Աստվածապետական ծառայության դպրոց
Նպատակը։ Ուսուցանել քարոզիչներին, որ բարի լուրը արդյունավետորեն քարոզեն և ուսուցանեն։
Տևողությունը։ Անընդմեջ։
Վայրը։ Ժողովի Թագավորության սրահ։
Ովքեր կարող են սովորել։ Բոլոր նրանք, ովքեր կանոնավորաբար համագործակցում են ժողովի հետ, ընդունում են աստվածաշնչյան ուսմունքները և ապրում են քրիստոնեական չափանիշներով։
Ինչպես ընդգրկվել։ Դիմիր Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուին։
Շարոնը, որ տառապում է կողային ամիոտրոֆիկ սկլերոզից (այս հիվանդությունը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կաթվածահար անում մարդուն), ասում է. «Աստվածապետական ծառայության դպրոցում սովորել եմ հետազոտություններ անել և տեղեկությունը ներկայացնել տրամաբանորեն։ Նաև սովորել եմ ուշադիր լինել ուրիշների հոգևոր կարիքների հանդեպ և չկենտրոնանալ միայն ինձ վրա»։
Առնին, որը երկար տարիների շրջագայող վերակացու է, ասում է. «Ես փոքրուց կակազել եմ և դժվարացել եմ տեսողական կապ պահել։ Դպրոցի շնորհիվ ավելի վստահ եմ դարձել և ինքս իմ աչքում բարձրացել եմ։ Եհովան ինձ սովորեցրել է ճիշտ շնչելու և կենտրոնանալու տեխնիկան։ Ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ փառաբանելու Աստծուն ժողովում և ծառայության ժամանակ»։
Բեթելի սկսնակ ծառայողների դպրոց
Նպատակը։ Օգնել նոր բեթելցիներին հաջողությամբ կատարելու իրենց ծառայությունը։
Տևողությունը։ Տասնվեց շաբաթ, շաբաթական՝ 45 րոպե։
Վայրը։ Բեթել։
Ովքեր կարող են սովորել։ Բեթելի ընտանիքի մշտական անդամները և այն ժամանակավոր կամավորները, ովքեր նշանակվել են ծառայելու Բեթելում մեկ տարի կամ ավելի։
Ինչպես ընդգրկվել։ Բեթելի ընտանիքի նոր անդամները ընդգրկվում են մեխանիկորեն։
Դեմիտրիուսը, որն այս դպրոցը անցել է 1980-ականներին, ասում է. «Դպրոցի շնորհիվ բարելավվեցի անձնական ուսումնասիրությունս։ Սկսնակ ծառայողների դպրոցը նախապատրաստեց ինձ Բեթելում երկար ծառայելուն։ Ուսուցիչների, ծրագրի և գործնական խորհուրդների շնորհիվ համոզվեցի, որ Եհովան սիրում է ինձ, հոգ է տանում իմ մասին և ուզում է, որ հաջողությամբ կատարեմ իմ ծառայությունը Բեթելում»։
Քեյթլինն ասում է. «Ինձ օգնեցին կենտրոնանալու ամենակարևորի վրա. լինել հոգևոր անձնավորություն։ Դպրոցը խորացրեց իմ հասկացողությունը և մեծացրեց գնահատանքս Եհովայի, Բեթելի և նրա կազմակերպության հանդեպ»։
Թագավորական ծառայության դպրոց
Նպատակը։ Ուսուցանել շրջագայող վերակացուներին, երեցներին և ծառայող օգնականներին, որպեսզի ավելի լավ կատարեն կազմակերպության մեջ ունեցած իրենց պարտականությունները (Գործ. 20։28)։ Անդրադառնալ ժողովների ընթացիկ վիճակին, միտումներին և անմիջական կարիքներին։ Անցկացվում է մի քանի տարին մեկ՝ Կառավարիչ մարմնի որոշմամբ։
Տևողությունը։ Վերջին տարիներին շրջագայող վերակացուների համար տևել է երկուսից երկուսուկես օր, երեցների համար՝ մեկուկես օր, իսկ ծառայող օգնականների համար՝ մեկ օր։
Վայրը։ Սովորաբար Թագավորության սրահ կամ համաժողովների սրահ։
Ովքեր կարող են սովորել։ Շրջագայող վերակացուները, երեցները և ծառայող օգնականները։
Ինչպես ընդգրկվել։ Երեցներն ու ծառայող օգնականները հրավեր են ստանում շրջանային վերակացուից։ Իսկ շրջագայող վերակացուներին հրավիրում է մասնաճյուղը։
«Դասընթացը կարճ է տևում, բայց շատ «սննդարար» է և օգնում է երեցներին պահպանելու իրենց ուրախությունը և զորանալու Եհովայի ծառայության մեջ։ Թե՛ նոր, թե՛ հին երեցները սովորում են ճիշտ ձևով հովվել հոտը և «միաբանված լինել մտքով և մտածելակերպով»» (Քուին, տե՛ս ստորև)։
«Դպրոցը խորացնում է հոգևոր բաների վերաբերյալ հասկացողությունը, օգնում է զգուշանալու վտանգներից և տալիս է գործնական խորհուրդներ, թե ինչպես հոգ տանել հոտին» (Մայքլ)։
Ռահվիրայական ծառայության դպրոց
Նպատակը։ Օգնել ռահվիրաներին «ամբողջովին կատարելու իրենց ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5)։
Տևողությունը։ Երկու շաբաթ։
Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է Թագավորության սրահում։
Ովքեր կարող են սովորել։ Այն քարոզիչները, ովքեր առնվազն մեկ տարի ընդհանուր ռահվիրա են ծառայել։
Ինչպես ընդգրկվել։ Ռահվիրաները հրավեր են ստանում շրջանային վերակացուի կողմից։
«Դպրոցի շնորհիվ հիմա կարողանում եմ հաղթահարել դժվարությունները ծառայության մեջ և կյանքում,— ասում է Լիլին (տե՛ս աջում)։— Հիմա ավելի լավ եմ ուսումնասիրում Աստվածաշունչը, ավելի հմտորեն եմ այն օգտագործում ծառայության ժամանակ։ Ավելի լավ եմ պատրաստված ուրիշներին օգնելու, երեցներին աջակցելու և ժողովի աճին նպաստելու»։
Բրենդան, որը երկու անգամ սովորել է այս դպրոցում, ասում է. «Դպրոցը հնարավորություն տվեց ինձ լիովին զբաղված լինելու հոգևոր բաներով, ավելի լավ կրթելու խիղճս, սովորեցրեց ինձ կենտրոնանալ ուրիշներին օգնելու վրա։ Մի խոսքով... Եհովան հրաշալի Աստված է»։
Ժողովի երեցների դպրոց
Նպատակը։ Օգնել երեցներին կատարելու ժողովում ունեցած իրենց պարտականությունները և խորացնելու հոգևոր հասկացողությունը։
Տևողությունը։ Հինգ օր։
Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է Թագավորության սրահում կամ համաժողովների սրահում։
Ովքեր կարող են սովորել։ Երեցները։
Ինչպես ընդգրկվել։ Մասնաճյուղն է հրավիրում երեցներին։
92-րդ դասարանում (ԱՄՆ) սովորած երեցներից մի քանիսը ասում են.
«Դպրոցն ինձ շատ օգնեց. սովորեցի նայել ինձ կողքից և հոգ տանել Եհովայի գառնուկների մասին»։
«Հիմա ես պատրաստ եմ բոլորին հորդորելու Աստվածաշնչի միջոցով»։
«Դպրոցի տված կրթությունը երբեք չեմ մոռանա»։
Դպրոց՝ շրջագայող վերակացուների և նրանց կանանց համար
Նպատակը։ Օգնել շրջանային և մարզային վերակացուներին ավելի արդյունավետորեն ծառայելու ժողովներին (1 Տիմոթ. 5։17; 1 Պետ. 5։2, 3)։
Տևողությունը։ Երկու ամիս։
Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։
Ովքեր կարող են սովորել։ Շրջանային ու մարզային վերակացուները։
Ինչպես ընդգրկվել։ Մասնաճյուղն է հրավիրում շրջագայող վերակացուներին և նրանց կանանց։
«Ավելի լավ հասկացանք, թե ինչ է նշանակում այն, որ Հիսուսը կազմակերպության գլուխն է։ Հասկացանք, թե որքան կարևոր է քաջալերել եղբայրներին ու քույրերին և ամրապնդել յուրաքանչյուր ժողովի միասնությունը։ Դասընթացի ժամանակ շեշտվեց այն միտքը, որ երբ շրջագայող վերակացուն խորհուրդ է տալիս կամ նույնիսկ խրատում է, նրա գլխավոր նպատակը պետք է լինի օգնել եղբորը կամ քրոջը տեսնելու, որ Եհովան սիրում է իրեն» (Ջոել, 1-ին դասարան, 1999թ.)։
Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար
Նպատակը։ Պատրաստել ամուրի երեցների ու ծառայող օգնականների՝ ստանձնելու լրացուցիչ պատասխանատվություններ Եհովայի կազմակերպությունում։ Շրջանավարտներից շատերը նշանակվում են ծառայելու իրենց երկրում՝ այնտեղ, որտեղ կարիք կա։ Ուրիշները նշանակվում են այլ երկիր, եթե կարող են ծառայել այնտեղ։ Որոշ շրջանավարտներ ժամանակավորապես նշանակվում են հատուկ ռահվիրաներ հեռավոր կամ մեկուսի տարածքներում՝ քարոզչական գործը սկսելու կամ ընդլայնելու համար։
Տևողությունը։ Երկու ամիս։
Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է Թագավորության սրահում կամ համաժողովների սրահում։
Ովքեր կարող են սովորել։ 23–62 տարեկան այն ամուրի եղբայրները, ովքեր ունեն լավ առողջություն և պատրաստ են ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կա (Մարկ. 10։29, 30)։ Նրանք առնվազն երկու տարի պետք է ծառայած լինեն ընդհանուր ռահվիրա և առնվազն երկու տարի պետք է անընդմեջ ծառայած լինեն երեց կամ ծառայող օգնական։
Ինչպես ընդգրկվել։ Շրջանային համաժողովի ժամանակ անցկացվում է հանդիպում սովորել ցանկացողների հետ, և տրվում են տեղեկություններ դպրոցի մասին։
«Երբ մխրճվում ես դասընթացի մեջ, Եհովայի սուրբ ոգին խոր փոփոխություններ է անում քո մեջ,— ասում է Ռիկը, որը սովորել է ԱՄՆ-ում 23-րդ դասարանում։— Երբ Եհովան նշանակում է տալիս, քեզ մենակ չի թողնում. նա օգնում է, որ կարողանաս կատարել այդ նշանակումը։ Սովորեցի, որ եթե կենտրոնանամ Աստծու կամքը կատարելու և ոչ թե իմ անձի վրա, նա կզորացնի ինձ»։
«Հասկացա, որ Աստծու կազմակերպությունը ժամանակակից հրաշք է,— ասում է Անդրեասը, որը ծառայում է Գերմանիայում։— Դպրոցը պատրաստեց ինձ իմ ապագա ծառայությանը։ Աստվածաշնչյան բազմաթիվ օրինակներից սովորեցի մի շատ կարևոր ճշմարտություն. Եհովային և հավատակիցներին ծառայելը իսկական երջանկություն է բերում»։
Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համար
Նպատակը։ Ամուսնական զույգերին հատուկ ուսուցում տալ, որպեսզի ավելի շատ բան կարողանան անել Թագավորության գործում։ Շատերը նշանակվում են ծառայելու իրենց երկրում՝ այնտեղ, որտեղ կարիք կա։ Ուրիշները նշանակվում են օտար երկիր, եթե կարող են ծառայել այնտեղ։ Շրջանավարտները կարող են ծառայել որպես ժամանակավոր հատուկ ռահվիրաներ հեռավոր կամ մեկուսի տարածքներում՝ քարոզչական գործը սկսելու կամ ընդլայնելու համար։
Տևողությունը։ Երկու ամիս։
Վայրը։ Թագավորության կամ համաժողովների սրահ։ Այս դպրոցը ներկայումս անցկացվում է ԱՄՆ-ում, իսկ 2012թ. սեպտեմբերից սկսած՝ կանցկացվի մի քանի մասնաճյուղերի տարածքներում։
Ովքեր կարող են սովորել։ 25–50 տարեկան այն զույգերը, ովքեր ունեն լավ առողջություն և այնպիսի հանգամանքներ, որ կարող են ծառայել այնտեղ, որտեղ կարիք կա, և ովքեր Եսայիա մարգարեի պես կարող են ասել. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Նրանք պետք է ամուսնացած լինեն առնվազն երկու տարի և անընդմեջ լիաժամ ծառայության մեջ լինեն առնվազն երկու տարի։ Ամուսինը պետք է անընդմեջ առնվազն երկու տարի երեց կամ ծառայող օգնական լինի։
Ինչպես ընդգրկվել։ Մարզային համաժողովի ժամանակ անցկացվում է հանդիպում սովորել ցանկացողների հետ, և տրվում են տեղեկություններ դպրոցի մասին։ Եթե ձեր երկրում տեղի ունեցող մարզային համաժողովներում նման հանդիպում չի անցկացվում, բայց դուք ցանկանում եք սովորել, կարող եք նամակ գրել ձեր մասնաճյուղ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
«Ի՜նչ հրաշալի շաբաթներ էին. մենք լիովին փոխվեցինք։ Իրոք, այս դպրոցը մեծ հնարավորություններ է տալիս զույգերին ծառայության մեջ ավելին անելու։ Մենք վճռել ենք ապրել հավասարակշռված կյանքով, որպեսզի կարողանանք ժամանակը իմաստնորեն օգտագործել» (Էրիկ և Կորինա (տե՛ս ստորև), 1-ին դասարան, 2011թ.)։
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց
Նպատակը։ Պատրաստել միսիոներներ, որոնք կծառայեն խիտ բնակեցված շրջաններում, կլինեն շրջագայող վերակացուներ կամ բեթելցիներ։ Ամրապնդել ու կայունացնել դաշտը, նպաստել մասնաճյուղի սահուն գործունեությանը։
Տևողությունը։ Հինգ ամիս։
Վայրը։ «Դիտարանի» կրթական կենտրոն (Պատերսոն, Նյու Յորք, ԱՄՆ)։
Ովքեր կարող են սովորել։ Այն ամուսնական զույգերը, ովքեր արդեն հատուկ լիաժամ ծառայության մեջ են, օրինակ՝ միսիոներներ են, որոնք չեն սովորել դպրոցում, հատուկ ռահվիրաներ, շրջագայող վերակացուներ, բեթելցիներ։ Նրանք պետք է առնվազն երեք տարի անընդմեջ այդ ծառայության մեջ եղած լինեն։ Պետք է կարողանան ազատորեն գրել, կարդալ և խոսել անգլերեն։
Ինչպես ընդգրկվել։ Մասնաճյուղն է զույգերին առաջարկում է գրել դիմում։
Լադեն և Մոնիկը Միացյալ Նահանգներից են և այժմ ծառայում են Աֆրիկայում։ ««Գաղաադ» դպրոցը նախապատրաստեց մեզ գնալու աշխարհի ցանկացած վայր։ Մենք հիմա պատրաստ ենք թևներս քշտելու և ծառայելու մեր սիրելի քույրերի ու եղբայրների հետ»,— ասում է Լադեն։
Մոնիկն ավելացնում է. «Կիրառելով այն, ինչ սովորել եմ Աստծու Խոսքից՝ մեծ ուրախություն եմ ստանում իմ նշանակումից։ Համոզված եմ, որ այդ ուրախությունը ապացույց է այն բանի, որ Եհովան սիրում է ինձ»։
Դպրոց՝ մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար
Նպատակը։ Օգնել մասնաճյուղերի կոմիտեների անդամներին ղեկավարելու Բեթելի գործունեությունը, առաջնորդություն տալու քարոզչական ծառայության, շրջանների և մարզերի հետ կապված։ Գիտելիքներ տալ թարգմանության, տպագրության և գրականության առաքման վերաբերյալ։
Տևողությունը։ Երկու ամիս։
Վայրը։ «Դիտարանի» կրթական կենտրոն (Պատերսոն, Նյու Յորք, ԱՄՆ)։
Ովքեր կարող են սովորել։ Մասնաճյուղի կամ երկրի կոմիտեի անդամները և նրանք, ովքեր նշանակվել են կոմիտեի անդամ, բայց դեռ չեն անցել իրենց պարտականությունների կատարմանը։
Ինչպես ընդգրկվել։ Կառավարիչ մարմինն է հրավիրում եղբայրներին և նրանց կանանց։
Լոուելն ու Կառան, որոնք սովորել են 25-րդ դասարանում, ծառայում են Նիգերիայում։ «Մեզ հիշեցրին, որ Աստծուն հաճելի լինելը կախված չէ մեր զբաղվածության չափից կամ մեր կատարած աշխատանքից։ Ամենակարևորը մեր հոգևոր վիճակն է,— ասում է Լոուելը։— Նաև շեշտվեց այն միտքը, որ շատ կարևոր է եղբայրների և քույրերի հետ վարվել սիրով, ինչպես որ վարվում է Եհովան»։
«Ինձ դուր եկավ հատկապես մի միտք,— ավելացնում է Կառան։— Եթե ինչ-որ բան չեմ կարողանում պարզ բացատրել, նշանակում է նախքան ինչ-որ մեկին սովորեցնելը պետք է ինքս մի լավ ուսումնասիրեմ այդ թեման»։