Հնարավորինս ամեն բան սովորո՞ւմ ես Եհովայից
1. Ի՞նչ է ցանկանում Եհովան։
1 Եհովան՝ մեր «Մեծ Ուսուցիչը», ցանկանում է, որ մենք կրթված լինենք (Ես. 30։20)։ Նա սկսեց ուսուցանել այն բանից հետո, երբ ստեղծեց իր անդրանիկ Որդուն (Հովհ. 8։28)։ Ադամի ապստամբությունից հետո Եհովան չդադարեց ուսուցանելուց, այլ սիրուց մղված՝ շարունակեց կրթել անկատար մարդկանց (Ես. 48։17, 18; 2 Տիմոթ. 3։14, 15)։
2. Կրթական ի՞նչ ծրագիր է գործում այժմ։
2 Այսօր Եհովան առաջնորդում է պատմության մեջ ամենամեծ կրթական ծրագիրը։ Ինչպես նախագուշակել էր Եսայիան, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հորդում են դեպի Եհովայի փոխաբերական «տան լեռը» (Ես. 2։2)։ Իսկ ինչո՞ւ է հարկավոր այնտեղ գնալ։ Որպեսզի սովորենք Աստծու ճանապարհները, այո՛, կրթվենք Եհովայի կողմից (Ես. 2։3)։ 2010 ծառայողական տարում Եհովայի վկաները ավելի քան 1,6 միլիարդ ժամ են տրամադրել՝ մարդկանց վկայություն տալու և ուսուցանելու Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Բացի այդ, ամեն շաբաթ ամբողջ աշխարհում ավելի քան 105000 ժողովներում հոգևոր ուսուցում է տրվում, իսկ հավատարիմ և իմաստուն ծառան 500-ից ավել լեզուներով քրիստոնեական հրատարակություններ է լույս ընծայում ուսուցանելու նպատակով։
3. Ինչպե՞ս ես դու օգուտներ ստացել Եհովայի տված կրթությունից։
3 Լիարժեք օգուտներ քաղիր։ Որքա՜ն մեծ օգուտներ է բերում Աստծու տված կրթությունը։ Մենք իմացել ենք, որ Աստված անուն ունի ու հոգ է տանում մեր մասին (Սաղ. 83։18; 1 Պետ. 5։6, 7)։ Իմացել ենք պատասխանները կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են մարդիկ տառապում ու մահանում, ինչպե՞ս կարող ենք իրական երջանկություն գտնել, ո՞րն է կյանքի իմաստը։ Եհովան նաև բարոյականության հարցերում է առաջնորդություն տալիս, որպեսզի «մեր ճանապարհի մեջ մենք հաջողակ լինենք» (Հեսու 1։8)։
4. Աստծու ծառաները ի՞նչ կրթություն ստանալու հնարավորություն ունեն, և ինչո՞ւ պետք է հնարավորինս ամեն բան սովորենք Եհովայից։
4 Եհովան նաև հատուկ կրթություն է տալիս, որ օգնի իր բազում ծառաներին ընդլայնելու իրենց ծառայությունը։ 4–6-րդ էջերում տրվում են առաջարկներ, որոնք հասանելի են ոմանց։ Նույնիսկ եթե մեր հանգամանքների պատճառով չենք կարող ստանալ այն ուսուցումը, որի մասին նշված է, մենք պետք է լիարժեք կերպով օգտվենք Աստծու տված այն կրթությունից, որը հասանելի է մեզ։ Այն երիտասարդներին, որոնց ուսուցիչները և ուրիշները հաճախ խրախուսում են բարձրագույն կրթություն ստանալ, քաջալերո՞ւմ ենք հոգևոր նպատակներ դնել ու փոխարենը՝ հոգևոր կրթություն ստանալ, որն Աստված է տալիս։ Եթե հնարավորինս ամեն բան սովորենք Եհովայից, հիմա երջանիկ կյանքով կապրենք, իսկ ապագայում հավիտենական կյանք կունենանք (Սաղ. 119։105; Հովհ. 17։3)։
Կրթություն ստանալու որոշ հնարավորություններ, որոնք տալիս է Եհովայի կազմակերպությունը
Գրագիտության դասեր
• Նպատակը։ Սովորեցնել մարդկանց գրել-կարդալ, որպեսզի կարողանան ուսումնասիրել Աստվածաշունչը և ճշմարտությունը սովորեցնեն ուրիշներին։
• Տևողությունը։ Ըստ կարիքի։
• Վայրը։ Տեղի Թագավորության սրահում։
• Ովքեր կարող են մասնակցել։ Բոլոր քարոզիչներն ու հետաքրքրվող անհատները։
• Ինչպես ընդգրկվել։ Ժողովի երեցները, հաշվի առնելով տեղի կարիքները, կազմակերպում են այդ դասընթացները և քաջալերում են մասնակցել բոլոր նրանց, ովքեր կարող են օգուտներ ստանալ։
Աստվածապետական ծառայության դպրոց
• Նպատակը։ Ուսուցանել քարոզիչներին, որ բարի լուրը արդյունավետորեն քարոզեն և ուսուցանեն։
• Տևողությունը։ Անընդմեջ։
• Վայրը։ Տեղի Թագավորության սրահում։
• Ովքեր կարող են ցուցակագրվել։ Բոլոր քարոզիչները։ Նաև նրանք, ովքեր ակտիվորեն համագործակցում են ժողովի հետ, համաձայն են աստվածաշնչյան ուսմունքների հետ և ապրում են քրիստոնեական չափանիշներով։
• Ինչպես ընդգրկվել։ Դիմիր Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուին։
Օտար լեզվի դասընթացներ
• Նպատակը։ Սովորեցնել քարոզիչներին քարոզել բարի լուրը ուրիշ լեզվով։
• Տևողությունը։ Չորս կամ հինգ ամիս։ Դասընթացները սովորաբար անց են կացվում շաբաթ առավոտյան ու տևում են մեկ կամ երկու ժամ։
• Վայրը։ Սովորաբար մոտակայքում գտնվող Թագավորության սրահում։
• Ովքեր կարող են ցուցակագրվել։ Լավ համբավ ունեցող քարոզիչները, ովքեր ցանկանում են օտար լեզվով քարոզել։
• Ինչպես ընդգրկվել։ Դասընթացները կազմակերպում է մասնաճյուղը՝ ելնելով կարիքներից։
Թագավորության սրահների շինարարություն
• Նպատակը։ Կառուցել Թագավորության սրահներ և նորոգել։ Սա դպրոց չէ, սակայն կամավորները ձեռք են բերում տարբեր հմտություններ, որպեսզի օգնեն շինարարական նախագծերում։
• Տևողությունը։ Ելնելով կամավորի հանգամանքներից։
• Վայրը։ Ցանկացած վայրում, որը գտնվում է Տարածաշրջանային շինարարական կոմիտեին նշանակված տարածքում։ Որոշ կամավորների գուցե հրավիրեն, որ օգնեն ավելի հեռավոր տարածքներում, որտեղ աղետ է տեղի ունեցել։
• Պահանջները։ Քույրերն ու եղբայրները պետք է մկրտված լինել և երեցների խորհրդի հավանությունն ունենան։ Շինարարական հմտություններ ունենալը պարտադիր չէ։
• Ինչպես ընդգրկվել։ Լրացրու «Թագավորության սրահի կամավոր շինարարի հարցաթերթիկը» (S-82), որը կարող ես վերցնել տեղի երեցներից։
Ռահվիրայական ծառայության դպրոց
• Նպատակը։ Օգնել ռահվիրաներին, որ «ամբողջովին կատարեն իրենց ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5)։
• Տևողությունը։ Երկու շաբաթ։
• Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անց է կացվում մոտակա Թագավորության սրահում։
• Պահանջները։ Հարկավոր է առնվազն մեկ տարի ընդհանուր ռահվիրա ծառայել։
• Ինչպես ընդգրկվել։ Համապատասխան ռահվիրաները մեխանիկորեն ցուցակագրվում են և տեղեկացվում այդ մասին շրջանային վերակացուի կողմից։
Բեթելի սկսնակ ծառայողների դպրոց
• Նպատակը։ Օգնել նոր բեթելցիներին հաջողությամբ կատարելու իրենց ծառայությունը։
• Տևողությունը։ Տասնվեց շաբաթ, շաբաթը մեկ ժամ։
• Վայրը։ Բեթելում։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի Բեթելի ընտանիքի մշտական անդամ կամ երկար ժամանակվա ժամանակավոր կամավոր (մեկ տարի կամ ավելի երկար)։
• Ինչպես ընդգրկվել։ Բեթելի համապատասխան անդամները մեխանիկորեն են ընդգրկվում։
Թագավորական ծառայության դպրոց
• Նպատակը։ Ուսուցանել երեցներին ու ծառայող օգնականներին, որ կատարեն կազմակերպության մեջ ունեցած իրենց պարտականությունները (Գործ. 20։28)։ Այս դպրոցը անց է կացվում մի քանի տարին մեկ, ինչպես որ Կառավարիչ մարմինն է որոշում։
• Տևողությունը։ Վերջին տարիներին երեցների համար տևել է մեկ ու կես օր, իսկ ծառայող օգնականների համար՝ մեկ օր։
• Վայրը։ Սովորաբար մոտակա Թագավորության սրահում կամ Համաժողովների սրահում։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի երեց կամ ծառայող օգնական։
• Ինչպես ընդգրկվել։ Համապատասխան երեցներն ու ծառայող օգնականները հրավիրվում են շրջանային վերակացուի կողմից։
Ժողովի երեցների դպրոցa
• Նպատակը։ Օգնել երեցներին, որ կատարեն ժողովում ունեցած իրենց պարտականությունները։
• Տևողությունը։ Հինգ օր։
• Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար մոտակա Թագավորության սրահում կամ Համաժողովների սրահում։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի երեց։
• Ինչպես ընդգրկվել։ Համապատասխան երեցները հրավիրվում են մասնաճյուղի կողմից։
Դպրոց՝ շրջագայող վերակացուների և նրանց կանանց համարb
• Նպատակը։ Օգնել շրջագայող և մարզային վերակացուներին ավելի արդյունավետորեն ծառայելու ժողովներում, «տքնաջան աշխատելու խոսելու և ուսուցանելու համար» և հովվելու իրենց հոգածության տակ եղողներին (1 Տիմոթ. 5։17; 1 Պետ. 5։2, 3)։
• Տևողությունը։ Երկու ամիս։
• Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի շրջանային կամ մարզային վերակացու։
• Ինչպես ընդգրկվել։ Համապատասխան շրջագայող վերակացուներն ու իրենց կանայք հրավիրվում են մասնաճյուղի կողմից։
Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համարc
• Նպատակը։ Պատրաստել ամուրի երեցներին ու ծառայող օգնականներին ստանձնելու լրացուցիչ պատասխանատվություններ։ Շրջանավարտներից շատերը կնշանակվեն իրենց երկրում ծառայելու այնպիսի տեղանքում, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Որոշները գուցե նշանակում ստանան այլ երկրում, եթե տեղեկացնեն մասնաճյուղին, որ կարող են ծառայել օտար երկրում։
• Տևողությունը։ Երկու ամիս։
• Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար Համաժողովների սրահում կամ Թագավորության սրահում։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի ամուրի՝ 23–62 տարեկան, ունենա լավ առողջություն և ցանկանա ծառայել եղբայրներին ու Թագավորության շահերին, որտեղ կարիք կա (Մարկ. 10։29, 30)։ Նա պետք է լինի երեց կամ առնվազն երկու տարի պետք է անընդմեջ ծառայած լինի որպես ծառայող օգնական։
• Ինչպես ընդգրկվել։ Եթե քո մասնաճյուղի տարածքում այդ դպրոցը անց է կացվում, այնտեղ սովորել ցանկացողների հետ հանդիպում է լինում շրջանային համաժողովի ժամանակ։ Լրացուցիչ տեղեկությունները տրվում են այդ հանդիպման ընթացքում։
Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համարd
• Նպատակը։ Ամուսնացած զույգերին հատուկ ուսուցում տալ, որպեսզի ավելի շատ բան անեն Եհովայի ու նրա կազմակերպության համար։ Շրջանավարտներից շատերը կնշանակվեն իրենց երկրում ծառայելու այնպիսի տեղանքում, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Որոշները գուցե նշանակում ստանան այլ երկրում, եթե տեղեկացնեն մասնաճյուղին, որ կարող են ծառայել օտար երկրում։
• Տևողությունը։ Երկու ամիս։
• Վայրը։ Առաջին մի քանի դասարանների դասընթացները անց են կացվում Պատերսոնում գտնվող «Դիտարանի» կրթական կենտրոնում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Այնուհետև այս դպրոցն անցկացնելու վայրը կորոշի մասնաճյուղը՝ հիմնականում մոտակա Համաժողովների սրահում կամ Թագավորության սրահում։
• Պահանջները։ Ամուսնական զույգը պետք է լինի 25–50 տարեկան, ունենա լավ առողջություն, այնպիսի հանգամանքներ, որ ծառայի այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա և պատրաստ լինի ասելու. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Պետք է ամուսնացած լինի առնվազն երկու տարի և ներկայումս՝ լիաժամ ծառայության մեջ՝ ամենաքիչը երկու տարի (անընդմեջ)։
• Ինչպես ընդգրկվել։ Եթե քո մասնաճյուղի տարածքում այդ դպրոցը անց է կացվում, ցուցակագրվել ցանկացողների հետ հանդիպում է լինում մեկօրյա հատուկ համաժողովի ժամանակ։ Լրացուցիչ տեղեկությունները տրվում են այդ հանդիպման ընթացքում։
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց
• Նպատակը։ Ուսուցանել ռահվիրաներին և ուրիշ լիաժամ ծառայողներին, որ կատարեն միսիոներական ծառայություն։
• Տևողությունը։ Հինգ ամիս։
• Վայրը։ «Դիտարանի» կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք, ԱՄՆ)։
• Պահանջները։ Ամուսնական զույգը պետք է երեք տարի մկրտված լինի և առաջին անգամ դիմումը հանձնելիս լինի 21–38 տարեկան։ Նրանք պետք է տիրապետեն անգլերենին, ամուսնացած լինեն առնվազն երկու տարի և ներկայումս՝ լիաժամ ծառայության մեջ՝ ամենաքիչը երկու տարի (անընդմեջ)։ Դիմում ներկայացնողները պետք է ունենան լավ առողջություն։ Օտար երկրում ծառայող ռահվիրաները (ներառյալ միսիոների կարգավիճակ ունեցողները), շրջագայող վերակացուները, Բեթելի ընտանիքի անդամները, ինչպես նաև նրանք, ովքեր ավարտել են Ծառայության կատարելագործման դպրոցը, ամուրի եղբայրների կամ քրիստոնյա զույգերի համար նախատեսված աստվածաշնչյան դպրոցները, կարող են նույնպես դիմել, եթե համապատասխանում են պահանջներին։
• Ինչպես ընդգրկվել։ Ընտրված մասնաճյուղերում մարզային համաժողովի ժամանակ ցանկացողների հետ հանդիպում է անցկացվում։ Լրացուցիչ տեղեկությունները տրվում են այդ հանդիպման ընթացքում։ Եթե քո երկրում համաժողովի ժամանակ այդպիսի հանդիպում չի անցկացվում, բայց դու ցանկանում ես դիմել, տեղեկությունների համար կարող ես գրել քո երկրի մասնաճյուղին։
Դպրոց՝ մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար
• Նպատակը։ Օգնել մասնաճյուղի կոմիտեի անդամներին ավելի լավ վերահսկելու Բեթելի գործունեությունը, ուշադրություն դարձնելու ծառայության հետ կապված հարցերին, որոնք առնչվում են ժողովներին, վերահսկելու շրջաններն ու մարզերը իրենց հոգածության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև ավելի լավ հոգ տանելու թարգմանության, տպագրության և գրականության առաքման աշխատանքներին ու վերահսկելու տարբեր բաժիններ (Ղուկ. 12։48բ)։
• Տևողությունը։ Երկու ամիս։
• Վայրը։ «Դիտարանի» կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք, ԱՄՆ)։
• Պահանջները։ Անհատը պետք է լինի մասնաճյուղի կոմիտեի կամ Երկրի կոմիտեի անդամ կամ էլ այնպիսի մեկը, որին պատրաստվում են տալ այդ նշանակումը։
• Ինչպես ընդգրկվել։ Համապատասխան եղբայրներն ու իրենց կանայք հրավիրվում են Կառավարիչ մարմնի կողմից։
[ծանոթագրություններ]
a Ներկայումս այս դպրոցը չի գործում ամեն երկրում։
b Ներկայումս այս դպրոցը չի գործում ամեն երկրում։
c Ներկայումս այս դպրոցը չի գործում ամեն երկրում։
d Ներկայումս այս դպրոցը չի գործում ամեն երկրում։