քրոջ մասին, որը տեղափոխվեց մի երկիր, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կար։

6 Ամուրի քույրեր։ Եհովան քույրերի միջոցով արտասովոր կերպով բարի լուրը տարածում է այն երկրներում, որտեղ ավելի շատ քարոզիչների կարիք կա (Սաղ. 68։11)։ Մի երիտասարդ ամուրի քույր նպատակ ուներ ընդլայնելու իր ծառայությունը օտարախոս դաշտում, բայց ծնողներն անհանգստանում էին նրա մասին։ Ուստի նա ընտրեց մի երկիր, որը քաղաքական առումով և տնտեսապես կայուն էր, գրեց մասնաճյուղ և օգտակար ինֆորմացիա ստացավ։ Վեց տարի նա ապրեց այդ երկրում և շատ օրհնություններ ստացավ։ Նա նշում է. «Իմ երկրում ես հնարավորություն կունենայի Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն ունենալու։ Բայց ծառայելով այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կար՝ հնարավորություն ստեղծվեց շատ ուսուցումներ ունենալու և զարգացնելու իմ ուսուցողական հմտությունները»։

7. Պատմիր մի դեպք ընտանիքի մասին, որը տեղափոխվել է օտար երկիր։

7 Ընտանիքներ։ Եթե երեխաներ ունեք, արդյոք դա հետ կպահի՞ ձեզ, որ տեղափոխվեք օտար երկիր՝ բարի լուրը քարոզելու համար։ Մի ընտանիք, որն ուներ ութ և տասը տարեկան երկու երեխա, որոշեց այդպես վարվել։ Մայրը գրում է. «Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեծացնել մեր երեխաներին այն երկրում, որտեղ նրանք առիթ ունեցան շփվելու հատուկ ռահվիրաների ու միսիոներների հետ։ Մեր կյանքը իմաստով է լցվել, քանի որ ծառայում ենք այնտեղ, ուր քարոզիչների մեծ կարիք կա»։

8. Հնարավո՞ր է ծառայել օտար երկրում առանց լեզու սովորելու։ Բացատրի՛ր։

8 Լեզվական խնդիր։ Օտար լեզու սովորելու մասին մտածելը խոչընդոտ հանդիսանո՞ւմ է ուրիշ երկիր տեղափոխվելու համար։ Հնարավոր է՝ քո լեզվով խոսում են նաև այլ երկրներում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Մի անգլիախոս զույգ տեղափոխվեց իսպանախոս երկիր, որտեղ բնակվում էին մեծ թվով անգլիախոս գաղթականներ։ Նրանք մասնաճյուղից ցուցակներ ստացան մի քանի անգլիական ժողովների մասին, որտեղ քարոզիչների կարիք կար, հետո ընտրեցին մեկը և երկու անգամ այցելեցին այնտեղ։ Վերադառնալով տուն՝ նրանք նվազեցրին ամսական ծախսերը և մեկ տարվա համար փող տնտեսեցին։ Երբ զույգը պատրաստ էր տեղափոխվելու, այդ շրջանի եղբայրները օգնեցին նրանց կացարան գտնելու։

9, 10. Ինչի՞ մասին կարող են մտածել նրանք, ովքեր գաղթել են իրենց հայրենիքից և ինչո՞ւ։

9 Ներգաղթյալներ։ Ներգաղթել ես որևէ երկիր նախքան ճշմարտության մասին սովորե՞լը։ Գուցե քո հայրենիքում հնձի աշխատողների մեծ կարիք կա։ Մտածե՞լ ես այնտեղ վերադառնալու մասին։ Թերևս քեզ համար ավելի հեշտ լինի այնտեղ աշխատանք և կացարան գտնել, քան որևէ այլ մարդու, ով ուրիշ երկրից է։ Նաև դու արդեն գիտես քո երկրի լեզուն։ Բացի այդ, մարդիկ ավելի շատ հակված կլինեն Թագավորության պատգամը լսելու քեզնից, քան օտարերկրացուց։

10 Մի մարդ Ալբանիայից տեղափոխվեց Իտալիա որպես փախստական։ Նա լավ աշխատանք գտավ և փող էր ուղարկում Ալբանիայում ապրող իր ընտանիքին։ Երբ ընդունեց ճշմարտությունը, նա սկսեց ալբաներեն սովորեցնել մի խումբ իտալացի հատուկ ռահվիրաների, ովքեր պատրաստվում էին տեղափոխվել այնտեղ՝ ծառայելու։ Եղբայրը գրում է. «Նրանք գնում էին քարոզելու այնտեղ, որտեղից ես եկել էի։ Նրանք չգիտեին լեզուն, բայց ոգևորված էին։ Իսկ իմ լեզուն ալբաներենն է և մշակույթը՝ ալբանական։ Ի՞նչ էի անում ես Իտալիայում»։ Եղբայրը որոշեց վերադառնալ Ալբանիա՝ օգնելու մարդկանց, որ լսեն բարի լուրը։ Նա ասում է. «Ափսոսո՞ւմ եմ, որ հրաժարվել եմ Իտալիայում ունեցած իմ աշխատանքից ու փողից։ Ո՛չ։ Ես Ալբանիայում իսկական աշխատանք եմ գտել։ Իմ կարծիքով՝ իրական նշանակություն ունեցող և հարատև ուրախություն բերող աշխատանքը Եհովային ամբողջ սրտով ծառայելն է»։

11, 12. Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր մտադիր են տեղափոխվել օտար երկիր։

11 Ինչպես տեղափոխվել։ Նախքան Մակեդոնիա գնալը Պողոսն ու իր ծառայակիցները մտադրվել էին ճանապարհորդել դեպի արևմուտք, բայց «սուրբ ոգին նրանց արգելել էր», ուստի նրանք ուղևորվեցին դեպի հյուսիս (Գործ. 16։6)։ Երբ նրանք մոտեցան Բյութանիային, Հիսուսը խոչընդոտեց (Գործ. 16։7)։ Եհովան Հիսուսի միջոցով շարունակում է վերահսկել քարոզչական աշխատանքը (Մատթ. 28։20)։ Ուստի եթե մտադրվել ես տեղափոխվել օտար երկիր, աղոթքով փնտրիր Եհովայի առաջնորդությունը (Ղուկ. 14։28–30; Հակ. 1։5; տե՛ս «Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք այդ երկիրը քարոզիչների կարիք ունի» շրջանակը)։

12 Խնդրիր քո երեցներին և ուրիշ հասուն քրիստոնյաների, որ անկեղծորեն արտահայտեն իրենց կարծիքը (Առակ. 11։14; 15։22)։ Կարդա օտար երկրում ծառայելու մասին մեր հրատարակություններում տեղ գտած նյութերը, նաև փնտրտուքներ արա այն երկրների վերաբերյալ, ուր մտածում ես տեղափոխվել։ Կարո՞ղ ես գնալ քեզ հետաքրքրող երկիր և մի փոքր ավելի երկար մնալ։ Եթե լրջորեն մտածել ես ուրիշ երկիր տեղափոխվելու մասին, ապա տեղեկություններ ստանալու համար կարող ես գրել այդ երկրի մասնաճյուղ՝ օգտվելով վերջին «Տարեգրքի» հասցեներից։ Սակայն ավելի ճիշտ կլինի, որ նախքան նամակդ մասնաճյուղ ուղարկելը այն տաս քո երեցներին, որ նրանք էլ իրենց նկատառումները ավելացնեն (տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 111, 112)։

13. Ինչպե՞ս մասնաճյուղը կարող է աջակցել, բայց ի՞նչ պատասխանատվություն ես կրում անձամբ դու։

13 Մասնաճյուղը կուղարկի տվյալ երկրի մասին քեզ համար օգտակար տեղեկություն, որ կարողանաս որոշում կայացնել, բայց այն չի ապահովի քեզ երաշխավորության նամակով, կացարանով, վիզայով կամ այլ օրինական փաստաթղթերով։ Այս ամենի մասին անձամբ պետք է հոգ տանես նախքան տեղափոխվելը։ Բացի այդ, քո պատասխանատվությունն է կապ հաստատել դեսպանատան կամ հյուպատոսարանի հետ՝ վիզայի ու աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Նրանք, ովքեր ուզում են տեղափոխվել, պետք է հոգ տանեն իրենց կարիքների և օրինական կերպով բնակություն հաստատելու մասին (Գաղ. 6։5)։

14. Ինչպե՞ս ենք զգուշություն ցուցաբերում, երբ այցելում կամ տեղափոխվում ենք մի երկիր, որտեղ քարոզչական գործը արգելքի տակ է։

14 Երկրներ, որտեղ քարոզչական գործը արգելքի տակ է։ Որոշ երկրներում տեղի եղբայրներն ու քույրերը երկրպագության հարցում պետք է շատ զգույշ լինեն (Մատթ. 10։16)։ Քարոզիչները, ովքեր այցելում են կամ տեղափոխվել են այլ երկիր, կարող են անմտածված կերպով ուշադրություն հրավիրել մեր գործունեության վրա և վտանգի ենթարկել տեղի եղբայրներին։ Եթե մտադրվել ես տեղափոխվել այսպիսի երկիր, խնդրում ենք, նախ գրիր տեղի մասնաճյուղ քո ժողովի երեցների խորհրդի միջոցով։

15. Ինչպե՞ս կարող են քարոզիչները իրենց տարածքում ընդլայնել ծառայությունը, եթե հանգամանքները հնարավորություն չեն տալիս տեղափոխվելու օտար երկիր։

15 Եթե չես կարող տեղափոխվել։ Եթե ի վիճակի չես տեղափոխվելու մեկ այլ երկիր, մի՛ վհատվիր։ Գուցե մեկ ուրիշ «գործունեության լայն դուռ» բացվի քո առաջ (1 Կորնթ. 16։8, 9)։ Շրջանային վերակացուն թերևս գիտի քո տարածքի կարիքների մասին։ Հնարավոր է՝ դու կարող ես օգնել մոտակայքում եղող օտարախոս ժողովի կամ խմբի։ Կամ գուցե ընդլայնես ծառայությունդ քո ժողովում։ Անկախ քո հանգամանքներից՝ կարևորն այն է, որ քո երկրպագությունը ամբողջ հոգով կատարես (Կող. 3։23)։

16. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեկը ուզում է տեղափոխվել օտար երկիր։

16 Ճանաչո՞ւմ ես հոգևոր հասուն քրիստոնյայի, որը նպատակ ունի օտար երկրում ծառայելու։ Ուրեմն աջակցիր և քաջալերիր նրան։ Պողոսի օրերում Ասորիքի Անտիոքը Հռոմեական կայսրության երրորդ մեծ քաղաքն էր (Հռոմից և Ալեքսանդրիայից հետո)։ Մեծ տարածք ունենալով՝ Անտիոքի ժողովը թերևս Պողոսի աջակցության կարիքն ուներ, և նրան շատ կկարոտեին, եթե հեռանար։ Սակայն Աստվածաշունչը չի նշում, որ եղբայրները վհատվեցին Պողոսի մեկնելու պատճառով։ Նրանք չէին մտածում միայն իրենց տարածքի մասին, այլ հիշում էին, որ «արտը աշխարհն է» (Մատթ. 13։38)։

17. Ի՞նչ պատճառներ կան մտածելու «անցնել Մակեդոնիա»։

17 Պողոսը և իր ծառայակիցները առատորեն օրհնվեցին Մակեդոնիա անցնելու հրավերին արձագանքելու համար։ Երբ նրանք Մակեդոնիայի Փիլիպպե քաղաքում էին, հանդիպեցին Լիդիային, և «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին» (Գործ. 16։14)։ Պատկերացրու Պողոսի և նրա միսիոներ ծառայակիցների ուրախությունը, երբ Լիդիան և իր ողջ ընտանիքը մկրտվեցին։ Շատ երկրներում կան Լիդիայի նման ազնվասիրտ մարդիկ, ովքեր դեռ չեն լսել Թագավորության պատգամը։ Եթե դու «անցել ես Մակեդոնիա», ապա կարող ես ուրախություն զգալ՝ այդպիսի մարդկանց օգնելով։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք այդ երկիրը քարոզիչների կարիք ունի

• Օգտվիր վերջին «Տարեգրքից»։ Հատուկ ուշադրություն դարձրու քարոզիչների և բնակչության թվի հարաբերակցությանը։

• Օգտվիր ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից», որ ուսումնասիրես տվյալ երկրի մասին հոդվածներ և դեպքեր

• Զրուցիր այն քարոզիչների հետ, որոնք այցելել են տվյալ երկիր կամ ապրում են այնտեղ։

• Եթե մտադրվել ես տեղափոխվել մի քաղաք, որտեղ հնարավորություն ունես քարոզելու մայրենի լեզվով, ուշադրություն դարձրու աշխարհիկ աղբյուրներին, ինչպես օրինակ, ինտերնետին՝ իմանալու համար, թե քանի մարդ է այնտեղ խոսում քո լեզվով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը